Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ԵՂԲԱՅՐ ՄԱՐԳԱՐԸ



ԻՄ ԵՂԲԱՅՐ ՄԱՐԳԱՐԸ

-Ես ու Մարգարը տարեկիցներ ենք, ծնված օրվանից միասին ենք,- ասում է Վարդիթերը:

Նա Մարգարի հորեղբոր աղջիկն է: Ինձ թվում է՝ ինչ-որ բան շփոթել եմ, բացում եմ նոթատետրս, գրված է՝ Մարգար Հովհաննիսյան, զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 5-ին: Իսկ Վարդիթերը շարունակում է.

-Մենք միասին էինք խաղում փոքր ժամանակ: Հետո նույն դասարանում սովորեցինք 12 տարի: Մարգարը իմ ընկերն էր, իմ խորհրդատուն, իմ պաշտպանը: Ես իմ ամենանվիրական գաղտնիքները նրան էի վստահում, ամեն ինչ պատմում էի: Նրանից էի խորհուրդ հարցնում, երբ չգիտեի անելիքս, նրան էի օգնության կանչում դժվարության հանդիպելիս: Մարգարը միշտ կողքիս էր: Ասում էր՝ որոշում կայացնելիս միշտ այնպես արա, որ ոչ ոքի չվնասես:

…Համալսարանում իմ դասախոսներից մեկը ակնարկի ժանրը ուսուցանելիս այն կոչեց հոգու դիմանկար: Հիմա ես մտածում եմ, որ իմ դասախոսը երբեք ակնարկ չէր գրել, կամ այդ բնորոշմամբ ուզում էր, որ մենք անենք առավելագույնը՝ մարդու հոգուն հպվելիս: Դե՛, դիմանկարիր հայրենական կռվում զոհված զինվորի հոգին՝ ասում եմ ինքս ինձ: Հազարավոր գույներից քանի՞սը կպեղես: Կկարողանա՞ս հասկանալ, թե ինչո՞ւ էր Վարդիթերը հենց նրա առաջ բացում իր հոգին: Եվ ինչո՞ւ է նա ամենաողջը բոլոր ողջերի մեջ իր քրոջ համար ու նրա հետ է անգամ զոհվելուց հետո:

-Մարգարը հա՛մ լուրջ էր, հա՛մ հումորով, երբ պետք էր, հասուն տղամարդու պես ծանրակշիռ էր, պատասխանատու: Բայց և զվարճանում էր երեխայի նման:

Մարգարը լեզու էր գտնում բոլորի հետ, մեծի, փոքրի: Նա անմիջապես տեսնում էր մարդու դրական գծերը ու անկաշկանդ շփվում էր բոլորի հետ: Բոլորի մեջ ինչ-որ լավ բան էր գտնում:

Վարդիթերը հոգով է պատմում: Նա մտովի անցնում է իր մանկության արահետներով…

-Մարգարի հայրը մեխանիզատոր է, նրանք տրակտորներ ունեն: Մարգարը 12 տարեկանից վարում էր մեքենաները, 15 տարեկանից փող էր աշխատում ու օգնում ընտանիքին, վճարովի գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում, որոնք կապված էին մեխանիզացիայի հետ, վարում էր, ցանում, հնձում… Ու երազում էր զինվորական դառնալ: Փոքրուց ինձ ասել է, որ զինվորական է դառնալու:

Ես ուզում եմ հարցնել, թե հատկապես ի՞նչն էր հրապուրում Մարգարին զինվորականի մասնագիտության մեջ, կամ ում էր ցանկանում նմանվել, բայց Վարդիթերը նոր բան է հիշում.

-Մարգարը ազնիվ էր, ատում էր սուտը, երբեք սուտ չէր խոսում: Մարգարը լավատես էր, մի ելք կգտնենք՝ ասում էր անգամ ամենադժվար իրավիճակներում ու անպայման ելք գտնում էր: Սիրում էր կրկնել՝ մի՛ վախեցիր, ոչ մի բանից մի՛ վախեցիր: Նա համոզելու մեծ ունակություն ուներ: Որքան էլ համամիտ չլինեիր Մարգարի հետ, վերջում համաձայնում էիր, որովհետև Մագարը էնքան փաստարկված էր համոզում: Ձեռք չէր քաշի, մինչև չապացուցեր, որ ինքը իրավացի է:

… Դիմանկար: Գուցե ես ընթերցողի սեղանին դնեմ գույները ու թողնեմ, որ ինքը համադրի դրանք, ինքը որոշի, թե ինչպես է հավաքելու հայրենիքին կյանքը նվիրաբերած զինվորի հոգու խճանկարը, որ գույնը որտեղ է դնելու, ինչ երանգներ է որսալու տողատակում:

-Ընդունվեց Շիրակի համալսարանի նախնական զինվորական պատրաստության ֆակուլտետ: Ասում էր՝ կա՛մ զորքերում կծառայեմ, կա՛մ նախնական զինվորական պատրաստություն կդասավանդեմ մեր համալսարանում. երկուսն էլ հավասարապես սիրում եմ: Մարգարը մեծ խանդավառությամբ գնաց բանակ: Ծառայության առաջին օրվանից նրա պարտաճանաչությունը գնահատեցին: Դեռևս Արմավիրի ուսումնական զորամասում ծառայելիս ճանաչվեց լավագույն մեխանիկ-վարորդ: Իսկ երբ ծառայության անցավ Ստեփանակերտում, դարձավ «Բանակի գերազանցիկ»: Ափսոս, որ իր «Արիության» մեդալը չտեսավ, նա այդ մեդալը կյանքի գնով վաստակեց:

Վարդիթերի ձայնը լարված է ու թրթռուն: Քանի դեռ չէինք հասել պատերազմին, Վարդիթերի դեմքին տաք ու սիրով լի ժպիտ կար եղբորը հիշելիս: Ես ուզում եմ մեկ անգամ էլ տեսնել այդ ժպիտը: Ես ուզում եմ՝ Վարդիթերը ձեռքերով գրկի իր ուսերը, ասես՝ եղբորն է գրկում …ու հարցնում եմ.

– Հաճա՞խ էր զանգում բանակից: Ի՞նչ էր խոսում:

Վարդիթերը ժպտում է.

ԻՄ ԵՂԲԱՅՐ ՄԱՐԳԱՐԸ– Համարյա ամեն օր: Ասում էր՝ շատ լավ եմ: Տրամադրությունը միշտ բարձր էր: Նա շատ էր սիրում մեքենաներ և ուրախ էր, որ իրեն մեխանիկ-վարորդի մասնագիտությունն է բաժին ընկել զորամասում: Իր գործը գերազանց անելու համար նրան ընկերները Շումախեր էին ասում: …Մարդը հավատում է նրան, ինչին ուզում է հավատալ…

Վարդիթերի աչքերը միանգամից մթնում են: Վերջին նախադասության հետ դեմքից անհետանում է ժպիտը, ու ձայնը տխրում է:

-Ասում էր՝ մենք Ասկերանում ենք, մեզ մոտ կռիվ չկա: Խաբում էր: Երևի կյանքում առաջին անգամ Մարգարը սուտ էր խոսում: Իրականում Մատաղիսում էին: Մորն ասում էր՝ դու գիտես, թե ես ինչ լավ վարորդ եմ, ինձ ոչ մի վատ բան չի պատահի: Ու կարողանում էր համոզել…

Զինվորները պատմում են, որ Մարգարը հասցրել է 5 ճակատամարտի մասնակցել: Վերջին ճակատամարտից առաջ հրամանատարը ասել է՝ պիտի ընդառաջ գնանք թշնամուն, ծանր մարտ է լինելու, զոհվելու հավանականությունը մեծ է, ովքեր վախենում են, կարող են չգալ: Ես գալիս եմ՝ ասել է Մարգարը:

Եթե սա պատմվածք լիներ, ես անպայման կգրեի, որ մահվանն ընդառաջ գնալու որոշումից առաջ Մարգարը մտքի մեջ կրկնել է այն բառերը, որ միշտ ասել է ուրիշներին՝ մի՛ վախեցիր, մի՛ վախեցիր, մի՛ վախեցիր… Ես գրեթե համոզված եմ, որ այդպես էլ եղել է: Բայց սա պատմվածք չէ, սա պատմություն է իրական մարդու՝ ազգային բանակի զինվոր Մարգար Հովհաննիսյանի մասին, ու ես իրավունք չունեմ ենթադրելու:

-Մարգարը զոհվել է իր զինվորական մեքենայի մեջ: Այդ կռվից հետ չի եկել նաև նրա հրամանատարը:

Վարդիթերը չի լալիս: Նրա դեմքին ինչ-որ նոր երանգ է հայտնվել՝ զայրույթ, վճռականություն, կամք…

-Երբ ես ամուսնանամ ու որդի ունենամ, նրան կասեմ, որ մենք մեր կյանքի յուրաքանչյուր օրվա համար պարտական ենք Մարգարին ու նրա նման հազարավոր հերոս տղաների, որոնք ինքնակամ զոհվեցին, որ մենք ապրենք: Կասեմ, որ այս կյանքը այլևս մեր սեփականությունը չէ, նվեր է՝ հազարավոր ընդհատված կյանքերի փոխարեն: Ու այդ նվերը մեզ անհատույց չի տրված: Մենք պիտի արժանավայել ու հերոսաբար ապրենք այն:

Այս կյանքը մեզ անհատույց չի տրված՝ կրկնում եմ մտքիս մեջ: Ես պարտավոր եմ այս պատգամը հասցնել յուրաքանչյուրին, ամեն հայի.

-Անհատույց չի տրված:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #32 (1403) 18.08.2021 - 24.08.2021, Ճակատագրեր


19/08/2021