Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՇԱՏ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՄ ԵՎ ՇԱՏ ՏԱՐԻՆԵՐ՝ ԱՊՐԵԼՈՒ…»



«ՇԱՏ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՄ ԵՎ ՇԱՏ ՏԱՐԻՆԵՐ՝ ԱՊՐԵԼՈՒ...»…Ինքն իր մասին այսպես է ասել Արցախյան վերջին պատերազմում անմահացած Վարդան Ամալյանը դեռևս 11 տարեկան հասակում: Վարդանն իր անունն ստացել էր ի պատիվ Արցախյան ազատամարտի լեգենդար հերոս Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդանի): Կրտսեր Վարդանը գիտեր՝ մի օր էլ ինքն է դառնալու Հայրենիքի զինվոր, բայց, թվում էր՝ ավարտվել է պատերազմը…

Վաղ պատանության տարիներին «Ինքնաբնութագիրս» գրվածքում Վարդանը ազնվորեն ներկայացրել է ինքն իրեն. չի սիրում թուլամորթություն՝ հատկապես տղաների մոտ, խաբեություն, դավաճանություն: Բայց ինքը ծույլ է, նեղացկոտ, անզիջում, չի սիրում պարտություն, ֆուտբոլ լավ է խաղում՝ թաղում առաջինն է, և… ունի շատ երազանքներ, ապրելու տարիներ՝ ինչքա՜ն ուզես…։

9-րդ դասարանն ավարտելուց հետո Վարդանն ընդունվել է Երեւանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջի ռեժիսուրայի բաժինը։ Բայց քոլեջն ավարտելուց հետո՝ 2019 թ. ընդունվել է նաեւ Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի բռնցքամարտի բաժին, սակայն այդպես էլ չի հասցրել հաճախել դասերի. ամռանը զորակոչվել է Հայոց բանակ և ծառայության անցել Արցախում:

Ծառայում էր Ստեփանակերտում… Պատերազմն սկսվելու հենց առաջին օրը նա արդեն Վարանդայում էր, ապա՝ Հադրութում: Նոյեմբերի 7-ին բարձրացրել էին իր անվանակցի՝ Դուշման Վարդանի ազատագրած Շուշիի մատույցներ… Այդտեղ էլ զոհվել է Վարդանը…

«ՇԱՏ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՄ ԵՎ ՇԱՏ ՏԱՐԻՆԵՐ՝ ԱՊՐԵԼՈՒ...»Հունվարի 18-ին լրացավ հերոսի 21-ամյակը… Տարեդարձը նշեցինք «Եռաբլուրում»:… Անխոս նշեցինք նրա տարեդարձը՝ իր և մոտակա հերոսների շիրիմներին ծաղիկներ խոնարհելով, խնկարկելով ու իրար մխիթարելով։ Մեր ժողովրդի կողմից սիրված երգահան-երգիչներ Դավիթ և Արմինե Ամալյանների որդին էլ միգուցե աչքի ընկներ իր երաժշտական կատարումներով, միգուցե՝ որպես գրող, ռեժիսոր, նշանավոր ֆուտբոլիստ, բռնցքամարտիկ։ Բայց մնաց հավերժ 19 տարեկան…

Հերոսի ծննդյան օրը նշանավորվեց նաև նրա պատմվածքների բեմականացմամբ։ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երիտասարդ դերասանները ներկայացրին Վարդանի՝ 11-14 տարեկանում գրած փոքրածավալ պատմվածքները, որ լույս են տեսել 2016 թ.՝ հեղինակի 15-ամյակի առթիվ։

Նրանք մարմնավորեցին Վարդանի պատանեկան հասակում գրած պատմվածքների հերոսներին՝ բացահայտելով պատանու ներաշխարհը… «Մտացրիվ» պատմվածքում հեղինակը ցավ է ապրում մարդկային անտարբերության, հաստավիզ չար մարդկանց կատարածի և անպատիժ մնալու համար։ «Վարդը, որ աճել էր բետոնի մեջ»-ը լիրիկական գործ է։ Բետոնի մեջ աճած վարդը սիրահարվում է հենց բետոնին, իսկ վերջինս «մերժում է» նրան։ Պատմվածքն ավարտվում է… վարդի ու բետոնի մահով։ Թատերական բեմականացումն ավարտվեց «Ա» պատմվածքով, որը Վարդանը գրել էր 14 տարեկանում։ Չարի ու բարու հակադրություն, պատերազմ՝ արդեն… համակարգչով։ Միգուցե զգացել էր պատանին, որ այդ տիպի պատերազմում է զոհվելու…

Իսկ թատրոնի ցուցասրահում տեղադրված էին Վարդանի լուսանկարները, որոնցում միշտ ժպտուն է նա, երազկոտ…

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #04 (1426) 11.04.2022 - 15.04.2022, Ճակատագրեր


27/01/2022