Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ՏԱՆԸ ԶԻՆՎՈՐ Է ՄԵԾԱՆՈՒՄ



ԻՄ ՏԱՆԸ ԶԻՆՎՈՐ Է ՄԵԾԱՆՈՒՄ-Վահես վերածնվեց, ես նորից գրկեցի տղայիս,- ասում է Ստելլա Բաղդասարյանը:

Նա Շիրակի մարզի Վարդաքար գյուղից է, երկու ամիս առաջ է արու զավակ ունեցել, որին կոչել է Արցախյան վերջին պատերազմում զոհված միակ որդու` Վահեի անունով: Ես Հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակված տասնյակ զինվորների մայրերի հետ եմ զրուցել ու գիտեմ անհնչյուն-անգույն ձայնի բոլոր ելևէջները: Բայց Ստելլա Բաղդասարյանի արտասվախառն խոսքի մեջ մի զրնգուն նոտա կա նույնիսկ այն ժամանակ, երբ ասում է.

-Ես զինվոր որդուս հետ վերջին անգամ խոսեցի սեպտեմբերի 26-ին: Պատերազմն սկսվելու հետ Վահեիս զանգերը հանկարծ ընդհատվեցին: Մեր զանգերին պատասխանող չկար, հեռախոսահամարն անհասանելի էր: Օրեր անց ամուսինս հոսպիտալում գտավ տղայիս ծառայակից ընկերոջը: Նա ասաց, որ Վահեն իր աչքի առաջ է զոհվել անօդաչուի հարվածից սեպտեմբերի 30-ին:

Ես ուզում եմ արագ անցնել մեր զրույցի բուն նպատակին, ինչպես հիվանդն է ուզում արագ կուլ տալ դառը դեղահաբը ու հանգիստ շունչ քաշել:

-Իսկ ինչպե՞ս որոշեցիք Վահեի փոխարեն էլի արու զավակ ունենալ:

-Փոխարե՞ն,- հարցնում է Ստելլան ու նայում է մի քիչ զարմացած, մի քիչ ներողամիտ,- Վահես իր հերոս եղբոր փոխարեն չի ծնվել: Ոչ ոք չի կարող փոխարինել մյուսին: Պարզապես, ես որոշեցի կռվել ճակատագրի դեմ, հաղթել նրան:

Ստելլայի ձայնի մեջ ոգևորություն չկա, նայում է այնպիսի զննող հայացքով, ասես, ուզում է հասկանալ՝ ընկալում եմ իր ասածը, թե ոչ: Հետո հանդարտ շարունակում է.

-Ժամանակը կանգնել էր: Բացվող օրը լցված էր միայն հիշողություններով, բոլոր ճանապարհները տանում էին անցյալ, ու ես զգում էի, թե ինչպես են օրեցօր սպառվում ուժերս: … Երբեմն մեռնելը շատ ավելի հեշտ է, քան ապրելը: Բայց ես ապրելն ընտրեցի: Ես վերածնեցի Հայրենիքի համար զոհված որդուս, ես վերադարձրի այն կյանքը որ թշնամին խլել էր նրանից:

-Դժվա՞ր էր:

ԻՄ ՏԱՆԸ ԶԻՆՎՈՐ Է ՄԵԾԱՆՈՒՄԱկամա հարցրի: Ես չեմ ուզում, որ մենք դժվարությունից խոսենք, որովհետև ինչքան էլ մայրը բացատրի, ես չեմ հասկանա, թե որտեղից է գտել գերբնական ուժի ակունքը, չեմ հասնի վերածնվելու առեղծվածին, չեմ նժարի ցավի ու հաղթության ծանրությունը…

-Ես սա ինձ համար չեմ արել,- ասում է տիկին Ստելլան:

-Բա ո՞ւմ,- փորձում եմ գուշակել պատասխանը, բայց չեմ կարողանում:

-Ո՞ւմ համար:

-Այն հազարավոր մայրերի, որոնք չգիտեն ինչպես շարունակել ապրել:

-Հո բոլորը չեն կարող երեխա ունենալ:

Ստելլայի հայացքում համբերատար ներողամտություն կա, ասես՝ աշակերտին դաս բացատրող ուսուցչուհի լինի:

-Պարզապես պիտի որոշես ապրել հանուն ինչ-որ մեկի, կամ հանուն ինչ-որ բանի: Պիտի կյանքին կառչելու պատճառ գտնես:

Թշնամին ուզում է մեզ տեսնել ծնկած, կոտրված, վշտահար, որ ավելի հեշտ խլի մեր Հայրենիքը: Բայց ես նրան ասում եմ՝ իմ տան օրորոցը դատարկ չէ, այնտեղ արու զավակ է քնած: Իմ տանը մանկան ճիչ ու ծիծաղ կա: Իմ տանը զինվոր է մեծանում:

Ստելլան ինձ է մեկնում Վահեի լուսանկարը: Բարձրահասակ, սպիտակամաշկ, շիկահեր տղա է Վահեն: Զինվորական համազգեստով է, գրկել է մոր ուսերն ու նայում է գորովանքով:

-Փոքրիկը նման չէ եղբորը, թուխ է: Ավագ Վահես շատ հանդարտ, խելոք երեխա էր, կրտսեր Վահես շարժուն է, ժիր:

ԻՄ ՏԱՆԸ ԶԻՆՎՈՐ Է ՄԵԾԱՆՈՒՄԿուզենամ՝ փոքրիկը իր մեծ եղբոր պես ազնիվ լինի, ընկերասեր, բարի, աշխատող, բայց թող դյուրահավատությամբ չնմանվի եղբորը: Կուզնամ, որ տղաս խիզախ լինի ու սիրի Հայրենիքը: Ես Վահեիս փոքրուց ասել էի՝ որպես տղա քո ամենակարևոր գործը Հայրենիքը պաշտպանելն է: Երբ եկավ բանակ գնալու ժամանակը, պարզվեց, որ Վահես ողնաշարի, նաև քթի միջնապատի խնդիր ունի, բայց հրաժարվեց բուժվելուց, ասաց՝ բանակից հետ չեմ ընկնի, ուզում եմ հասակակիցներիս հետ ծառայել: Փոքրիկ Վահեն հայրենասիրական, ռազմի երգերի տակ է քնում: Անմիջապես հանդարտվում է: Ես հերոս եմ մեծացնում: Հայրենիքին հերոսներ են պետք: Կորցրած Հայրենիքին՝ առավել ևս:

Ես տարօրինակ զգացողություն ունեմ: Ասես՝ ինչ-որ մեծ աշխարհացունց բացահայտում եմ արել: Ես գտել եմ մեր կենսունակության գաղտնիքը:

Վառվում է արմատ չունեցող չոր ցախը

Իսկ մենք Տապանից ենք սերել,- հեռուստացույցից լսվում է Շուշան Պետրոսյանի ձայնը: Իմ ուղեղում ծնվում են ամենապարզ բառերը, որ ես ասում եմ Հայրենիքի պաշտպանության ժամանակ միակ որդու զոհվելուց հետո արու զավակ ծնած 44-ամյա մորը:

-Մենք եկել ենք ամենավաղ անցյալից ու քայլելու ենք հավերժության հետ կողք կողքի: Շատ հզորներ են մնացել կեսճանապարհին, և դեռ շատերն են մնալու: Որովհետև իսկական, անպարտելի ուժը զենքի մեջ չէ, այլ հոգու…

Ստելլան գլխով է անում: Նրա աչքերում փոքրիկ արցունքներ են պսպղում, որոնց մեջ լույսի շողեր կան:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #04 (1426) 11.04.2022 - 15.04.2022, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


22/02/2022