Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՈՐ ՆՈՐԻՑ ՎԵՐԸՆՁՅՈՒՂՎԻ ՄԵՐ ԿԵՆԱՑ ԾԱՌԸ



...ՈՐ ՆՈՐԻՑ ՎԵՐԸՆՁՅՈՒՂՎԻ ՄԵՐ ԿԵՆԱՑ ԾԱՌԸԱռաջնեկի ծննդից մի քանի օր առաջ էր Գարիկն ավտովթարի ենթարկվել։ Պապը հորը քայլելիս այդպես էլ չտեսավ։ Առայսօր Գարիկը հաշմանդամության սայլակին է։ Հեշտ չէր Այվազյանների երիտասարդ ընտանիքի համար։ Գյուղի դժվար վաստակվող ապրուստը, հոգսն ու կենցաղը, նորաստեղծ ընտանիքի անթիվ, անհամար կարիքները, առաջնեկի ծնունդն ու բազում-բազում երազանքներն ու ծրագրերը մի տեսակ չէին համատեղվում իրականության հետ։ Բայց սա էլ հաղթահարեցին։ Գարիկը տարիների ընթացքում արել է հնարավորը, որպեսզի որդուն գաղափարապես հասուն, էությամբ ազնիվ ու շիտակ մարդ մեծացնի։ Զրույցները… Որդու հետ զրույցներն այսօր ամենաթանկ հիշողություններն են։ Զրուցում էին ամեն ինչի մասին։ Ու հենց այդ զրույցներն էին, որ «կերտում էին» Պապ մարդուն, որը սեփական կենսագրության պես գիտեր իր ժողովրդի պատմությունը եւ հայրենասիրությունն ընկալում էր հայրենիքին ծառայելու պատրաստակամությամբ։ Հայրենի Լեռնակերտ գյուղում Պապին բոլորն էին ճանաչում, ակտիվ, աշխույժ, նախաձեռնող երիտասարդ էր, գյուղի հոգս ու խնդիրներն իրենն էր համարում, պրպտող ու անհանգիստ էություն էր, անդադար ելքեր էր փնտրում, թե էլ ինչպես օգտակար լինի։

...ՈՐ ՆՈՐԻՑ ՎԵՐԸՆՁՅՈՒՂՎԻ ՄԵՐ ԿԵՆԱՑ ԾԱՌԸ…Գարիկը դեռ 90-ականներին էր կամավորագրվել ու մեկնել Արցախ։ Եվ թեպետ կարճ ժամանակահատված է մասնակցել մարտական գործողություններին, բայց վստահաբար ասում է՝ պատերազմն ապրած մարդն այլևս ուրիշ կերպ է ընկալում հայրենիքը. հայրենիքն այդուհետ ուղղակի բառ չէ, հայրենիքն այդուհետ բովանդակություն է… Որդու հետ սրա մասին էլ էին բազմիցս զրուցել…

Ժամկետային զինծառայող Պապ Այվազյանը նախ Ջրականում տեղակայված զորամասում էր ծառայում, ավելի ուշ իր ցանկությամբ տեղափոխվել էր հատուկ նշանակության ստորաբաժանում։ Սեպտեմբերի 27-ին Մատաղիս-Թալիշ հատվածում հակառակորդի գրոհը կասեցնելիս մարտական խնդրի կատարման ինչ-որ պահի զինվորը նետվել էր հրամանատարին օգնության ու, ինչպես ականատեսներն են ծնողներին հայտնել, Պապը հենց այդ պահին գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել։ Հետո նահանջի հրաման է տրվել, ու… Պապին այլևս ոչ ոք չի տեսել։

Ծնողները Պապին երկար են փնտրել ու այսօր  իրենց ավագ որդուն վերագտել են կրտսեր Պապի դեմք ու դիմագծում. մայրը՝ Նարինեն, փոքրիկին ավագ եղբորը շատ է նմանեցնում։ Կրտսեր Պապ Այվազյանն օրեր առաջ է լույս աշխարհ եկել։ Պատերազմի ամբողջ ցավը համակ էությամբ ճաշակած հայրը, թվում է, թե ցավ ու դառնությամբ պիտի լցված լիներ, բայց Գարիկը ցավից չէ, որ պատմում է, միևնույն է՝ քչերը կհասկանան. զգացմունքներից չէ, որ կուզեր խոսել, գաղափարներից է ուզում խոսել. մեզ գաղափարներ են պետք, ազգի ինքնանորոգման ուղիներ են պետք։ Զավակ կորցրած ընտանիքներում ծնվող փոքրիկները, Գարիկի համոզմամբ, հենց այդ գաղափարի փոքրիկ ոստերն են, որոնցից նորից պիտի վերընձյուղվի մեր կենաց ծառը։

 

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #21 (1443) 03.08.2022 - 09.08.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


04/08/2022