Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, աջակցում է տվյալ ձևաչափի աշխատանքի շարունակությանը` մանդատին համապատասխան և հաշվի առնելով 2020 թվականից հետո առաջացած տարածաշրջանային իրողությունները։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես ներկայացրել է Մոսկվայի դիրքորոշումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվել թույլ չտալու» մասին հայտարարության վերաբերյալ: Այս դիրքորոշմանը կողմ են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան։

Ռուսաստանի պաշտոնատարները վստահեցնում են. Եվրոպայում լայնածավալ պատերազմի ռիսկ չկա, իսկ Ռուսաստանը մտադիր չէ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել Ուկրաինայի դեմ։ Միևնույն ժամանակ, Մոսկվան սպառնալիք է տեսնում, երբ Ուկրաինան ավելի ու ավելի է ինտեգրվում ՆԱՏՕ-ին՝ նույնիսկ առանց կազմակերպության անդամի պաշտոնական կարգավիճակ ձեռք բերելու։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանակցություններ են անցկացրել Ժնևում: Հիմնական թեման անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներն էին և Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Ամերիկյան կողմը խոստացել է գրավոր պատասխանել ռուսական առաջարկներին։

Էնթոնի Բլինքենն իր հերթին ասել է, որ Սերգեյ Լավրովի հետ քննարկել են նաև Իրանի միջուկային գործարքը՝ համարելով այն անվտանգության հարցերի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցության օրինակ:

Արևմուտքը փորձում է նախապատրաստել տեղեկատվական հիմք մի շարք խոշոր, այդ թվում՝ ռազմական սադրանքների համար՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Տեղեկատվական հարթակներում համապատասխանաբար մշակվում է հասարակական կարծիքը:

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել. ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկություններին պատասխան պատրաստելու փոխարեն կեղծ մեղադրանքներով արշավ են սկսել Մոսկվայի դեմ։ Մինչ այժմ հիմնականում տեսանելի են ռուսական կողմի առաջարկած հստակ առաջարկների քննարկումը ձգձգելու փորձեր։

Ռուս դիվանագետների կարծիքով՝ իրենց երկիրը ներկայացվում է որպես ագրեսոր, քաղաքակիրթ Եվրոպայի թշնամի և սպառնալիք միջազգային կայունությանը։

ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների վերջնաժամկետ չկա, սակայն Մոսկվային բացարձակապես չի բավարարում գործընթացի անվերջ ձգձգումը:

Եվրամիությունը Ռուսաստանին կոչ է արել թուլացնել Ուկրաինայի շուրջ լարվածությունը։ ԵՄ 27 արտգործնախարարները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են, որ «ազդեցության գոտի» հասկացությունը տեղ չունի 21-րդ դարում, իսկ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած ռազմական ագրեսիա կհանգեցնի ծանր հետևանքների: Եվրամիությունը պատրաստ է Ռուսաստանի դեմ աննախադեպ տնտեսական պատժամիջոցների, թեև ԵՄ անդամներից ոչ բոլորն են համաձայն կտրուկ քայլերի:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Եվրոպային և ԱՄՆ-ին կոչ է արել լավ մտածել պատժամիջոցների հարցը քննարկելիս։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ «ամենածանր մահակը» միշտ չէ, որ կարող է լավագույն միջոցը լինել նման իրավիճակում:

Ավստրիայի արտաքին գործերի նախարարն էլ մատնանշել է Ավստրիայի կախվածությունը Ռուսաստանից՝ գազի 40%-մատակարարումների առումով։

 

Իրան

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունների օրակարգում եղել են երկկողմ համագործակցության, միջազգային եւ տարածաշրջանային հարցեր, Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման խնդիրները։ Ռաիսին ելույթ է ունեցել ՌԴ Պետական Դումայում։

Իրանի նախագահի գնահատմամբ՝ այցը կարող է շրջադարձային լինել Ռուսաստանի հետ Իրանի քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերություններում, ինչպես նաև արդյունավետ լինել տարածաշրջանում անվտանգության, տնտեսական և առևտրային հարաբերությունների ապահովման համար։

Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմանավերը Արաբական ծովում CHIRU-2022 ռազմածովային զորավարժություններ են անցկացրել, որոնց երեք պետություններից մասնակցել է 14 ռազմանավ և օժանդակ նավ: Ծրագրի համաձայն՝ հիմնական շեշտադրումը կատարվել է փրկարարական աշխատանքների կազմակերպման և ծովահենության դեմ պայքարի ուղղությամբ։

 

Թուրքիա

Թուրքիայի նախագահ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ քննարկելու և կարգավորելու տարաձայնությունները։ Մեկնաբանելով այդ առաջարկը՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է ՌԴ դիրքորոշումը. Կրեմլը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը՝ ուղղված Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը։

Թուրքիային չի կարելի մեղադրել Ուկրաինային թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար, քանի որ գործընթացը համապատասխանում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ծրագրին՝ ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նրա խոսքով, Թուրքիան տարբեր, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցում է և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի, և՛ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների հետ։ ԱԹՍ-ների վաճառքը այդ համագործակցության օրինակներից է։

Bayraktar ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտնել է, որ Թուրքիան կնքել է Akinci մարտական ԱԹՍ-ների արտահանման առաջին պայմանագիրը: Մատակարարումը նախատեսվում է 2023 թվականին:

Բայրաքթարը նաև խոսել է Bayraktar TB-2 ԱԹՍ-ի բարձր պահանջարկի մասին: Դրանք ձեռք բերելու համար պայմանագրեր են կնքվել 16 երկրների հետ:

Էրդողան. «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շարունակում են լավ զարգանալ։ Թուրքիան Ռուսաստանի հետ ունի խաղաղ հարաբերություններ, ինչպիսիք չեն եղել պատմության մեջ»:

 

Ադրբեջան

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևն այցելել է ՌՕՈւ զորամասերից մեկը, մասնակցել է ՀՕՊ պետերի և զենիթահրթիռային դիվիզիոնների հրամանատարների ուսումնամեթոդական հավաքին: Վելիևը ստուգել է Արցախից գրավված տարածքներում տեղակայված զորամասերի գործունեությունը։

Ադրբեջանական բանակի զինծառայողները մասնակցել են Թուրքիայում անցկացվող պարաշյուտային թռիչքի դասընթացներին։

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, թե Ուկրաինայի շինարարական և այլ ընկերություններ պատրաստ են մասնակցելու Արցախից գրավված տարածքների վերականգնմանն ու վերակառուցմանը։

Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը նույնպես հայտնել է Արցախից գրավված տարածքներում իրականացվող աշխատանքներին մասնակցելու չինական ընկերությունների շահագրգռվածության մասին։ Չինական Huawei ընկերությունը մասնակցում է Արցախի գրավված տարածքներում «խելացի քաղաքներ» և «խելացի գյուղեր» ստեղծելու նախագծերին։

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին Ռուսաստան կատարած այցի ժամանակ նշել է, որ իրենք առաջարկել են ռուսական գազի փոխանակում Ադրբեջանից դեպի Իրանի հարավ՝ դրա հետագա արտահանման նպատակով:

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկել է դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քուելարի տունը և Թեխասում նախընտրական գրասենյակը՝ Ադրբեջանի և մի շարք ամերիկացի գործարարների հետ կապված դաշնային լայնածավալ հետաքննության շրջանակում։

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ Տարածաշրջան


27/01/2022