Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿՌՎԵՑԻՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՈՒ ՊԱՀԵՑԻՆ ԴԻՐՔԵՐԸ
ԿՌՎԵՑԻՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՈՒ ՊԱՀԵՑԻՆ ԴԻՐՔԵՐԸ

ԿՌՎԵՑԻՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՈՒ ՊԱՀԵՑԻՆ ԴԻՐՔԵՐԸԱրցախյան վերջին պատերազմի վավերագրական դրվագներից հայտնի Կարո Հարոյանին հավանաբար շատերն են հիշում։ Մայոր Հարոյանը 44-օրյա պատերազմի հերոսներից է: Նա նույն ոգով, քաջաբար կռվել ու վիրավորվել է վերջին եռօրյա պատերազմի ժամանակ:

-Այդ օրը պատասխանատու էի զորամասում: Լսվող ձայներից պարզ դարձավ, որ գործողությունները սկսվել են: Տագնապով դուրս եկանք, և ամեն ստորաբաժանում, համաձայն մարտական պլանի, զբաղեցրեց իր մարտակարգը։

Մայոր Հարոյանի ստորաբաժանումը կռվել է հարավային ուղղությամբ: Նրա հրամանատարությամբ զինվորները կատարել են մարտական առաջադրանքը՝ հրետանային դիպուկ կրակով մեկը մյուսի հետեւից ոչնչացնելով թշնամու կենդանի ուժն ու ռազմական տեխնիկան:

Այդ խիզախ տղաներից մեկն էլ ժամկետային զինծառայող, հրետանավոր Տիգրան Զաքարյանն է, որ բեկորային ծանր վիրավորում է ստացել որովայնի շրջանում:

ԿՌՎԵՑԻՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՈՒ ՊԱՀԵՑԻՆ ԴԻՐՔԵՐԸ-Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, տագնապը հնչելուն պես, առանց խուճապի շտապեցինք հենակետ և անմիջապես մտանք մարտի մեջ: Իրար օգնելով, իրար պահելով՝ գիշեր-ցերեկ անդադար կռվել ենք: Ու երբ լսում էինք մարտկոցի հրամանատարի ոգևորող ձայնը՝ կրակե՛ք, տղե՛րք, կրակե՛ք, հասկանում էինք, որ մեր համազարկերը հասնում են իրենց նպատակին՝ ոչնչացնելով անարգ թշնամուն,- պատմում է հերոս հրետանավորը:

Այդպես միմյանց գոտեպնդելով ու խրախուսելով՝ հաջողվում է խոցել հակառակորդի հրետանային մարտկոցներ, քողարկված հետևակներ և դիտակետեր:

-Իմ հաշվարկը անհամբեր սպասում էր, որ հնչեր երկրորդ կրակի հրամանը… Սաստիկ հրետակոծում էին, նույնիսկ մի քանի անգամ մեր դիրքին մոտենալու փորձեր արեցին, սակայն դիպուկ կրակով հետ շպրտեցինք՝ պատճառելով մեծ կորուստներ: Մենք մեր դիրքերը պահեցինք,- պատմում է կրտսեր սերժանտ Մհեր Մկրտչյանը:

Հրետանային հաշվարկի հրամանատար Մհերը Տիգրանի կողքին է կռվել, մի քանի բնագիծ այն կողմ: Կրտսեր սերժանտը վիրավոր վիճակում անգամ միայն մարտական խնդիրը կատարելու և թշնամուն անվրեպ խոցելու մասին է մտածել։

 

***

 

ԿՌՎԵՑԻՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՈՒ ՊԱՀԵՑԻՆ ԴԻՐՔԵՐԸՄեր զինվորներն ու սպաները հակառակորդին ծանր կորուստներ են պատճառել մարտական գործողությունների բոլոր ուղղություններով։ Արևելյան սահմանագոտու պաշտպանները նույնպես կռվել են ոչ միայն հրթիռահրետանային զինատեսակներով, այլ նաև բնագծում՝ դեմ առ դեմ.

-Տղերքի քաջության, «դուխի», բարձր պատրաստվածության շնորհիվ մենք դիրքերը պահեցինք, նաև մեր կողքի դիրքերին աջակցեցինք ու կարողացանք պահել, պահել մինչև վերջ: Փա՛ռք Աստծո: Ուրիշ տարբերակ չկար, մենք մեր Հայրենիքի համար ենք կռվում,- ասում է ժամկետային զինծառայող Գարիկ Ադամյանը:

Դիրքապահներից յուրաքանչյուրի սխրանքը յուրովի առանձնահատուկ է ու բացառիկ, ոգու արիության դրսևորումներն էլ՝ բազմաթիվ, որոնցից մեկն էլ մեզ հետ զրույցում մտաբերեց ականանետային մարտկոցի հրամանատար, կապիտան Մակիչ Քոխյանը, որի փոքրաթիվ ստորաբաժանումը շրջապատման մեջ կռվել է մի քանի անգամ իրեն գերազանցող թշնամու դեմ ու դուրս եկել շրջապատումից:- Կրակային դիրքում շրջապատման մեջ ընկանք: Կռվել ենք մոտ մեկ ժամ: Ես գնդակային վիրավորում ստացա: Թեև ինքնաձիգիս խզակոթը կոտրվել էր, բայց կարողացել եմ կրակել… Ստորաբաժանումը կռվել է անձնուրաց ու փախուստի մատնել թշնամուն: Փախչելու ժամանակ էլ ականանետով ենք շատերին փռել գետնին:

Հայ զինվորն ու սպան հերթական անգամ կռվեցին մեծ նվիրումով ու հերոսաբար, զինվորական երդմանը հավատարիմ: Մակիչը, Գարիկը, Մհերը, Տիգրանը, Կարոն եւ մյուսները իրենց սխրանքով ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայրենիքն անգին է: Ու թեև նրանք հոսպիտալում են, բայց բոլորը միաբերան խոստանում են՝ ապաքինվելուն պես դարձյալ կանգնելու են հարազատ հողի պաշտպանության դիրքերում:

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Լուսանկարները՝

ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ