Հայերեն | На русском | In English
5-րդ բանակային զորամիավորման Անդրանիկ Օզանյանի անունը կրող զորամասում բանակ-հասարակություն կապի ամրապնդման նպատակով կազմակերպվել է միջոցառում, որի շրջանակներում զորամաս են այցելել Երևանի թիվ 154 հիմնական դպրոցի աշակերտները՝ տնօրեն Սուսաննա Արշակյանի գլխավորությամբ: Դպրոցի սաները շրջայց են կատարել զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների առօրյային, ռազմական տեխնիկային և սպառազինությանը:
Համատեղ միջոցառման երկրորդ մասն անցկացվել է զորամասի ակումբում: 9-րդ դասարանցիները զինվորների համար ներկայացրել են «Մոնթե Մելքոնյան-60» և «Մեզ փնտրեք ողջերի մեջ» հայրենասիրական թեմաներով բեմադրություններ: Ոգեկոչելով ապրիլյան պատերազմի նահատակներին՝ աշակերտները խոստացել են արժանի հետնորդները լինելու մեր հերոս զինվորների, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանեցին հողը հայրենի:
Միջոցառման ավարտին զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Խումարյանը շեշտել է նմանօրինակ միջոցառումների անհրաժեշտությունը, նշել, որ հայրենասեր զինվոր դաստիարակելու դժվարին ու պատվաբեր գործը ուսուցիչների առաքելությունն է, որն էլ հետագայում փոխանցվում է հրամանատարներին: Որքան ամուր է հիմքը, այնքան հզոր ու մարտունակ է հայոց բանակը, և մենք պարտավորված ենք մեր երախտիքի խոսքը ուղղելու բոլոր մանկավարժներին:
5-րդ զորամիավորման թղթակցական կետ