Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԱՆՈՆԱԴՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ՝ ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ ԲԱՆԱԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՐԱՇԽԻՔ
ԿԱՆՈՆԱԴՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ՝ ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ ԲԱՆԱԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՐԱՇԽԻՔ

Զրույց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանի հետ

Կանոնադրային հարաբերությունների խախտումը առաջին հայացքից կարող է թվալ թեթև, անվտանգ հանցանք, իրականում այն ունի հանցածին բնույթ, ծանր հանցագործության վերաճելու թաքնված ներուժ:

-Պարոն Գրիգորյան, քանի որ մեր պետությունը չհասցրեց անկախության տարիներին ձևավորել այնպիսի գործուն ու կատարյալ մեխանիզմներ, որ անձերի գործոնը հասնի նվազագույնի, ուստի պաշտոնները շարունակում են մնալ անձնավորված, և գործի հաջողությունը այսօր էլ էապես կապվում է պաշտոնյայի կերպարի, բարոյական սկզբունքների հետ… Ահա ինչու զինվորական քննչական վարչության պետի պաշտոնում Ձեր առաջին հարցազրույցը ուզում եմ, որ սկսենք Ձեր անցած ճանապարհի մասին պատմելով…

-1994-96թթ. ծառայել եմ ՀՀ զինված ուժերում, բարձրագույն իրավաբանական կրթություն ստացել եմ ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական համալսարանում: 2001թ.-ին գերազանցությամբ` ոսկե մեդալով և էքստեռն ավարտել եմ դատախազա-քննչական ֆակուլտետը, որից հետո ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գործուղվել եմ ՀՀ զինվորական դատախազություն:

Ծառայել եմ Հադրութի, Մարտակերտի, Գյումրիի, Երևանի կայազորային զինվորական դատախազությունում՝ որպես քննիչ, ապա` ավագ քննիչ, 2006թ.-ին մեկնել եմ ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի ադյունկտուրա և 2009թ.-ին պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն` «ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների քննությունը զինված ընդհարումների շրջանում» թեմայով:

Հետբուհական մասնագիտական կրթություն ստանալուց հետո շարունակել եմ ծառայությունս ՀՀ ՊՆ քննչական ծառայության վերահսկողության, մեթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչի պաշտոնում: Այնուհետև ղեկավարել եմ ՀՀ ՊՆ քննչական ծառայության Հադրութի կայազորային քննչական բաժինը: 2011թ.-ին նշանակվել եմ ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնում` համակարգելով մի քանի շրջանների և հենց կայազորային քննչական բաժինների աշխատանքը: 2013թ.-ին ընդունվել եմ ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի դոկտորանտուրա, որտեղ հաստատվել է դոկտորական ատենախոսությունս` «Զինված ընդհարման ժամանակ հակամարտող կողմերի կատարած պատերազմական հանցագործությունների քննության միջազգային իրավական և կազմակերպչական հիմունքները» թեմայով:

ՀՀ գլխավոր քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական վարչության պետ եմ նշանակվել այս տարվա հունվարին:

– Տպավորիչ է հատկապես Ձեր գիտական գործունեությունը: Ես իրավաբան չեմ, բայց ինձ միշտ հետաքրքրել են շարժառիթները՝ մոտիվացիան: Բացատրեմ միտքս: Երբ դպրոցական էի, իմ բոլոր նախասիրությունների հետևում ծափահարված լինելու, հիացմունքի արժանանալու շարժառիթն էր. պարուհի, դաշնակահարուհի, լրագրողուհի… Ի վերջո, որպես մասնագիտություն ընտրեցի այն բնագավառը, որտեղ ավելի օժտված էի: Ո՞րն էր Ձեր նվաճումների շարժառիթը:

-Նախքան հարցին պատասխանելը, ուզում եմ հարցնել` հիմա փոխվե՞լ են Ձեզ առաջ մղող շարժառիթները, թե մնացել են նույնը:

-Գրեթե չեն փոխվել: Բայց դրան միացել են մասնագիտական հաճույքն ու պատասխանատվության զգացումը:

-Մեզ իրարից բաժանում է մի փոքրիկ տարբերություն` ինձ հարկավոր են ոչ թե ուրիշի, այլ սեփական հիացմունքն ու ծափերը: Դա մեկ այլ բառով կոչվում է ինքնաբավություն: Ես ինքս ինձ հետ եմ մրցում: Ես ձգտում եմ կատարելության: Ռազմական համալսարանում սովորելիս հասկացա, որ ճիշտ եմ ընտրել մասնագիտությունս ու փորձեցի առավելագույնս հմտանալ: Ինչ վերաբերում է «մասնագիտական հաճույքին», այդ ամենն անծանոթ չէ ինձ: Երբ բարդ, խճճված գործի քննությունը արհեստավարժ քննչական աշխատանքի շնորհիվ հանգում է արդարադատության, ինձ իսկապես վարձատրված եմ զգում:

-Ես բոլորովին այլ ընթացք էի նախատեսել մեր զրույցի համար: Դուք միանգամից սկսեցիք Ձեր աշխատանքային կենսագրությունից, իսկ ես ուզում էի լսել, թե Դուք ի՞նչ եք պատմում Ձեր ընտանիքի մասին, ի՞նչ հիշողություններ եք բերում անցյալից:

-Մայրս բանասեր է, հայրս` ինժեներ: Մայրս սովորեցնում էր բարություն, հանդուրժողականություն, ազնվություն, ստիպում էր գրականություն կարդալ: Հայրս տղամարդկային արժանապատվության ու խիզախության օրինակ էր տալիս: Ես դպրոցում սովորում էի այն առարկաները, որոնք ինձ դուր էին գալիս, զանազան անկարգություններ էի անում ու մարզվում էի: Բազմիցս եղել եմ քիք-բոքսինգի տարբեր փոքր ու մեծ մրցույթների հաղթող, հանրապետության չեմպիոն:

-Դուք չեմպիո՞ն եք:

-Բոլորն էլ ուզում են չեմպիոն լինել: Մի մասին դա հաջողվում է, մյուսներին` ոչ:

-Որո՞նք են Ձեր բնավորության ամենավառ գծերը:

-Անվերջ կատարելագործվելու ձգտումն ու արդարամտությունը:

-Կարելի՞ է ասել, որ այս նույն հատկանիշներն են Ձեր ծառայողական հաջողությունների հիմքում:

-Նաև իմ սերտ կապը գիտության հետ..

-Ի դեպ, ինձ հետաքրքրեց Ձեր դոկտորական ատենախոսության թեման` «Զինված ընդհարման ժամանակ հակամարտող կողմերի կատարած հանցագործությունների քննության միջազգային իրավական և կազմակերպչական հիմունքները»:

-Նպատակ ունեմ մեր հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարության գործունեությունը քրեական դատարանում քննելու հիմքեր նախապատրաստել:

-Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում օրինականության մակարդակը զորքերում:

-Ես իմ ծառայողական գործունեությունն սկսել եմ 2001 թվականից և կարող եմ միանշանակ արձանագրել, որ այդ ժամանակաշրջանից մինչ օրս դրական տեղաշարժը պահպանվում է, սակայն վերջին 3-4 տարիներին բարեփոխումները առավել ակնառու են: Մենք ունենք արմատական, որակական փոփոխություններ, խոսքը վերաբերում է և՛ զինվորական անձնակազմի իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը, և՛ ծառայողական կարգապահությանը, և՛ միջանձնային հարաբերություններին: Իսկ 2014 թվականը գնահատելիս բավական է հիշել ծանր հանցագործությունների կտրուկ նվազումը: Այս ամենի հիմքում, բացի պաշտպանության նախարարության ղեկավարության կողմից պարբերաբար իրականացվող զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներից (անկախ վտանգավորության աստիճանից ու հասարակական հնչեղությունից) դրված է իրավական գնահատական տալու պրակտիկան, որի արմատավորումը երկար տարիների քրտնաջան աշխատանք է պահանջում:

-Պատժի անխուսափելիության գաղափարի ամրապնդումը և անպատժելիության մթնոլորտի վերացումը, անշուշտ, յուրատեսակ կանխարգելում են, բայց, որպես քննչական կառույցի ղեկավար, Ձեր իրավաբանական փորձն ու ուսումնասիրությունները չե՞ն հուշում, որ առաջին հերթին պետք է տեսնել հանցավորությունը խրախուսող պատճառները եւ վերացնել դրանք:

-Բանակում հանցագործություն ծնող պատճառները շատ ավելի խոր արմատներ ունեն: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս խոսել է այդ մասին: Զինվորական իրավապահների ու հրամանատարության կանխարգելիչ աշխատանքների բովանդակությունը կապված է այն գործողությունների հետ, որոնք կիրականացվեն բանակում, կնվազեցնեն հանցանքների հաճախականությունը և կդառնան զսպիչ գործոն: Խոսքը վերաբերում է դաստիարակչական աշխատանքներին, օրվա կարգացուցակի անշեղ կատարմանը, իրավագիտակցության բարձրացմանը, հսկողությանը: Պետք է կատարելագործվեն պատասխանատվության մեխանիզմները: Ասենք՝ զինվորը որևէ հանցանք է կատարել. պետք է հստակեցվի՝ ովքեր էին իրավասու, ովքեր կարող էին կանխել հանցանքը, ում սխալի պատճառով հանցանքը չի կանխվել: Բարեփոխիչ գործընթացներն սկսված են, կարծում եմ՝ արդյունքը չի ուշանա:

Մեր ամենամեծ խնդիրը եղել եւ մնում են միջանձնային հարաբերությունների կատարելագործումն ու կանոնադրային բարքերի հաստատումը, ինչն էլ միտված է բանակի մարտունակության բարձրացմանը և սահմանների անվտանգության երաշխիքների ամրապնդմանը:

-Պարոն Գրիգորյան, չե՞ք կարծում, որ անհրաժեշտ է կանոնադրային հարաբերություններն ամրապնդել առաջին հերթին սպաների շրջանում: Եթե սպան բարեխղճորեն հետևի կանոնագրքի կանոններին, հազիվ թե զինվորը հանդգնի խախտել դրանք:

-Այն սպաները, ովքեր շրջանցում են կանոնագրքի պահանջները, ենթարկվում են պատասխանատվության: Այսօր պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ՝ բաց քննարկման, խնդիրը չթաքցնելու, համատեղ ուժերով լուծման ուղիներ որոնելու պրակտիկան արմատավորվել է բանակում, և դա տալիս է իր արդյունքը:

Պատժի անխուսափելիության գաղափարը չի իրացվում միայն զինվորների համար, այն բարեհաջող կիրառվում է նաև սպայակազմի շրջանում: Որովհետև զինվորական կանոնադրությունները բոլոր զինվորների համար են: Որովհետև սպայի կողմից կանոնադրային հարաբերությունների խախտումը կարող է դառնալ վատ օրինակ իր ենթակաների ու զինվորների համար: Օրինականության ամրապնդումը զորքերում ենթադրում է համալիր միջոցառումների իրագործում, որոնք փոխկապակցված-փոխպայմանավորված են:

-Ո՞ր հանցատեսակներն են առավել տարածված զինվորների շրջանում:

-Մեծ թիվ են կազմում քրեական օրենսգրքի 359 հոդվածով հարուցված քրեական գործերը՝ կանոնագրքային հարաբերությունների խախտում, որոնց նվազումը, հակառակ բոլոր ջանքերին, չնչին է, ի տարբերություն ծանր հանցագործությունների… Կանոնագրքային հարաբերությունների խախտումը առաջին հայացքից կարող է թվալ թեթև, անվտանգ հանցանք, իրականում այն ունի հանցածին բնույթ, ծանր հանցագործության վերաճելու թաքնված ներուժ: Իմ հանձնարարությամբ՝ քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչությունը վերլուծում է կանոնադրային հարաբերությունների խախտման դեպքերը, պատճառահետևանքային կապը և առկա օրինաչափությունները: Մենք տեղեկատվական նամակ կուղարկենք պաշտպանության նախարարին` կապված մեր դիտարկումների հետ, որպեսզի կանխարգելիչ աշխատանքը կազմակերպվի առավել նպատակային և արդյունավետ:

-Պաշտպանության նախարարն իր տարեսկզբի ուղերձում բանակային տարվա գլխավոր խնդիրը համարեց մարդակենտրոն բանակ ստեղծելու հրամայականը: Այսինքն՝ կարևորեց մարդու` զինվորի, սպայի ֆիզիկական և հոգեբանական պաշտպանվածության խնդիրը:

-Եթե մի պահ վերանանք ուղերձի զգացմունքային և բարոյահոգեբանական տիրույթից, խոսենք օրենքի լեզվով, կարձանագրենք, որ կանոնագրքի կանոնները պաշտպանում են զինվորին ու սպային թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն: Այսինքն՝ կանոնադրային հարաբերությունների ամրապնդումը մարդակենտրոն բանակ ստեղծելու ամենահուսալի երաշխիքն է: Հանդուրժողականությունը իրավական կատեգորիա չէ, սակայն անհանդուրժողականությունը զորքերում կարող է հակասություն առաջացնել օրենքի հետ: Այդ իսկ պատճառով պետք է օգտագործել դաստիարակչական, քարոզչական, բարոյահոգեբանական ներգործության բոլոր լծակները` զինվորի վարքը դարձնելու առավել գիտակից, օրինապահ, պատասխանատու, ինքնավերահսկվող:

-Ո՞ր հանցանքներն են առավել տարածված սպայակազմի շրջանում:

-Առավել տարածված է ենթակայի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար՝ 360 հոդվածով նախատեսված հանցակազմը: Տարածված է նաև 358 կետ 1 հոդվածով նախատեսված հանցակազմը՝ ենթակայի նկատմամբ բռնի գործողություններ կիրառելը:

-Պարոն Գրիգորյան, ի՞նչ նոր երևույթ է` զինվորը ձեռք է բարձրացնում սպայի վրա: Ես թերթում էի քրեական գործերը, մեղմ ասած` ապշեցի:

-Ինչո՞ւ է նոր: Այդ հանցակազմը միշտ էլ եղել է: Ես չեմ կարծում, թե հիվանդագին պետք է ընկալել այս հանցատեսակը: Դուք հաստատ չեք ապշում, երբ սպան ձեռք է բարձրացնում զինվորի վրա: Բայց երբ զինվորն է բռնություն կիրառում, ապշում եք: Մինչդեռ հակառակը պիտի լիներ, որովհետև սպան դաստիարակ է, սպան սխալվելու ավելի քիչ իրավունք ունի, քան զինվորը, սպան պետք է օրինակ ծառայի զինվորին: Ինձ համար՝ որպես իրավաբանի, խնդիրը այս տեսանկյունից է գնահատվում: Ավելին կասեմ` երբ զինվորը ձեռք է բարձրացնում սպայի վրա, ապա սպան ունի մեղքի իր բաժինը: Եթե ժամանակին տարբեր փոքրիկ օրինախախտումների համար սպան կիրառեր կարգապահական տույժեր զինվորի հանդեպ, բանը չէր հասնի նրան, որ զինվորը ձեռք բարձրացներ սպայի վրա:

-Պարոն Գրիգորյան, հիմա պիտի խոսենք Ձեր ղեկավարած կառույցի գործունեության մասին: Գաղտնիք չէ, որ դեռևս խորհրդային տարիներից ոչ հանիրավի մեր ժողովրդի շրջանում ձևավորվել է անվստահություն օրինապահ մարմինների օրինականության հանդեպ: Որքան էլ ցավալի է ու զավեշտական, մեր երկրում ոչ ոք այնքան չի խախտում օրենքը, որքան օրինապահները: Այդ առումով Ձեզ աննախանձելի ժառանգություն է բաժին ընկել, ու պիտի կարծրատիպերը կոտրել:

-Նախ՝ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իրեն հայտնի հանցագործության փաստի մասին տեղեկացնել պատկան մարմիններին: Երկրորդ՝ ես չեմ մտածում կարծրատիպեր կոտրելու մասին ու առանձնապես չեմ հուզվում, երբ կողմերից մեկը` տուժողը կամ մեղադրյալը, աղմուկ են բարձրացնում օրինապահների հանդեպ իրենց հանիրավի մեղադրանքներով: Յուրաքանչյուր ոք, օգտվելով իր իրավունքից, պետք է չխախտի այլ անձի իրավունքը, իսկ զրպարտանքները պարզապես աններելի են: Ստահոդ հրապարակային ելույթները կարող են սխալ հասարակական կարծիք ձևավորել իրավապահների մասին: Իսկ իմ խնդիրն է հնարավորինս արդյունավետ ու արհեստավարժ վարել քրեական գործի ընթացքը և օբյեկտիվության, բազմակողմանիության եւ արդարության սկզբունքով՝ անաչառ որոշում կայացնել:

-Իսկ եթե մեղադրանքը օբյեկտի՞վ է: Չի բացառվում, չէ՞, որ քննիչը կաշառք վերցնի ու միտումնավոր շեղի քննության ընթացքը` հօգուտ որևէ կողմի:

-Այսօր բացառվում է: Վերահսկողական մեխանիզմները թույլ չեն տա նման սուբյեկտիվություն: Կան բազմաթիվ հսկողական օղակներ, որոնք շրջանցելը գրեթե անհնար է:

-Պարոն Գրիգորյան, իսկ այն դեպքերը, երբ քննիչը գումար է վերցրել դատավարության ընթացքը հօգուտ կողմերից մեկին փոխելու համար, երբ քննիչը գումար է վերցրել քրեական գործը կարճելու համար:

– Վերջին երկու տարիներին արձանագրվել է միայն Ձեր նշած երկու դեպքը, երբ քննիչը կատարել է քրեական հանցագործություն:

Ի դեպ, երկրորդ դեպքը այսպիսին է. քննիչը հանցակազմ չպարունակող գործը կարճելու ցուցում էր ստացել, օգտվելով առիթից՝ նա քրեական գործը կարճելու դիմաց գումար էր պահանջել:

-Կաշա՞ռք:

-Ո՛չ: Այստեղ կա մի շատ կարևոր նրբություն: Քննիչը չի շեղել քրեական գործի ընթացքը, ոչ մի անօրինական գործողություն չի ձեռնարկել` կապված գործի քննության հետ, գումար է վերցրել իր լիազորությունների շրջանակում օրինական գործողություն կատարելու համար:

-Պարոն Գրիգորյան, ես մասնակցել եմ բազմաթիվ դատավարությունների՝ հիմնականում ծանր հանցանքների հետ կապված, ու չեմ տեսել մի դեպք, որ փաստաբանը չասի` իմ պաշտպանյալը անմեղ է՝ ազատ արձակեք դատարանի դահլիճից: Չկա՞ մի մեխանիզմ, որը կգնահատի փաստաբանի աշխատանքը, այն կանվանի ոչ պրոֆեսիոնալ, գուցե ինչ-որ տույժեր կսահմանի ակնհայտորեն ստելու համար, իր պաշտպանյալին սուտ հույսեր ներշնչելու ու փող կորզելու համար:

-Ո՛չ, ցավոք, չկա նման մեխանիզմ: Աշխարհի ոչ մի երկրում չկա: Հաճախ փաստաբանը, լինելով իրավաբան, շատ լավ հասկանում է, որ ինքը չի կարող իրականացնել իր պաշտպանյալի հավակնությունները, բայց սուտ հույսեր է ներշնչում:

-Խաբելով ոչ միայն իր պաշտպանյալին, այլ ապակողմնորոշելով հասարակությանը: Նույնիսկ ես, որ հնարավորություն ունեմ ծանոթանալու քրեական գործի մանրամասներին, դատարանում որոշ փաստաբանների զգայացունց ճառը լսելով՝ սկսում եմ կասկածել դատավճռի օրինականությանը: Վերջերս քննարկվում էր երդվյալների ինստիտուտ ստեղծելու հարցը: Պատկերացնում եք` իրավաբանությունից հեռու մարդուն որքան դժվար կլինի կողմնորոշվելը….

-Սա անվերահսկելի գործընթաց է: Յուրաքանչյուր ոք պիտի հասկանա, որ ոչ մի փաստաբան չի կարող օգնել իրեն խուսափելու արդարադատությունից: Ոչ մի իրավաբան, այդ թվում և փաստաբանը, բարոյական իրավունք չունի խուսափելու մասնագիտական էթիկայի նորմերից:

-Պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ Ձեր պարզաբանումների, վերլուծությունների և տեղեկությունների համար:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ