Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՐ ՈՒ ՆՎԻՐՈՒՄ



ՍԵՐ ՈՒ ՆՎԻՐՈՒՄԻմ ընտանիքում բժշկի մասնագիտությունը ավանդական է, պապս վիրաբույժ է, հայրս` նույնպես, մայրս սրտաբան է, քույրերս մանկաբույժ: Ես դեռ չծնված` ծնողներս արդեն որոշել էին, թե ես ինչ մասնագետ եմ դառնալու, որ ասպարեզում եմ աշխատելու ու, բնականաբար, ընտրել էին բժշկությունը: Երեւի բոլորն էլ ծանոթ են հայերի մեջ ընդունված այն արարողությանը, երբ տարբեր իրեր են շարում փոքրիկի չորս բոլորը ու փորձում գուշակել, թե ապագայում ինչ մասնագետ է դառնալու նա` նայած, թե երեխան որ իրն է վերցնում: Մայրս պատմում է, որ ես անմիջապես ձգվել եմ դեպի  փոքրիկ բեռնատարս ու, որքան էլ հայրս ջանացել է ձեռքս խոթել վիրաբույժի նշտարը, ես համառորեն վերցրել եմ խաղալիք մեքենան ու հենց այդ ժամանակ էլ արտաբերել եմ առաջին բառը` ատո (ավտո): Մորս պատմածով` բոլորի տրամադրությունն ընկել է, պապս փորձել է «մարգարեանալ», թե ես տիեզերագնաց եմ դառնալու, քանի որ երկնագույն բեռնատարս տիեզերանավի է նման, իսկ հայրս, որ ավելի իրատես էր, ասել է, որ իմ վարորդական ջիղը երեւացել է ծնված օրվանից, քանի որ մեքենայից բացի ուրիշ խաղալիքով չեմ խաղացել: Հասկանալի է, որ ծնողներս այդքան հեշտ չէին հրաժարվի իրենց երազանքներից՝ մինուճար որդուն սպիտակ խալաթով տեսնելու բաղձանքից: Դժվար է ասել, թե մինչեւ դպրոցական դառնալս քանի մեքենա քանդեցի ու նորոգեցի, բայց որ ջարդված մեքենա չունեի` հաստատ է. արկղերում կանոնավոր շարված իմ բազմաթիվ ու բազմատեսակ մեքենաները խնամված էին ու մաքուր: Մայրս պատմում է, որ վախենում էին ինձ հետները հյուր տանել. «Վերցնում էիր խաղալիք մեքենաները ու չէիր տալիս: Խայտառակ էինք լինում: Լալիս էիր, գոռում, շունչդ պահում-կապտում էիր»: Մայրս ամեն գիշեր ինձ համար հեքիաթներ ու բանաստեղծություններ էր կարդում:

«Լինում է – չի լինում, մի փոքրիկ աղջիկ, անունը` Կարմիր Գլխարկ…»:

«Մեքենա ունե՞ր»,- հարցնում էի ես: Հետո ինքս էի սկսում հեքիաթներ հորինել. «Լինում է – չի լինում, սպիտակ աղբի ավտո…» կամ՝ «Կար-չկար՝ մի դեղին ջրցան մեքենա…»:

Երբ դպրոց գնացի՝ ամեն ինչ ավելի «ողբերգական» դարձավ, պարզվեց, որ ես ուշ եմ սովորում տառերը, չեմ հետաքրքրվում մաթեմատիկայով եւ բացարձակ զուրկ եմ երաժշտական լսողությունից: Մինչ գերազանցիկ քույրերս մրցանակներ էին շահում օլիմպիադաներում, դաշնամուր ու ջութակ էին նվագում, ես իմ սենյակը լցնում էի տարբեր մեքենաների լուսանկարներով ու ամսագրերով եւ թաքուն երազում էի «դզող-փչող» դառնալու մասին: Իսկ արդեն բարձր դասարաններում պարզվեց, որ հայտնի վիրաբույժ պապիս հեղինակությունն էլ չի կարող փրկել ինձ, որովհետեւ տասնամյակի ընթացքում քիմիա ու կենսաբանություն սերտելու փոխարեն ես գեղարվեստական գրքեր եմ կարդացել ու «դզող-փչողի» արհեստ եմ սովորել վարպետ Արշավիրի արհեստանոցում: Ու որքան ծնողներս հիասթափված ու դժգոհ էին ինձնից, նույնքան ուրախ ու գոհ էր վարպետ Արշավիրը. ես նրա ամենաընդունակ աշակերտն էի: «Տղան տաղանդ ունի», – ասում էր վարպետը:

Ութերորդ դասարանից վարպետ Արշավիրի հանձնարարությամբ ինքնուրույն գործ էի անում, վարպետս գնահատում էր իմ աշխատանքը ու լավ վարձատրում:  Դասերի ժամին ուշքս ու միտքս արհեստանոցում էր, սրտատրոփ սպասում էի զանգին, որ վազեմ արհեստանոց: Մի օր վիրաբույժ հորս ասացի. «Ես էլ քեզ պես ամեն օր վիրահատություն եմ կատարում. փչացած մեքենան ինձ համար հիվանդ մարդ է, որին հարկավոր է բժշկել: Հիվանդ մեքենաներն էլ մարդկանց պես հազում են, տնքում…»: Ես, իհարկե, կատակում էի: Որքան էլ ես սիրեմ իմ գործը, կենդանի օրգանիզմը անշունչ մեքենայի հետ չես համեմատի, ես դա հասկանում եմ: Հայրս խորապես վիրավորվեց այդ համեմատությունից, նայեց ինձ ու սրտնեղած ասաց. «Ես կյանք եմ պարգեւում մարդուն, ամեն վիրահատություն նման է ճակատամարտի: Ես դուրս եմ գալիս վիրահատությունից ու հանդիպում եմ հիվանդիս հարազատների երախտագետ, երջանիկ հայացքներին: Այդ պահին ես հաղթանակած զորավար եմ, հերոս: Ցավում եմ, բայց դու երբեք չես հասկանա ինձ»: Ես լռեցի, չհակաճառեցի հորս ու չփորձեցի նկարագրել իմ ապրումները, երբ քարշակով բերված մեքենան նորոգելուց հետո շարժվում է ինքնուրույն, երբ աններդաշնակ չխկչխկոցը վերանում է, չպատմեցի նրան, թե ինչ հաճույք է ինձ համար մեքենա նորոգելը, եւ որքան եմ ես սիրում իմ աշխատանքը: Ես երբեք չեմ ցանկացել ցավ պատճառել ծնողներիս, ես վիրավորվում եմ, որ ծնողներս ամաչում են իմ մասնագիտության համար, համարում են անկարեւոր: Բայց, միեւնույն է, ես համոզված եմ, որ ճիշտ ընտրություն եմ արել, քանի որ սիրով եմ անում գործս, նման չեմ այն մարդկանց, ում համար սեփական մասնագիտությունն ու աշխատանքը տառապանք են, տհաճ ու հոգնեցուցիչ: …Հարազատներիս համար լրացուցիչ հարված էր այն, որ իրենց ընկերների, ծանոթ-բարեկամների երեխաներն ընդունվեցին բուհեր, իսկ ես գնացի բանակ:

Ես ծառայեցի տանկային գնդում: Ինձ բաժին ընկան լավ հրամանատարներ, ու դա էր նաեւ պատճառը, որ սիրեցի ե՛ւ զինծառայությունը, ե՛ւ բանակը, ե՛ւ ծառայակից ընկերներիս, ե՛ւ զինվորական մասնագիտությունս: Ամեն ինչ կախված է հրամանատարներից` ե՛ւ կարգապահությունը, ե՛ւ մարդկային հարաբերությունները, ե՛ւ զինվորի վիճակն ու տրամադրությունը: Իհարկե, դժվարություններ եղան. բանակը հանգստյան տուն չէ: Բայց հաղթահարեցի պատվով: Իմ կարծիքով՝ զորքը պետության ամենակարեւոր բաղադրիչն է, քանի որ ամենադժվար ու վտանգավոր գործն է անում` պահում է երկրի սահմանը: Ու այդ առումով` շատ կարեւոր է սպաների գործը. նրանցից է կախված` կսիրի՞ զինվորը իր գործը, կնվիրվի՞, կունենա՞ սահմանը կյանքի գնով պահելու հաստատակամությունը, թե՞ ոչ: Պարտադրանքով մարդը զինվոր չի դառնում, ինչպես չի դառնում որեւէ գործի մասնագետ, եթե հոգում չկա պատրաստակամություն, սեր ու նվիրում: Կարեւորը սեր ու նվիրում արթնացնելն է: Ես շատ էի սիրում իմ տանկը, խնամում-փայփայում էի, խոսում էի հետը: Մի օր իրար հետ կռիվ ենք գնալու, ախպե՛րս, ասում էի, իրար թեւութիկունք պիտի լինենք, էսօր ես քեզ եմ խնամում, մարտադաշտում էլ դու պիտի ինձ պաշտպանես: Արդեն տասը տարի է՝ զորացրվել եմ, բայց բանակը դարձել է իմ հոգու ու կյանքի մի մասնիկը, քանի որ հիշողություններս բարի են, ջերմ ու նվիրական: Պետք է ամեն ինչ անել, որ յուրաքանչյուր տղա սիրով ու հպարտությամբ հիշի բանակային տարիները: Բանակը չպետք է խեղճացնի տղային, ընդհակառակը` պետք է տղամարդ դարձնի, ուժ ու ոգի տա, պետք է բացահայտի հոգում թաքնված խիզախությունը, պիտի վախկոտին անգամ կտրիճ դարձնի ու տուն ճանապարհի իրենք իրենցից գոհ, իրենք իրենց աչքում բարձր, իրենք իրենցով հպարտ հայրենասեր ու արիասիրտ զինվորների, որպեսզի վաղը, եթե առիթ լինի, այդ հզոր ու հուսալի ուժը անվարան կանգնի թշնամու առաջ: Տղան մեկ անգամ է զինվորանում եւ մնացած ամբողջ կյանքում զինվոր է մնում, ուստի ծառայական կյանքի երկու տարին բացառիկ կարեւոր նշանակություն ունի յուրաքանչյուրիս համար:

Ես ծառայությունն ավարտելուց երեք տարի անց ամուսնացա դասընկերուհուս հետ: Վեցերորդ դասարանից սիրել ենք իրար, ես այդպիսին եմ` շատ կայուն, անփոփոխ, չեմ սիրում հեղհեղուկ մարդկանց: Կինս բժշկուհի է, ծնողներիս սրտով եղավ: Արդեն որդի ունեմ, նա «ատամհատիկի» ժամանակ ձեռքն առավ վիրաբույժի նշտարն ու երջանկացրեց իրենց մասնագիտությունը ժառանգներին փոխանցելու փափագով ապրող ծնողներիս: Ես համերաշխ ընտանիք ունեմ, լավ վաստակում եմ: «Դզող-փչողի» իմ մասնագիտությամբ կարողանում եմ հոգալ ընտանիքիս կարիքները; Շրջապատված եմ ինձ սիրող մարդկանցով: Լավ ընկերներ ունեմ: Որդուս ծննդյան օրը իրար գլխի էի հավաքել բոլոր հարազատներիս  ու ընկերներիս: Մի պահ, երբ բաժակները խփում էինք իրար, հայացքս սահեց բաժակներ բռնածների ձեռքերին, որը` նուրբ ու խնամված, որը` կոշտացած ու կոպիտ, բայց բոլորն էլ աշխատող, վաստակող ու ազնիվ` իմ ընկերների ձեռքերը` բժշկի, արհեստավորի, վարորդի, գործարարի, այնքան տարբեր ու այնքան ներդաշնակ` հոգու բարությամբ ու ներաշխարհի գեղեցկությամբ: Նրանք իմ հարստությունն են, իմ ուժը: Ես հանկարծ մտածեցի, որ իրապես երջանիկ եմ: Ունեմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է ինձ` սիրելի գործ, համերաշխ, մտերիմ ընտանիք, ուր կա ջերմություն ու փոխըմբռնում եւ հավատարիմ նվիրված ընկերներ, որոնք իմ կողքին են ե՛ւ ուրախության, ե՛ւ տխրության պահին:

ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Խորագիր՝ #04 (1426) 11.04.2022 - 15.04.2022, Բանակ և հասարակություն


27/01/2022