Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԶՈՐ, ԱԶԱՏ, ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ



ՀԶՈՐ, ԱԶԱՏ, ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆՏարիների հետ հասկանում ես, որ քո բոլոր ուրախությունների, հաղթանակների, սերերի, ձեռքբերումների, տենչերի, երազանքների հենքը հայրենիքն է: Հանի՛ր այդ հենարանը, ու ամեն ինչ կփլվի, կդառնան իզուր, իմաստազուրկ, անբովանդակ: Տարիների հետ հասկանում ես, որ ամենաթանկը հայրենիքն է, բոլոր սերերից վեր ու անսակարկելի, որովհետև առանց Հայրենիքի դու ո՛չ անցյալ ունես, ո՛չ ապագա, ո՛չ էլ կենսագրություն: Ու եթե հայրենիքդ հավերժ է, ուրեմն դու նույնպես հավերժ ես՝ որպես հայրենիքի մասնիկ:

Ես հավատում եմ մեր բանակի զորությանը, հավատում եմ մեր սպայի ու զինվորի հայրենասիրությանը, վայրկյան անգամ չեմ կասկածում, որ նրանք պատերազմի դաշտում կռվել են հերոսաբար ու անձնազոհ: Նրանք արել են ամեն ինչ, չեն խնայել անգամ իրենց կյանքը, որ Արցախը մնա ազատ ու ինքնիշխան: Ես վստահ եմ, որ առիթի դեպքում նրանք նորից կանգնելու են թշնամու դեմ՝ հպարտ ու   խիզախորեն: Բայց Հայրենիքը պաշտպանելու պարտականությունը միայն բանակինը, սպայինը ու զինվորինը չէ: Հայրենիքը բոլորինս է ու բոլորիս պաշտպանության կարիքն ունի: Երբ հայրենիքը վտանգի մեջ է, բոլորս ենք  զինվոր: Երկրում պահեստազորի վարժական հավաքներ են: Մենք տասնամյակներ շարունակ կրկնել ենք՝ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի: Այսօր ժամանակն է, որ խորապես հասկանանք այս բառերի իմաստը ու իրականություն դարձնենք այն: Ժամանակն է, որ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ պատրաստ լինի զենքով Հայրենիքը պաշտպանելու սուրբ գործին: Այլապես մենք կրկին կապրենք այն անամոք ու խոր ցավը, որ ապրեցինք, երբ մեր եկեղեցիները, մեր մշակութային անզուգական կոթողները, մեր նախնիների ստեղծածը, մեր դպրոցները, տները, թեկուզ ժամանակավոր, բայց ընկան թշնամու ձեռքը:

Ես ինքնավստահության, հավատի կոչ եմ անում բոլորին: Ես համոզված ասում եմ՝ եթե համախմբվենք, կդիմակայենք ցանկացած ուժի: Մենք հաղթանակած ենք մտել 21-րդ դար: Ու էլի հաղթելու ենք: Քաջաբար զոհված մեր որդիները մեզ են կտակել  հզոր, ազատ, հպարտ Հայաստան ունենալու իրենց  երազանքը: Ու այն հիմա մեր երազանքն է, մեր պարտքը, մեր երդումը: Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր՝ 21-րդ դարը մերն է լինելու: Ու մենք այն մերը կդարձնենք:

 

ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ժողովրդական նկարիչ

Խորագիր՝ #35 (1406) 8.09.2021 - 14.09.2021, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


09/09/2021