Հայերեն | На русском | In English
Թուրքական քյանդրբազություն
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 26-ին ստացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ուղերձը, որում վերջինս ափսոսանք է հայտնում 2015թ. նոյեմբերին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման համար: Թուրքիայի նախագահը, մասնավորապես, նշել է, որ իր երկիրը՝ Թուրքիան, շարունակում է դիտարկել Ռուսաստանը որպես իր բարեկամ եւ ռազմավարական գործընկեր, «որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանա վատթարացնել հարաբերությունները»: «Մենք երբեք ցանկություն չենք ունեցել խոցելու կամ կանխամտածված չենք խոցել Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ինքնաթիռը», -ասված է նամակում:
Ռ. Էրդողանը նաեւ նշել է, որ ռուս օդաչուի մարմինը փրկվել է սիրիացի ընդդիմադիրներից եւ հուղարկավորվել ըստ հարկի:
«Կիկին անգամ ցանկանում եմ ցավակցություն հայտնել զոհված ռուսաստանցի օդաչուի ընտանիքին: Ամբողջ սրտովս կիսում եմ նրանց վիշտը: Մենք ռուսաստանցի օդաչուի ընտանիքն ընդունում ենք որպես մերը՝ թուրքական ընտանիք: Ցավի ամոքման համար պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Նրա խոսքով՝ օդաչուին սպանած անձի հայտնաբերման եւ պատժելու ուղղությամբ համապատասխան քայլեր են իրականացվում:
Էրդողանը նամակում «խոր ափսոսանք է» հայտնում տեղի ունեցած միջադեպի համար եւ պատրաստակամություն հայտնում վերականգնելու երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունները:
Հատկանշական է, որ ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջում նշված է, որ Թուրքիայի նախագահը ներողություն է խնդրել ինքնաթիռի խոցման համար, մինչդեռ նույն օրը թուրքական պաշտոնական ներկայացուցիչները հերքեցին այդ տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ Էրդողանը «միայն ափսոսանք է հայտնել» երկկողմ հարաբերությունների աննախադեպ վատթարացման համար: Ինչեւէ, Ռուսաստանի սահմանած պատժամիջոցներից Թուրքիան միլիոնավոր դոլարի վնաս է կրում, մանավանդ պատժամիջոցներին գումարվում են նաեւ պատերազմը քրդաբնակ վայրերում եւ հարաբերությունների սառեցումը Եվրամիության հետ: Թուրքիան այդպես էլ չստացավ փախստականների համար ԵՄ-ից սպասվելիք գումարները, ահաբեկչությունները կրճատել են ֆինանսական հոսքերը Եվրոպայից եւ ԱՄՆ-ից: Վտանգված թուրքական տնտեսությունը Էրդողանից պահանջում է վերանայել իր մոտեցումները եւ հարթել նահանջի ճանապարհը: Արդեն իսկ թուրք պաշտոնյաները փորձում են վերականգնել Իսրայելի հետ հարաբերությունները:
Պարզապես տարածաշրջանային առաջնորդի տիտղոսին հավակնող թուրք նախագահը դժվար կարողանար հաղթահարել գոռոզությունը, եւ ըստ այդմ՝ Ռուսաստանի ղեկավարությանն ուղղված նամակը, բնական է, որ երկիմաստ կլինի:
Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ