Հայերեն | На русском | In English
Թուրք ռեժիսոր Սերդար Օնալի «Դըրդո մայրիկը եւ ընկուզենին» փաստագրական ֆիլմը Եղեռնի ժամանակ գրեթե ամբողջ գերդաստանը կորցրած եւ այժմ Սասնա Նիչ գյուղի իր տանը միայնակ ապրող Դըրդո մայրիկի մասին է: Մեկի, որին աշխարհի ոչ մի ուժ չկարողացավ պոկել արմատից: Նրա ութ զավակներից մեկը Հայաստանում է ապրում, մյուսները Ստամբուլում են: Ինքը իր հողի, իր տան, իր աղոթքի ու իր բարբառի ժամապահն է: 40 տարի առաջ մի թուրք սպանում է Դըրդո մայրիկի ամուսնուն: Ինը տարի թուրքական դատարանների դեմ հանուն արդարության պայքարելուց հետո 80-ի շեմը հատած Դըրդո մայրիկը վերջապես շահում է դատը: Եվ ի լուր աշխարհի ասում` ես հաղթեցի: Սա է ֆիլմի բովանդակությունը:
–Պարոն Օնալ, բարի գալուստ Հայաստան: Թույլ տվեք, ի հիշատակ մեր հանդիպման, Ձեզ նվիրել հայկական տարազ հագած այս խորհրդանշական հրեշտակը, որի գլխանոցին նուռ է պատկերված` իբրեւ կյանքի, ապրելու եւ հարատեւելու խորհրդանիշ, եւ ափերի մեջ սպիտակ խաղաղության աղավնի կա: Թող այս հայուհի հրեշտակը հովանավորի Ձեր բոլոր բարի ձեռնարկները, որոնցից մեկն էլ Դըրդո մայրիկի մասին ֆիլմն է:
–Շնորհակալ եմ շատ:
–Ինչպե՞ս եք Ձեզ զգում իմ երկրում:
–Ես երկրորդ անգամ եմ Հայաստանում եւ միշտ էլ շատ ջերմ հյուրընկալության եմ արժանացել: Այստեղ մարդիկ շատ սիրալիր են, անմիջական, եւ ինչ–որ հաճելի խաղաղություն կա ամենուր: Երբ ես քայլում եմ փողոցով՝ մարդիկ ինձ հայերեն են դիմում: Եթե դուք քայլեք Ստամբուլի փողոցներով, ոչ ոք չի հասկանա, որ հայուհի եք: Բայց մի անգամ Հյուսիսային պողոտայում մի մարդ մոտեցավ ինձ ու սկսեց հետս թուրքերեն խոսել: Հարցրի` ինչպե՞ս իմացաք, որ թուրք եմ: Ասաց` Ձեր արտաքինից: Պարզվեց` խարբերդցի հայ է: Անթալիայում մի երեւանցի տղայի հետ ծանոթացա: Հետո այնքան մտերմացանք, որ սկսեցինք ընկերություն անել: Երեկ Երեւանում միասին շատ լավ ժամանակ անցկացրինք:
–Պարոն Օնալ, ինչպե՞ս ծնվեց Դըրդո մայրիկի մասին ֆիլմ նկարելու մտադրությունը:
–Մինչեւ 2012 թվականը ես ոչ մի հայ չեմ ճանաչել: Աղոտ լսել էի 1915 թվի իրադարձությունների մասին, բայց շատ քիչ բան գիտեի: Հետո ծանոթացա Դըրդո մայրիկի թոռան` Մերիի հետ: Մենք միասին ուսուցչություն էինք անում նույն դպրոցում: Մի զրույցի ժամանակ Մերին պատմեց իր տատի`Դըրդո մայրիկի կյանքի պատմությունը, որն ինձ շատ հուզեց: Ես ծանոթացա Դըրդո մայրիկի հետ, լսեցի նրան եւ որոշեցի նրա կյանքի պատմությունը պատմել ամբողջ աշխարհին:
–Դըրդո մայրիկը ինձ համար իմ կորուսյալ հայրենիքի, իմ ցավի, իմ հույսի ու իմ պատմական հողերի հանդեպ իմ սիրո մարմնացումն է: Իսկ ի՞նչ է խորհրդանշում Դըրդո մայրիկը Ձեզ համար ու Ձեր ֆիլմում:
–Ես, բնականաբար, չեմ կարող այս ամենին Ձեր աչքերով նայել: Դըրդո մայրիկը հայ կին է, որը ծանր ճակատագիր է ունեցել: Սակայն չի հանձնվել: Նրա դիմակայությունը այն իրականությանը, որտեղ ապրում է, հիացմունքի է արժանի: Նրա անհավասար պայքարը թուրքական դատարաններում հանուն արդարության, նրա հաղթանակը: Նրա հավատարմությունը իր օջախին, իր հայկական արմատներին, իր ընկուզենուն: Նրա լավատեսությունը, նրա ապրելու կամքը, հաղթելու վճռականությունը: Մի՞թե այս ամենը կարող է անտարբեր թողնել որեւէ մեկին: Այս կերպարը մարմնավորում է հայի ուժը, կամքը, կենսունակությունը: Եվ հուզում է: Դըրդո մայրիկի հետ ծանոթանալուց հետո ես սկսեցի հետաքրքրվել հայերով, հայերի պատմությամբ, մեր երկու ժողովուրդների անցյալով:
–Եվ անպայման ինքներդ Ձեզ հարց տվեցիք` ի՞նչ է ուզում դրկից այս ազգը, այդ ի՞նչ ցավ է, որ չի բթանում նրանց սրտում, ու նույն ուժգնությամբ փոխանցվում է սերնդեսերունդ:
–Անշուշտ, ես բազմաթիվ պատմություններ եմ լսել այդ ցավի մասին ու խորապես հուզվել եմ: Ես իսկապես ցավում եմ կատարվածի համար:
–Ինչպես հայ գրողներից մեկը կասեր` Ձեր ցավակցությունը փոքրիկ սպեղանի է իմ ահռելի վերքի վրա, բայց սպեղանի է: Ձեր փոքրիկ տաք շունչը հալեցրեց այն բարակ սառույցը, որ կար հայ լրագրողի ու թուրք ռեժիսորի արանքում րոպեներ առաջ: Մենք սիրառատ ազգ ենք: Մենք ատել չգիտենք: Ատելը հակառակ է մեր բնությանը ու ներսից քայքայում է մեր հոգու կառույցը:
–Իմ ու Ձեր արանքում նստած է Դըրդո մայրիկը: Նա Սասնա Նիչ գյուղից հասել է Երեւան, որ մասնակցի իր մասին փաստագրական ֆիլմի ցուցադրությանը:
–Իմ ու Ձեր արանքում նստած է իմ ու Ձեր պատմությունը` Դըրդո մայրիկի տեսքով: Բայց տեսեք` նա մի ձեռքով գրկել է Ձեզ, մյուս ձեռքն իմ ուսին է դրել: Եվ ականջիս թաքուն շշնջում է` վատ բան չասես հյուրին, չնեղացնես:
–Որովհետեւ նա կամուրջ է իմ ու Ձեր միջեւ: Նրա միջոցով մենք խոսում ենք իրար հետ: Սա պատմության բեռը մի օր ցած դնելու միակ ճանապարհն է մեր երկու ժողովուրդների համար: Մենք` արվեստագետներս, մշակույթի մարդիկ, ես եւ Դուք պիտի կամուրջ կառուցենք մեր երկու ժողովուրդների միջեւ:
–Ինչպե՞ս ընդունվեց ֆիլմը Թուրքիայում:
–Ֆիլմն առաջին մրցանակի արժանացավ Ստամբուլի 36-րդ միջազգային կինոփառատոնում: Բոլոր ցուցադրությունների ժամանակ դահլիճը լեփ–լեցուն էր: Ստամբուլում մարդիկ շատ հավանեցին ֆիլմը: Երբ ֆիլմն ավարտվում էր, հանդիսատեսը չէր հեռանում դահլիճից, մարդիկ հարցեր էին տալիս, հետաքրքրված էին նաեւ լրագրողները: Եղել են դեպքեր, երբ սրահի ադմինիստրացիան խնդրել է հանդիսատեսին ազատել դահլիճը, քանի որ արդեն եկել է մյուս ֆիլմի ցուցադրության ժամանակը: Մենք ապրում ենք կողք կողքի եւ չենք կարող անտեսել իրար: Իմ ֆիլմը դիտելուց հետո շատ շատերն են սկսել հետաքրքրվել հայերով:
–Մարդկանց պետք է թույլ տալ հասնելու ճշմարտությանը իրենց ընտրած ճանապարհով, ոչ թե պարտադրել սեփական ճշմարտությունը: Ես նկատի ունեմ թուրքական իշխանություններին:
–Գիտեք, վերջին շրջանում այդ առումով առաջընթաց կա: Թուրք ռեժիսորները հաճախ են անդրադառնում հայերին, 1915 թվականի դեպքերին: Երեւի Դուք այստեղ՝ Հայաստանում չեք իմանա դրա մասին, բայց թուրք հասարակությունը տեսնում է դա:
–Այստեղ մեզ հետ է գրող Վրեժ Սարուխանյանը: Նա արմատներով սասունցի է եւ բազմաթիվ իրապատում պատմվածքներ ունի Էրգրի մասին: Մենք մեր արեւմտյան հողերին Էրգիր ենք ասում: Այդ պատմվածքներում դաժան տեսարաններ կան, բայց ինձ հատկապես ցնցեց մի պատմություն, մի պատկեր: Ուրեմն` Էրգրից բռնագաղթած ու Թալինի Աշնակ գյուղում վերաբնակեցված ծերունիները հավաքվում, նստում են քարերին, թիկունքը տալիս են արեւին ու սկսում են մրցել… կռվում են, թե ում գյուղն էր ավելի լավը: Կռվում են Սասնա բարբառով, գոռալով, ձեռնափայտը իրար վրա շպրտելով:
–Անցյալում են ապրում:
–Այո՛: Ու մենք` Էրգրից հեռացած հայի երրորդ, չորրորդ սերունդը իրեն սասունցի է կոչում, մշեցի, վանեցի… Պարոն Օնալ, ուրախ եմ, որ հանդիպեցինք, շնորհակալ եմ, որ զրուցեցինք:
Շնորհավորում եմ Ձեզ՝ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնում «Արծաթե Ծիրանի» արժանանալու կապակցությամբ:
–Շնորհակալ եմ, ես շատ երջանիկ եմ, որ ֆիլմը հաջողություն ունեցավ նաեւ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ