Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



#01 (1423) 12.01.2022 - 18.01.2022Ռուսաստան

 

Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները հանդես են եկել միջուկային պատերազմի անթույլատրելիության, ինչպես նաև սպառազինությունների մրցավազքը կանխելու հայտարարությամբ, որում նշված է՝ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։

ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի դեմ, սակայն իրավունք ունի իր զինված ուժերը կիրառել արտասահմանում ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու համար՝ նրանց վրա հարձակման դեպքում։

Ռուսաստանի օդադեսանտային զորքերի հրամանատար Անդրեյ Սերդյուկովը հայտնել է. «Պսկովում և Ղրիմում երկու դեսանտագրոհային գնդեր են ձևավորվել, որոնք ուժեղացրել են ՌԴ զինված ուժերի մարտական ներուժը երկրի արևմուտքում և հարավում»:

Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները։ Նախատեսվում է նաև Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի անցկացում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի և Տաջիկստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:

«Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներն ուղղված են պայմանավորվածությունների նոր համակարգի ստեղծմանը և իրավական ձևակերպմանը՝ հիմնված ռազմական գերազանցության հասնելու փորձերից հրաժարվելու սկզբունքի վրա»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, թե՝ տեղեկատվական պատերազմ է ընթանում բոլոր ճակատներում, և Ռուսաստանը իրավունք չունի դրանում պարտվել:

 

ՀԱՊԿ

 

Ղազախստանում հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների: Բազմաթիվ քաղաքներում ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել, ցուցարարները վարչական շենքեր են գրավել, նաև նախագահի հին նստավայրը Ալմաթիում եւ միջազգային օդանավակայանը: Ղազախստանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել, սակայն դրանից հետո էլ բախումները ավելի լայն թափ են ստացել։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է երկրի վրա ահաբեկչական հարձակման մասին: Հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ, ինտերնետի աշխատանքի սահմանափակումներ են մտցվել: Տոկաևը նախկին նախագահ Նազարբաևի փոխարեն ստանձնել է նաեւ երկրի անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը: Նուրսուլթան Նազարբաևը, որը պետք է ցմահ զբաղեցներ այդ պաշտոնը, պաշտոնանկ է արվել։ Տոկաևը հայտարարել է՝ գործելու է կոշտ և չի լքելու երկիրը:

Զինված ուժերը մոբիլիզացնելուց հետո Ալմաթիում սկսվեց հակաահաբեկչական գործողություն: ՀԱՊԿ երկրները Ղազախստանի ղեկավարության դիմումի հիման վրա Ղազախստան հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշում ընդունեցին երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով: Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղրղըզստանի խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումներն իրականացնում են կենսական նշանակության օբյեկտների, օդանավակայանների, սոցիալական ենթակառուցվածքի հիմնական օբյեկտների պաշտպանության խնդիրներ: Ըստ ղազախական կողմի հետ պայմանավորվածության՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի զինծառայողները ներգրավված չեն տեղական իրավապահ մարմինների եւ բանակային ստորաբաժանումների ընթացիկ օպերատիվ և մարտական գործողություններում:

Պաշտոնական տվյալներով՝ անկարգությունների ընթացքում տասնյակ զոհեր են եղել, տուժել են հարյուրավոր քաղաքացիներ և զինծառայողներ: Արդեն իսկ ձերբակալվել են շուրջ տասը հազար իրավախախտներ:

Հունվարի 10-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը տեսակոնֆերանսի ձևաչափով։ Նիստին քննարկվել են Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակն ու դրա կարգավորմանն ուղղված միջոցառումները։

Արդեն հունվարի 11-ին Ղազախստանի նախագահ Տոկաեւը հայտարարել է, որ իրավիճակը երկրում կայունանում է, ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի հիմնական առաքելությունն ավարտված է։ ՀԱՊԿ զորքերը դուրս կբերվեն 10 օրվա ընթացքում։

 

Իրան

 

Իրանը հաջողությամբ երեք հետազոտական արբանյակ է արձակել տիեզերք:

Իրանը Ռուսաստանի հետ կստորագրի անվտանգության և ռազմատեխնիկական համագործակցության մասին լայնածավալ համաձայնագիր, որի շրջանակում Ռուսաստանից կգնի Սու-35 կործանիչներ, Ս-400 զենիթահրթիռային համալիրներ, ռազմական արբանյակներ՝ շուրջ 10 մլրդ դոլարի:

Իրանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ 51 քաղաքացիների նկատմամբ, որոնք մասնակցել են իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության օպերացիային։ Նրանց թվում են շտաբի պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլին եւ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ռոբերտ Օ՚Բրայենը:

Մեկ տարի առաջ էլ Թեհրանն իր պատժամիջոցների ցուցակում ավելացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, պետքարտուղար Մայք Պոմպեոյին, նախկին այլ պաշտոնյաների:

 

Թուրքիա

 

Անցած տարի Թուրքիայի ռազմական նշանակության արտադրանքի ամենախոշոր ներկրողը եղել է ԱՄՆ-ը՝ 1 մլրդ 127 մլն 861 հազար դոլարի ծավալով։ ԱՄՆ-ին հաջորդել է Ադրբեջանը՝ 202 մլն 221 հազար դոլարի ծավալով։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն ասել է, որ 2021 թ. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծով Թուրքիայի բեռնափոխադրումներն աճել են 98%-ով:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրած 2022 թ. պաշտպանական բյուջեում կարևոր դրույթներ կան՝ ուղղված Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն՝ Արցախում կատարած ռազմական հանցագործությունների համար։

Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Ղազախստանի իրադարձություններին՝ անհանգստացնող համարելով Ղազախստանի կողմից իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ-ին դիմելը, որը նախագահում է Հայաստանը։

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել է 2022 թ. Թուրքիայի զարգացման նոր տնտեսական մոդելի մասին, որը խթանելու է զբաղվածության աճն ու նոր աշխատատեղերի ստեղծումը: Ծրագրի իրագործման դեպքում յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա պլանավորել իր կյանքը 3 տարվա կտրվածքով:

 

Ադրբեջան

 

2022 թ. նախատեսվում է ադրբեջանցի զինծառայողների մասնակցությունը 30-ից ավելի միջազգային զորավարժությունների և մրցումների՝ «Eternity-2022», «EFES-2022», «Անխախտ եղբայրություն-2022», «Միջազգային բանակային խաղեր-2022» և այլն։ Իսկ 2021 թ. ադրբեջանական բանակում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ մինչև 900 հրամանատարաշտաբային, մարտավարական հատուկ վարժանքներ են անցկացվել։ Ադրբեջանցի զինծառայողները մասնակցել են նաև Ռուսաստանում, Ղազախստանում և Իրանում անցկացվող միջազգային մրցումներին, ինչպես նաև վարժանքների՝ Թուրքիայում, Պակիստանում, Վրաստանում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, արագ տեմպերով շարունակվում է Կովսականի օդանավակայանի շինարարությունը։ Թռիչքուղու երկարությունը կկազմի 3 կմ, լայնությունը՝ 60 մետր, օդանավակայանը կկարողանա ընդունել բոլոր տեսակի, այդ թվում՝ ծանր բեռնատար ինքնաթիռներ։

Թուրքական ASELSAN ընկերության խորհրդի ղեկավար և գլխավոր տնօրեն Հալուք Գյորգյունը հայտարարել է, թե իրենց ընկերությունը ձգտում է նվազեցնել Ադրբեջանի արտաքին կախվածությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Իրենց համար առաջնայինը թուրք-ադրբեջանական համատեղ արտադրությունն է։

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտնել է, թե Բրիտանական BP ընկերությունը Ադրբեջանի էներգետիկայի նախարարության հետ համատեղ ուսումնասիրություններ է սկսել Արցախում արևային էլեկտրակայան կառուցելու նախագծի իրականացման համար։ Ըստ նրա՝ ամենամեծ արևային կայանը նախատեսվում է կառուցել Ջրականում։

Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2022 թ. «Շուշի քաղաքի տարի» հայտարարելու մասին։ Իսկ մինչ այդ, որոշում է ընդունվել Շուշիում հայկական հետքերը ոչնչացնելու քաղաքականության շրջանակում քանդել հայերի կառուցած շենքերը, այդ թվում՝ խորհրդարանի նոր շենքը։

Սկսվել է Իրանի տարածքով թուրքմենական գազի մատակարարումը Նախիջևան՝ Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի միջև Աշխաբադում կնքած համաձայնագրի շրջանակում։

Ադրբեջանի Միլի մեջլիսը լիագումար նիստում երրորդ ընթերցմամբ ընդունել է «Մեդիայի մասին» աղմկահարույց օրինագիծը, որը խիստ կսահմանափակի լրագրողների և սոցցանցերի օգտատերերի իրավունքները։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #01 (1423) 12.01.2022 - 18.01.2022, Տարածաշրջան


13/01/2022