Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽՍՀՄ ԱՌԱՋԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՍՈՒԶԱՆԱՎՈՐԴԸ
ԽՍՀՄ ԱՌԱՋԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՍՈՒԶԱՆԱՎՈՐԴԸ

ԽՍՀՄ ԱՌԱՋԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՍՈՒԶԱՆԱՎՈՐԴԸՌուսական, հետագայում` նաեւ խորհրդային  ռազմածովային նավատորմի պատմության ամենանշանավոր դեմքերից է Ալեքսանդր Նիկոլայի Գարսոյանը (Գարսոեւ)։ Ցավոք, Խորհրդային Միությունում ընդունված՝ ռազմական գործիչներին ու զինագործներին գերգաղտնիության մեջ պահելու չգրված օրենքները լայն հասարակության համար անծանոթ են դարձրել մեր այս տաղանդավոր հայրենակցի կյանքն ու գործը։ Ռուսաստանի նավագնացության պատմության մեջ «Ստորջրյա կամիկաձե», «ԽՍՀՄ առաջին գլխավոր սուզանավորդ» պատվանուններով  մեծարված հայորդին ծնվել է 1882 թվականին, Թիֆլիսում (այլ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգում)՝ ազնվականի կոչում ստացած աստրախանյան ծագումով տոհմիկ նավաշինարար Նիկողայոս (Նիկոլայ) Գարսոյանի ընտանիքում:  Ավարտելով Մոսկվայի  համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետը՝ 22-ամյա Ալեքսանդրը դիմում է ծովային նավատորմ` որպես յունկեր ծառայելու։ Հընթացս նա ավարտում է ծովային կորպուսը,  ստորջրյա  սպայական դասարանը։ Մեկուկես տարում ուշիմ ու աշխատասեր Գարսոեւը, ոչ լրիվ ավարտելով ծովային կորպուսի լրիվ կուրսը, միչմանի կոչում ստացավ, ծառայության անցավ հածանավի վրա։ Մինչեւ 1912 թ. աշուն Գարսոեւը ծառայեց «Ակուլա», «Սիգ» սուզանավերի վրա, հետո նշանակվեց  «Մինոգա» սուզանավի հրամանատար։ Սուզանավը, դժբախտաբար, կես տարի անց տեխնիկական թերությունների պատճառով խորտակվեց՝ նստելով 33 մետր խորության վրա։  Ի զարմանս բոլորի, շնորհիվ հրամանատարի գործիմացության, արտակարգ պայմաններում սթափ ու նպատակամետ գործողությունների,  նավը  արագորեն ամբարձիչով բարձրացվեց, ողջ անձնակազմը, առանց որեւէ զոհի, թողեց սուզանավը։ Գարսոեւը մշակեց ու ղեկավարությանը ներկայացրեց այս տիպի սուզանավերի թերությունները վերացնելու, դրանք վթարազերծ դարձնելու պլան, որը, շատ չանցած, ներդրվեց արտադրության մեջ՝ վերահաս վտանգից փրկելով հազարավոր նավաստիների կյանքը։ 1913 թվականին Գարսոեւին վստահվեց «Լվիցա» սուզանավի ղեկավարումը։ Սուզանավը մասնակցեց 1914-16 թթ. Բալթյան մարտական գործողություններին, որոնցից մեկի ժամանակ էլ խորտակվեց։  Այս անգամ ճակատագիրը բարեհաճ գտնվեց Գարսոեւի նկատմամբ։ Խորտակումից օրեր առաջ նա ծառայության էր  տեղափոխվել սուզանավերի շտաբի դիվիզիոն։

Հոկտեմբերյան հեղափոխությունը Գարսոեւը դիմավորեց  2-րդ կարգի կապիտանի կոչումով։ Հեղափոխությունը իր ավերիչ հետքն էր թողել ամբողջ ռազմական նավատորմի վրա։ Նավերի մեծ մասը խորտակվել էր: Հարձակումների զոհ էին դարձել հազարավոր ռազմական ծովայիններ ու սուզանավորդներ։ Հարկավոր էր ամեն ինչ զրոյից սկսել։ Շուտով Գարսոեւն  աշխատանքի անցավ նավատորմի գիտատեխնիկական կոմիտեում՝ որպես ստորջրյա լողի  բաժանմունքի ղեկավար։ 1918-19 թվականներին Գարսոեւը Բալթիական նավատորմի ստորջրյա լողի  ուսումնական  ջոկատի պետն էր, մասնակցում էր խորհրդային նորագույն նավաշինության վեցամյա հեռանկարային պլանի կազմման աշխատանքներին՝ ղեկավարելով սուզանավերի ստեղծման ենթահանձնաժողովի  գործունեությունը։ Գարսոեւի ու նրա գաղափարակիցների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ռազմական նավաշինության բնագավառում աշխարհում վերջին տեղերից մեկն զբաղեցնող Խորհրդային Միությունը շուտով ինքն սկսեց ժամանակի գերհզոր պետությունների գիտնականներին սուզանավերի  նորագույն տեխնոլոգիաներ առաջարկել։ Շատ չանցած՝ երկիրն այդ բնագավառում առաջ անցավ դասական  նավաշինական պետություններից, եւ արտասահմանյան  ռազմանավերը խորհրդային նավատորմ չներմուծվեցին՝ առանց դույզն-ինչ թուլացնելու  պետության  ռազմական նավատորմի հզորությունը։

1919 թվականից պրոֆեսոր, 2-րդ կարգի կապիտան Գարսոեւը սուզանավերի հարձակողական տակտիկայի ու պաշտպանական գործառույթների մասին դասախոսություններ էր կարդում ռազմածովային ակադեմիայում։ 1921 թվականին հայազգի գիտնականը դարձավ  Խորհրդային Միության  առաջին  սուզանավորդ-հրամանատարը՝ ղեկավարելով  նավատորմի շտաբի ջրասուզական ծառայությունը։ 1922-23 թվականներին Գարսոեւը  ռազմածովային ակադեմիայի ադյունկտ (ասպիրանտ) էր, 1923-28 թվականներին ԽՍՀՄ  ռազմածովային նավատորմի գիտատեխնիկական կոմիտեի ստորջրյա լողի բաժանմունքի  նախագահ, տեխնիկական վարչության ստորջրյա լողի բաժնի պետ։

Արդեն 1924 թվականին խորհրդային բոլոր սուզանավորդները Գարսոեւի գլխավորությամբ եկել էին այն եզրահանգման, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ ձեռնամուխ լինել նոր սուզանավերի ստեղծմանը, քանի որ, ինչպես ասվում էր  կառավարություն ուղարկված նամակում, «…մեր ունեցած սուզանավերը  շատ քիչ են եւ բարոյապես ու ֆիզիկապես հնացած։ Մտածել, որ պատերազմի դեպքում մենք կունենանք մարտական սուզանավեր, նշանակում է խաբել ինքներս մեզ»։

ԽՍՀՄ ԱՌԱՋԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՍՈՒԶԱՆԱՎՈՐԴԸԻշխանությունների արձագանքն այս ահազանգին չուշացավ։ Խորհրդային նավաշինության բնագավառում շրջադարձային  դարձավ 1926 թ. դեկտեմբերը, երբ կառավարությունը որոշում ընդունեց  ԽՍՀՄ առաջին սուզանավերն ստեղծելու համար  հատուկ հանձնախումբ կազմակերպելու մասին։ Եվ հանձնախմբին  շունչ ու ոգի տվողը Ալեքսանդր Գարսոեւն  էր։ Ստեղծվեցին խորհրդային՝ այն ժամանակների համար առաջնակարգ՝ «Դեկաբրիստ» տիպի սուզանավերը, որոնցից շատերին վիճակված էր մարտական գործողությունների մեջ մտնել գերմանական իրենց «ցեղակիցների» հետ ու հաղթանակով դուրս գալ։

Հատկանշական է, որ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու ծնված-մեծացած հայորդին  փայլուն գիտեր հայոց պատմությունը, իր ժողովրդի հարուստ մշակույթն ու ավանդույթները։ Մի առիթով նա գրում է. «Հարցնում են, թե որտեղի՞ց հայերին այդպիսի ձգտում դեպի ծովը։ Հիշեցնեմ այդ  անգետներին, որ ե՛ւ կիլիկյան խոշոր նավահանգիստները, ե՛ւ աշխույժ առեւտուրը Ճենովայի ու Ֆլորենցիայի հետ, ե՛ւ Միջերկրական ծովի ալիքները ճողփող հայկական նավերը, ե՛ւ Հովհաննես Այվազովսկու կտավներն ու նրա կոչումը,  ու նաեւ այն, որ դեռեւս Ղրիմի պատերազմում  Կովկաս-սեւծովյան ամրացված գիծը ղեկավարում էր հայ Լազր Սերեբրյակովը՝ փայլուն կազմակերպիչ, արեւելյան լեզուների գիտակ, դիվանագետ, ռազմական ծովային, միեւնույն ժամանակ` Նովոռոսիյսկի հիմնադիր, բոլորը միեւնույն շղթայի տարբեր օղակներն են»։

1928 թվականին, երբ նորագույն տիպի սուզանավերի արտադրությունը ԽՍՀՄ-ում լայն թափով իրագործվում էր, Ալեքսանդր Գարսոեւը հիվանդության պատճառով թողեց ծառայությունը։ Իսկ մինչ այդ, ցարական կառավարությունը նրան պարգեւատրել էր Սուրբ Ստանիսլավի եւ Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշաններով, բազմաթիվ մեդալներով։

Խորհրդային իշխանությունները, սակայն, ինչպես շատ նշանավոր գիտնականների հետ, Գարսոեւի հետ եւս  «հավուր պատշաճի» վերաբերվեցին։ Նրա նկատմամբ  վարկաբեկիչ «գործ» հնարվեց, ու 1931 թվականին ձերբակալեցին։ Երկրի ռազմական նավաշինությանը ամբողջ գիտակցական կյանքը տված գիտնականը մեղադրվում էր այն ժամանակների համար ստանդարտ՝ հակապետական գործունեության համար։ Բարեբախտաբար, այդ ամենը սուտ մատնություն դուրս եկավ, եւ նա ազատվեց։ Ազատվելուց ու արդարացվելուց հետո  Գարսոեւն ապրեց ընդամենը 3 տարի… Լարված աշխատանքն ու հոգեկան ապրումներն արել էին իրենցը։ Նա  թաղվեց Լենինգրադի Վոսկրենսկի-Նովոդեւիչյան գերեզմանոցում ու մոռացության մատնվեց։ Մոռացվեց այն խոշոր գիտնականը, որին վիճակված էր կյանքի գնով ոտքի կանգնեցնել Խորհրդային կայսրության ռազմական նավաշինությունը։

 

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ