Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՎԱՆԴԱԼԻԶՄԻՑ ԵՎ ՅՈՒՐԱՑՈՒՄԻՑ
ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՎԱՆԴԱԼԻԶՄԻՑ ԵՎ ՅՈՒՐԱՑՈՒՄԻՑ

ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՎԱՆԴԱԼԻԶՄԻՑ ԵՎ ՅՈՒՐԱՑՈՒՄԻՑՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ջանքերով մինչև տարեվերջ լույս կտեսնի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանի հեղինակած «Արցախի մանրատեղանուններ» գիրքը: Այս առիթով զրուցեցինք Հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի հետ: Խնդրեցի նախ ներկայացնել Հիմնադրամի առաքելությունը, աշխատանքների ուղղվածությունը և մանրամասնել հրատարակման նախապատրաստվող գրքի նշանակությունը՝ հատկապես այս օրերին:

-Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը (2010թ.՝ հիմնադրամ) հիմնադրվել է 1982թ.՝ Գերմանիայի Աախեն քաղաքում ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հախնազարյանի նախաձեռնությամբ: Հիմնադրամի նպատակն ի սկզբանե եղել է Հայաստանի տարածքից դուրս գտնվող և վտանգված հայկական հուշարձանների ուսումնասիրությունը և դրանց՝ թեկուզ թղթի վրա՝ իրենց չափագրումներով, լուսանկարներով փրկելու գաղափարը: Սկզբնական շրջանում Հիմնադրամն իր գործունեությունն իրականացրել է Արևմտյան Հայաստանում՝ հենց Արմեն Հախնազարյանի ջանքերով,- պատմում է Րաֆֆին:- Նա դեպի Արևմտյան Հայաստան 6 եռամսյա գիտարշավներ է իրականացրել, մինչև որ թուրքական կառավարությունը նրան անցանկալի անձ է հայտարարել, և նրա մուտքը Թուրքիայի տարածք արգելվել է: Նրա գործը շարունակեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Խորհրդային Հայաստանի տարածքից մուտք գործելով Խորհրդային Ադրբեջանի տարածք և ուսումնասիրելով վտանգված հայկական հուշարձանները. դրանց պահպանության առումով նա դեռ այն ժամանակ մտավախություն ուներ: Եվ, ինչպես տեսնում եք, այժմ արդեն այդ վտանգները լիովին իրական են ու առարկայական՝ հատկապես վերջին պատերազմից հետո: Այս իմաստով այն, ինչ Սամվել Կարապետյանի ջանքերով  հաջողվել է փաստագրել, կենսական նշանակություն ունի հայ մշակույթի պահպանության համար:

ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՎԱՆԴԱԼԻԶՄԻՑ ԵՎ ՅՈՒՐԱՑՈՒՄԻՑՍամվել Կարապետյանն ու Արմեն Հախնազարյանը հանդիպել են Հայաստանում, և նրանց համագործակցության արդյունքում 2000 թվականից հիմնադրամն իր մշտական գրասենյակն ունի նաև Երևանում: Այստեղից էլ արշավներ են իրականացվել տարբեր ուղղություններով, այդ թվում նաև՝ պատմական Հայաստանի հայկական վտանգված հուշարձանների վավերագրման աշխատանքների իրականացման նպատակով:

Րաֆֆի Քորթոշյանը մասնագիտությամբ ճարտարագետ է, տիրապետում է արաբերենին, թուրքերենին: 2006թ. նա «Դեպի Հայք» հիմնադրամի ծրագրով՝ որպես կամավոր Հալեպից եկել է Հայաստան:

-Այդ ծրագրով երկու ամիս պետք է կամավոր հիմունքներով աշխատեի Սամվել Կարապետյանի հիմնադրամում: Երբ ժամկետն ավարտվեց, Սամվելն ինձ ասաց. «Մենք քո գիտելիքների կարիքն ունենք, մնա՛ մեզ մոտ», և ես մեծ սիրով ընդունեցի նրա առաջարկն ու մնացի: Հայրենիքին օգտակար լինելու գիտակցությունն ինձ այստեղ պահեց:

Ինչ վերաբերում է հրատարակության պատրաստ «Արցախի մանրատեղանուններ» գրքին, այն ներառում է Սամվել Կարապետյանի՝ ավելի քան 20 տարիների տքնաջան աշխատանքի արդյունքը: Նա շրջել է և՛ Հյուսիսային Արցախով և՛ Արցախի բուն տարածքով ու տեղի հուշարձաններն ուսումնասիրելու նպատակով իր շրջագայության ընթացքում նաև տեղացիներից հավաքել է գյուղերի տարածքում, գյուղերի հանդամասերում, մոտակայքում գտնվող մանրատեղանունները՝ ամեն մի բլրի, ամեն ձորակի, գետակի, սուրբ ծառի, խաչքարի անունները, ու դրանք նաև քարտեզագրել: Նրա ուսումնասիրությունների սկզբնական շրջանում չի եղել GPS հասկացությունը, որ նաև դրանով այդ տարածքները ամրագրեր, բայց նրա կատարած քարտեզագրումն այնքան մանրակրկիտ ու ճշգրիտ է արված, որ այսօր մենք կարող ենք հեշտությամբ գտնել այդ տեղանքները և դրանց GPS  կոորդինատները ստանալ: Գիրքը ներառում է մոտ 5000 մանրատեղանուն: Դրանց մի մասը հատկապես կարևոր են, քանի որ հիշատակվում են նաև Արցախի մասին միջնադարյան վավերագրերում: Ու այսօր այդտեղի բնակիչը հազարավոր տարիներ նույն տեղանունը նույն ձևով արտաբերում է և դրանով իսկ հավաստում, որ դարեր ի վեր ապրում է այդ հողում, երբևէ չի տեղաշարժվել, բնիկ է: Սրանք եզակի կարևորություն ունեցող փաստագրումներ են Արցախի համար: Իսկ Արևմտյան Հայաստանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայոց ցեղասպանությունից հետո արդեն  բնիկ բնակչություն համարյա չի մնացել. կան առավելապես ծպտյալ կամ ուծացած, կրոնափոխ հայեր: Իսկ Իրանում Շահ Աբասը անընդհատ տեղաշարժել, տեղափոխել է հայերին: Նրանք գնացել, հետ են եկել, այդ ընթացքում իրենց ծննդավայրի վերաբերյալ կարևոր հիշողություններն են կորցրել: Բացառություն է կազմում Արցախը, որի տարածքում ժողովուրդը մշտապես  պինդ կանգնած է եղել, և այդտեղի մանրատեղանունները հենց բնիկների շնորհիվ մինչև մեր օրերն են հասել: Անշուշտ, ի տարբերություն տեղանունների, մանրատեղանունները շատ ավելի արագ են մոռացվում, քանի որ գաղթողը հիշողության մեջ մշտապես կրում է իր գյուղի անունը: Իսկ երբ այդ գյուղում բնիկներ չեն ապրում, մի սերունդ հետո մոռացվում են մանրատեղանունները: Այս առումով Սամվել Կարապետյանի աշխատանքը բացառիկ նշանակություն ունի: Դժբախտաբար, երբ Հյուսիսային Արցախի՝ մասնավորապես Շահումյանի բնակչությունը տեղահանվեց, այնտեղի տեղանունները, որոնք հազարամյակների պատմություն ունեն, մոռացության վտանգի տակ հայտնվեցին: Այսօր արդեն, պատերազմից հետո, նույնն է սպասվում նաև Հադրութի և մյուս բնիկ հայկական բնակավայրերի տեղանուններին, որոնք հայ ժողովրդի ոչ նյութական մշակույթի անքակտելի մասն են, ինչպես եւ՝ բանահյուսությունը, բարբառներն ու մանրատեղանունները: Դրանց, նաեւ նյութական մշակույթի մաս կազմող եկեղեցիների, վանքերի, բերդերի վտանգված լինելը մշակութային ցեղասպանության խնդիր է:

-Նորերս Ադրբեջանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ…

ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՎԱՆԴԱԼԻԶՄԻՑ ԵՎ ՅՈՒՐԱՑՈՒՄԻՑ-Հայ-ադրբեջանական ձգվող հակամարտության պայմաններում Ադրբեջանն անընդհատ ոտնձգություններ է անում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ: Զարմանալի է, ու նաև՝ ամոթ է քաղաքակիրթ մարդկության վերաբերմունքն ու կեցվածքը Ադրբեջանի՝ պետական մակարդակով վարած «հակամշակութային» քաղաքականության հանդեպ: Մեր օրերի մշակութային եղեռնը, որ Ադրբեջանն այժմ իրականցնում է իր հարևանների  նկատմամբ, քաղաքակիրթ մարդկության համար քաղաքակրթության կորստի, նահանջի ևս մի նախանշան կարելի է դիտարկել:

-Սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքում ևս մշակութային զգալի վանդալիզմ է իրականցվել: Ի՞նչ զուգահեռներ կարելի է անցկացնել:

-Սիրիայում «Իսլամական պետություն»  ահաբեկչական կազմակերպությունը ամենուրեք քանդում էր տեղի մշակութային ժառանգությունը, ընդ որում՝ առանց խտրականության: Մշակութային բոլոր կոթողները՝ անկախ կրոնական պատկանելությունից, ավերվում էին: ԻԼԻՊ-ն իր գաղափարախոսությամբ մերժում էր բոլոր մշակութային արժեքները: Ըստ ԻԼԻՊ-ի «գաղափարախոսության»՝ երկրի, հողի վրա Աստծուն վերաբերող որևէ նյութական բան չպետք է լինի: Իսկ Ադրբեջանն այս առումով, ըստ իս, է՛լ ավելի մեծ հանցանք է գործում, քանի որ նպատակաուղղված ոչնչացնում է մեկ ազգի մշակութային ժառանգությունը, հետքը: Այդ առումով ես պնդում եմ, որ նրա գործողություններում առկա է հենց մշակութային ցեղասպանությունը՝ ազգային ժառանգությունը ոչնչացնելու միտումնավորությունը:

ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՎԱՆԴԱԼԻԶՄԻՑ ԵՎ ՅՈՒՐԱՑՈՒՄԻՑԱյն, ինչ Արցախում կառուցվել է վերջին 30 տարիների ընթացքում, արդեն իսկ քանդված է: Ալիևը հայտարարեց, որ դրանք «օկուպացիայի» տարիներին են արված և ենթակա են ոչնչացման: Իսկ ինչ վերաբերում է ավելի հին շրջանի հուշարձաններին, ինչպես օրինակ՝ Հադրութի Հին Թաղերի գերեզմանատանը, Շուշիի ճանապարհին գտնվող բոլոր հուշարձանները, դրանք նույնպես հիմնովին ավերվում են: Որոշ մասն էլ փորձ է արվում ներկայացնել որպես «աղվանական ժառանգություն»: Հայտնի մի տեսագրություն կա, երբ ցույց են տալիս Հադրութի Սուրբ Աստվածածին եկեղեցու 17-րդ դարի արձանագրությունը և պնդում, որ դա կեղծ արձանագրություն է՝ նոր է արվել: Մարդ չգիտի՝ ծիծաղի՞, թե՞ լա: Մի շատ ավելի զավեշտալի դեպք եղավ վերջերս՝ նոյեմբեր ամսին: Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը թվիթերյան իր էջում մի գրառում էր արել, որում ցույց էր տվել Տիգրանակերտի ներքևում գտնվող Շահբուլաղ բերդի լուսանկարը և տեղադրել իբր դրա աշտարակի երկու լուսանկար՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ մի աշտարակի լուսանկարում փոսիկը դատարկ է, իսկ մյուսում խաչքար կա: Պնդում էր, որ հայերը հատուկ խաչքար են տեղադրել Շահբուլաղ բերդի վրա, որպեսզի բերդը «հայացնեն»: Եվ այս իր գրառումը ուղարկել է Բաքվի տարբեր դեսպանատներին, որպեսզի կարծիք հայտնեն: Իրենց էջերում մշակույթի նախարարության բոլոր աշխատակիցներն էին կիսվել, բոլոր պատգամավորները: Միլիոնավոր դիտումներ էր ունեցել այս գրառումը: Եվ ի՞նչ. պարզվեց, որ հիմնովին սուտ գրառում էր, քանի որ այդ աշտարակը, որի լուսանկարը նա տեղադրել էր, գտնվում է Շահբուլաղից 1000 կմ հեռավորության վրա՝ Վրաստանի Ախալցխայի շրջանում: Ախալցխայի հայտնի բերդի աշտարակի վրա գտնվող փոսիկի մեջ ագուցված խաչքարի պատկերն էր: Եվ մենք, շնորհիվ Սամվել Կարապետյանի, այդ աշտարակի լուսանկարներն ունեինք: Մեր կազմակերպությունն, իհարկե, արձագանքեց այս դեպքին և հերքող փաստեր ներկայացրինք: Սակայն, ցավոք, Ադրբեջանի՝ այս առումով ներդրած կարողությունների և միջոցների հետ ոտք մեկնելը, լիովին նմանօրինակ քարոզչական արկերը վնասազերծելը, բարդ գործ է: Պարզ է, որ օրինակ ամերիկացին, Քարիմովի այդ գրառմանը հանդիպելով, երբևէ չի մտածի, որ այս մակարդակի սուտ կարող է տարածվել: Կընդունի որպես իրողություն: Եվ երբ մենք հայտեր ենք ներկայացնում որևէ հուշարձանի պահպանության առումով, մեզ պատասխանում են. «Դե, դուք էլ եք արել, իրենք էլ են անում…», ու վկայակոչում նման դեպքերը: Սա շատ վտանգավոր միտում է: Ադրբեջանը նման գործողություններով հող է նախապատրաստում, որ հավասարության նշան դնելով հայկական և ադրբեջանական կողմերի միջև՝ անարգել օրինականացնի իր գործողությունները…

Այսօր Արցախի տարածքի մեր բոլոր օկուպացված շրջանները ծայրահեղ վտանգված են հայկական պատմական հուշարձանների առումով: Մեր հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործելաոճն է. երբ ուզեցել են մեզ հայրենազրկել, սկզբում ոչնչացրել են բնակչությանը, հայաթափել բնակավայրը, այնուհետև անցել մշակութային հետքի վերացմանը: Վկա՝ Արևմտյան Հայաստանը, Հյուսիսային Արցախը և Նախիջևանը: Եվ մենք այսօր, անկախ այն բանից, թե ինչ մասնագիտություն ունենք, պետք է միահամուռ գործենք, պաշտպանենք մեր հարուստ ժառանգությունը այդ շրջաններում, պահպանենք հայկական հազարամյա մշակույթը վանդալիզմից և յուրացման նկրտումներից:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ