ԱՌԱՆՑ «ԵԹԵ»-ՆԵՐԻ ՈՒ «ԲԱՅՑ»-ԵՐԻ
Սիրված հեռուստատեսային և ռադիոհաղորդավար Գոռ Գրիգորյանը՝ Եգոր Գլումովը, միշտ զուգորդվում է լավ տրամադրության, հումորի և հետաքրքրաշարժ հաղորդաշարերի հետ: Նա մեզ հայտնի է «Առավոտը Շանթում», «Եփող–թափողները» հաղորդաշարերից, «Ռադիո Վան»-ի «Գլումովյան առավոտը» հեղինակային հաղորդումից: Բայց գուցե քչերին է հայտնի, որ Գոռը սիրող ու նվիրված, բազմազավակ հայր է. ունի չորս հրաշալի զավակ՝ երկու դուստր, երկու որդի: Քչերին գուցե հայտնի լինի, որ նա թե՛ ապրիլյան մարտական գործողությունների և թե՛ 44-օրյա պատերազմում անմիջապես կամավորագրվել է Հայրենիքի պաշտպանությանը: Իսկ վերջին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում մասնակցել է Արցախի սահմանի ամենավտանգավոր հատվածներից մեկում թշնամու հատկապես հուժկու հարձակմանը ենթարկված Ջրականում մղվող պաշտպանական մարտերին: Շատերը չգիտեն, որ Գոռի հայրը՝ Գևորգ Գրիգորյանը, վիրաբույժ է, բժշկական ծառայության ավագ լեյտենանտ: 1989-ին ձևավորված «Սպիտակ» փրկարարական ջոկատի անդամ է, Արցախյան երկու պատերազմների մասնակից, մեր «սպիտակ բանակի» նվիրյալ մարտիկներից մեկը, որի շնորհիվ Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմների ընթացքում մեծ թվով մարտիկների կյանք է փրկվել: Հայտնի «Կիլիկիա» նավի բժիշկներից է եղել և մասնակցել «պատմական» ճամփորդությանը: Երեք գրքի հեղինակ է, որոնցում պատմում է իր՝ իրադարձություններով հագեցած կյանքի հետաքրքրշարժ դրվագների մասին: Գոռ Գրիգորյանի երկու պապերը նույնպես պատերազմների մասնակիցներ են եղել մեծ Հայրենականի տարիներին: Բայց այս ամենի մասին ավելի հանգամանալից կիմանաք Գոռ և Գևորգ Գրիգորյանների հետ զրույցից:
Նրանց հանդիպեցի իրենց աշխատավայրերում: Հայր ու որդի՝ յուրաքանչյուրը համեստորեն ու նվիրված իրենց գործն են անում: Գոռը վարում է իր ամենօրյա հաղորդումները, լավ տրամադրություն է փոխանցում ունկնդիրներին ու հեռուստադիտողներին: Խոսում է կարևորի մասին, ինչպես ինքն է ասում՝ լսողների համար: Պարոն Գրիգորյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժնի վիրաբույժ է, ընդունում է իր այցելուներին, վիրահատություններ իրականացնում, չնայած պատկառելի տարիքին՝ սիրով շարունակում է ծառայել իր մասնագիտությանը: Իրեն Հայրենիքից դուրս որևէ տեղ չի պատկերացնում: Երկուսն էլ՝ հայր ու որդի, տիրոջ վերաբերմունք ունեն իրենց երկրի հանդեպ:
«Կամավորությունն ազատության դրսևորումն է: Միայն բացարձակ ազատ մարդն է կարող նվիրել իր ժամանակը, կյանքի լավագույն պահերը այլ մարդկանց՝ փորձելով ինչ-որ բան փոխել այս թերի աշխարհում»,- Եգորի խոսքերն են, որոնց հանդիպում եմ նրա ֆեյսբուքյան էջում: Չորս զավակների հայր Եգոր Գլումովը պատերազմի առաջին իսկ օրերից պատերազմին իր կամավորագրվելը և Արցախ մեկնելը շատ բնականոն է համարում.
– Շատ նորմալ որոշում է. եթե ունես չորս երեխա, դու ավելի շատ բան ունես կորցնելու, քան նա, ով երեխա չունի,- ասում է: Բացի այդ, հայրս արդեն այնտեղ էր՝ որպես վիրաբույժ: Սա նորմալ մարդու նորմալ ռեակցիան է իր երկրի առջև ծառացած վտանգին: Հայրս Արցախյան պատերազմի մասնակից է, ես էլ տարիների զինվորական ծառայության փորձ ունեի:
Դեռ մանկուց ձյուդոյով տարված Գոռը իր մարզիկ ընկերներից շատերի նման երազել է դեսանտային, հատուկջոկատային կամ սահմանապահ զորքերում ծառայության մասին: Ինստիտուտն ավարտելուց հետո, չնայած ռազմական ամբիոն էր անցել, ուզում էր նաև իրական բանակային կյանքով ապրել: Դիմել էր, որպեսզի ծառայության անցնի, բայց մերժում էր ստացել: Ավելի ուշ, սակայն, իրականացրել էր երազանքը. ծառայության էր անցել սահմանապահ զորքերում: Եղել է ուղեկալի պետի տեղակալի, ուսումնական ուղեկալի պետի պաշտոններում, զինվորներին պատրաստել սահմանապահ ծառայությանը:
-Այդ ընթացքում ավարտել եմ նաև Ազգային անվտանգության առաջին սպայական դասընթացները՝ էլի սահմանապահ զորքերում: Երբ արդեն պայմանագրային ծառայության ժամկետս ավարտվում էր, և պիտի ամուսնանայի, զորացրվեցի: Բայց ծառայությունը զորքերում ինձ շատ բան տվեց:
Գոռը 44-օրյա պատերազմական օրերից չի սիրում խոսել.
-Լավ բան չկար. ընկերներ ենք կորցրել, շատ մտերիմ ու հարազատ մարդիկ… Աշխատում եմ առհասարակ պատերազմի մասին չխոսել: Թե ինչ է կատարվում իմ ներսում, դա իմ խնդիրն է: Անիմաստ է պատերազմից, հատկապես կորուստներով լի պատերազմից հետո շատ խոսելը: Հայրս ինձ փոքրուց մի լավ խոսք է ասել. «Յուրաքանչյուր տղամարդ իր ամեն բառի ու արարքի համար պիտի պատասխան տա վաղ թե ուշ՝ իր ընկերների, մարտական ընկերների, ընտանիքի, Հայրենիքի, Աստծո, իր ազգի առջև: Ուստի, այնպես պիտի վարվես, որ այդ պատասխան տալը հեշտ լինի: Ես իմ երեխաների աչքերի մեջ չէի կարողանա նայել, եթե չգնայի:
…Սեպտեմբերի 27-ին ներկայացա զինկոմիսարիատ, գրանցվեցի: Բայց հասկանում էի, որ 4 երեխա ունեցողին դեռ շուտ չեն կանչելու: Գնացի կամավորականների շտաբ: Սեպտեմբերի 30-ին «Արաբո» ջոկատի հետ ավտոբուսներով ճանապարհ ընկանք: Ջրականի ուղղությամբ էինք գնալու: Մոտավորապես պարզ էր, թե ինչ վիճակ էր այնտեղ: Երբ հասանք Խնձորեսկ, մեծ ավտոբուսներից մեզ տեղափոխեցին փոքր մեքենաների մեջ: Ջրականում ենք եղել մինչև հոկտեմբերի 6-ը: Օրական մի անգամ փորձում էինք տնեցիների հետ կապվել, որ իմանան՝ ողջ ենք: Մի անգամ շատ ծանր իրավիճակում զանգեցի, արագ ասացի. «Ես ձեզ բոլորիդ շատ սիրում եմ…» ու անջատեցի: Մեր զինամթերքը սպառվել էր: Ինչ զենքի մասին լսել ու պատկերացրել էինք, բացի ատոմային ռումբից, լցվում էր մեր գլխին, իսկ դու թշնամուն անգամ չես տեսնում: Ադրբեջանցիները միլիմետր առ միլիմետր ուսումնասիրել էին մեր դիրքերը, լավ հայերեն խոսողներ կային նրանց մեջ: Իսկ երբ ես Ջրականում ռացիայով լսում էի նրանց խոսակցությունը, ու ինձ մարդ էր պետք, որ թարգմաներ, ոչ մեկը չգտնվեց:
Ջրականից եկանք Իշխանասար, հետո՝ Երևան, մի քանի օրով, որպեսզի հասկանայինք մեր հետագա անելիքները: Այնուհետև՝ մինչև պատերազմի վերջը, Բերձորում էինք, մինչև…
-Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում պատերազմից հետո:
-Ես ընկերներ կորցրի… Եվ ոչ միայն մեր ջոկատի տղաներից, այլև Ապրիլյան մարտական գործողությունների մեր երիտասարդ տղաներից: Երբ գնում եմ «Եռաբլուր» ու տեսնում եմ նրանց շիրմաքարերը… մի բան է պտտվում մտքումս.՝ ինչո՞ւ իրենք և ոչ թե ես: Ցավալի է, բայց երբեք դասեր չենք քաղում: Արդեն տարիուկես անցել է … Մեր առօրյան, ասես, զուգահեռ տիեզերքներից է բաղկացած: Երբ վերադարձա Երևան, ճանապարհին քնել էի: Աչքերս բացեցի ու տեսա «Երևան պարկի» պտտվող մեծ անիվի լույսերը… շոկ ապրեցի. գալիս էի մի տեղից, ուր մեքենաներն առանց լույսի էինք վարում…
…Պատերազմ գնալիս ամեն մեկն իր պատճառներն ուներ: Հանուն ինչ-որ բանի էր գնում: Զինկոմիսարիատների առջև այդ օրերին տեղ ու դադար չկար. մարդիկ գնում էին, բայց ի՞նչ կարողացանք անել: Կամ արդյո՞ք կամավորականների կամ զորահավաքի ամբողջ ներուժն օգտագործվեց:
-Ձեզ համար հանունը ի՞նչն է:
-Իմ երեխաներն են, իմ ընտանիքի անդամներն են, հորս ձեռքով տնկված ծառերն են, որ նա հիմա էլ մշակում է մեր հողամասում: Մեր տունը, այս ռադիոն է: Ինձ հաճախ են հարցնում.՝ «Ինչո՞ւ քո եթերներում չես պատմում պատերազմից, չես խոսում մյուսների նման»: Իրականում ամեն օր խոսում եմ, ասում եմ կարևոր բաներ, պարզապես դուք չեք լսում: Անպայման չի, որ երկու ժամ պատերազմից խոսես, պարզապես ես ասում եմ այն, ինչ մտածում եմ: Լուսավոր տղաներ գնացին ու արեցին իրենց ընտրությունը: Եվ միայն նրանք չէին… Ընկերուհին, որ չդարձավ կին, երեխան, որ չծնվեց, մայրը, որ չգրկեց իր որդուն բանակից հետո… Սրանք ողբերգություններ են: Մեկ մարդու զոհվելը, մեկ աշխարհի, մեկ միկրոտիեզերքի փլուզում է: Ու հանկարծ… էլի այդ զուգահեռ իրականությունը. ինձ համար շատ ցավալի էր «Եռաբլուրի» ֆոնին հրավառությունների պատկերը: Փոխանակ այնպես անենք, որ այդ տղաների զոհվելը անիմաստ չլինի, որ էլ չկորցնենք, շարունակում ենք կորցնել: Մենք նաև սխալ ենք դաստիարակում մեր որդիներին:
-Դուք Ձեր տղաներին ինչպե՞ս եք դաստիարակում:
-Ասելով, խոսելով ոչինչ չի լինում: Պետք է օրինակ ծառայես: Իմ տղաները 14 և 7 տարեկան են: Նրանք արդեն մեծ են: Բոլոր ապրումները մեզ հետ ու գուցե մեզնից շատ ունեցել են այս ընթացքում: Գիտեմ, որ բանակում պետք է ծառայեն, որովհետև դա իրենց պարտականությունն է: Սպորտային մարզավիճակը միշտ պետք է պահել: Սա շատ լուրջ օգնություն է բանակին: Մենք պետք է անենք այնպես, որ մեր տղաները մինչև բանակ մեկնելը ֆիզիկապես պատրաստ լինեն, կարողանան ձգվել, վազել և այլն: Իդեալական կլինի, եթե նաև դիպուկ կրակել իմանան: Պետք է հասկանանք, որ հարևաններին չեն ընտրում, և վտանգը միշտ կա: Պետք է պատրաստ լինեն թե՛ տղաները, թե՛ աղջիկները:
Հիմա շատ ենք խոսում բանակաշինության մասին: Բանակաշինությունը պետք է սկսվի հասարակությունից: Մեր տղաներին երբ սկսում ենք դաստիարակել, պետք է գիտակցենք, որ դա մեր պետության ամենակարևոր կառույցներից մեկի՝ բանակի հիմքն է դառնում: Երբ որդուդ ասում ես. «Քեզ խփում են՝ քարը վերցրու, գլխին տուր: Կամ առաջինը դո՛ւ խփիր», պետք է հասկանաս, որ սա հետագայում արտացոլվելու է բանակում՝ իր ողջ բացասական դրսևորումներով: Նախ և առաջ տղան պետք է հասկանա, որ բանակում իր կյանքը կախված է այն մարդկանցից, որոնց հետ կանգնում է դիրքերում: Եվ եթե դու նեղացրել ես, հայհոյել ես մեկին, նեղ պահին ինչպե՞ս եք իրար նեցուկ լինելու: Պետք է սովորեցնենք սիրել, հարգել միմյանց, բոլորս իրար եղբայր պիտի լինենք: Մեր ամենակարևոր ռեսուրսը մարդն է: Երկիրը մարդկանցով է հարուստ: Բոլորս պետք է ծառայենք մեր Հայրենիքին, մեր երկրին, և որպեսզի այդ բառերն ամպագոռգոռ չհնչեն, յուրաքանչյուրը պետք է սկսի իր ընտանիքից, իր ընկերոջից, իր եղբորից: Սա՛ է ամենակարևորը:
♦♦♦
Գևորգ Գրիգորյանի հետ հանդիպեցինք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի իր աշխատասենյակում: Երեք գրքի հեղինակ է. «Դժոխքից վերադարձ կա»՝ Արցախյան պատերազմի մասին: Մյուսը՝ «Կիլիկիա» նավով ճամփորդությունների մասին «Կիլիկիան պարզում է առագաստը» և «Հիպոկրատի համեստ հմայքը» ինքնակենսագրական հուշագրությունը, որ վերջերս է լույս տեսել:
11 տարեկանում տեղային անզգայացումով որդանման ելունի հեռացումից հետո որոշել է, որ հենց վիրաբույժ է դառնալու:
-Մինչև հիմա,- ասում է,- հիշում եմ այդ բժշկի՝ Նիկոլայ Գեղամի Վանեցյանի աչքերը, ժպիտը, հոգատարությունը. շատ բարի մարդ էր:
Բանակից հետո ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտ: Ամուսնացել, արդեն երկու երեխա ուներ, երբ որոշեց տեղափոխվել Ռուսաստան: Երևանում վիրաբույժ դառնալու հնարավորությունը սահմանափակ էր:
-Մի քանի նամակ գրեցի Ռուսաստանի տարբեր բժշկական ինստիտուտներ՝ այնտեղ ուսումս շարունակելու խնդրանքով: Դրական պատասխան եկավ միայն Տոմսկից:
Մանկաբույժ կնոջ ու երեխաների հետ 10 տարի ապրել, սովորել ու աշխատել են Սիբիրում: Աշխատում էին գյուղական համեստ հիվանդանոցում: Այդ տարիներին վիրաբույժին հատկապես մի դեպք է տպավորել, որն իր շարունակությունն է ունեցել:
-Գիշերով կանչեցին ծննդատուն: Նորածնի ներքին օրգանները դրսում էին՝ պորտային բնածին ճողվածք: Ներարգանդային շրջանում դրանք որովայնի խոռոչից դուրս էին զարգացել ու չափսերով ավելի մեծ էին, քան մարմինը կարող էր տեղավորել: Երեխան անդադար լալիս էր ու անօգնական թաթիկներն էր շարժում: Անեսթեզիոլոգին և բաժնի վարիչին կանչեցի, անհույս օրորեցին գլուխներն ու դուրս եկան: Ես պատրանքներ չունեի, որ երեխան կապրի, այդուհանդերձ, որոշեցի, որ օգնել է պետք: Ինչ կարող էի, արեցի ու որովայնի պատը կարեցի: Առավոտյան զանգեցի Կրասնոյարսկ, թերահավատ հնչերանգով հարցրին. «Ե՞վ…»:- Ասացի՝ «Երեխան ողջ է»: Այդպես 4-5 օր պահեցինք հիվանդանոցում, սկսեցինք կերակրել, ապրե՜ց: Այս դեպքից մոտ 40 տարի է անցել: Այդ գյուղում՝ Իբրեյում, ընկերներ, ծանոթներ ունեմ: Իհարկե, առանց հույսի հետաքրքրվեցի նրանցից երեխայի ճակատագրի մասին: Իմացա, որ Գոնչարով Ռոմանը ողջ-առողջ է: Հող է մշակում, բիզնես ունի, ընտանիք, երեխաներ… Բառացիորեն օրեր առաջ եմ իմացել այս մասին: Հիմա մտածում եմ, որ սա իմ պրակտիկայի ամենանշանակալի դեպքն է եղել: Հրաշք է, կարելի է ասել:
1986-ին վերադարձան Հայաստան. կարոտն արդեն խեղդում էր: Շուտով հայտնվելու էին իրադարձությունների հորձանուտում: 1988-ին՝ Ղարաբաղյան շարժում, ավերիչ երկրաշարժ… Ֆիզիկայի ինստիտուտի լեռնագնացների խմբի հիմքով ստեղծվեց «Սպիտակ» ջոկատը, որին անդամագրվեց արդեն հմուտ վիրաբույժ Գրիգորյանը: Ամպուտացիաներ, ռեամպուտացիաներ…
-Հիշում եմ, թե ինչպես էին հիվանդներին գլորանների վրա բերում ու շարում ռենտգեն ապարատի մոտ. կարծես հացի հերթ լիներ… Սարսափելի դեպքեր էին. հիշել անգամ պետք չէ:
1989 թ. հոկտեմբերին արձակուրդ վերցրի, առաջին անգամ մեկնեցի Արցախ: Կռիվը դեռ չէր սկսվել, բայց դրա շորշոփներն արդեն զգալի էին: «Գթություն» բարեգործական կազմակերպության տղաների հետ մեկնեցի Ստեփանակերտ, հետո հայտնվեցի Հադրութում, աշխատում էի հիվանդանոցում: Շատ արկածներով եմ անցել այդ ընթացքում: Մի հետաքրքիր դեպք պատահեց: Ասացին, որ սարերի մեջ՝ Կարմրաքար գյուղում մի վիրավոր հայ տղա կա: Ճամփա ընկանք. մեր «Վիլիսում» շրջանի ռուս պարետն էր, երկու ավտոմատավոր զինվոր: Քանի որ գյուղ տանող ճանապարհը շատ վատն էր, մայորը որոշեց, որ գնալու ենք Ադրբեջանի տարածքով: Դեռ խորհրդային տարիներն էին. մտածում էինք՝ պաշտպանված ենք: Ասֆալտապատ ճանապարհով հասանք Ջրական: Ինչ-որ պահի ճանապարհը կորցրինք: Մեզ հանդիպած ադրբեջանցիներն առաջարկեցին ուղեկցել: Նրանցից մեկը նստեց մեր մեքենան, ազնվորեն ցույց տվեց ճանապարհը: Հասանք գյուղ: Բաղրամով Ռուբենը Կրասնոդարի երկրամասի հայերից էր, հայերեն չէր խոսում, խորհրդային բանակի զինվոր էր: Մահացու չէին տղայի վերքերը, բայց բավականին արյուն էր կորցրել: Մի քանի ժամ հետո, երբ արյունականգ վիրակապերը, հակաշոկային միջոցառումները կայունացրին վիճակը, հնարավոր եղավ տարհանել վիրավորին: Վերադարձին, նույն տեղում, որտեղից վերցրել էինք ադրբեջացուն, մի հսկա բազմություն էր հավաքվել: Շրջապատեցին մեր «շտապ օգնության» մեքենան: Անկառավարելի ամբոխը ուզում էր մեքենայից դուրս քաշել մեզ, ինքնադատաստան տեսնել: Դուռը բացեցին, օրհասական պահ էր՝ ձեռքս ընկած փայտով խփեցի ներս սողոսկած ձեռքերին ու փակեցի դուռը: Մենք կղզու պես շրջապատված էինք ադրբեջանցիների «ծովով», ու հանկարծ ճեղքվեց այդ ծովն, ու երկար կաշվե թիկնոցներով մի քանի հոգի մոտեցան մեր մեքենային: Երևի նրանց ազդեցիկ դեմքերից էին: Ամբոխին հանգստացրին ու իրենց շարասյունով շրջապատված տարան Ջրականի ոստիկանություն: Շրջկոմի քարտուղարը, դատախազը, միլպետը սկսեցին մեզ հարցաքննել: Այդ ընթացքում պարետը արդեն գեներալ Սաֆոնովին տեղեկացրել էր կատարվածի մասին: Մեր վիրավորին ադրբեջանցիները տեղափոխել էին Ջրականի հիվանդանոց: Գեներալ Սաֆոնովը երկու ջոկ ավտոմատավոր էր ուղարկել մեզ ազատելու համար: Պարետը հարցրեց. «Դու կբուժե՞ս այդ հիվանդին»: Ասացի՝ «Իհարկե, կբուժեմ»: Նույն ավտոմատավորները մեր վիրավորին պատգարակի վրա դուրս բերեցին, ու վերադարձանք Հադրութի հիվանդանոց: Խեղճ տղան սարսափահար էր եղել: Հադրութի հիվանդանոցում նկատեցի, որ իմ դրած վիրակապերը փոխված էին: Բացեցի վերքը՝ կարված էր: Հրազենային վերքերը ոչ մի դեպքում կարել չի կարելի. փտախտ կարող էր սկսվել: Մտածեցի՝ երևի անփորձ բժիշկ է եղել: Կարերը քանդեցի ու ի՞նչ տեսնեմ. վերքի ներսում խրձով թելեր էին դրված… Սա էլ ադրբեջանցի վիրաբույժի գործելակերպն էր:
1991 թ.-ին՝ չորս ամիս Արցախում վիրաբույժի իր պարտականությունները կատարելուց հետո վերադառնում է Երևան, հիմա էլ փրկարարական ջոկատով շտապում է Վրաստան, որտեղ երկրաշարժ էր եղել:
-Վերադարձին իմացա, որ Գետաշենում բարդ իրավիճակ էր, շրջափակումն ավելի էր խստացել: Երբ ես Գետաշենում էի. Թաթուլ Կրպեյանն էր ամեն ինչին հսկում: Ոչ ոք իրավունք չուներ առանց նրա թույլտվության հեռանալ գյուղից՝ այլապես ո՞վ էր պաշտպանելու հողը: Ծայրահեղ դեպքերում էին մարդկանց տարհանում: Բայց արդեն Թաթուլը, Արթուրը, Վալերիկը, Հրաչը զոհվել էին: Հաջորդ օրը գնացի օդանավակայան, որ վերադառնամ Գետաշեն: Հանրապետական հիվանդանոցից մեր բժիշկներն էին գործուղվել, սպասում էին թռիչքի: Մոտս անհրաժեշտ փաստաթղթեր չկային, գիտեի, որ ինձ թույլ չեն տալու: Հաջողվեց աննկատ խցկվել զինվորական ուղղաթիռի մեջ: Գետաշեն չհասանք, հարկադրական վայրէջք կատարեցինք Շահումյանում. Գետաշենն անգամ խորհրդային բանակի համար էր փակ, լիակատար շրջափակման մեջ: Չկար ոչ մի տեղեկատվություն: «Արաբոյի» տղաները պետք է սողոսկեին Գետաշեն՝ հետախուզության: Գիշերը մեր ձիավոր խումբը անցավ Մարտունաշեն, արևածագի հետ, երբ ադրբեջանցի թալանչիները դեռ չէին մտել գյուղերը, հայտնվեցինք Գետաշենում: Գյուղը շրջապատված էր խորհրդային զորքերով ու ՕՄՈՆ-ականներով: Երբ բժիշկներից Վալերի Խաչատրյանն ու գլխավոր բժիշկը՝ Հակոբքյոխվյանն ինձ տեսան, սրտնեղեցին. «Բոլորը դուրս են գալիս: Դու ինչո՞ւ ես եկել»: Հայաթափվում էր Գետաշենը: Հիմա շատերին կատարվածը անհավանական, գրեթե ֆանտաստիկա կթվա, բայց այն անջնջելի իրականություն է, ու թող փորձեն ժխտել տեղահանված գետաշենցիների վերապրած ողբերգությունը: Հայ գյուղացիներին շատ վայրագ ձևով էին վերաբերվում: Խաբում էին: Ասենք, 5000 ռուբլի արժողությամբ մեքենան 1000-ով ձևակերպում էր նոտարը, մարդը ճարահատյալ վաճառում էր: Հետո ծեծում էին այդ 1000-ն էլ էին ձեռքից վերցնում, մեքենան էլ: Տանտերը դեռ տանը՝ ադրբեջանցիք գալիս, տունը թալանում, ախոռը դատարկում, տանում էին: Ռուսները նայում էին, և չէին արձագանքում: Մայիսի 7-ն էր. հայաթափման վերջին օրը մեզ՝ բժիշկներիս և մոտ երկու տասնյակ գետաշենցիների բռնեցին ու տարան Գյանջայի՝ Գանձակի բանտը: Ամեն օր ծեծ ու ջարդ՝ մինչև գիտակցության կորուստ: Չորս օր ընդհանրապես ոչինչ չէին տալիս ուտելու, ցանկություն էլ չկար: Ամեն օր հարցաքննում էին՝ ո՞վ եք, ի՞նչ գործ ունեք էստեղ: Չէին հավատում, որ բժիշկներ ենք: Այդ օրերին մտնում էին գյուղերի տները, ալբոմներն էին սկսում քրքրել: Հենց զինվորական համազգեստավորների նկարներ էին տեսնում, վերցնում էին: Հետո մեզ էին ցույց տալիս. «Սրանցից ո՞ւմ եք ճանաչում»: Բոլորին էլ ճանաչում էի, բայց ասում էի՝ «Չէ՛, չեմ ճանաչում»: Միայն չէի կարող ժխտել, որ Թաթուլին էի ճանաչում, այդ անհնար էր: Ասում էի՝ այո´, նա հրամանատարն էր: «Ինչքա՞ն զորք կա, Հայաստանից եկած ինչքա՞ն հայեր կան»: «Ոչինչ չգիտեմ, մենք բժիշկներ ենք, հիվանդանոցից դուրս չէինք գալիս»: Ամենօրյա այս ծեծուջարդից հետո էլ մի օր ասացին, որ գնդակահարության են դատապարտում ինձ՝ իբր մասնակցել եմ Կուշչի Արմավիր գյուղից մի հայատյաց թուրքի սպանությանը:
17 օր Գևորգին և մյուս բժիշկներին պահել էին բանտում: Հետո ճապոնացի լրագրողներ էին եկել, նկարահանել նրանց: Դրանից հետո միայն շատ միջազգային կազմակերպություններ ներգրավվեցին գերիներին ու պատանդներին ազատելու գործում:
-Մի օր մի ռուս գնդապետ ինձ հարցաքննեց: Հասկացա, որ ուզում էին հայերին վարկաբեկող ինչ-որ հարցազրույց կազմակերպել, բայց տեսան, որ «ֆոտոգենիկ» չեմ՝ աչքս ուռած, ամբողջովին կապտուկների մեջ, մեզ հասկացրին. պետք է նկարահանող խցիկների առաջ շնորհակալություն հայտնենք, որ մեզ «լավ» են վերաբերվել ադրբեջանական բանտում: Զավեշտալի էր, բայց բացատրեցին, որ եթե այդպես չանենք, կրկին բանտախցիկ կվերադառնանք: …Մեզ տարան Հայաստանի սահման, հանձնեցին մերոնց: Երևանում բժիշկներս բուժվեցինք հանրապետական հիվանդանոցում, քանի որ բոլորս էլ հյուծված, վատ վիճակում էինք: Վալերին՝ բոլորիցս առավել, քանի որ սրտամկանի ինֆարկտ էր տարել Գետաշեն ժամանելուց առաջ: Ավա՜ղ, նա դրանից կես տարի անց մահացավ:
Գետաշենի դեպքերից հետո կինս մեզ մի աղջիկ էլ նվիրեց. ծնվեց մեր հինգերորդ երեխան՝ Նանեն: Մանկաբույժ կինս էլ, ես էլ երեխաներ շատ ենք սիրում: Կնոջս ընտանիքում 5 երեխա կար: Մենք էլ հինգ երեխա ունենք: Հասցնում էինք ամեն ինչ, որովհետև համերաշխություն կար, երեխաները լսող էին, մեծը փոքրին էր խնամում, օգնում, մեկը մյուսի հագուստն էին հագնում:
Շատ չանցած՝ «Արաբո» ջոկատի հետ մեկնեցի Մարտակերտ, վերադարձա տուն ու այսպես շարունակ մինչև պատերազմի ավարտը: Հոսպիտալներում աշխատեցի գործընկերներիս հետ՝ Չլդրան, Դրմբոն, Առաջաձոր, Ստեփանակերտ, Վարանդա: Ի դեպ, Գոռը 44-օրյա պատերազմում «Արաբոյի» կազմում էր՝ իմ մարտական ընկերների հետ: Ես ու Գոռը մի քանի օր եղել ենք պատի երկու կողմերում՝ Ջրականի հոսպիտալում ես էի, իսկ ինքը՝ գնդում, բայց չենք իմացել, որ նույն տեղում ենք:
Արցախյան պատերազմում կնքված հրադադարից հետո Գևորգ Գրիգորյանը ընդամենը երկու անգամ էր եղել Արցախում: 2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ավագ քույրը զանգել էր, ասել՝ «11:00-ին ժողով է լինելու»: «Կիրակի օրով ի՞նչ ժողով»,- հարցրել էր: «Պատերազմ է, չե՞ք լսել»:
-Անմիջապես զանգեցի Տարոն Տոնոյանին: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նա Վարանդայի հոսպիտալի պետն էր: Ասաց. «Հենց այս պահին հավաքվում ենք, որ մեկնենք»: Երեկոյան արդեն Տարոնի հետ Ջրականում էինք:
Վերջին պատերազմի ընթացքում չորս հոսպիտալներում է աշխատել Գևորգ Գրիգորյանը: Այս վերջին պատերազմն ամենածանր հիշողություններն է արթնացնում ինչպես Գոռի, այնպես էլ հոր՝ Գևորգ Գրիգորյանի մեջ.
-Պատմելու բան չկա. ծանր վիրավորների անվերջ հոսք, նահանջներ մի տեղանքից մյուսը: Ջրական, հետո Տող: Տողում արվեստի դպրոց կար. ամենուր գեղեցիկ գեղանկարներ, քանդակներ էին, իսկ մենք այն հոսպիտալի էինք վերածել: Հետո Կարմիր շուկա: Անցյալ պատերազմին էլ էի անցել այդ գյուղով: Հետո Խաչմաչ գյուղ: Հետո Կաղարծի և … տուն: Կռիվն ավարտվեց:
Նոյեմբերի 6-ին Գևորգ Գրիգորյանը վիրավորվել է Կաղարծի գյուղի՝ հոսպիտալ դարձած դպրոցի շենքում: Ցույց է տալիս լուսանկարը. «Ահա այս անցքի հետևում էի այդ պահին պառկած: Հանդարտ մի պահի գիրք էի կարդում: Ուզում էի, որ լույսը շատ լիներ, ու շրջվեցի մյուս կողմը՝ դեպի լուսամուտը: Երբ ռումբը հարվածեց, պատը քանդվեց ճիշտ ինձ վրա: Գիտակցությունս կորցրի: Ինձ գտել, հանել են քարերի տակից: Եթե մյուս կողմը շրջված լինեի, հարվածը գլխիս էր լինելու. հաստատ ողջ չէի մնա: Կողերի կոտրվածքներ, արյան և օդի կուտակում կրծքավանդակի խոռոչում: Ինձ տարհանեցին Ստեփանակերտի հոսպիտալ, այնտեղից էլ Երևան: Շուտ ապաքինվեցի. ոչինչ չմնաց պատերազմից…
Երբ պարոն Գրիգորյանին խնդրում եմ վիրահատություններից ինչ-որ դեպքեր հիշել, ասում է.
-Երբ հիվանդներիս վիրահատում եմ, նշումներ եմ անում նոթատետրումս: Այս նոթատետրիս մեջ,- ձեռքն է վերցնում հաստափոր մի տետր,- շատ դեպքեր են գրանցված: Բայց, գիտեք, պարկեշտ չի լինի, եթե ասեմ՝ այս եմ արել, այն եմ արել: Այս պատերազմին մասնակցած բժիշկները բազում բարդագույն վիրահատություններ են կատարել: Ինձնից շատ ավելին արած բժիշկներ էլ կան: Իսկ ռազմի դաշտում, հատկապես այսպիսի պատերազմում, արտառոց դեպքեր շատ են լինում: Պատահել է, որ ավելորդ վնասվածք չպատճառելու համար որովայնի կողմից ենք թոքը կարել ու վերադարձրել կրծքավանդակ:
Տետրի պատահական մի էջ է բացում:
-1994 թ.-ն էր: Վարանդայում էի: Վիրավորների հոսք էր, վիրահատում էի հերթականին՝ Արիկ էր անունը: Նրա մայրը Հադրութի ԶԱԳՍ-ի վարիչն էր: Այդպիսի պրակտիկա կար այն ժամանակ. քաղաքացիականները նստած «ԱԼԵՆԿՈ» կապի սարքով հետևում էին կռվի ընթացքին: Մեկ էլ լսում է, որ որդին խփվեց: Խոսք կար «խփվեց», ու ոչ ոք չգիտեր՝ վիրավո՞ր է, թե՞ զոհված: Խելագարի պես իրեն նետել էր հիվանդանոց: Վիրահատությունից հետո դուրս եկա, ու դիմացս կտրեց. «Տղա՛ս…»: «Ողջ է»: Այս վերջին պատերազմում էլի կռվի դաշտում՝ Հադրութում հանդիպեցի Արիկին …
Ինձ հանգիստ չի տալիս գլխումս պտտվող հարցը.
-Գոռին հարցրի, Ձեզ էլ հարցնեմ: Ի՞նչն է պատճառը, որ դուք՝ հինգ, Գոռը՝ իր չորս երեխաներով հանդերձ, հենց պատերազմ է լինում, անմիջապես մեկնում եք առաջնագիծ:
-Ամեն ինչ գալիս է իմ կնոջից: Նա ինձ համար ոչ մի անգամ արգելք չի ստեղծել: Ասել եմ՝ «Գնում ենք Սիբիր», եկել է: Ասել եմ. «Գնում եմ Սպիտակ»՝ երկրաշարժից հետո, ոչ մի հակաճառություն: «Գնում եմ նավարկության», ճանապարհել է ինչպես հարկն է: «Գնում եմ պատերազմ», ոչ մի խոսք: Այսինքն՝ կասեցնելու նույնիսկ փորձ չի եղել: Անգամ դժգոհություն չի եղել, թե՝ մեզ թողնում, գնում ես: Եվ նույնը Մարիամն է Գոռի համար:
Մի անգամ հայրս զայրացավ, երբ գերությունից ազատվելուց հետո կրկին պետք է մեկնեի Արցախ. «Դե, բավակա՛ն է, նստի՛ր, երեխաների՛դ պահիր»: Իսկ հետո, երբ հարցրել էին, եթե Գետաշենն ու ընկերներին լքեր, տուն վերադառնար, ինչպե՞ս կվերաբերվեիր նրան, խիստ տոնով ասել էր. «Տուն չէի թողնի»: Ախր, ինքն էլ մեծ Հայրենականի թոհուբոհով էր անցել: Մեր ընտանիքում բոլորիս մեջ այդ գաղափարը նստած է: Ես էլ Գոռին երբեք չեմ ասել. «Ես գնում եմ, դու մնա՛, երեխեքիդ նայիր»:
…Անձնականը չպետք է գերադասել ազգայինից: Երբե՛ք:
Հայր և որդի Գրիգորյանների հետ հպանցիկ այս հանդիպումը ինձ համար հերթական ծանոթությունն էր իր երկրում համեստորեն ապրող, արարող, ծառայող հայի իսկական տեսակի հետ: Երբ Հայրենիքն իր կարիքն ունի՝ առանց «եթե»-ների ու «բայց»-երի իրեն ամբողջությամբ դրա պաշտպանությանը նվիրող հայի տեսակի հետ:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ Գրիգորյանների ընտանեկան ալբոմից
Խորագիր՝ #04 (1426) 11.04.2022 - 15.04.2022, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում