Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՐՄԱԹ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԽՄԲԱՎԱՐԸ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԸ, ԵՐԴՎՅԱԼԸ…



«ԱՐՄԱԹ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԽՄԲԱՎԱՐԸ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԸ, ԵՐԴՎՅԱԼԸ…Պատերազմից պատերազմ՝ 3 տասնամյակ։

Կրակի և պայթյունների տակ մեծացած երեխան հետո շատ բաներ պետք է պատմեր սերունդներին, բայց 2020 թվականի 44-օրյա պատերազմը անկատար թողեց նրա երազանքներն ու նպատակները…

1991 թվականի հուլիսի 8-ին Ստեփանակերտում է ծնվել մերօրյա հերոս Ալբերտ Ծատրյանը։

Դպրոցում իր հանդարտ բնավորությամբ և ուսման բացառիկ ձգտումով հասակակիցներից տարբերվող Ալբերտը առանձնահատուկ վերաբերմունք ուներ բնագիտական առարկաների նկատմամբ։

Դեռևս 6-7 տարեկանում հետաքրքրությունները բավարարում էր տանը տեխնիկան քանդել-հավաքելով, հաճախ կոտրված իրերից ինչ-որ մի նոր բան ստեղծելով. շարժիչով աշխատող նավակ կամ  ինքնաթիռ, որի շարժիչը պտտվում էր, հաջորդ անգամ ջանալու էր այն օդ բարձրացնել…

Ինֆորմատիկայի օլիմպիադաներում պարբերաբար գրավում էր առաջին տեղը: Ձեռք բերածով չէր բավարարվում և շարունակում էր  ինքնակրթվել, բացահայտել, զարգանալ…

Դպրոցն ավարտելուց հետո Ալբերտն ընդունվում է Արցախի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Մեկ տարի հետո զորակոչվում է և  որպես կապավոր ծառայում Հադրութի զորամասում: Երկու տարի անց վերադառնալով՝ նոր կրթական համակարգի պատճառով այդ տարի չի ընդունվում եւ ուսումը շարունակում է շինարարական իրերի և կառուցվածքների արտադրության բաժնում։ Նոր մասնագիտությունը որքան էլ որ հետաքրքիր էր, այնուամենայնիվ, Ալբերտը նախընտրում է այն թողնել ոլորտի ապագա մասնագետներին և հմտանալ իրեն հարազատ գործում։ Այդ  իսկ պատճառով բարձրագույն կրթությունը շարունակում է ռադիոֆիզիկոսի մասնագիտությամբ: Մեկ տարի անց ակադեմիական արձակուրդ է ստանում և «Սինոփսիս» ընկերությունում սովորում է նանոտեխնոլոգիաներ։

Բուհում ուսումնառության ավարտին Կարեն Վարդանյանից հրավեր է ստանում Ստեփանակերտում բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում աշխատելու որպես ուսուցանող-մարզիչ ղեկավար։

2020 թվականի ամռանը Ալբերտն իր ուժերով ու միջոցներով բացում է սեփական հիմնարկը՝ Hardtech Service, որը զբաղվում էր զանազան տեխնիկական սարքերի նորոգմամբ:

Մասնագիտականից այն կողմ Ալբերտն ուներ մեկ այլ աշխարհ՝ խոհանոցը, որտեղ իրար էր խառնում բոլոր համերն ու ստեղծում իր կերակրատեսակները։

2020 թվականի հոկտեմբերի 27-ից մեկ շաբաթ առաջ 19-ամյա պատանին որպես կապավոր պաշտպանության բանակում անցնում է վերապատրաստման դասընթացներ, պարգևատրվում պատվոգրով, որը նա չհասցրեց ստանալ…

Պատերազմի օրերին տաղանդավոր պատանին կամավորագրվում և մեկնում է ռազմաճակատ, ամենայն լրջությամբ վերաբերվում ցանկացած առաջադրանքի: Մարտական ընկերները պատմում են, որ Շեխեր գյուղի պաշտպանության մարտերում  վիրավորվել է ոտքից և այդ վիճակում օգնել մյուս վիրավորներին տեղափոխվելու Կարմի Շուկա։ Հոկտեմբերի 28-ին Կարմիր Շուկայում՝ անօդաչու թռչող սարքի հրթիռի հարվածից զոհվում է հերոս հայորդին:

 

Շնորհիվ եղբոր, Նինայի մանկական հիշողությունները վառ են ու տպավորիչ

 

-Մեր սենյակը տան երկրորդ հարկում էր՝ երկու կողմից լայն պատուհաններով, հարմարավետ ու լուսավոր:  Երանի մեր մանկությունն ավելի երկար տևեր…

Ես երեք տարեկան էի, եղբայրս՝ վեց: Շատ ուժեղ տեղատարափ էր, պատուհանը՝ փակ, իսկ մենք ինքնամոռաց խաղում էինք: Ալբերտը հեծանիվ էր քշում ու երբ սկսեց ավելի արագ քշել, իմ մանկական երևակայությանը տուրք տալով՝ կարծեցի, թե ես հեծանիվի տակ եմ ընկնելու ու բոլոր ուժերով ցատկեցի պատուհանագոգին։ Պատուհանը բացվեց, և ես հայտնվեցի պատուհանից դուրս՝ կախված, թմբլիկ ոտքս Ալբերտի ձեռքում։

-Մամա՜, պապա՜։

«ԱՐՄԱԹ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԽՄԲԱՎԱՐԸ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԸ, ԵՐԴՎՅԱԼԸ…Ձայնը գլուխն էր գցել, ծնողներս հասնում են օգնության այն պահին, երբ գուլպաս արդեն դուրս էր պրծնում Ալբերտի ձեռքից…

Այս պատմությունն ինձ ուղեկցելու է իմ ամբողջ կյանքում: Այն իմ սերնդակիցներին եմ պատմելու,  թե ինչ հրաշքով եղբայրս թռավ հեծանիվի վրայից ու հասավ քրոջն օգնության: Թե ինչպես 6 տարեկան երեխան հասկացավ, որ պատուհանագոգը վտանգավոր է, ու թե ինչպես փրկեց ինձ՝ իր երեք տարեկան քրոջը:

Հետո արդեն պատմել են մեզ, որ Ալբերտն իր սխրանքի համար Դենձի (այն ժամանակների ամենապահանջված փլեյսթեյշնը) է ուզել հայրիկից։ Ու մենք օրերով խաղում էինք ու հպարտանում այդքան մեծ գնով ձեռք բերված պարգեւով…

Հպարտ ու երջանիկ եմ, որ Ալբերտի քույրն եմ: 26 տարիների ընթացքում Ալբերտից սովորել եմ այնքան, որքան կբավականացնի մի ամբողջ կյանք ապրելու համար։

Եղբայրս իմ ուժն էր, իմ լույսն ու ինձ համար ճանապարհ հարթողը:  Այսօր իր հիշատակն է ինձ ուժ տալիս, պարտավորեցնում և ապրեցնում։

Շնորհիվ իմ սիրասուն եղբոր, ճանաչեցի և սիրեցի տեխնոլոգիայի աշխարհը։ Ալբերտն ինձ տարավ ՏՏ ոլորտ, իսկ ես անընդհատ փորձում եմ կատարելագործվել, որ եղբորս պատիվը բարձր պահեմ:

Հիմա ամեն ինչից առավել Նրա կարիքն ունեմ: Դա մի մեծ, խոր ու սև վիհ է, որ երբեք ոչ ոք չի կարող լրացնել:

 

Պատմում է մորաքրոջ աղջիկը՝ Անի Իշխանյանը

 

Ոմանց համար գուցե անհասկանալի ու անընկալելի, բայց շատերիս համար ընդունելի և հասկանալի բարությամբ էր օժտված Ալբերտը: Ցավոք, միայն այսօր եմ կարողանում վերլուծել ու հասկանալ, թե որքան մեծ էր ինքն իր բնությամբ։

«Ալբերտն ընդունում էր մարդկանց այնպես, ինչպես որ կան, ընդունում և հարգում էր մարդկանց որոշումները, նույնիսկ, երբ դրանք անհասկանալի կամ սխալ  էին։ Միշտ պատրաստ էր օգնել, հատկապես, երբ հարցը տեխնիկական էր։ Սա էր պատճառը, որ ընտանիքում բոլորը հպարտանում էին նրանով, նրա մարդկային նկարագրով: Հիշում եմ, ամեն անգամ, երբ հեռուստատեսությամբ Ալբերտը խոսում էր նանոտեխնոլոգիաներից, տատս հպարտորեն պատմում էր բոլորին, իսկ մեզ ստիպում նույն հատվածը նորից միացնել՝ նորից դիտելու ու հպարտանալու համար։ Իրեն, միայն իրեն հատուկ ծիծաղ ուներ ու ամեն խոսակցություն կատակով էր վերջացնում, ամեն քննարկման մեջ նրբին հումոր կար…

Երբ հեռվում բարձրահասակ երիտասարդ եմ տեսնում, իր ուրվագիծն է աչքիս առաջ, իրեն հատուկ ծիծաղն է զնգում ականջիս»:

 

Հիշում է զարմուհին՝ Արեւիկը

 

«ԱՐՄԱԹ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԽՄԲԱՎԱՐԸ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԸ, ԵՐԴՎՅԱԼԸ…«Հայրս միշտ Ալբերտի մասին խոսում է որպես օրինակելի մարդու. երբևէ իմ ճանաչած ամենաբարի ու խելացի մարդկանցից է Ալբերտը,- ասում էր հայրս: Մայրիկս ու քույրիկներս նույնպես շատ էին սիրում Ալբերտին։ Ալբերտը մեծատառով մարդ էր։

Վերջին անգամ, երբ տեսա, պատերազմի առաջին օրն էր: Երբ սկսեցին կրակել, իջանք իրենց նկուղ, և քիչ անց իջավ Ալբերտը: Շատ անհանգիստ էր, որ իր տատիկը հեռու է, մեզ հետ չէ, ուզում էր գնալ տատիկի մոտ։ Շատ հոգատար էր…

Բոլորս վախեցած էինք, իսկ նա մեզ վստահեցնում էր՝ մի՛ վախեցեք, մենք լավ պատրաստված ենք, ես 2 շաբաթ առաջ գնացել էի զինպատրաստության, տեսա, որ մենք ամեն ինչին պատրաստ ենք, շուտով ամեն ինչ կավարտվի: Ես ինքս այդ բառերից հավատով լցվեցի, որ ամեն ինչ բարեհաջող ավարտ կունենա…

Ալբերտի մասին պետք է խոսել ներկա ժամանակով։ Նա անչափ  բարի և խելացի անձնավորություն է… Մի օր հուսահատ դիմեցի Ալբերտին, բոլոր նկարներս ջնջվել էին հեռախոսիցս։ Առավոտյան գրեց, որ ամեն ինչ վերականգնել է: Մինչև հիմա այդ նկարները նայելիս իրեն եմ հիշում։ Մայրիկս միշտ ասում էր՝ տե՛ս, որքան հոգատար է իր տատիկի, մայրիկի ու քույրերի հանդեպ։ Ալբերտը հիմա Աստծո մոտ է և հավերժ մեր սրտում: Ալբերտի մասին պետք է խոսել ներկա ժամանակով»։

Շատ դժվար է համակերպվել Ալբերտի նման մարդ-ընկերոջ կորստի հետ, ասում է Ալբերտի մտերիմ ընկերներից՝ Սմբատ Ավետյանը.

«Ալբերտը իմ ամենահարազատ մարդկանցից է. 15 տարվա ընկերներ ենք։ Նրա մասին կարելի է խոսել անվերջ, բազում լավ հուշեր են կապում մեզ իրար հետ։ Նա անչափ բարի, խելացի, կիրթ, դաստիարակված անձնավորություն էր, պատրաստ օգնելու անգամ անծանոթ մարդկանց: Սիրում էր էլեկտրական սարքավորումներ նորոգել, զրոյից նախագծել և հավաքել, շատ ու շատ անգամ զարմացրել է իր գյուտերով։ Սիրում էր զբաղվել եռաչափ մոդելավորմամբ, հաճախ էր զարմացնում նոր ձեռքբերումներով։ Երազում էր աշխատել եռաչափ մոդելավորման բնագավառում և զարգացնել անօդաչու թռչող սարքերի ոլորտը։  …Պատերազմի ընթացքից նա հասկացավ, որ պետք է մեկնի առաջնագիծ և իր բաժին մարտը վարի ոսոխի դեմ»,- հիշում է Սմբատ Ավետյանը:

Մտերիմները սիրով են հիշում իրենց խելացի ու հայրենասեր ընկերոջը: «Մարդը չի կարող բոլորի համար լավը լինել, սակայն Ալբերտին սիրում էին բոլորը։ Ցանկացած պահի ու ցանկացած իրավիճակում պատրաստ էր օգնության ձեռք մեկնել բոլորին, ոչ միայն իր մասնագիտական ոլորտում, այլև առօրյայում։ Նրա հետ կարելի էր զրուցել ժամերով և չձանձրանալ։ Չկար մի բնագավառ, որից նա գլուխ չհաներ, եզակի գիտելիքներ ուներ  ՏՏ ոլորտից։ Մեծ երազանքներ ունեինք, արդեն բացել էինք մեր արհեստանոցը, պատվիրել   սարքավորումներ և պատրաստ էինք ներդնել մեծ ջանքեր Արցախում ՏՏ ոլորտի զարգացման համար։ Եթե որևէ բարդ մասնագիտական խնդիր էր ծագում, Ալբերտին էի զանգահարում։ Մի քանի րոպե, և լուծումը կար… Հաճախ բացում եմ նրա ձայնային հաղորդագրությունները, լսում նրա աշխույժ ձայնն ու խորհուրդները։  Նրա նման խելացի և նպատակասլաց մասնագետներ շատ քիչ կան Արցախում։ Նա երազում էր ներդնել իր գիտելիքները հայկական նոր զինատեսակների ստեղծման գործում։

Պատերազմի օրերին նա չթաքնվեց և չլքեց Արցախը։  Եվ ահա եկավ պահը, երբ նա պիտի մեկներ ռազմաճակատ։ Պատրաստվեց, կտրեց իր գանգուր մազերը, վերջին անգամ հագավ զինվորական կոշիկները…

Ալբերտի զոհվելու լուրը անտանելի ցավ պատճառեց ինձ։ Մեր երբեմնի աշխույժ, եռանդով ու երազանքներով լի արհեստանոցը մի ակնթարթում դատարկվեց։ Նրա սարքավորումները անշարժ են ու լուռ։ Մնաց միայն պատին կախված Ալբերտի նկարը և ծաղիկները՝ փակ դռան վրա կախված»,- պատմում է Ալբերտի ընկերը՝ Մարատ Մովսեսյանը:

«Ժամերով նստում էինք համակարգչի դիմաց, խաղեր հորինում, ծրագրեր պատրաստում, նույնիսկ երաժշտություն էինք գրում։ Ամեն ինչ  փորձում էինք։   Անթիվ հիշողություններ ունեմ Ալբերտի մասին, և յուրաքանչյուրը ժպիտով եմ հիշում։ Ալբերտը ուրիշ էր, եզակի, տարբերվում էր բոլորից, առանց վարանելու կասեմ` տաղանդավոր էր։ Լաբորատորիա էր պատրաստել իր համար, սովորել ռոբոտաշինություն ու սկսել դասավանդել։ Իր գիտելիքներն ուզում էր փոխանցել բոլորին։  Ալբերտը միշտ մեզ հետ է, մեր սրտերում ու հուշերում…»,- մեր զրույցն այսպես է եզրափակում ընկերներից Հայկը:

«Դպրոցական տարիներին անհամբեր սպասում էի ամառային արձակուրդներին, որ գնանք Արցախ և մի ամբողջ երեք ամիս անցկացնենք տատիկիս, պապիկիս, մորաքույրերիս և զարմիկներիս, չնայած մեր դեպքում զարմիկ բառը շատ սառն է և չի նկարագրում պապիս ութ թոռների կապը։ Մենք քույրեր ու եղբայրներ ենք։ Ալբերտը պապիս առաջին թոռն է և միշտ պատասխանատու էր զգում մեզ համար։

Արցախ հասնելուն պես վազում էի մորաքրոջս տուն. Նինան և Ալբերտն այնտեղ էին։ Ալբերտը պինդ-պինդ գրկում էր ու ասում՝ ո՞նց ես, քույրի՛կ։ Հիմա ամենից շատ այդ ամուր գրկախառնություններն եմ կարոտում ու ցավ եմ ապրում, որ հաճախ չեմ գրկել, ասել, որ իրեն շատ եմ սիրում, հպարտանում, որ իրենից սովորելու շատ բան ունեմ։ Միայն թե կարողանայի ժամանակը ետ տալ»,- ասում է Ալբերտի մորաքրոջ աղջիկը՝ Տաթևիկ Իշխանյանը, ապա շարունակում. «Մինչեւ օրս մեր տանը կան տասնյակ իրեր, տեխնիկա, որոնք վերանորոգել և աղբը նետելուց փրկել է Ալբերտը։ Նույնիսկ կյանքս մի փոքր հեշտացրեց՝ հին լիցքավորիչի լարից և փչացած հարիչից ստեղծելով նոր սուրճի հարիչ, որը մինչ օրս մեր խոհանոցում է և ամեն անգամ սառը սուրճ պատրաստելիս, Ալբերտին հիշելով, ժպտում եմ։

Պապիս մահից հետո ընտանեկան հավաքույթների խորոված պատրաստելու  պատիվն անցավ Ալբերտին…  Հիմա հավաքույթներն էլ առաջվանը չեն, խորովածի համն ու հոտն էլ չկա, բայց մի բան առաջվանն է և անփոփոխ. ես էլի անսահման սիրում եմ Ալբերտին և կարոտում»:

«Ես զինվորի մամա եմ, իմ հերոս Ալբերտի մաման…»,- մեզ հետ զրույցն այսպես սկսեց Ալբերտի մայրը՝ տիկին Նունեն.

«Ալբերտի մասին անցյալով չեմ խոսում, նա ինձ հետ է և միշտ կմնա…

Ես ամեն օր նայում եմ Ալբերտի լուսանկարները. դեռ փոքր հասակից, բոլոր նկարներում լայն ժպտում է, անսահման սիրուն ժպիտ ունի, զրնգուն ծիծաղ, ու նկարներից էլ կարելի է իր բարի էներգիան ստանալ։

Ես միշտ գլուխս բարձր եմ քայլել, որովհետև ես Ալբերտի մաման եմ։ Ալբերտը ծնվել է Արցախյան ազատամարտի ժամանակ, շատ դժվար օրեր էին, ու կարծես թե այդ ամենը զգալով՝ Ալբերտը անսահման խելոք էր, ու ընդհանրապես չէր անհանգստացնում, ես վայելել եմ որդուս ամեն օրը։  Տեսնել էր պետք Ալբերտի ոգևորությունը, երբ դպրոցում բացեցին ինֆորմատիկայի խմբակ, սկսեց հաճախել այնտեղ, լսեց, փորձեց, ինքնակրթվեց, մասնակցեց քաղաքային օլիմպիադայի ու գրավեց առաջին տեղը։

Ալբերտի խորհրդով աղջիկս սկսեց զբաղվել գրաֆիկական դիզայինով, որը մինչ օրս  անում է շատ սիրով և հաճույքով։

Ալբերտը շատ լավ ընկեր էր ընկերների համար, օրինակելի եղբայր քրոջ ու զարմիկների համար, լավ բարեկամ ու հարևան, հրաշալի մարդ, քաղաքացի, զինվոր, իսկ այսօր  հավերժ լույս ու հերոս»։

Ալբերտի զարմուհին՝ Լուսինե Իշխանյանը, մի պատմություն էլ պատմեց եղբոր բարության, հյուրասիրության, հայրենասիրության ու իրենց փոքրիկ գաղտնիքի մասին.

«Մի օր Նինան մտնում է տատիկիս փոքր խանութն ու հայտարարում, որ պիտաչոկում (Ստեփան Շահումյանի հրապարակ) մի մարդ է տեսել,  որն այլազգի է և ակնհայտորեն օգնության կարիք ունի։  Սկսեցինք տատիկին համոզել, որ այդ մարդը գիշերի տատիկիս տանը։ Տատս լինելով չափազանց կարգապահ ու ծայրահեղ մաքրասեր,  խիստ թերահավատորեն վերաբերվեց մեկին, որն ուներ երկար և անխնամ մազեր, մեծ ուսապարկ ու ճանապարհորդի թափթփված տեսք։ Հետո իմացանք, որ տատս տեսել էր օտարերկրացուն ու մտածել, թե՝ «էս ինաստրաննի բոմժը Հայաստան ո՞նց է ընկել»։

Երկուսով, սակայն, որոշում կայացրինք, որ գոնե ինչ-որ բանով պիտք է օգնենք, որ երջանիկ մեկնի Հայաստանից։  Գնացինք ու գտանք: Գրեգն էր՝ Հունաստանից, որը շատ սոված էր և կացարան էր փնտրում։ Այդ գիշեր թաքուն գիշերեց Նինայի ընկերներից մեկի աշխատավայրում։ Երեկոյան մեր հերոսության մասին Ալբերտին պատմեցինք։ Միանգամից ասաց, որ Գրեգին բերենք տուն։ Դե, էլ չպատմեմ Գրեգի ուրախությունը. տաք տուն, համեղ սնունդ, փափուկ անկողին։ Ալբերտն ամեն օր մի նոր ու հետաքրքիր շրջագայություն էր կազմակերպում Գրեգի համար։

Երբ երեկոյան ժամերին անցնեինք  Ալբերտի սենյակի կողքով, կլսեինք հայրենաճանաչության դասեր. մեծ ոգևորությամբ էր ներկայացնում մեր մշակույթը և ավանդույթները։ Հետո տատս իմացել էր մեր գաղտնիքը,  թաքուն հպարտացել Ալբերտի հյուրասեր ու մարդկային տեսակով։  Մենք պարտավոր ենք օտարերկրացիներին ներկայացնել մեր պատմությունը, մշակույթն ու Հայրենիքը… որովհետև այդպես կաներ Ալբերտը»:

 

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ #32 (1403) 18.08.2021 - 24.08.2021, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


19/08/2021