Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՆՉ ՊԱՏԵՐԱԶՄ ԷԼ ԼԻՆԻ, ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
ԻՆՉ ՊԱՏԵՐԱԶՄ ԷԼ ԼԻՆԻ, ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հայաստանի անկախության դրոշակակիր, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը դեկտեմբերի 3-ին կդառնար 50 տարեկան:

Այդ կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինված ուժերի ղեկավար կազմը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մովսես Գորգիսյանի ընտանիքի անդամները, զինակից ընկերները այցելեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու այդ խորհրդանշական վայրում հանգչող հերոսի հիշատակին: Ներկաները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Գորգիսյանի շիրիմին եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Մովսես Գորգիսյանն առաջինն էր, որ 1988թ. մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում վեր պարզեց Հայոց Եռագույնը և կոչ արեց բոլորին վարվել նույն կերպ: «Դրոշ ծածանելը Արցախյան ազատամարտի հաղթանակի առաջին գրավականներից մեկն էր,-շեշտեց հերոսի ընկեր, «Մովսես Գորգիսյան» հիմնադրամի նախագահ Սամվել Թադևոսյանը եւ ավելացրեց,- նա իր վրա վերցրեց պատասխանատվությունը` ծածանելու եռագույնը, այն դեպքում, երբ նրան կարող էին գնդակահարել»: Մովսես Գորգիսյանի դուստր Գոհար Գորգիսյանը նշեց, որ իր հայրը եռագույնը բարձրացրեց՝ ամբողջ ժողովրդի պատասխանատվությունը վերցնելով իր վրա. «Ես չեմ նայում նրան որպես իմ հորը. նա ժողովրդինն է: Մենք այսօր ունենք հերոսների կարիք: Գնահատելով պատմությունը՝ մենք մեզ ենք գնահատում»: Գոհարն ունի երեք երեխա և ուզում է, որ «նրանք իրենց հողի վրա քայլեն տիրոջ իրավունքով»:

Ընկերոջ բնորոշմամբ՝ Մովսես Գորգիսյանը կրակոտ, ընդվզող անհատ էր, նա ապացուցեց, որ ավելի հզոր ու պատվելի բան կա այս աշխարհում, քան ստրկաբար ապրելը. «Նա դեմ կանգնեց հրեշին: Կարճ ժամանակահատվածում դարձավ քաղաքական խոշոր գործիչ, մեր մտքերի և սրտերի առաջնորդը: Նրա հայրենասիրությունը, կրակոտ խոսքերը, ընկերասիրությունը վարակիչ էին: Շատ բան ենք սովորել նրանից: Պատահական չէ, որ Մովսեսը առաջիններից մեկը ձեռքը վերցրեց զենքը և Երասխավանում կանգնեց թշնամու դեմ»: Հենց այնտեղ էլ Մովսես Գորգիսյանը զոհվեց, 1990 թ. հունվարի 19-ին:

«Մովսեսը զորեղ դերակատարում ունեցավ ազատագրական պայքարում. նա մեծացավ մեր ժողովրդի աչքի առջեւ: Ժողովուրդը սիրեց նրան, հարգեց եւ վստահեց, քանի որ հասկացավ՝ Մովսեսի խոսքն ու գործը ներդաշնակ են»,- ասաց Մովսես Գորգիսյանի կինը՝ Ռուզաննա Գորգիսյանը:

Մովսես Գորգիսյանի մարտական ընկերներն ու հարազատները, պաշտպանության նախարարը, կրթության ու գիտության նախարարը, զինված ուժերի ղեկավար կազմը, Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ այնուհետեւ մասնակցեցին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կազմակերպված հուշ-ցերեկույթին:

«Ծնունդդ շնորահավոր, Մովսե՛ս: Դու միշտ մեզ հետ ես,- իր շնորհավորանքը այս խոսքով սկսեց Սեյրան Օհանյանը:- Մովսես Գորգիսյանը գաղափարի մարտիկ էր, սակայն նա ոչ միայն գաղափարներ տարածեց, այլ նաեւ սկսեց դրանք կյանքի կոչել: Մովսես Գորգիսյանն առաջիններից էր, որ առաջ քաշեց կանոնավոր բանակ ստեղծելու գաղափարը»: Սեյրան Օհանյանն արձանագրեց` հպարտորեն կարելի է ասել, որ այսօր Գորգիսյանի խոսքը գործ է դարձել, նրա գաղափարները ոչ միայն նրա հարազատների, այլեւ մեր հայոց բանակի կայացման հիմքում են. «Այսօր Մովսեսի գաղափարները պաշտպանում եւ իրագործում է հայոց բանակի զինվորը:

Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հիշատակին նվիրված այս միջոցառման մասնակիցների առջեւ ելույթ ունենալով` որպես պաշտպանության նախարար վստահեցնում եմ, որ մեր բանակը կատարում եւ ցանկացած իրավիճակում պատվով է կատարելու իր առջեւ դրված խնդիրները եւ անառիկ է պահելու մեր պետության սահմանները»:

Մովսես Գորգիսյանի կինը՝ Ռուզաննա Գորգիսյանը, նշեց, որ Մովսեսը հանդես եկավ որպես ազատատենչ հայի մարմնացում. «Նա մարմնավորում է մեր պատմության գլխավոր էջերից մեկը: Ես Մովսեսի փառաբանումը ուզում եմ կիսել մեր բոլոր մյուս քաջ նահատակների հետ, իմ երկրի հպարտություն բանակի հետ: Հայոց պետականության համար պայքարին մասնակցած մեր հայորդիները Մովսեսի կերպարի մեջ տեսնում են իրենց կենսագրությունը: Մեր՝ զինված ուժերի զորամասեր կատարած այցերից շատ տպավորված եմ եւ վստահ եմ` ինչ պատերազմ էլ լինի, մենք հաղթելու ենք»:

Միջոցառման ընթացքում Սեյրան Օհանյանը «Անկախության բանակ» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների պարգեւատրեց պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով:

Միջոցառումը շարունակվեց Երգի պետական թատրոնի երգչախմբի եւ ՀՀ ՊՆ «Զորական» համույթի ելույթներով, ասմունքով, ցուցադրվեց Մովսես Գորգիսյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած ֆիլմը:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ