Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԴԱՍԱՐԱՆ` ՔԱՋՈՐԴՈՒ ԱՆՈՒՆՈՎ
ԴԱՍԱՐԱՆ` ՔԱՋՈՐԴՈՒ ԱՆՈՒՆՈՎ

ԴԱՍԱՐԱՆ` ՔԱՋՈՐԴՈՒ ԱՆՈՒՆՈՎԱրարատի մարզի Փոքր Վեդի համայնքի Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտելիս երեք ընկերներով` Գոռ Օհանյան, Սահակ Մարտիրոսյան և Արսեն Մանուկյան, որոշեցին գործերը հանձնել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Երազանքն իրականություն դարձավ, երեքն էլ զինվորական դարձան և ավարտելուց հետո մեկնեցին ծառայության տարբեր զորամասեր:

Ծառայում էին պատվախնդրորեն: Թվում էր՝ նրանց ընկերությունը ոչ թե տարիներ, այլ դարեր կշարունակվի, և ոչինչ այս աշխարհում չի կարողանա նրանց բաժանել: Ցավոք, ավագ լեյտենանտ Գոռ Օհանյանը զոհվեց 2015թ. դեկտեմբերի 17-ին թշնամու դիվերսիոն հարձակման ժամանակ:

Մայիսի 6-ին հարազատ կրթօջախում «Անվանակոչում և ոգեկոչում» խորագրով միջոցառում էր` նվիրված Գոռ Օհանյանի հիշատակին: Համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանի և դպրոցի տնօրեն Արթուր Հարությունյանի նախաձեռնությամբ դպրոցի 8-րդ դասարանը անվանակոչվեց հերոս քաջորդու անունով:

Միջոցառմանը հրավիրված էին Արարատի մարզի ԵԿՄ տարածքային բաժանմունքի նախագահ Միքայել Հարությունյանը, համայնքի միակ կին ազատամարտիկը՝ կենդանի լեգենդ Հեղինե ¥Ջեմմա) Հովհաննիսյանը, Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության և մշակույթի, սպորտի վարչության մասնագետ Սուրեն  Շահինյանը և տողերիս հեղինակը:

Ապրողներիս պարտքն է հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված մեր քաջ տղաներին: Փառք ու պատիվ Գոռ Օհանյանին և հավերժության ճանապարհ բռնած մեր մյուս որդիներին…

Հիշատակն ապրողաց օրհնությամբ եղիցի:

ՆԱԶԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ