Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՈՉԻՆ ԽՈՐԱՑՐԵՑ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐԸ
ՍՈՉԻՆ ԽՈՐԱՑՐԵՑ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐԸ

Ադրբեջանական արկածախնդրությունը և Ուկրաինական ճգնաժամը ստիպում են հարավկովկասյան տարածաշրջանի գլխավոր խաղացողներին հանդես գալ նոր մարտավարությամբ` ավելի խորացնելով բաժանարար գծերը: Ռուս-աբխազական պայմանագիրը, այդ առումով, ոչ միայն Աբխազիայի անվտանգության երաշխիք է, այլ նաև` չճանաչված հանրապետությունների հետ ռուսաստանյան նոր քաղաքականության դրսևորում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան օրերս Սոչիում ստորագրել են Ռուսաստանի և Աբխազիայի միջև ռազմավարական համագործակցության և դաշնակցային հարաբերությունների մասին նոր պայմանագիր: Այն ենթադրում է կողմերի միջև փոխհարաբերությունների ընդլայնում, ինչպես նաև Աբխազիայի անդամակցում Ռուսաստանի կողմից ստեղծված ինտեգրացիոն կամ այլ կառույցներին: Ստեղծվելու է միասնական սոցիալ-տնտեսական տարածք՝ ԵՏՄ-ին անդամակցելու հնարավորությամբ:

Առավել կարևոր է պայմանագրի ռազմական մասը. հարձակում անդամ-պետություններից որևէ մեկի վրա կնշանակի հարձակում բոլորի վրա: Բացի այդ, կողմերը ստեղծելու են միասնական բանակային զորամիավորում արտաքին սպառնալիքը հետ մղելու համար: Մոսկվան ստանձնում է երեք տարվա ընթացքում աբխազական բանակը արդիականացնելու պարտավորություն:

Հատկանշական է, որ այս պահի դրությամբ Աբխազիայում՝ Գուդաուտա և Օչամչիրա քաղաքներում, տեղաբաշխված են ռուսական ռազմակայանները, իսկ աբխազա-վրացական սահմանը հսկում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը: Բացի այդ, Օչամչիրայի նավահանգստում են տեղակայված Անվտանգության դաշնային ծառայության ռազմանավերը, որոնք պաշտպանում են Աբխազիայի ծովային սահմանները և ուղեկցում աբխազական նավերը չեզոք ջրերում՝ պաշտպանվելով վրացական ռազմանավերից:

Բացի ռազմաքաղաքական այս ծրագրից, Սոչիում խոսք է եղել նաև հարավկովկասյան երկաթուղու վերագործարկման մասին: ՌԴ նախագահը հայտարարել է, որ Սոչի-Սուխում-Թբիլիսի-Երևան երկաթգծի վերագործարկումը կնպաստի բոլոր շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ընդլայնմանը, քանի որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո աբխազական երկաթգծի առկայությունը լրացուցիչ խթան կհանդիսանար Հայաստանի տնտեսության համար, իսկ Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության պարագայում Հայաստանը կդառնա Իրանի և Ռուսաստանի միջև տարանցիկ երկիր, ինչպես նաև կկապեր Վրաստանը իրանական շուկայի և Պարսից ծոցի նավահանգիստների հետ:

Միաժամանակ, երկաթգծի վերագործարկման հարցը Սոչիում ստորագրված պայմանագրով կարծես թե դարձավ իրավիճակի պատանդ: Փաստացի` եթե մինչ այդ Ռուսաստանը որպես տնտեսական համագործակցության երաշխիք ցանկանում էր Հայաստանը կապել Եվրասիական Տնտեսական Միությանը նաև ցամաքով, ապա այս պայմանագրով տնտեսական բաղադրիչը զոհ գնաց աշխարհաքաղաքականին:

Սոչիի պայմանագիրն իր մեջ ներառում է ավելի խորը աշխարհաքաղաքական պատճառահետևանքային կապ ու ավելի հեռանկարային մարտավարություն: Նախևառաջ` այն լրջագույն մարտահրավեր է Հյուսիսատլանտյան դաշինքին: Դրանով Մոսկվան կրկին ու կրկին անգամ հասկացնում է Բրյուսելին, որ իր ներկայությունը Սև ծովում ընդարձակվում է, որ Ղրիմը միմիայն ռուսական է ու այլևս Ուկրաինայի կազմ չի վերադառնա, և որ ինքը չի պատրաստվում զիջել իր դիրքերը նաև Հարավային Կովկասում: Բացի Սևծովյան նավատորմի թվակազմի ավելացումից, ռուսաստանյան ռազմական ներկայացվածությունը գրեթե կրկնակի մեծանում է նաև Աբխազիայում, ստեղծվում է համատեղ զորամիավորում: Բացի այդ` նույն պայմանագրով Սուխումն ստանում է համագործակցության առավելագույն հնարավորություն ոչ միայն ԵՏՄ-ի, այլև` ՀԱՊԿ-ի հետ, թեև այդ ռազմաքաղաքական կառույցի ոչ մի անդամ երկիր Աբխազիայի անկախությունը չի ճանաչել: Նման քայլով Մոսկվան ներմուծում է չճանաչված հանրապետությունների հետ հարաբերությունների նոր մշակույթ՝ ցույց տալով, որ պատրաստ է նոր որակով և կարգավիճակով համագործակցելու նրանց հետ: Նման նոր քաղաքականությունը ձեռնտու է նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, քանի որ Ղարաբաղյան հարցի համատեքստում նվազեցնում է Եվրասիական տնտեսական միության նկատմամբ հնարավոր հոռետեսական մոտեցումների հիմնավորվածությունը:

Հատկանշական է, որ ռուս-աբխազական համաձայնագիրն ստորագրվեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջերս տեղի ունեցած միջադեպից հետո: Ռուսաստանյան վերնախավի համար հայկական Մի-24-ի խոցումը խորը վիրավորանք էր, քանի որ օգոստոսի 8-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը որպես տարածաշրջանային կայունության և անվտանգության երաշխավոր հանդես եկավ անձամբ ՌԴ նախագահ Վ. Պուտինը: Երևանը, Ստեփանակերտը և Մոսկվան հանդուրժեցին Բաքվի հրճվանքը՝ դրսևորելով բավական լուրջ սառնասրտություն և զսպվածություն, բայց ադրբեջանական արկածախնդրությունը հնարավորություն տվեց տարածաշրջանում Ռուսաստանին նոր քայլերի դիմել` հիմնականում իրավիճակն ավելի կանխատեսելի դարձնելու համար: Կրեմլում չեն բացառում, որ իր համար ոչ ցանկալի քայլերի կարող է դիմել նաև Թբիլիսին, մանավանդ որ սերտացել են վերջինիս հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Մոսկվան կրկին անգամ հստակորեն հայտարարեց, որ թույլ չի տա Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցությունը կամ որևէ այլ ձևով ասոցացումը Հյուսիսատլանտյան դաշինքին և Սոչիի պայմանագրով ամրագրեց իր դիրքորոշումը:

Պայմանագրի ստորագրումը հստակեցնում է ռուսաստանյան դիրքերը նաև հենց Աբխազիայում: 2008 թվականի ռազմական գործողության ժամանակ աբխազական զինուժը գործեց ռուսական զորքերից բավական անկախ, և եթե Հարավային Օսեթիայի իշխանությունները անկախության ճանաչելուց հետո Մոսկվայի հետ սկսեցին համաձայնեցնել իրենց ներքին և արտաքին քաղաքականությունը, ապա Աբխազիայում որոշակի քաղաքական շրջանակներ հաղթանակի դափնիները վերագրեցին միմիայն իրենց: Երկրում ուժեղացավ Թուրքիայից վերաբնակեցված և, բնական է, հակառուսական և թուրքամետ տրամադրություններ ունեցող աբխազների ազդեցությունը, որը Մոսկվային չէր կարող չմտահոգել, մանավանդ այն ժամանակ, երբ հենց Սուխումում փորձեցին տապալել Սոչի-Սուխում-Թբիլիսի-Երևան երկաթուղու վերագործարկման հարցը: Կրեմլը նախ դիմեց կտրուկ միջոցների` թույլատրելով այստեղ իշխանափոխություն, ապա եւ` ռազմաքաղաքական դաշինքով վերջակետ դրեց Սուխումի տատանողական պահվածքին: Սոչիի պայմանագրով Մոսկվան վրեժխնդիր եղավ նաև Անկարայից՝ ցուցադրելով, որ եթե վերջինս թաթարների միջոցով խառնվում է Ղրիմի ներքին գործերին, ապա Աբխազիայում նման գործելաոճ այլևս չի կարողանա դրսևորել:

Այսպիսով, ռուս-աբխազական նոր պայմանագրով Ռուսաստանը մեծացնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Ինչ վերաբերում է Հայաստանին և նրա շահերին, ապա Երևանին ձեռնտու չեն Աբխազիայի պատճառով ռուս-վրացական նոր սրացումները, քանի որ թե՛ Աբխազիայում և թե՛ Վրաստանում հայերը մեծաթիվ են ու շաղկապող դերակատարություն ունեն ինչպես հայ-վրացական, այնպես էլ հայ-աբխազական հարաբերություններում:

Այսուհանդերձ, ցավալի է, բայց փաստ՝ Ադրբեջանի արկածախնդրությունը ավելի խորացրեց Հարավկովկասյան տարածաշրջանում բաժանարար գծերը:

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ