Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՌՎՈՂ ԶԻՆՎՈՐ ԵՎ ԿՌՎՈՂ ԲԱՆԱԿ



ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ գնդապետ ԻՇԽԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆ ամփոփում է տարվա արդյունքները

ՄԱՐՏՈՒՆԱԿ ԵՆ

Զորքերի մարտական պատրաստության մակարդակի բարձրացման առումով 2011թ. ուսումնական տարին շատ կարևոր տարի էր: Մարտական պատրաստության խնդիրների լուծմանը մասնակցել է ՀՀ ԶՈՒ ողջ անձնակազմը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր զինվորի, սերժանտի ու սպայի, անկախ նրանց ներդրած բարոյական եւ ֆիզիկական ջանքերից, հատկապես նրանց, որոնք զորավարժությունների ժամանակ, հաճախ խիստ ծանր եղանակային պայմաններում դրսևորել են իսկական մարտիկին վայել արիություն և համբերատարություն: Այսօր մենք սկսել ենք վերլուծական, համեմատական աշխատանքը, որպեսզի հստակորեն պատկերացնենք, թե ինչ ունենք, ինչի ենք հասել անցնող տարվա ընթացքում, որտեղ ենք առաջընթաց գրանցել, որտեղ խնդիրները մնացել են դեռ չլուծված կամ կիսատ, որպեսզի պլանավորենք 2012թ. մեր աշխատանքները:
Բնութագրելով մեր զինված ուժերի մակարդակը, կարող եմ վստահորեն ասել, որ ՀՀ զինված ուժերը մարտունակ են, զորամասերը, զորամիավորումները ի զորու են կատարելու առաջադրված խնդիրները: Դրան նպաստում են մեր հրամանատարական կազմի մասնագիտական ունակությունները և տեսական գիտելիքների մակարդակը: Հարկ եղած դեպքում իրենց առջև դրված խնդիրները զորքերը կկատարեն հաջողությամբ:

ՊԱՏԵՐԱԶՄԻՆ` ՊԱՏՐԱՍՏ

Առհասարակ, բանակային իրականության մեջ անելիքները շատ-շատ են, իսկ առօրյան` հագեցած: Մենք պետք է խուսափենք այն կարծիքից, թե մոտենալով ազգային բանակի 20-ամյակին, պետք է կարծել, թե բոլոր անելիքները կատարված են: Բանակը ինքնազարգացող կառույց չէ: Դա պետք է կառավարվի նրանց մտքի եւ ջանքերի շնորհիվ, ովքեր գերազանց գիտեն դրա ներսում գործող անտեսանելի ուղղահայաց եւ հորիզոնական կապերը, ովքեր անցել են այդ ճանապարհը շարքայինից մինչեւ գեներալ, պարզապես ովքեր գիտեն զինվորի արժեքը, նրա քրտինքի հոտը եւ արյան գույնը: Մեր պետության շուրջ ձևավորված ռազմաքաղաքական մթնոլորտը պահանջում է զորքերի պատրաստությունն իրականացնել` միաժամանակ հաշվարկելով բոլոր նրբությունները, այն պետք է կատարվի և պլանավորվի ճիշտ ժամանակին և, ինչը շատ կարևոր է, հեռահար նպատակներով, կրի շարունակական բնույթ: Այս տարվա ընթացքում մեր զինված ուժերի գործունեությունը կարելի է համարել մի շրջան, երբ մենք որոշակի ձեռքբերումների հասնելով շարունակում ենք մեր զարգացումը: Դա մի բազմաբնույթ գործընթաց է, որը պահանջում է և՛ պաշտպանության նախարարությունից, և՛ պետական կառույցներից ուժերի առավելագույն կենտրոնացում, ինչպես նաեւ` սերտ փոխհամագործակցության իրականացում: Այդ առումով խիստ կարևոր եմ համարում պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ անցկացրած հավաք-պարապմունքները:
Պետության ռազմական ներուժը պահպանելու կարևոր գրավականներից մեկը պետական կառույցների` պատերազմին պատրաստ լինելն է: Պետական կառավարման մարմինների պատրաստության մակարդակից է կախված ցանկացած պետությունում ռազմական բախման ելքը: Արդեն մի քանի տարի է, ինչ լրջորեն ու արդյունավետ աշխատում ենք այս ոլորտում: Այս տարի արդեն ոլորտում աճը ակնհայտ էր:

ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

Զուտ մարտական պատրաստության առումով այս տարվա կարևոր ձեռքբերումներից մեկը ես համարում եմ զինված ուժերի ղեկավար կազմի, զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հրամանատարական պատրաստության մակարդակի բարձրացումը: Մենք անցկացրինք մի շարք կարևոր միջոցառումներ, որոնք զգաստացրին զինված ուժերի ողջ սպայակազմը, ընդգծեցին հրամանատարական պատրաստության կարևորությունը: Հրամանատարական պատրաստություն ասելով առաջին հերթին հասկանում ենք գրագետ, հմուտ, մասնագիտորեն պատրաստ հրամանատարի, որը նաև օժտված է գործնական հմտություններով ու կարողություններով, որպես անձ` բարձր բարոյակամային հատկանիշներով: Երկար տարիներ այդ ուղղությամբ ցուցաբերվում էր մի տեսակ ոչ պատշաճ մոտեցում, ինչը բնականաբար չէր կարող հանգեցնել աճի: Իսկ ահա այս տարի անցկացված միջոցառումների ժամանակ բոլորը տեսան իրենց բացթողումները, հետագա անելիքները: Սա առաջնահերթ ուշադրության արժանի խնդիր է: Հրամանատարը բազմակողմանի զարգացած անձ է, նա պետք է կարողանա ուսուցանել, դաստիարակել, հավատ ներշնչել, որպեսզի ենթակաները վստահեն հրամանատարին և գնան նրա հետևից: Իհարկե, սա բավական բարդ խնդիր է, բայց կատարվում է:
Զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացված միջոցառումները բովանդակային առումով այնպես էին պլանավորվել, որ կարողանայինք ստուգել և՛ տեսական, և՛ գործնական հմտությունները: Ստուգել ենք նրանց ֆիզիկական, կրակային պատրաստությունը, մարտավարամասնագիտական պատրաստությունը` ըստ զորատեսակների: Տեսական հատվածում թեստերում ընդգրկվել են ոչ միայն կոնկրետ պաշտոնին համապատասխան, այլև այնպիսի հարցեր, որոնց պատասխանները սպային բնութագրում են որպես սպա անկախ նրա զորատեսակային պատկանելիությունից: Ասեմ, որ մոտեցումը շատ խիստ է եղել և օբյեկտիվ: Հատկապես պետք է նշեմ, որ մեր կողմից արված վերլուծություններին շատ լուրջ ընթացք տրվեց բանակի ղեկավարության կողմից: Եղան թերացողներ, անբավարար գնահատվողներ, որոնց համար կրկնակի ստուգում կազմակերպվեց:
Կրկնակի ստուգման ընթացքում այդ սպաների ակտիվ և պատասխանատու մոտեցումը վկայում էր, որ բոլորն էլ գիտակցել են` սա ուղղակի գնահատական չէ, այլ լուրջ գործընթաց է: Ավելին, սպաների անհատական պատրաստության մակարդակը փոխկապակցվեց սպաների պաշտոնական առաջխաղացման, հերթական զինվորական կոչումները շնորհելու հետ: Հաջորդ տարի շարունակելու ենք այս համակարգին մեծ ուշադրություն հատկացնել, քանի որ միայն գրագետ, պատրաստված հրամանատարը կարող է ունենալ մարտունակ և բարձր պատրաստականությամբ օժտված զորք: Այսօր արդեն հրամանատարի պաշտոնում նշանակում կատարելիս առաջնահերթ ուշադրություն է դարձվում նրա անհատական առաջադրանքների ցուցանիշներին: Գերազանց գնահատված սպաները պաշտպանության նախարարի հրամանով խրախուսվեցին: Նրանց նկատմամբ, ովքեր կրկնակի ստուգման արդյունքում դարձյալ անբավարար են ստացել, որոշում է կայացվել ներկայիս պաշտոնները զբաղեցնելու նպատակահարմարության մասին:

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՍԱՀՄԱՆԻ ՄՈՏ

Մյուս ձեռքբերումը ես համարում եմ բոլոր օղակներում զորավարժությունների, հրաձգությունների` առաջին հերթին քանակական աճը, հաջորդը, որ այդ զորավարժությունների ընթացքում խաղարկվում են բազմաթիվ մարտավարական խնդիրներ ու դրվագներ, որոնք առաջ են գալիս հրամանատարների, վերադաս մարմինների կողմից հավանական պատերազմի զարգացումների վերլուծության համատեքստում:
Այս տարի մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձրել մարտական հերթապահություն կատարող զորամասերում, անմիջապես դիրքերում կամ դրանց հարակից շրջաններում զորավարժությունների անցկացմանը, ռեյդային, թևանցող, շրջանցող գործողությունների զարգացմանը: Զգալի աշխատանք է տարվել մարտարշավային ստորաբաժանումների պատրաստության ուղղությամբ: Ըստ տարբեր ուղղությունների` այս տարի զարգացումն ակնհայտ է, կրակային պատրաստությունից` հրաձգային զենքերից, տանկերից, ՀՄՄ-ներից, մեքենավարումից, որոշ չափով տեխնիկական պատրաստությունից, դրական միտումներ կան նաև ֆիզիկական պատրաստության առումով:
Որոշակի բարելավում կա նաև շարային պատրաստության առումով: Ինչո՞վ է դա պայմանավորված: Առաջին հերթին` տվյալ զորամասի, ստորաբաժանման հրամանատարի` գործի նկատմամբ մոտեցումից: Վստահորեն կարող եմ ասել` այնտեղ, որտեղ հրամանատարը գտնվում է իր բարձրության վրա, արդյունքը երկար սպասել չի տալիս: Բացի այդ, լավ արդյունքի մենք կարող ենք հասնել միայն նպատակաուղղված աշխատանքի սկզբունքը կիրառելու շնորհիվ: Զորքերի պատրաստության բոլոր միջոցառումները պետք է տրամաբանորեն և մարտական խնդիրների կատարման դինամիկայի առումով լինեն փոխկապակցված: Այսինքն` տարբեր դրվագների անջատ-անջատ խաղարկմամբ կամ առանձին ուղղություններով աշխատելով, այդ աշխատանքը փոշիացվում է: Ինչպես գիտեք, 2011թ. հայտարարվել էր մարտական վարպետության բարձրացման տարի: Այդ կարգախոսի ներքո էլ արդյունքների բավական մեծ աճ ունենք հատկապես տարբեր զորատեսակների համագործակցության շնորհիվ:
Առաջընթաց կա մասնագետների պատրաստման առումով: Տարեցտարի աճում են մեր ուսումնական զորամասերում պատրաստվող տարբեր մասնագետների որակական ցուցանիշները, նախապատրաստական գումարտակներում պատրաստվող անձնակազմի մակարդակը, ինչը անմիջապես արտացոլվում է զորքերի ամենօրյա կենսագործունեության ընթացքում: Փոխվել են պահանջները պայմանագրային զինծառայողների հանդեպ, դրանք հստակեցվել են, դարձել են ավելի խիստ: Իհարկե, ոլորտում առկա են որոշակի հիմնախնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել մեկ տարվա ընթացքում, դրանք երկարատև ու հետևողական աշխատանք են պահանջում, սակայն աստիճանաբար պայմանագրայիններին ավելի մեծ ուշադրություն է հատկացվում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ նրանց թիվը մեր զինված ուժերում զգալի է:
Արմատավորվել է նաև հանկարծակի ստուգումների միջոցով զորամասերը գնահատելու կարգը: Այդ հանկարծակիության գործոնի շնորհիվ ակնհայտ երևում է` զորամասը ունա՞կ է մարտական կիրառման խնդիրներ կատարելու, թե ոչ: Ի դեպ, նշեմ, որ այս տարվա արդյունքներով մենք ունենք ընդամենը մեկ անբավարար գնահատված զորամաս. և գնահատելիս հաշվի ենք առել հատկապես հանկարծակի ստուգումների արդյունքները:

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԺԱՍԱՐՔԵՐ

Մեծ աշխատանք է կատարվել նաև մարտական պատրաստության ուսումնանյութական բազայի զարգացման ուղղությամբ: Կառուցվել և վերակառուցվել են մի շարք հրաձգարաններ, ուսումնական կենտրոններ, զորավարժարաններ, մի շարք զորամասերում` մարզական ավաններ, վերանորոգվել են շարահրապարակները: Կարևոր է, որ այդ խնդիրների լուծման անհրաժեշտությունը նաև զորամասերի հրամանատարներն են առաջնահերթ համարել:
Տարվա ընթացքում զորքերը համալրվել են էլեկտրոնային վարժասարքերով: Մեր կրակային պատրաստության արդյունքների բարելավման մոտ 30-35 տոկոսը ապահովվել է ուսուցանման շրջանում այդ էլեկտրոնային վարժասարքերի կիրառման շնորհիվ: Մենք պատրաստվում ենք հաջորդ տարվանից ակտիվորեն ներդնել նաև տանկերի և ՀՄՄ-ների վարժասարքեր, բոլորը հայրենական արտադրության:

ԶՈՐԱՀԱՆԴԵՍԸ` ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑ

Զորքերի նյութատեխնիկական բազան համալրելու ուղղությամբ բավական մեծ աշխատանքներ է կատարում մեր ռազմարդյունաբերական համալիրը, ամենակարևորը այդ աշխատանքի հորիզոնները տարեցտարի լայնանում են, արդյունքում թողարկվող արտադրանքի տեսականին է ավելանում: Դրա լավագույն ապացույցը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսն էր, որին մենք շատ լուրջ պատրաստվեցինք: Մեր ժողովուրդը պետք է տեսներ, և կարծում եմ` տեսավ, թե ինչ վիճակում են գտնվում զինված ուժերը, ինչի են ունակ, ինչպես ենք մենք փայփայում այդ զինված ուժերը: Եվ բնական էր Հանրապետության հրապարակում անցկացված զորահանդեսից հետո բարձրացած գոհունակության ալիքը:
Ինչ վերաբերում է ցուցադրված զինատեսակներին, նշեմ, որ դրանք հենց այնպես չեն ներկայացվել, բոլորն էլ կարևոր են մեր զինված ուժերի առջև կանգնած հնարավոր խնդիրների լուծման համար: Ընդհանրապես, որևէ զինատեսակի ձեռքբերումը ինքնանպատակ չէ, ուղղակի զինատեսակ ունենալը դեռ չի նշանակում, որ այն կաշխատի, կծառայի իր նպատակին: Դրա համար պետք է մշակվեն ծրագրեր, պատրաստվի համապատասխան բազա, որպեսզի մենք ունենանք հմուտ մասնագետներ: Այսինքն` մեր ունեցած նոր զինատեսակների պարագայում այդ ամենն արդեն արվել է, և համապատասխան ստորաբաժանումները լիովին պատրաստ են դրանց կիրառմանը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ` Ի ՍՊԱՍ ՄԵՐ ԶՈՒ-Ի

Զինված ուժերի զարգացումն ընթանում է ժամանակին համընթաց: Զինված ուժերը փակ կառույց է, սակայն ոչ մեկուսացված հասարակությունից: Բնականաբար, մեր գործունեությունը և զարգացումը պլանավորելիս ուսումնասիրում ենք միջազգային փորձը բոլոր ուղղություններով, բայց կուրորեն չենք ներդնում այն ամենը, ինչը հրապուրիչ է և արտաքնապես շահեկան: Ցանկացած նոր միտք մանրամասն վերլուծվում է, համադրվում մեր տարածաշրջանի, մեր կարողությունների հետ, ամենակարևորը, մեր ռազմաքաղաքական իրավիճակի հետ` դա կարևոր է այսօր, թե ոչ, և ինչ արդյունք կարող ենք ակնկալել դրա ներդրումից: Այդ առումով կառանձնացնեի պայմանագրային սերժանտների համակարգի ներդրման և զարգացման ուղղությամբ միջազգային փորձի ուսումնասիրումը և ներդրումը մեր պայմաններին համապատասխան:
Շատ օգտակար են օտարերկրյա պատվիրակությունների հետ շփումները: Միջազգային փորձը հաշվի ենք առել նաև դաշտային ուսումնանյութական բազայի զարգացման նպատակով տարվող աշխատանքները պլանավորելիս, ինչպես նաև տարբեր տեսակի զորավարժություններ նախապատրաստելիս: Ցանկացած դեպքում ամբողջ ծավալով որևէ երկրում ընդունված կարգը չենք ընդօրինակում, սակայն այն ամենը, ինչն ընդունվում է, տեղին է և անհրաժեշտ է` հարմարեցված մեր պահանջներին:

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՓՈՐՁԸ

Փորձի ուսումնասիրությունն ու ընդօրինակումը կարևոր ու անհրաժեշտ գործոն է մարտական պատրաստության գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար, սակայն մենք չենք մոռանում նաև մեր սեփական հարուստ փորձի մասին: Ներկայումս լայնորեն ուսումնասիրվում է Շուշիի օպերացիան, հետագայում անցնելու ենք մյուս օպերացիաներին նույնպես: Այն պարզ պատճառով, որ այդ ռեյդային, թևանցող, շրջանցող գործողությունները, որոնց այսօր մեծ կարևորություն ենք տալիս, եղել են նաև Արցախյան ազատամարտի ընթացքում: Ոչ միշտ է հնարավոր կամ նպատակահարմար մարտական կանոնադրության պահանջները կուրորեն կիրառել մարտի դաշտում: Մարտական իրադրությունը դինամիկ փոփոխվող է, և կարևոր է, որ զինվորն ու սպան արագ կարողանան կողմնորոշվել ստեղծված իրադրության մեջ, ոչ թե պարզապես հիշեն մարտական կանոնադրության դրույթը, որ շղթա պետք է կազմեն, այ այսպիսի ճակատ ունենան և այլն: Արցախյան ռազմաճակատում շատ դեպքեր են եղել, երբ փոքրաթիվ անձնակազմով կարողացել ենք լուծել օպերատիվ, անգամ ռազմավարական կարևորության խնդիր: Եթե մենք առաջնորդվեինք միայն կանոնադրության պահանջներով, հաջողության չէինք հասնի: Բնականաբար, մենք ողջունում ենք ցանկացած հրամանատարի ստեղծագործական եւ ճկուն միտքը: Մեր օգտին է եղել հանկարծակիության գործոնը` մեր տղաների ոգևորությունը, արիությունը: Բոլոր հիշարժան իրադարձությունների վերլուծությունը անպայման ներառելու ենք մարտական պատրաստության ծրագրերում:

ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐ

Զորքերի պատրաստությունը մեխանիկական գործընթաց չէ: Դրա հիմքում ընկած են ԶՈՒ գոյության նպատակները, խնդիրները եւ դրանց լուծման ուղիները, նպատակաուղղվածությունը եւ այլ չափորոշիչներ: Դա իմաստավորված է ընթանում է ռազմարվեստի օրենքներով եւ օրինաչափություններով: Համադրված է եւ փոխկապակցված ուսուցման եւ դաստիարակության ողջ գործընթացը:
Մարտական պատրաստության ամբողջ ծրագիրը կազմում ենք այնպես, որ տարվա ընթացքում ճկուն մոտեցում կարողանանք ցուցաբերել տարբեր ուղղությունների. շատ ժամանակ անհրաժեշտ է լինում ընթացքից կենտրոնանալ այս կամ այն միջոցառման վրա, ճշտումներ մտցնել, փոփոխել նախապես ընտրված տարբերակը: Դրան էլ նպաստում են փորձի փոխանակման տարաբնույթ միջոցառումները: Օրինակ` վերջերս մեր վարչությունում անցկացվեց կոնֆերանս, որի ընթացքում զորատեսակների, զորամիավորումների և զորամասերի` մարտական պատրաստության գծով պատասխանատուները մտքեր փոխանակեցին մարտական պատրաստության ողջ գործընթացի մասով, շոշափեցին զորատեսակների եւ ապահովման տեսակների սերտ փոխգործակցության, պարապմունքների անցկացման կարգի, մեթոդաբանության և այլ հարցերը: Ծավալված քննարկումներից պարզ էր, որ մեր ուսուցման գործընթացը ճկուն է, մենք հրամանատարներին տալիս ենք իրենց մտքերի, գաղափարների ներդրման և իրականացման հնարավորություն: Բնականաբար, այդ կոնֆերանսների, քննարկումների ընթացքում առաջ են գալիս նոր մոտեցումներ, ուսումնական գործընթացի զարգացման նոր տարրեր:

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Նշեմ, որ ոչ մի ծրագիր ըստ իր էության և անհրաժեշտության հանկարծակի չի ծնվում: Գաղափարական հենք` համադրված հնարավոր խնդիրների գիտական մշակմամբ, սա է նոր ծրագրի ի հայտ գալու առաջնահերթ նախապայմանը: Տարվա ընթացքում 13 ձեռնարկ է առաքվել զորքեր: Առաջին հերթին՝ մարտական կանոնադրության երկրորդ մասն է փոփոխվել, մտցրել ենք միջազգային մարդասիրական նորմերի հիմունքները: Թեև հայկական զինված ուժերը միշտ, անգամ պատերազմական տարիներին հավատարիմ են մնացել այդ գաղափարներին, այժմ արդեն դա ամրագրել ենք կանոնադրության մեջ: Մշակել ենք ֆիզպատրաստության ձեռնարկը, անցկացրել ենք անձնակազմի չափագրում, աշխատել ենք ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի և տարբեր գիտահետազոտական հիմնարկների հետ, ճշտումներ կատարել զորքերի ֆիզպատրաստության զարգացման ուղղությամբ:
Այս ձեռնարկի կարևոր առանձնահատկություններից է նաեւ այն, որ հստակեցվել են հատկապես ոչ շարայինների ֆիզիկական պատրաստության կարգը, գնահատման չափանիշները: Որպես առանձին ճյուղ ռազմակիրառական արվեստի զարգացման շրջանակներում սկսվել է ուսուցանվել ձեռնամարտ: Զորքերի լեռնային պատրաստությունը նույնպես կարևորվում է: Ծրագիրը մշակում ենք` հաշվի առնելով մեր ռազմական թատերաբեմի կտրվածությունը, գոգավորությունը, լեռնային բարդ տեղանքը. այդ ամենը, միասին վերցրած, մեզ ուղղակի պարտավորեցնում է ստորաբաժանումները պատրաստել նաև լեռնային պատրաստության ծրագրով: Իհարկե, դա ծավալուն գործընթաց է, պահանջում է առաջին հերթին հարուստ ուսումնանյութական բազա: Սխալ կլինի ասել, թե մեկ տարի հետո մենք լուրջ առաջխաղացում կունենանք այդ հարցում, սակայն որոշակի զարգացում լեռնային պատրաստության հարցում անպայման կունենանք, ինչը հիմք կհանդիսանա հետագա կայուն առաջընթացի համար:

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

2012թ. մեր առաջնահերթ խնդիրն է լինելու ԶՈՒ պատրաստության շրջանակներում պլանավորված միջոցառումների լիարժեք, բովանդակալից և բարձր մակարդակով անցկացումը: Միայն այդպիսի մոտեցումը կբերի զորքերի մարտական պատրաստության մեկ այլ` որակապես ավելի բարձր մակարդակի: Տարին առանձնանալու է նաև բոլոր սպաների` մինչև գեներալ, անհատական մասնագիտական պատրաստության ուղղությամբ տարվող աշխատանքների պլանավորմամբ և իրականացմամբ, դա վերաբերում է հատկապես զորամասերի հրամանատարներին և գումարտակների և դիվիզիոնների հրամանատարներին: Պլանային վարժանքներից բացի, սեպտեմբեր ամսին ՀՀ տարածքում անցկացվելու է ՀԱՊԿ շրջանակներում պլանավորված խոշոր զորավարժություն: Մեծ ջանքեր է պահանջելու նաև մեր զինված ուժերում ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստումը, որի շրջանակներում կանցկացվի մի շարք գնդային և գումարտակային մարտավարական զորավարժություններ մարտական հրաձգությամբ: Այդ ամենը կատարվելու է ՀՀ ռազմական անվտանգությունն ամրապնդելու նպատակով:
Բանակը պատերազմի ժամանակ կռվելու է նույնքան լավ, կամ նույնքան վատ, ինչպես պատրաստվել է խաղաղ ժամանակ: Սա է մեզ առաջ մղող գաղափարը, մեր կարգախոսը, այստեղ են մեր անելիքները:
Խոսքս ուզում եմ ավարտել Գարեգին Նժդեհի խոսքերով. «Գոյություն ունի երկու տեսակի զինվոր` մեկը, որ կռվում է, և մյուսը, որին կռվեցնում են»: Հավաստիացնում եմ, որ 2012թ. զորքերի պատրաստության համար կներդրվեն բոլոր ջանքերը, որ ունենանք և՛ կռվող զինվոր, և՛ կռվող բանակ:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #51 (916) 29.12.2011 – 4.01.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


29/12/2011