Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՐԵՎ, ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐ
ԲԱՐԵՎ, ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐ

ԲԱՐԵՎ, ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՀամալրման բաժանմունքի սպա, ավագ լեյտենանտ Անի Թեւոսյանը ծնունդով Արցախ աշխարհի Առաջաձոր գյուղից է, մեծացել է զինվորականի ընտանիքում։

-Աչք եմ բացել՝ համազգեստ տեսել։ Հայրս Արցախյան ազատամարտի մասնակից է, կռվել է Խաչենի գումարտակում, հետո ծառայության անցել նոր-նոր կազմավորվող ազգային բանակում, այժմ պահեստազորում է։ Երբ դպրոցական արձակուրդները սկսվում էին, ուրիշ երեխաները ծնողների հետ գնում էին մարզկենտրոն, այցելում մանկական զվարճավայրեր, հայրս մեզ Մատաղիս էր տանում, Եղնիկներ, Շուշի…, Հայրենի բնաշխարհի տեսարժան վայրերն էինք չափչփում, գողտրիկ անկյունները բացահայտում ու հազար ու մի անտեսանելի թելերով է՛լ ավելի կապվում հարազատ եզերքին։

Զինվորական գործի հանդեպ սերը հորից փոխանցվեց դստերը.

Անին բուհն ավարտեց տնտեսագետի մասնագիտությամբ եւ ծառայության անցավ զորամասում։

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հրետանավորների պատրաստման հնգամսյա դասընթացներն ավարտելուց հետո նրան վստահվեց դասակի հրամանատարությունը։

-Անկեղծ ասած՝ դժվար չէր ծառայությունը, քանի որ քիչ թե շատ հստակ պատկերացնում էի զինվորական կյանքի բոլոր հնարավոր բարդությունները ու պատրաստ էի անտրտունջ հաղթահարելու։

 

***

 

Մինչ պատերազմի սկսվելը Անին արձակուրդում էր.

-Ծննդավայրումս էի՝ Առաջաձորում, որդուս պետք է դպրոց ճանապարհեի, արձակուրդ էի վերցրել։ Սեպտեմբերի 27-ի լուսաբացը գրադի պայթյուններով բացվեց, հարեւան գյուղի՝ Սրխավենդի ուղղությամբ էին կրակոցները, պայթյունների ուժգնությունից տան ապակիները փշրվեցին։

Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով թշնամին լայնածավալ հարձակման էր անցել։

Անին ներկայացավ ծառայավայր ու իր դասակի հետ մեկնեց առաջնագիծ՝ Ջրականի հատված։

-Միակ աղջիկն էի, ու զինվոր-սպա անասելի ուշադիր, աննկարագրելի հոգատար էին իմ հանդեպ՝ հանկարծ մի բան չպատահի, մի պահ նույնիսկ ինձ մեղավոր էի զգում, մտածում էի՝ բեռ եմ իրենց համար, երեւի լավ կլիներ իրենց կողքին չլինեի, որովհետեւ իրենց պաշտպանելուց առաջ մտածում էին նախ իմ անվտանգության ու ապահովության մասին։

Հակառակորդն ինչ զինատեսակից ասես չէր կրակում, անօդաչուներն անընդմեջ պտտվում էին մեր գլխավերեւում, կրակի տարափ էր…

Տղաներից մեկի նյարդերը մեկեն տեղի տվեցին. ուզում էր նետվել կրակի բերան, ասում եմ՝ մտի՛ր խրամատ, ինքն ընդդիմանում է՝ կռվելու եմ եկել, ոչ թե խրամատում խելոք թաքնվելու, հրաման եմ տալիս, որ տեղից չշարժվի, ու բացատրում եմ՝ ախր, անմիջական հակառակորդ չկա, որ ասենք՝ նպատակային դուրս գաս խրամատից ու դիմահար կրակես, դարձյալ չի ենթարկվում, վերջին հնարն եմ գործադրում, ասում եմ՝ որպես մայր եմ խնդրում …Լուռ հնազանդվում է։ Չգիտեմ՝ գուցե այդ պահին մոր դեմքն է աչքին պատկերանում, մոր սպասող հայացքը…

Հիմա, պատերազմից հետո, զինվորս մեկ-մեկ հիշում է այդ դրվագն ու մի կուշտ ծիծաղում. չէ մի չէ՝ որպես մայր, քանի՞ տարով ես ինձնից մեծ…

 

***

 

Մարտերը գնալով սաստկանում էին, ահագնանում։ Պատերազմի դաշտից Անին երբեմն տուն էր զանգում, որ տնեցիները գոնե մի պահ ձայնը լսեին, ու արագ անջատում էր։

Մահը վայում էր շուրջբոլորը, մի պահ նույնիսկ հաշտվել էր մահվան հետ, ամենաշատը մտահոգ էր որդու համար, հրաժեշտի նամակ գրեց ընկերուհուն. «Կարող է՝ չվերադառնամ, դու գիտես տղայիս հետ կապված իմ բոլոր նպատակները, մերոնց կտեղեկացնես, որ որդուս հետ կապված երազանքներս իրենք իրագործեն»: Ուզում էր գրել՝ «Բոլորիդ շատ-շատ սիրում եմ», բայց նամակը չհասցրեց ավարտել, խրամատին շատ մոտ արկ ընկավ, հողն ասես ծառս եղավ ու ամբողջովին ծածկեց աղջնակին, ամեն ինչ մթնեց շուրջբոլորը…

Հրամանատարի տեղակալն ու զինվորները շտապեցին իրեն հողակույտի տակից դուրս հանել, անգամ կատակում էին՝ թշնամու «բայրաքթարները» որ էս պահին գան ու քեզ էսպես հողոտ-փոշոտ տեսնեն, սարսափից այս կողմերում էլ չեն երեւա…

-Հետո մի պահ լռեցին բոլոր զենքերը, անսովոր անդորր իջավ՝ մի տեսակ չարագույժ, մտածում էինք. տեսնես՝ թշնամին ի՞նչ նոր դավեր է ծրագրում,- վերհիշում է Անին:-Դասակիս տղաներից մեկը, որսալով պահը, որ համատարած լռություն է, զանգեց տուն՝ մոր ծնունդը շնորհավորեց։ Հետաքրքրվեցի՝ Գարիկ ջան, ձերոնք գիտե՞ն՝ որտեղ ես։ Ժպտաց, գլուխը ժխտական տարուբերեց՝ «Մերոնց չեմ ուզում վախեցնել, ասել եմ՝ կռվի դաշտից շատ-շատ հեռու ենք»։ Դասակիս տղաներից շատերի ծնողները չգիտեին, որ որդիները ռազմադաշտում են, որ իրենց երեխեքը, որոնց դեռ երեկ մի փոքր վարանելով էին տան բանալիները վստահում, հիմա Հայրենիքի դարպասներն էին կյանքի գնով պաշտպանում…

-Մենք չպիտի մեռնենք,- գոտեպնդում էր մեզ զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Արշակ Աթաբեկյանը,- դեռ գործեր ունենք անելու։

-Համազարկով կրա՛կ,- հնչում էր հրամանը, ու մեր հրետանավոր տղաները ո՛նց էին կրակում, ո՛նց երեխայի պես ուրախանում-ցնծում, երբ խոցվում էին հակառակորդի թիրախները։

Նոյեմբերի 6-ին ծնունդս էր, կենտրոնացման շրջանում էինք, առավոտյան տղաներն ինձ ծաղիկներ նվիրեցին.

-Բարեւ, մարտակա՛ն ընկեր, ծնունդդ շնորհավոր…

Իսկ մաղթանքները մեկն էին՝ խաղաղություն… Ի՛նչ քաղցր բան է խաղաղությունը, որքան ցավագին կորուստներ պատճառեց պատերազմը…

Ինչքան երազանքներ անկատար մնացին… Քեռուս տղան էլ զոհվեց՝ Նարեկ Սաֆարյանը: Արցախյան ազատամարտի ժամանակ, երկու տարեկանում, կորցրել էր զինվորական հորը, ինքն էլ էր զինվորական դարձել, «Խանփերյանցն» էր ավարտել, մայոր էր …Հայր ու որդի գրեթե նույն տարիքում ընկան…

Նրանք, ովքեր արյունոտ պատերազմից տուն դարձան, բացվող ամեն օրը կարող են վերածնունդ համարել, թեեւ, ասում են, պատերազմից միայն ֆիզիկապես ես վերադառնում, հոգիդ, սիրտդ, մտքերդ մնում են այնտեղ…

..Եկա տուն ու կարոտած փարվել էի որդուս, գրկիցս բաց չէի թողնում…Տղայիս չէի ասել, թե որտեղ եմ, բայց ինքն ամեն ինչ գլխի էր ընկել։ Մի անգամ պատահաբար ականջալուր եղա մի խոսակցության. որդիս պարանոցի խաչն էր ցույց տալիս մեզ հյուր եկած երեխաներին ու ասում՝ երբ մամաս պատերազմում էր, ես ամեն գիշեր համբուրում էի այս խաչն ու Աստված պապիկին խնդրում, որ մամայիս ոչ մի վատ բան չպատահի, որ մամաս տուն գա…

Հիմա, երբ ծառայության եմ գնում, տղաս միշտ ասում է՝ էլ կռիվ չես գնալու, չէ՞, մա՛մ, հրամանատարիդ ասա, որ տղաս չի թողնում գնամ կռիվ, ես կկռվեմ քո փոխարեն։

Տղաս ինքն էլ է որոշել զինվորական դառնալ։ Մենք աշխարհի տարբեր բանակներում բազմաթիվ հայտնի զինվորականներ ենք ունեցել, բայց, հավատացեք, ամենամեծ բախտավորությունը հայրենիքին, սեփական երկրին ծառայելն է, սեփական երկիրը պաշտպանելն է…

Հայրենանվեր ծառայության համար Անի Թեւոսյանը վերջերս արժանացել է «Ծովակալ Իսակով» մեդալի։

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարը՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ