Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐՈ ՈՒԺԸ



ՍԻՐՈ ՈՒԺԸԵրբևիցե եղե՞լ եք Սրբասարի բարձունքում: Տեսե՞լ եք ամպերի սպիտակ քուլաները, որոնք  երբեմն նմանվում են քարտեզի, կարծես՝ Հայաստանն է իր Մեսրոպյան այբուբենով… Մի հսկայական կտավ Հայաստան աշխարհի պատկերով…

Պատերազմն ավարտվել էր…

Արևիկը մենակ, մտքերով տարված, բարձրանում էր սարն ի վեր… Սրբավայրում գանգուր ու խարտյաշ մազերով, սլացիկ ու նրբիրան, մշտապես վստահ կեցվածքով աղջիկը ծնկած աղոթում էր, մոմ վառում. խոստացել էր…

Հիշում էր Արևիկը.

Արև՛, Արև՛, ու՞ր ես, էլի գլուխդ հավաքած չաչանակո՞ւմ ես,- բարձրաձայն կանչում էր տատը. լավ էր ճանաչում իր ճարտար լեզվով թոռանը։

Կաթը հովանում է, հարևանից մերանը շուտ հասցրու։

Արևիկն արդեն սարի ընկերներով, աղմուկ-աղաղակով, Սրբասարի գագաթին էին` Սրբավայրին էին մոտենում, ինքն էր կազմակերպել։

Տատիս տեղյակ եմ պահել, հաստատ մոռացել ու ինձ է փնտրում…

Խոսքն անավարտ թողնելով՝ վազում է, ընկերները հասկանում են։ Նրանց մեջ նաև Արենն էր` Արևիկի համադասարանցին…

Արենի ծնողները վաղ էին հասկացել իրենց որդու առանձնահատուկ ջերմ վերաբերմունքը Արևիկի հանդեպ։ Բոլոր տետրերի ու գրքերի սպիտակ էջերին գծանկարներ էին` Արևիկի դեմքով։ Անգամ ծառերի հաստ բներին փորագրում էր սիրելիի անունը։ Արևիկի ծնողներն ընդունել էին նրանց անաղարտ ու անկեղծ սերը։ Արենին ճանաչում էին որպես խելացի, բանիմաց, զուսպ ու մի քիչ էլ սուս ու փուս տղայի…

Երբեմն Արևիկը նստում էր Քարակիտուկի հայտնի կաղնու ծառի տակ, կարդում… Արենն էլ հեռվից պահը բաց չէր թողնում ու նկարում էր Արևիկին… Օրվա վերջում կտավը պատրաստ էր. սիրունատես Արևիկն էր։

Իրար խոստացել էին, որ կշարունակեն ուսումը, Արենը կավարտի ծառայությունն ու հավետ միասին կլինեն… Արենը տարված էր նկարչությամբ, քանդակագործությամբ։

Արևիկն էլ երազում էր մանկավարժության մասին, երեխաների հետ սիրով աշխատելու մասին։ Ընկերների հետ երկար ու բարակ շատախոսելով ու կատակելով, չզգացին էլ, թե ինչպես հասան Սրբավայր։ Արևիկն ու Արենը առանձնանալով, երազանք պահելով, վառեցին մոմերն ու աղոթեցին առ Աստված… Խաղաղ երկինքը, սարի սառն ու մաքուր օդը վկա եղան Արևիկի ու Արենի սիրո պատմությանը, նրանց խոստմանն ու երդմանը…

Դեպի ուրթ վերադարձի ճանապարհին անձրև էր մաղում, ու ցողաթաթախ ծաղիկներից ծաղկեպսակ էին հյուսում… Արևիկը ձեռքի վարժ շարժումներով ավարտում էր գործը, աչքի պոչով ու սրտի թրթիռով, մերթընդմերթ նայում Արենին։ Ուրախ երգով ու աղմուկով տեղ հասան, Արևիկն  անաղմուկ մոտեցավ տնակին…

Տատը զբաղված էր. տարածվել էր ազնվամորու մուրաբայի բույրը, մյուս կողմում քամած մածունն ու կարագն էր… Արևիկը նկատեց, որ տատը շատ է հոգնել: Մոտեցավ, գրկեց ու համբուրեց այտը… Տատի խորաթափանց ժպիտը ոգևորեց։ Վերցրեց ջրամաններն ու գնաց դեպի աղբյուրը…

Ժամանակ անցավ: Արենը մեկնել էր զինվորական ծառայության… Կարոտում էր… Արևիկն  օրերն էր հաշվում, աղոթում, անփորձանք վերադարձի սպասում…

44-օրյա պատերազմի բոթը պարուրեց Հայոց աշխարհը։ Պատերազմի թեժ կետերում էր նաև Արենը։ Հմուտ նշանառու էր, երբեք չէր վրիպում։ Սակայն նենգ թշնամու հանկարծահաս հարվածներից անհնարին եղավ խուսափել։ Նկատելով, որ ընկերը վիրավորվեց ու անօգնական ընկավ, Արենն ամեն կերպ փորձում էր փրկել նրան ու, աննկատ սողալով, հասնելով ընկերոջը՝ մի կերպ կարողացավ համեմատաբար ապահով վայր հասցնել, սակայն թշնամու գնդակը իրեն էլ չխնայեց: Երկու վիրավոր զինվոր  կյանքի ու մահու կռիվ էին տալիս. կրակի տեղատարափ էր…

Օրերն անցնում էին, Արենից լուր չկար ու չկար։ Ծնողները շատ հուսահատ էին, զանգի էին սպասում։ Արևիկն էր միակ մխիթարանքը, որն աշխատանքից հետո այցելում էր, հուսադրում` թաքցնելով արցունքները։ Ներքուստ համոզված էր, որ Արենը վերադառնալու է, չէր էլ կասկածում։

Ու մի լուսավոր օր զինվորի հայրը զանգ ստացավ.

Ձեր տղան վիրավոր է։

Արենի հայրը քարացել էր,  հետո ուրախությունից գոռում էր.

Արենս ո՛ղջ է, Արենս վիրավոր է… Երանի՜ մեր բոլոր  զինվորները ողջ լինեին…

Արևիկի երջանկությունն անսահման էր. փա՛ռք Աստծո, երազանքները կիսատ չմնացին…

Եվ հիմա Արևիկը  Սրբասարում է:

Իր սերը փայփայած ու վերագտած Արևիկը, նայելով դեպի վեր՝ Հայաստանի բոսոր երկնքում, Հայոց այբուբենի ոսկե տառերով հազարավոր հերոսների անուններն է կարդում…

Բարձունքից իջնելով՝ Արևիկը գնում է մանկության Քարակիտուկ, շրջում ու չի գտնում հին տնակը։ Անցնելով մարգագետնով, քաղում է իր սիրած երեքնուկը.

-Սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ…

ԱՐՄԵՆՈՒՀԻ ԶԱԼԻՆՅԱՆ

Խորագիր՝ #20 (1442) 27.07.2022 - 02.08.2022, Հոգևոր-մշակութային


28/07/2022