Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ



ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸՏարիներ առաջ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ուսուցման ժամանակակից մեթոդներով դասեր անցկացնելու պատճառներից մեկն այն էր, որ գիտելիքի մատուցման ու քննությամբ գիտելիքի ստուգման (դասախոս-ուսանող-քննություն) ավանդական շղթան դարձել էր նվազ արդյունավետ։ Ուսուցչակենտրոն նախկին մեթոդներով ու դասախոսի կողմից գիտելիքների միակողմանի մատուցմամբ այլևս հնարավոր չէր օտար լեզու ուսուցանել և հասնել էական արդյունքների։ Մյուս խնդիրն այն էր, որ տարեցտարի ռազմական համալսարան էին ընդունվում դիմորդներ, որոնք, որպես կանոն, չէին սիրում գիրք կարդալ և, որպես տեղեկատվական միակ աղբյուր, օգտագործում էին համացանցը։ Խանգարող մեկ այլ հանգամանքն էլ այն էր, որ դպրոցականների ու ուսանողների ճնշող մեծամասնությունը փորձում էր գնահատական «պոկել» և ոչ թե հիմնավոր գիտելիք ստանալ։ Եթե նախկինում գործերի դրվածքը բավարարում էր գիտելիքի գնահատման պետական պահանջներին, ապա սերնդափոխության ընթացքում անհրաժեշտ էր կիրառել մանկավարժական յուրահատուկ հմտություններ և մոտեցումներ, ուսուցման ու ներազդման առավել գործուն ձևեր ու մեթոդներ։

Պաշտպանության նախարարության և ռազմաուսումնական հաստատության ղեկավարության միջնորդությամբ վերապատրաստվեցինք արտերկրում, ուսումնասիրեցինք դասավանդման նորագույն մեթոդիկաները։ Այնուհետեւ դասական մանկավարժության ձևերի ու սկզբունքների վրա հենվելով՝ մեր  պայմաններին հարմարեցրինք նորագույն  մեթոդիկաները,  փուլ առ փուլ փոխեցինք օտար լեզուների ուսուցման գործընթացը և մինչ օրս օտար լեզուների տեսական ու գործնական պարապմունքները Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացնում ենք ժամանակակից մեթոդներով եւ կուրսանտների ու ունկնդիրների ակտիվ մասնակցությամբ։ Դասընթացները դարձան առավել հետաքրքիր, նպատակային, և հնարավորինս բարձրացավ ուսման առաջադիմությունը, չնայած վերոհիշյալ մի շարք խնդիրներ այսօր էլ են իրենց զգացնել տալիս։

Դասերը հետաքրքիր ու արդյունավետ անցկացնելու համար դասախոսը նախօրոք է պատրաստվում գործնական, ստուգողական, խմբային կամ զույգային պարապմունքներին, որոշում լսարանում դրական մթնոլորտ ստեղծելու եղանակները, մշակում կարճ, սակայն հասկանալի հրահանգներ: Նոր դասը բացատրելիս դասախոսը փորձում է կանխատեսել, թե ինչ դժվարություններ  կարող են առաջանալ կուրսանտների, ունկնդիրների շրջանում և հստակ լուծումներ է մշակում։ Դասի ընթացքում նա տեսադաշտում պահում է բոլորին, աշխատում է լինել համբերատար, տալիս է պարզ և  մատչելի հրահանգներ, խուսափում է բարդ գիտական բառերից և ցույց չի տալիս առարկայի իմացության իր առավելությունը։ Այնուհետեւ դասախոսը ստեղծում է անմիջական մթնոլորտ, կիրառում է մի շարք մեթոդական հնարքներ, բացահայտում յուրաքանչյուր կուրսանտ-ունկնդրի հետաքրքրություններն ու նախասիրությունները, բանավեճ ու քննարկում ծավալում նրանց միջև, հնարավորություն տալիս ինքնուրույն շտկել սխալներն ու յուրացնել ուսուցանվող թեման, ոչ միայն մասնակցել, այլև անհրաժեշտության դեպքում անցկացնել դասը։ Այլ կերպ ասած՝ լսարանային կառավարումը առաջին հերթին պայմանավորված է դասը պլանավորելու, կազմակերպելու և  լսարանի կրթական պահանջները բավարարելու դասախոսի կարողությամբ:

Մյուս առանձնահատկությունն այն է, որ օտար լեզուների դասերի ընթացքում դասախոսը օգտագործում է ուսումնական խաղեր, WEB գրատախտակ, տեսապրոյեկտոր, ցուցադրական պաստառներ, ֆլեշ քարտեր ու նկարներ։ Անհրաժեշտության դեպքում լսարաններում փոխում է նստարանների դասավորվածությունը, ասենք՝ ռուսերեն п տառի նման, կամ դասավորում է այն բուրգաձև, կլոր, առանձին և այլն:

Ժամանակակից մեթոդների և ցուցադրական օժանդակ միջոցների ներդաշնակ կիրառման արդյունքում հնարավոր է դառնում արձանագրել առաջընթաց և համեմատական կարգով բարձրացնել կուրսանտների օտար լեզվի իմացությունը՝ անգամ դպրոցում ստացած բազային ցածր գիտելիքների պարագայում։ Նոր ուսումնական տարում նախատեսվում է ավելացնել օտար լեզուների ուսուցման ժամաքանակը, ինչը հնարավորություն կտա է՛լ ավելի խորությամբ ուսուցանել հաղորդակցական անգլերենն ու ռազմական տերմինաբանությունը։

 

ԱՐՓԻՆԵ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Վազգեն Սարգսյանի անվան ՌՀ

լեզվի կենտրոնի պետի Ժ/Պ

Խորագիր՝ #06 (1428) 20.04.2022 - 26.04.2022, Ռազմական


21/04/2022