Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

Ըստ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի՝ Մադրիդում կայացած գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ն վերադարձել է սառը պատերազմի ժամանակաշրջանի ռազմական անվտանգության սխեմաներին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աննախադեպ քաղաքական ճնշումը, «կոլեկտիվ Արևմուտքի» պատժամիջոցները Ռուսաստանի Դաշնությանը և Բելառուսին դրդում են արագացնելու միավորման գործընթացները։ Միասին ավելի հեշտ է նվազագույնի հասցնել անօրինական պատժամիջոցների վնասը, սկսել պահանջարկ ունեցող ապրանքների արտադրությունը։ Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարծիքով՝ հետխորհրդային երկրները պետք է ավելի մոտենան ռուս-բելառուսական միութենական պետությանը, եթե ցանկանում են պահպանել ինքնիշխանությունը։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հայտնել է Կուրիլյան կղզիների հանդեպ Ճապոնիայի ռևանշիստական ձգտումների ակտիվացման մասին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն  հայտարարել էր, որ Մոսկվան մտադիր չէ շարունակել խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները Տոկիոյի հետ՝ ճապոնիայի կողմից պատժամիջոցներ սահմանելու պատճառով։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կարծիքով՝ ողջախոհությունը կհաղթի. ուկրաինացիները կհամաձայնեն ռուսական կողմի ներկայացրած պայմաններին, կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կհաստատեն արդեն որոշակիորեն համաձայնեցված փաստաթուղթը։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ ռուսական զինված ուժերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմին մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 2022 թ. փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցի գաղտնիությունը խախտելու մեջ։ Պարզվում է, որ ամբողջ խոսակցությունը տեսագրել են լրագրողները, որոշ կադրեր հրապարակվել են France 2 հեռուստաալիքի ցուցադրած «Նախագահը, Եվրոպան և պատերազմը» վավերագրական ֆիլմի պրեմիերայի ժամանակ։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունվել է դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը, որում Ռուսաստանը համարվում է անվտանգության գլխավոր սպառնալիք: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտարարել է, որ Դաշինքը Ռուսաստանի հետ դիմակայությանը պատրաստվում էր դեռևս 2014 թվականից։

 

Թուրքիա

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան իրավունք ունի Սիրիայում քրդական ահաբեկչական կառույցների դեմ գործողություններ իրականացնել. դա Թուրքիայի անվտանգության խնդիրն է։ Ըստ Չավուշօղլուի՝ ԱՄՆ-ն և ՌԴ-ն այդ հարցում միջամտելու իրավունք չունեն։

Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները Անկարայի համար դիվանագիտական մեծ հաջողություն է անվանել՝ հաշվի առնելով իրենց պահանջների կատարումը: Նա նաև նշել է, որ Անկարան ակնկալում է Ֆինլանդիայից և Շվեդիայից իրական գործողություններ Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնացող ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում։ Ըստ Էրդողանի՝ իրենք երաշխիքներ են ստացել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ավելի քան 70 անդամների արտահանձնման վերաբերյալ:

Էրդողանը խոսել է նաև Թուրքիայի նախաձեռնությամբ Հյուսիսատլանտյան խորհրդի անցկացրած «Ահաբեկչությունը և հարավը» թեմայով նիստի մասին, որի ընթացքում ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի շրջանակում առաջին անգամ հաշվի է առնվում ահաբեկչական կազմակերպությունների սպառնալիքը ոչ միայն ժողովուրդների ու երկրների, այլ նաև անվտանգության կառույցների դեմ։

Թուրքիան ՌԴ-ի և Ուկրաինայի հետ հարաբերություններում կշարունակի վարել հավասարակշռված քաղաքականություն՝ խուսափելով ՌԴ դեմ ընդունված պատժամիջոցներին միանալուց: Թուրքիայում սպառվող բնական գազի մինչև 40 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից։ Բացի այդ, ռուսների հետ համատեղ իրականացվում է ատոմային էլեկտրակայանի կառուցման խոշոր նախագիծ։

Թուրքական տեքստիլագործական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պարտքի բռնագանձման պահանջով: Ընկերությունը 2017 թվականից Ադրբեջանին մատակարարում է զինվորական համազգեստի գործվածք։

Անկարայում բանակցություններ են վարել Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական պատվիրակությունները:  Հանդիպմանը քննարկվել են պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող երկկողմ և տարածաշրջանային հարցեր:

Թուրքական «Բայքար» ընկերությունը 3 «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ է նվիրել Ուկրաինային։ Միևնույն ժամանակ, Անկարան կոչ է արել անհապաղ դադարեցնել «կործանարար պատերազմը» Ուկրաինայում:

ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանն աջակցելու՝ Թուրքիայի որոշումից հետո հնարավոր են դարձել նախագահներ Բայդենի և Էրդողանի ուղիղ բանակցությունները: Այժմ ամերիկյան վարչակազմը պաշտպանում է Անկարայի F-16 կործանիչների արդիականացման ծրագրերը:

Իրաքի խորհրդարանում թուրքական զորքերը երկրի տարածքից արտաքսելու շարժում է սկսվել։

 

Իրան

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ իրանական հակահետախուզության իսրայելական ուղղության ղեկավարը ժամանակին հավաքագրվել է Մոսսադի կողմից, ինչի շնորհիվ Իսրայելին հաջողվել է անցկացնել զանգվածային հատուկ գործողություններ Իրանում՝ ներառյալ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ փաստաթղթերին հասանելիություն ստանալը:

Իրանը Սիրիա է տեղափոխում հակաօդային պաշտպանության համակարգեր՝ իսրայելական ավիահարվածներին դիմակայելու համար:

Իրանը ստիպված իջեցնելու է իր առանց այդ էլ էժան նավթի գինը՝ հանուն Չինաստանում Ռուսաստանի հետ մրցակցության պահպանման։ Ռուսաստանն ամրանում է Իրանի համար կարևոր Չինաստանի շուկայում։ Այդ պատճառով երկիրը ստիպված է իր նավթը զեղչով վաճառել՝ մրցակցելով Ռուսաստանի հետ։ Չինաստանը ռուսական նավթի արտահանման հիմնական ուղին է դարձել Ուկրաինայում հատուկ գործողության սկսվելուց հետո։ Մայիսին ռուսական նավթի արտահանումը Չինաստան հասել է ռեկորդային ցուցանիշների՝ առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից։ Իսկ Իրանը կարողացել է պահպանել իր արտահանման հոսքերը չինական շուկայում վառելիքի պահանջարկի մեծացման շնորհիվ։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թեհրանի և Բաքվի միջեւ հարաբերությունների ամրապնդումը կհանգեցնի տարածաշրջանային արդյունավետ համագործակցության։

 

Ադրբեջան

Ադրբեջանի բանակում անցկացվել են հրթիռային և հրետանային ստորաբաժանումների մարտական կրակով մարտավարական վարժանքներ և հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժություններ։ Զորամասերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումների հրամանատարներն ու ծառայությունների պետերը մասնակցել են ուսումնամեթոդական հավաքի։

Զաքիր Հասանովը հանդիպել է Պակիստանի ՌՕՈւ հրամանատար Զահիր Ահմեդ Բաբար Սիդհուի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը նշել են երկկողմ ռազմական համագործակցության համար առկա մեծ ներուժը, խոսել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում Ադրբեջանի ու Պակիստանի կապերի ընդլայնման մասին:

Ադրբեջանի զինված ուժերի կենտրոնական հրամանատարական կետում Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցած ծառայողական խորհրդակցությանը տեսակապով միացել են Արցախի գրավյալ տարածքներում տեղակայված զորամասերի և զորամիավորումների հրամանատարները, ներկայացրել նորաստեղծ զորամասերի գործունեությունը։

Ադրբեջանում ևս 7000 մարդ «պատերազմի վետերանի» կոչում կստանա:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ևս 500 հազար ֆունտ ստեռլինգ կհատկացնի Հայաստանում և Ադրբեջանում ականազերծման համար։

Կովսականում բացվել է սակրավորների նոր շարժական դաշտային ճամբար։

Իսրայելը կօգնի Ադրբեջանին կիբերանվտանգության մասնագետների պատրաստման հարցում։ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի գլխավորած պատվիրակության Իսրայել կատարած այցի ընթացում համաձայնագիր է ստորագրվել իսրայելական հանրահայտ «Technion» համալսարանի հետ։ Ադրբեջանի կիբերանվտանգության կենտրոնը, որն, ըստ համաձայնագրի, գործունեությունը սկսելու է առաջիկա 3 տարիների ընթացքում, պատրաստելու է ավելի քան 1000 մասնագետ։ Ծրագրի շրջանակում ուսուցումն անցկացվելու է Բաքվում՝ «Technion» համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ։

Լաչինի միջազգային օդանավակայանը կկարողանա 1 ժամում սպասարկել մինչև 200 ուղևոր: Այն կլինի Ղարաբաղում կառուցված երրորդ միջազգային օդանավակայանը:

Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի և մի շարք երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու փորձերն անարդյունավետ են և կործանարար խաղաղ գործընթացի համար:

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) և ոչ անդամ երկրների նախարարների 30-րդ նիստում Ադրբեջանն աջակցել է օգոստոսին հում նավթի օրական արդյունահանումը 648 հազար բարելով ավելացնելու որոշմանը։ Օգոստոսին սահմանված քվոտաների համաձայն՝ Ադրբեջանում հում նավթի օրական արդյունահանումը կավելանա 11 հազար բարելով՝ հասնելով մինչև 717 հազար բարելի։

Իրանի հոգևոր առաջնորդին հարող «Kayhan» օրաթերթում ծավալուն հոդված է հրապարակվել Բաքվի իշխանության կողմից Ադրբեջանում շիա հավատացյալների նկատմամբ տարվող խիստ քաղաքականության և ճնշումների վերաբերյալ:

Թեհրանի և Բաքվի հարաբերությունները, որոշ թյուրըմբռնումներից հետո, հասել են փոխգործակցության.- ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը։

Նա նաև հայտնել է առաջիկայում Թեհրանում Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու մասին:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #17 (1439) 06.07.2022 - 12.07.2022, Տարածաշրջան


08/07/2022