Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահները տեսազանգի ձևաչափով բանակցություններ են վարել: Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ռազմավարական կայունության, տարածաշրջանային խնդիրների հետ կապված հարցեր։

Մոսկվայում կայացել է «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակում առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի ներկայացուցիչները։ Վրաստանը հրաժարվել է տվյալ ձևաչափին մասնակցելուց։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային եւ հումանիտար փոխգործակցության, ընդհանուր մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմակայելուն ուղղված միջոցառումների ոլորտներում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր խոսքում նշել է, որ ԽՍՀՄ փլուզումն ընկալել է որպես ողբերգություն, որպես պատմական Ռուսաստանի փլուզում: Իսկ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նշել է, որ նախկին ԽՍՀՄ տարածքում վաղուց գոյություն ունեցող զարգացման տարբեր արագությամբ ինտեգրացիոն գործընթացները, ինչպես ԱՊՀ-ն, ԵվրԱզԷՍ-ը, Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունը, ԽՍՀՄ-ը վերամարմնավորելու փորձ չէ: Խորհրդային Միության վերստեղծումն անհնար է։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ Լոնդոնը և գործընկերները պետք է հրաժարվեն ռուսական գազի մատակարարումից՝ «իրենց անկախությունը պահպանելու համար»:

«Ռոսկոսմոս»-ի մաս  կազմող «Պրոգրես» հրթիռատիեզերական կենտրոնում արտադրում են նոր սերնդի «Ռեսուրս-ՊՄ» արբանյակները: Նոր արբանյակների տվյալները կօգտագործվեն նավթի, գազի, այլ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, տարածքների կառուցապատման վերահսկման, ջրային պահպանության գոտիների և պաշարների մշտադիտարկման, անտառային եւ գյուղական տնտեսությունների գույքագրման, տեղագրական քարտեզների թարմացման համար:

 

Իրան

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հաստատվել է Իրանի մշտական անդամությունը ՄԱԿ-ի Ատոմային ճառագայթման ազդեցության գիտական կոմիտեին (UNSCEAR):

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտնել է, որ իրանական եւ ռուսական կողմերը մոտ են 20 տարի ժամկետով համապարփակ համագործակցության փաստաթղթի մշակման աշխատանքների ավարտին։ Համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին խոսել են նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Մինչ այս, Իրանը 25 տարի ժամկետով համապարփակ համագործակցության նմանատիպ համաձայնագիր է կնքել Չինաստանի հետ։

Իրանական միջուկային գործարքը վերսկսելու շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններին զուգահեռ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը խստացնում է Իրանի դեմ պատժամիջոցները: Ամերիկյան բարձրաստիճան պատվիրակություն է մեկնում Արաբական Միացյալ Էմիրություններ՝ նախազգուշացնելու Իրանի հետ բիզնես վարող և պատժամիջոցներին չենթարկվող ԱՄԷ բանկերին։ ԱՄՆ-ը կարող է պատվիրակություններ ուղարկել մի քանի այլ երկրներ՝ Իրանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու համար: Մինչդեռ ԱՄԷ-ն կողմ չէ Իրանի դեմ ցանկացած լրացուցիչ պատժամիջոցին Վիեննայում բանակցությունների ձախողման դեպքում։

Իրանի իշխանությունները մտադիր են պատժամիջոցների ցանկ կազմել մարդու իրավունքների լուրջ խախտումներում ներգրավված ամերիկյան ընկերությունների և քաղաքացիների համար։

Իրանի նախագահ Ռաիսին իր թուրք գործընկեր Էրդողանի հետ հեռախոսազրույցում նշել է՝ մենք պնդում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների ներսում եւ տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությամբ. արտաքին միջամտության անհրաժեշտություն չկա:

Իրանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության համընդգրկուն փաստաթուղթն ավարտական փուլում է. այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղերի Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանն ու Թուրքիան ակտիվորեն համագործակցում են տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում։

Իրանը, Ադրբեջանը եւ Վրաստանը գործարկում են Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տարանցիկ երթուղի։

 

Թուրքիա

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է բարելավել հարաբերություններն Իսրայելի հետ, սակայն այդ երկիրը պետք է նախ «ավելի զգայուն» քաղաքականություն ցուցաբերի պաղեստինցիների նկատմամբ։ Նրա խոսքով՝ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավումը շահավետ կլինի ամբողջ տարածաշրջանի խաղաղության համար։

Թուրքիայի նախագահ Էրդողանը կրկին առաջարկել է Ռուսաստանին եւ Ուկրաինային միջնորդի դեր՝ առկա լարվածությունը թուլացնելու եւ երկխոսություն հաստատելու համար:

ԱՄԷ-ի կառավարական պատվիրակությունը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության շուրջ հնարավոր համագործակցությունը քննարկելու համար։ Մոտ երկու շաբաթ առաջ էլ ԱՄԷ շեյխ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանն այցելել էր Թուրքիա. ներկայացվել էր Թուրքիայում ԱՄԷ ներդրումների 10 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիր:

Թուրքիայի արդյունաբերության եւ տեխնոլոգիայի նախարարը մեջլիսում խոսել է լուսնի վրա վայրէջք կատարելու ծրագրերից։ Այժմ փորձարկվում է տիեզերանավի հիբրիդիային շարժիչը։

Թուրքիան հաջողությամբ փորձարկել է լազերային զենքով ԱԹՍ։

 

Վրաստան

Վրաստանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունն «անընդունելի» է համարում։ Դեկտեմբերի 10-ին Մոսկվան պահանջել է պաշտոնապես չեղարկել Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը, ըստ որի՝ դաշինքի դռները բաց են Թբիլիսիի եւ Կիևի համար։ Սակայն Թբիլիսին ընդգծում է, որ ոչ մի երրորդ երկիր չի կարող ազդել այս որոշման վրա։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ նշել է, որ Ուկրաինան ու Վրաստանը կարող են առաջխաղացում գրանցել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, եթե համապատասխանեն ներկայացված պահանջներին:

ԱՄՆ-ը չի բացառում Վրաստանում եւ Հայաստանում նոր օբյեկտների կառուցման համար միջոցներ հատկացնելու հնարավորությունը՝ իր «պաշտպանական գործունեությանը» աջակցելու համար։

Աբխազիայի ներկայացուցիչները վրացական կողմին առաջարկել են սկսել պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման ընթացակարգը։ Սուխումի եւ Թբիլիսիի դիվանագետները հանդիպել են Ժնեւում՝ Անդրկովկասում անվտանգության եւ կայունության շուրջ բանակցությունների շրջանակում։

 

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդմամբ՝ Նախիջևանում անցկացվել են հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտավարական հատուկ վարժանքներ՝ «Բնակավայրերում հակաահաբեկչական գործողությունների անցկացում» թեմայով։

Ադրբեջանի ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև 2021 թ. «Անհատական գործընկերության համագործակցության ծրագրի» շրջանակում անցկացվել է «Օդային գործողություններ» թեմայով ուսումնական դասընթաց Ադրբեջանի ՌՕՈւ զինծառայողների և ՆԱՏՕ-ի ՌՕՈւ միացյալ հրամանատարության շարժական ուսումնական խմբի մասնակցությամբ։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, թե Ադրբեջանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում թուրքական «TUSAS» ընկերության կողմից արտադրվող «Hurkus» ուսումնական ինքնաթիռի, նաև «TCG Anadolu» դեսանտային նավերի նկատմամբ։ Դեսանտային նավը նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականին։ Իրագործման փուլում է նաև այդ նավի վրա անօդաչու թռչող սարքի տեղակայման նախագիծը։

Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարության տվյալներով՝ 2021 թ. 9 ամիսների ընթացքում ավիացիոն զինամթերք, քաղաքացիական և երկակի նշանակության արտադրանք, ռազմամթերք, հրաձգային զենքեր և դրանց բաղադրամասերը, հրետանային սպառազինություն, մերձամարտի զենքեր են մատակարարվել 13 երկրների:

Անցած տարիների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերին է փոխանցվել ավելի քան 1000 տեսակի արտադրանք։ Առաջիկայում նախարարությանը ենթակա ձեռնարկությունները նախատեսում են ստեղծել 67 տեսակի նոր սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ արտադրանք։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է դիտորդ երկիր դառնալ Եվրասիական տնտեսական միությունում։

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #49 (1420) 15.12.2021 - 21.12.2021, Տարածաշրջան


16/12/2021