Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՍՈՎՈ ՄԵԿՆԵՑ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՐԱԽՈՒՄԲԸ



ԿՈՍՈՎՈ ՄԵԿՆԵՑ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՐԱԽՈՒՄԲԸ2001 թ. ամռանը ձևավորելով Հայաստանի խաղաղապահ ուժերը` մեր երկիրը ներգրավվեց միջազգային անվտանգության պահպանման գործընթացում: Կազմավորվեց խաղաղապահ գումարտակը, և ստորաբաժանումը համալրվեց հոգեբանական առումով կայուն ու օտար լեզուներին տիրապետող զինծառայողներով։ Առաքելությունների թվի ավելացմանը զուգահեռ՝ խաղաղապահ գումարտակն ընդլայնվեց՝ վերափոխվելով խաղաղապահ բրիգադի։ Եվ ավելի քան 2 տասնամյակ խաղաղապահ առաքելություններին զուգահեռ բրիգադի անձնակազմը շարունակ համալրվել է:

Այժմ զինծառայողներին հավաստագրերի և կապույտ բերետների հանձնման արարողությունը նոր ձևաչափով է անցկացվում։

Արսեն Մանգասարյան, Խաղաղապահ բրիգադի հրամանատար. «Այս նոր կանոնակարգի համաձայն՝  անցկացրինք առաջին ավարտական միջոցառումը. ամբողջ անձնակազմի դիմաց մեր նոր ընդունված զինծառայողներին հանձնվեցին հավաստագրեր ու կապույտ բերետներ՝ առ այն, որ այսուհետեւ նրանք կրելու են Հայ խաղաղապահի բարձր կոչումը»։

Խաղաղապահ զինծառայողներն անցել են երեքշաբաթյա դասընթացներ՝ երկու շաբաթ «Զառ» ուսումնական կենտրոնում, գործնական պարապմունքներով մեկ շաբաթ էլ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում։ Դասընթացներից հետո հանձնել են ստուգարքներ, և միայն լավ արդյունքներից հետո են իրավունք ստացել կրելու կապույտ բերետներ ու ստանալու հավաստագրեր։

Ըստ բրիգադի հրամանատարի՝ այս ծրագրի իմաստը նաև այն է, որ խթանվի համալրման գործընթացը, ապահովվի որակ. «Մենք ունենալու ենք նոր զինծառայողների երկրորդ հոսքը, եւ կարող եմ հավաստել, որ կան դիմորդներ, որոնցից ընտրելու ենք լավագույններին»։

Դասընթացներն անցկացվել են բարձր մակարդակով՝ արդի թեմաների կիրառում, նաև ծանոթացում զինատեսակների հետ, տեղագրական պարապմունքներ, առաջին բժշկական օգնություն՝ ըստ մասնագիտական մոտեցման, աշխատանք վիրավորի հետ, գիշերային և կրակային պարապմունքներ և այլն։

Հայկ Սիմոնյան, Խաղաղապահ բրիգադի զինծառայող. «Տրամադրությունս շատ բարձր է, մեծ պատիվ է խաղաղապահ ուժերի բրիգադում ծառայելը։ Ես զինվորական եմ եղել եւ հիմա նորից մեծ հպարտությամբ համալրում եմ մեր զինված ուժերի շարքերը»։

…Հրամկազմն ու զինակիցները բարեմաղթանքներով ու ծափահարություններով ճանապարհեցին Կոսովո մեկնող հերթական զորախմբին։ Զորախմբի  նպատակն է լինելու խաղաղության հաստատումն ու պահպանումը հակամարտության գոտում, գլխավոր առաքելությունը՝ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը:

ԶԱՎԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #18 (1440) 13.07.2022 - 19.07.2022, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


15/07/2022