Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՐԵՆԻՔԸ ԼԱՎ ՊԱՀԻՐ, ԱՐԱ ՋԱՆ
ՀԱՅՐԵՆԻՔԸ ԼԱՎ ՊԱՀԻՐ, ԱՐԱ ՋԱՆ

Տավուշի մարզում տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող Արա Մարգարյանը նամակ էր հղել «Հայ զինվորի» խմբագրությանը. «Մամուլից տեղեկացա, որ երգիչ Մարթեն Յորգանցը Հայաստանում է: Իմ մանկության ամենասիրելի ու բարի երգերը նրա անվան հետ են կապված: Մայրս ասում էր` եթե ծուլություն անես, Ճկույթիկի պես փոքրիկ կմնաս (հիշեք Յորգանցի հայտնի երգը): Մարթեն Յորգանցն է ինձ սովորեցրել հայկական այբուբենը` իր հրաշալի երգով…. Վաղուց չեմ լսել Մարթեն Յորգանցի երգերը….. շատ կուզենայի իմանալ՝ ինչպե՞ս է նա, ինչո՞վ է զբաղված… Կուզենայի մանրամասներ իմանալ նրա կենսագրությունից: Ես կարդացել եմ, որ նա Ֆրանսիայում չի ծնվել, այլ Թուրքիայում…»:

Կատարելով մեր սահմանապահ զինվորի խնդրանքը, ֆրանսահայ երգիչ ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԻՆ հյուընկալեցինք «Հայ Զինվոր» թերթի հյուրասրահում:

-Պարոն Յորգանց, այս հարցազրույցը սահմանապահ զինվոր Արա Մարգարյանի խնդրանքով է: Նա սիրով է հիշում Ձեր երգերը, որոնք զարդարել են իր մանկությունը, և ափսոսում է, որ Դուք առաջվա պես հաճախ չեք այցելում հայրենիք, ու Ձեր երգերը հաճախ չեն հնչում հիմա:

-Շնորհակալ եմ մեր զինվորին, որը սիրում-հիշում է իմ մանկական երգերը: Ինչ վերաբերում է Հայաստան այցելելուս, ես ամեն տարի գալիս եմ Հայաստան: Պարզապես, գերադասում եմ երգել մարզերում, գյուղերի բնակչության համար, քանի որ, ըստ իս, նրանք ավելի շատ ունեն իմ երգերի կարիքը: Մարզերում իրականացվող մշակութային միջոցառումները այնպիսի ակտիվությամբ չեն լուսաբանվում, ինչպես մայրաքաղաքային համերգներն ու ներկայացումները, այդ պատճառով էլ թերթերը չեն տեղեկացնում, որ ես հայրենիքում եմ ու երգում եմ հայ ժողովրդի համար: Ես ամեն տարի 7-8 համերգ եմ ունենում հայրենիքում` երգում եմ հայկական ռոմանսներ, ֆրանսիական, իտալական երգեր, մի խոսքով, թող զինվոր եղբայրներս իմանան, որ ես երբեք չեմ կտրվել հայրենիքից:

-Ժամանակին Դուք շատ հանրաճանաչ էիք… Մի առիթով ասացիք, որ 138 համերգ եք ունեցել Երևանում: Ձեր երգերը մարդկանց շուրթերին էին, Ձեր երգերը հնչում էին ամենուր:

-Որովհետև ես սրտով եմ երգում: Իմ երգերը իմ հույզերն են` իմ սերը, իմ կարոտը, իմ ցավը, իմ կորուստներն ու իմ հաղթանակները, այդ պատճառով էլ դիպչում են ունկնդրի սրտին: Այո՛, ինձ սիրում էին հայրենիքում, ու կարծում եմ՝ հիմա էլ են սիրում… Ես առաջին անգամ եկա Հայաստան 1988-ին, երբ երկիրս վիրավոր էր, երբ մարդիկ խոցված էին, ես օտարության մեջ ծնված արևմտահայի զավակ էի, ու իմ ժողովուրդն ինձ մոր պես իր գիրկն առավ:

-Յուրաքանչյուր տարագիր արևմտահայ ընտանիք իր սրտառուչ պատմությունն ունի…

-Ես Պոլսում եմ ծնվել, ապրել եմ Թուրքիայում: Հետո իմ ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա: Հորս կողմից լուսավորչական, մորս կողմից հայ կաթոլիկ եմ, Թուրքիայում ծնված ու կյանքիս մեծ մասը Ֆրանսիայում ապրած հայ եմ: Սովորել եմ Մխիթարյան վարժարանում: Մինչ օրս հայկական դպրոցները Պոլսում հրաշալի հայեցի կրթություն են տալիս իրենց սաներին (23-24 դպրոց ունենք, եկեղեցիներ ու զորավոր հայկական համայնք): Մեկ ամիս առաջ գնացի իմ դպրոցը, իմ դասարանը տեսնելու: Դպրոցը լեփ-լեցուն էր աշակերտներով: 1974-ից հայերեն եմ երգում, մինչ այդ երգել եմ իտալերեն, ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն, բայց հայերեն երգերը մի ուրիշ սիրով են հնչում իմ շուրթերից: Ինձ հրավիրում են երգելու աշխարհի բոլոր հայկական գաղթօջախներից, և ես երգում եմ բոլորի համար: Ես համեստ մարդ եմ, սիրով երգում եմ բոլոր նրանց համար, ովքեր իմ երգերը լսելու ցանկություն ունեն` լինի ռեստորան, որևէ ընտանեկան հավաքույթ թե մեծ համերգասրահ: Այս անգամ Հայաստան եկա Վաղարշապատ երգի-պարի համույթի հրավերով, համույթի հիմնադրման տասնամյակին նվիրված հանդիսությանը մասնակցելու: Պիտի երախտագիտություն հայտնեմ Մադոյան ընտանիքին՝ ջերմ ընդունելության և համերգը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Երգեցի 7000 հոգանոց լսարանի առջև: Անչափ ուրախ եմ, որ կրկին հայրենիքում եմ: Շատ էի կարոտել… Ես Հայաստանի սիրահար եմ:

-Ինչո՞ւ… Հայաստանը լա՞վն է, թե՞ պարզապես Ձեր հայրենիքն է:

-Լավն է… և իմ հայրենիքն է: Շատ եմ սիրում մեր ժողովրդին և շատ եմ հպարտանում նրանով: Մենք արարող ժողովուրդ ենք, մեր իշխանությունները պիտի ժողովրդին աշխատելու հնարավորություն տան, և Հայաստանը կծաղկի: Ես շատ ուրախ եմ, որ այսօր Հայաստանն ու Սփյուռքը հասկանում են իրար. նախկինում ինչ-որ խորթություն կար: Հիմա մենք մի ժողովուրդ ենք ու մի հայրենիք ունենք: Հայաստանը Սփյուռքին իր երկիրը շենացնելու հնարավորություն տվեց և սեփական երկրում արմատ գցելու իրավունք… Հայաստանը Սփյուռքին հայրենիք տվեց: Հայաստանի ժողովուրդը գիտուն է, բանիմաց, …հասարակ տաքսու վարորդը այնքա~ն բան գիտի: Ֆրանսիայում այդպես չէ, Թուրքիայում այդպես չէ: Հայ մարդը ջանասեր է, ընդունակ է, դա է պատճառը, որ մենք մեր հացը գտնում ենք օտար երկրում: Օտարները մեզ հարգում են: Մենք կառուցեցինք զրոյից ու ստեղծեցինք այսպիսի ուժեղ բանակ… Վերջին շրջանի լարված իրադարձությունների ժամանակ մենք, շունչներս պահած, հետևում էինք դրամատիկ դեպքերի ընթացքին: Մեր զինվորներն ու զինվորականները հերոսություն արեցին, հասարակ հայ տղան դյուցազնի արյուն ունի իր երակներում: Ես 1996 թվին երգել եմ Արցախում: Զորամասում հայ զինվորներ տեսա, տանկեր, զենքեր՝ ԲԱՆԱԿ, ՀԱՂԹԱՆԱԿ… հայրենիքիս ուժը տեսա: Այնպես երջանիկ էի… Տարիներ անց կրկին Արցախ գնացի. ավերակ, վիրավոր Արցախը դրախտ էր դարձել:

Հիմա խոսքս ուղղում եմ այն տղային` զինվոր Արային, որի խնդրանքով հիմա զրուցում ենք ես ու դու: Արա ջան, տղա՛ս, դու իմ երկրի զինվորն ես, ու ես քեզ սիրում եմ: Ես բախտ չունեցա զինվոր լինելու, դու ունեցար: Երանի~ քեզ: Հայրենիքը լավ պահիր, Արա՛ ջան: Քեզ ու քո ընկերներին բարի ծառայություն եմ մաղթում: Աստված պահապան բոլորիդ:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ