Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱՆԿ ՈՒ ՀԱՐԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ



ԹԱՆԿ ՈՒ ՀԱՐԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԳավառի պետական համալսարանի համակարգչային  ճարտարագիտություն բաժնում է ուսանում գանձակցի Դավիթ Սարգսյանը:

Դավիթի հետ հանդիպեցի  իր ծննդյան օրը՝ անձնագրով ծննդյան…

Նրանք, ովքեր անցան արյունոտ պատերազմի գեհենով ու հրաշքով ողջ մնացին, թերեւս, ամեն բացվող օրը կարող են ծնունդ համարել…

Կռվի ժամանակ Դավիթը ժամկետային էր: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան նրանց գումարտակի անձնակազմին տագնապով ուղարկեցին Թալիշ: Առաջնագծում, դեմ-հանդիման դուրս եկան թշնամու շարասյանը, մի քանի  դիրքեր արդեն գրավված էին:  Թեժ մարտեր էին ընթանում…

Դավիթենց գումարտակը ռազմական գործողությունների մասնակցել է նաեւ առաջնագծի տարբեր հատվածներում՝  Մատաղիս, Քարինտակ, Շեխեր, Շուշի…

Հոկտեմբերի կեսերից Դավիթը շտապ օգնության մեքենա էր վարում,   գիշեր-ցերեկ հոսպիտալների ճանապարհներին էր,  խելահեղ արագությամբ սլանում  էր վտանգավոր ոլորաններով՝ ամեն վայրկյանը կյանք արժեր…

Աջ ու ձախ պայթում էին արկերը. թշնամին գործի էր դրել իր ամբողջ զինանոցը, կրակի տարափ էր:

…Մութ գիշերով, մեքենայի լույսերն անջատած, որ ավելորդ թիրախ չդառնան, Մատաղիսից ութ  վիրավոր էր տեղափոխում: Ճանապարհի նեղ հատվածներից մեկի վրա տանկ էր խփվել, ճանապարհն էլ ձորի պռնկին էր: Տանկի ցաքուցիր եղած բեկորների վրայով մեծ դժվարությամբ անցավ,  մեքենայի երկու անիվը պայթեցին, բայց վիրավորները տեղ հասան…

-Տղերքն իր  շտապօգնության մեքենայի անունը  կատակով “փպսՏՉպՍ տՈցՍ” էին դրել։ Դավիթն այնքան հմուտ էր վարում մեքենան, որ իսկապես Marvel կոմիքսի սուպեր հերոս էր դարձել,- ժպիտով հիշում է բուժծառայության ավագ լեյտենանտ Տիտան Ասատրյանը:-Կռվի ժամանակ Դավիթն իմ վարորդն էր: Անասելի համարձակ էր, անվախ, խիզախ, պատասխանատու, նվիրյալ…Նա ոչ մի վիրավոր զինվորի չթողեց հետևում….

ԹԱՆԿ ՈՒ ՀԱՐԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԶինվորական բժիշկը  բազում սրտառուչ, ջերմ  հիշություններ է վերհիշում.

-Պատերազմից հետո Դավիթն ինձ  արնեկանգ լարան ու ցավազրկող հանձնեց: Հետաքրքրվեցի՝  որտեղից: Ասաց, որ դրանք իր մոտ Շուշիից իջնելուց հետո են մնացել. «Դոկ, էդ քաոսի մեջ, որ դեղերդ վերջանում էին, սրանք պահեցի, որ թե քեզ հանկարծ մի բան լինի, կարողանամ օգնել, գիտեի, որ հաստատ մեկիս համար օգտագործելու ես, պահեցի մոտս, մտածեցի, որ քո կյանքը մերինից ավելի թանկ ա…Դու շատ տղերքի կյանքեր ես փրկել ու դեռ կփրկես … »:

Բժիշկը շատ է հուզվել այդ խոսքերից։ Հետո ինքն էլ իր վերարկուի գրպանից ժգուտ ու ցավազրկող է հանել ու խոստովանել՝ «Ես էլ սրանք քեզ համար էի պահել»։

-Մեզնից  ամեն մեկը մարտադաշտում  մտածել է ոչ թե իր, այլ  կողքին կանգնած կռվողի մասին` մեկս մյուսի կյանքը սեփականից վեր ենք դասել մշտապես,- նշում է Տիտանը:- Այդ մեկս մյուսի նկատմամբ տածած հոգատարությունն ավելին էր, քան եղբայրական սերը։ Դավիթը պատերազմի ժամանակ, մահն ամեն պահ աչքի առաջ, մի վայրկյան իսկ չի վարանել վիրավոր զինվորի հետեւից գնալիս. ինքնապահպանման բնազդը զրոյական էր. միայն դիմացինին հասներ, օգներ…Առանց հրահանգավորման էլ ինքը հստակ, կազմակերպված գործում էր, վիրավորներին բուժօգնություն էր ցուցաբերերում, կրակի տակից հանում արնաքամ զինվորին,  ավտոմատով կռիվ տալիս, գնդացրով մաղում…

21-ամյա երիտասարդն իր արածների մասին խոսել չի սիրում, համեստորեն լռում է, ասում է՝ զինվոր էինք, մեր պարտքն էինք կատարում, պատերազմ էր, պիտի կռվեինք…

***

ԹԱՆԿ ՈՒ ՀԱՐԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՆոյեմբերի հինգին  խնդիր էին առաջադրել. երկու  դասակ պետք է պաշտպաներ Քարինտակ բարձրացող ճանապարհը, երեք շտապօգնության մեքենայով շարժվեցին այդ հատված, ուժգին հրետակոծություն էր, զոհեր, վիրավորներ:  Երկու օր անց ներքեւի ճանապարհը փակվեց, ու երբ  շրջափակված հատվածը մի որոշ ժամանակ բացվեց, որոշեցին վիրավորներին արագ տարհանել ու  նորից վերադառնալ մյուս վիրավոր զինվորների հետեւից։ Աստված գիտեր՝ ճակատագիրն ինչ էր նախասահմանել իրենց համար՝  նորից կկարողանային հետ գալ, թե՝ ոչ: Բժիշկը՝ Տիտանն առաջարկեց՝ ուզում ես այս անգամ հոսպիտալի  վարորդներից մեկի հետ գնամ։ Դավիթն անդրդվելի էր… Ճանապարհին երկու շտապօգնության մեքենաներից մեկը խոցվեց, տեղ չհասավ…

-Ծանր, անպատմելի ծանր էր վիճակը, -պատերազմական վերջին  օրերի դրվագներն է վերհիշում Դավիթը.- նոյեմբերի յոթն էր, Շուշիում էինք, չգիտեինք, որ շրջափակման մեջ ենք, բայց զգալի էր, որ ուժերն անհավասար են, կողքիս մարտնչող տղերքը զանգում էին, հրաժեշտ տալիս ծնողներին ու շարունակում կռվել… Գիտակցում էին, որ մեկ րոպե անց կարող է զոհվեն, բայց կռվում էին երգելով, հումորներ անելով…

Ինքը  պատերազմի ամբողջ ընթացքում խուսափում էր տնեցիներին զանգել, զանգելիս էլ կարճ, մի երկու բառով հարազատների որպիսիությունն էր «ճշտում» ու արագ անջատում, որ կրակոցների ձայնը չհասցնեին լսել: Ամբողջ պատերազմի ժամանակ  ամենաշատը հորեղբորորդու՝ Տարոնի հետ էր խոսում:

– Տարոնը  իսկական զինվորականի կատարելատիպ էր, Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանն էր ավարտել, Արցախում էր ծառայում, ու ես որոշել էի նրա ճանապարհով գնալ,-պատմում է Դավիթը:-Երբ պատերազմն սկսվեց, Տարոնը Ռուսաստանում դասընթացների էր, ամեն ինչ կիսատ  թողեց ու  վերադարձավ  հայրենիք, շտապեց սահման: Մի քանի անգամ մարտերի ընթացքում իրար հանդիպեցինք: Տարոնի խորհուրդները պատերազմի ժամանակ ինձ շատ օգնեցին: Երբ շրջափակման մեջ էինք ընկել,  իրեն զանգեցի,  հեռախոսով ուղղորդում էր մեզ՝ ինչպես վարվել, ինչ քայլեր ձեռնարկել, հետո էլ քաջալերեց՝ դիմացե՛ք, հիմա հասնում ենք, ասաց՝ ուզում ենք միջանցք բացել, որ հիմնական զորքը կարողանա  դուրս գալ:

Տարոնը զոհվեց հրադադարի հաստատման օրը…

Պատերազմի ավարտից մեկ տարի է անցել… Այդպես էլ ոչ մեր հողն է խաղաղվել, ոչ մեր հոգին:

Դավիթը վճռական է տրամադրված՝ երբ հարկ լինի, պատրաստ է առանց վայրկյան իսկ վարանելու կանգնել հայրենիքի պաշտպանների կողքին.

-Համախմբվելով, միասնական գործելով ոչ թե միայն պետք է հողը պահենք,  այլ նաեւ կորցրած տարածքները հետ բերենք. հողը մեզ համար հիմա առավել թանկ ու հարազատ է դարձել՝ հողի վրա մեր զոհված ընկերների արյունն է, եղբորս արյունն է…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

և ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ  անձնական արխիվից

Խորագիր՝ #48 (1419) 8.12.2021 – 14.12.2021, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


09/12/2021