Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՌԱԴԻԱՑԻՈՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ



ՀՈՒԼԻՍԻ 8-Ը ՌՔԿՊ ԶՈՐՔԵՐԻ ՕՐՆ Է

ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանությունը (ՌՔԿՊ) իրականացվում է բոլոր զորատեսակների, հատուկ զորքերի և ծառայությունների համաձայնեցված գործողություններով։ Այն օպերատիվ-մարտավարական և հատուկ միջոցառումների համախումբ է, որ իրականացվում է ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վարակման պայմաններում զորքերի (ուժերի) կորուստները բացառելու կամ հնարավորինս նվազեցնելու և գործողությունների ժամանակ առաջադրված խնդիրների կատարումն ապահովելու, գերճշգրիտ և այլ զենքերից զորքերի (ուժերի) պաշտպանության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև՝ խնդիրների կատարումն ապահովելու և հակառակորդի անսպասելի հարձակմանը արդյունավետ դիմակայելու ու հրանետային միջոցներով խոցելու նպատակով:

ՌՔԿՊ ստորաբաժանումների գործողությունների բնույթը կախված է ռադիացիոն, քիմիական, կենսաբանական սպառնալիքների, իրադրության պայմաններից և լուծման ենթակա խնդիրներից:

ՌՔԿՊ զորքերի հիմնական խնդիրներն են՝

1) ռադիացիոն, քիմիական և ոչ յուրահատուկ կենսաբանական (մանրէաբանական) հետախուզում,

2) զորքերի (ուժերի) պաշտպանություն ԶԽԶ-ից, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական առումով վտանգավոր օբյեկտների վթարի կամ ավերման՝ խոցման գործոններից,

3) թիկունքի օբյեկտների և զորքերի քիմիական և դոզաչափական հսկողություն,

4) ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրավիճակի գնահատում և բացահայտում,

5) զորամասերի (ստորաբաժանումների) հատուկ քիմիական մշակում,

6) ճանապարհների, տեղանքի հատվածների, համազգեստի, սպառազինության, մարտական և այլ տեխնիկայի, մարտապաշարի և դրանց նյութական միջոցների ապաակտիվացում, գազազերծում, ախտահանում,

7) ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում,

8) ՌՔԿՊ զորքերի պաշարների, սպառազինության և պաշտպանական միջոցների սարքին վիճակում պահպանում, ինչպես նաև անսարք միջոցների նորոգում,

9) զորքերի ապահովում ՌՔԿՊ սպառազինության և պաշտպանական միջոցներով,

10) ՌՔԿ պաշտպանության ապահովում,

11) զինված ուժերի էկոլոգիական անվտանգության կազմակերպում,

12) ՌՔԿՊ զորքերի գործունեության ոլորտում օրենսդրական նախաձեռնությունների ներկայացում,

13) զինված ուժերի գործունեության շրջաններում՝ միջոցառումների իրականացման ժամանակ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը կանխելու անհրաժեշտ միջոցառումների իրականացում,

14) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման անհետաձգելի գործողությունների միջոցառումների իրականացում՝ հատուկ ստորաբաժանումների ներգրավմամբ,

15) մասնագետների պատրաստում (վերապատրաստում):

Վերը ներկայացված խնդիրները օպերատիվ, համարժեք և արդյունավետորեն լուծելու համար ՌՔԿՊ զորքերում աշխատանքներ են տարվում միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի կազմման ուղղությամբ, որոնցում հստակ արտացոլվում են անհրաժեշտ (արդիական) նյութատեխնիկական միջոցների կուտակման, ոլորտի մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգի կատարելագործման, ՌՔԿՊ զորքերի և այլ զորատեսակների համատեղ աշխատանքների համադասման ու կառավարման արդյունավետության մեծացման, ինչպես նաև ՌՔԿՊ զորքերի ռեզերվի, սպառազինության և միջոցների պահեստային պաշարների ստեղծման հատուկ առաջարկություններ՝ հաշվի առնելով ներկայիս իրողությունները հաշվառմամբ:

Կարևորելով ՌՔԿՊ մասնագետների մասնագիտական պատրաստության և դաշտային մարզվածության խնդիրը՝ յուրաքանչյուր տարի «Բաղրամյան» զորավարժարանում ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչությունը պլանավորում և անցկացնում է ՌՔԿՊ զորամասերի (ստորաբաժանումների) ճամբարային հավաքներ: Հավաքի շրջանակում անձնակազմը ուսումնասիրում է ժամանակակից սարքերը, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական վարակման պայմաններում զորքերի գործողությունների բնույթը, ինչպես նաև տարերային աղետների ժամանակ անհետաձգելի աշխատանքների իրականացմանը միտված գործողությունները: Ճամբարային հավաքի վերջում անցկացվում են մարտավարամասնագիտական զորավարժություններ՝ խաղարկելով ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրավիճակներին բնորոշ առանձին դրվագներ:

ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի զարգացման հիմնական ուղղություններն են՝ ՌՔԿ պաշտպանության հատուկ տեխնիկայի, սպառազինության և սարքերի արդիականացումը, տեղական արդյունաբերական ձեռնարկությունների ներգրավումը վարակազերծման լուծույթների արտադրության և ռեցեպտուրաների կազմակերպման գործընթացում:

Երկրորդ. ՀՀ տարածքում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հետախուզման ցանցի ստեղծումը, որը հնարավորության կտա ՀՀ-ում ՌՔԿՊ վտանգավոր օբյեկտներում վթարի կամ ԶԽԶ կիրառման դեպքում արագ ազդարարելու շահագրգիռ կազմակերպություններին, զորամասերին և իրականացնելու հետևանքների վերացման աշխատանքներ: Եվ երրորդ. համագործակցությունը ՀԱՊԿ և արտասահմանյան այլ երկրների, միջազգային կառույցների հետ՝ փորձի ուսումնասիրման և փոխանակման, բնական և տեխնածին աղետների ժամանակ համատեղ գործողությունների կանոնակարգման և արհեստավարժության ձեռքբերման նպատակով:

Այսպիսով՝ ՌՔԿՊ զարգացման գործընթացը նպատակաուղղված է միջազգային փորձի և նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով զինված ուժերի մարտունակության մակարդակի ու կարողությունների բարձրացմանը:

Խորագիր՝ #18 (1440) 13.07.2022 - 19.07.2022, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


15/07/2022