Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

 

Ռուսաստանը ևս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ «ցեղակիցների» բնակության տարածքին համապատասխան, եւ այդ գույները կզբաղեցնեն աշխարհի գրեթե բոլոր շրջանները. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսպես է մեկնաբանել Թուրքիայի նախագահ Էրդողանին նվիրած թյուրքական աշխարհի քարտեզը։

«Ես ոչ մի ամոթալի բան չեմ տեսնում ցեղակիցների հետ կապեր պահպանելու մեջ: Մենք էլ ունենք մեր ցեղակիցների և հայրենակիցների այդպիսի տարածքներ՝ առաջին հերթին ամբողջ Հետխորհրդայինում, Գերմանիայում, եվրոպական այլ երկրներում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, Արգենտինայում»,-ասել է նա:

Ռուսաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները հաստատել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզը մինչև 2025 թվականը: Նրանք պայմանավորվել են ակտիվացնել նաև համատեղ ռազմական վարժանքները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել Է Հնդկաստան: Նա բանակցություններ է վարել երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Բանակցությունների արդյունքներով ստորագրվել է պաշտպանության, տիեզերքի, տրանսպորտի, գիտության եւ տեխնիկայի, կրթության բնագավառներում եւ այլ ոլորտներում շուրջ տասը համաձայնագրերից բաղկացած փաթեթ:

Հնդկաստանը եւ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ավարտել են ազատ առևտրի գոտու ձևավորման վերաբերյալ նախնական փորձագիտական խորհրդակցությունները: Ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ համաձայնագրի կնքման համար բանակցությունները կմեկնարկեն 2022 թ. սկզբին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսազանգի ձևաչափով բանակցություններ կվարեն:

 

Իրան

 

Իրանառուսական գործարար խորհրդի նախագահ Վլադիմիր Օբիդենովը հայտարարել է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ազգային արժույթներով հաշվարկի մեխանիզմ գործարկելու երկկողմ նախաձեռնության մասին։ Ռուսաստանցի պաշտոնյան այս մեխանիզմը շատ կարևոր է համարել՝ Իրանի եւ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում։ Օբիդենովը հայտնել է, որ առաջին անգամ Իրանից Ռուսաստան արտահանման ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարը, իսկ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ առևտրաշրջանառության ծավալն անցյալ տարի աճել է 40 տոկոսով՝ հասնելով 2,5 մլրդ դոլարի՝ անգամ պատժամիջոցների, SWIFT ֆինանսական համակարգից իրանական բանկերի անջատման եւ Covid-19 համավարակի պատճառով առաջացած խնդիրների պայմաններում։

Իսրայելը համաշխարհային տերություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել Իրանի հետ միջուկային բանակցությունները՝ վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունն այն մասին, որ Թեհրանն սկսել է հարստացված ուրան արտադրել՝ օգտագործելով կատարելագործված ցենտրիֆուգներ: Իսրայելի իշխանությունների կարծիքով՝ Իրանը միջուկային շանտաժն օգտագործում է որպես բանակցային մարտավարություն, եւ դրան պետք է պատասխանել կոշտ միջոցներով: Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կկատարի իր խոստումը՝ թույլ չտալով Իրանին միջուկային զենք ձեռքբերելը։ Վաշինգտոն են մեկնել պաշտպանության նախարար Բենի Հանցը եւ իսրայելական հետախուզական ծառայության` «Մոսսադի» ղեկավար Դևիդ Բարնեան` հիմնավորելու իրանական օբյեկտներին ռազմական հարված հասցնելու անհրաժեշտությունը:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ-համապարփակ ծրագրի վերականգնման վերաբերյալ Վիեննայի բանակցությունների ընթացքում Իրանն առաջարկել է արմատապես փոխել միջուկային համաձայնագրի մասին փաստաթղթի նախագիծը, որը համաձայնեցվել էր նախորդ վեց փուլերում։ Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը նշել է, որ դիրքորոշման փոփոխություններ միշտ էլ հնարավոր են…

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն էլ արտահայտել է իրենց երկրի պաշտոնական տեսակետը. միջուկային գործարքի շուրջ Իրանի առաջարկներն անընդունելի են: Բեռլինը նախկինի պես պատրաստ է այդ հարցում գնալ դիվանագիտական ճանապարհով, սակայն ժամանակը սպառվում է: Իրանական պատվիրակությունից ակնկալվում է Թեհրանում խորհրդակցություններից հետո իրատեսական առաջարկներով վերադառնալ Վիեննա:

 

Վրաստան

 

Դեկտեմբերի 4-ին Չինաստանից Վրաստան է ուղեւորվել առաջին կանոնավոր բեռնատար գնացքը: Թբիլիսի բեռները կհասնեն 10-12 օրից։ Նմանատիպ երկաթուղային կանոնավոր բեռնափոխադրումներ կլինեն նաև այլ երկրների ուղղությամբ։

Չինաստանում Վրաստանի դեսպան Արչիլ Քալանդիան ընդգծել է նախագծի ռազմավարական կարևորությունը՝ նշելով, որ այն կնպաստի Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի եւ Վրաստանի՝ որպես տարածաշրջանային առևտրային, տրանսպորտային եւ լոգիստիկ հանգույցի, զարգացմանը:

Գանսու նահանգի փոխնահանգապետը նշել է Չինաստանի իշխանությունների «Մեկ գոտի, մեկ ուղի» համաշխարհային նախաձեռնության մեջ Վրաստանի աճող դերը: Վերջին տարիներին Չինաստանը Վրաստանի գլխավոր ներկրողն է՝ գերազանցելով Ռուսաստանին ու Թուրքիային: 2021 թ. ութ ամիսների ընթացքում Վրաստանից Չինաստան արտահանման ծավալները գերազանցել են 1995-2015 թթ. ցուցանիշները, իսկ վերջին հինգ տարիներին արտահանումն աճել է 252 տոկոսով: Այդպիսի արագ աճի «պատճառը» Վրաստանի ու Չինաստանի միջեւ ազատ առևտրի մասին 2018 թ. հունվարի 1-ին կնքված համաձայնագիրն է:

 

Թուրքիա

 

Թուրքիան ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է, ազգային արժույթը պատմական նվազագույն մակարդակի է: Սակայն Թուրքիայի նախագահ Էրդողանը վստահ է, որ այդ երկրի տնտեսությունը կարող է աճել՝ կենտրոնանալով արդյունաբերության եւ հենվելով երկրի երիտասարդ բնակչության վրա, այլ ոչ թե` տոկոսադրույքների: Էրդողանը Թուրքիան համեմատել է Չինաստանի հետ՝ պնդելով, որ երկիրը կարող է էժան ապրանքներ արտադրել և արտահանել, ինչպես դա անում է Պեկինը։ Նա խոսել է օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում Չինաստանի նկատմամբ Թուրքիայի առավելությունների մասին, մասնավորապես՝ իրենք ավելի մոտ են շուկային: Էրդողանի կարծիքով՝ Թուրքիայի տնտեսական հեռանկարը կբարելավվի առաջիկա չորս-հինգ ամիսների ընթացքում:

ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Պուտինը եւ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ իրադարձությունների զարգացումը, անդրադարձել ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման հարցերին։ Պուտինը տեղեկացրել է նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքների մասին։ Նրանք կողմ են արտահայտվել Ղարաբաղի հարցում ջանքերի հետագա համակարգմանը:

Թուրքիայի անվտանգության ուժերի աշխատակիցները պայթուցիկ սարք են ոչնչացրել Սիիրտ քաղաքում, որտեղ ընթանում էր հանրապետության նախագահ Էրդողանի հանրահավաքը։ Հեռակառավարվող ռումբը հայտնաբերվել է հանրահավաքի անվտանգությունը ապահովող ոստիկաններից մեկի մեքենայի տակ։

ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ շահագրգռված են թուրքական ռազմական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու հարցում. այս մասին Անթալիայում անցկացվող «Պաշտպանության եւ ավիացիոն արդյունաբերության գլոբալ ռազմավարություններ-2021» համաժողովում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը խոստովանել է, որ Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը մասնակցել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ընդդեմ Արցախի։ Նա հայտնել է, որ ծառայությունը ակտիվ գործունեություն է ծավալել  Լիբիայում, Ղարաբաղում, Աֆղանստանում Թուրքիայի շահերի օգտին եւ տարածաշրջանում ուժերի հավասարակշռման համար։

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը կրկնել է իր՝ Թուրքիային պատերազմի սպառնալիքներից հրաժարվելու կոչը: Նա ընդգծել է, որ Հունաստանի կառավարությունը բաց է իր հարևանի հետ ազնիվ երկխոսության համար՝ միջազգային իրավունքի եւ ծովային իրավունքի համատեքստում մայրցամաքային շելֆի եւ բացառիկ տնտեսական գոտու շուրջ վեճի վերաբերյալ: Սակայն պատերազմի սպառնալիքից հրաժարվելը անհրաժեշտ նախապայման է։ Թուրքիան խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, սպառնում է մեկ այլ երկրի պատերազմով, այնինչ Հունաստանն օգտվում է իր օրինական իրավունքից։ Պատերազմի սպառնալիքն անհնար է ընդունել՝ որպես համակեցության տրամաբանություն։ Թուրքիան պետք է հասկանա, որ դա բխում է նաև իր շահերից։

 

Ադրբեջան

 

Նոյեմբերի 30-ին ուսումնական թռիչքներ իրականացնելիս կործանվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը: Պատահարի արդյունքում զոհվել են 14 զինվորականներ, երկուսը վիրավոր են:

Մարտական հրաձգությամբ վարժանքներ են անցկացրել ադրբեջանական բանակի հրետանային և ՀՕՊ ստորաբաժանումները: Դեկտեմբերի 2-ին իրականացվել են «Բայրաքթար»-ների ուսումնամարզական թռիչքներ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Թուրքիայից Hurkus ռազմական ինքնաթիռ ձեռք բերելու մասին, որը նախատեսված է զորավարժությունների համար:

Նույն լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ 2021թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանը դարձել է Թուրքիայից ռազմական նշանակության արտադրանքի երկրորդ խոշոր ներկրողը՝ գնելով 192 միլիոն 126 հազար դոլարի արտադրանք:

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #48 (1419) 8.12.2021 – 14.12.2021, Տարածաշրջան


09/12/2021