Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԴՐՈՒԹՑԻ ՍԵՐԳԵՅԸ



ՀԱԴՐՈՒԹՑԻ ՍԵՐԳԵՅԸՎերջերս այցելեցի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, որտեղ սենյակներ են հատկացվել նաեւ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միասնական ծառայության գործակալության կենտրոնական բաժնի աշխատակիցներին։ Այստեղ զրույցի ընթացքում պարզվեց, որ Արցախյան վերջին պատերազմում զոհվել է հադրութցի Լյուբա Սարգսյանի ամուսինը՝ Հայոց բանակի լեյտենանտ, Սերգեյ Սարգսյանը։ Ունեն երեք երեխա։ Այժմ վարձով բնակվում են Երևանում։ Դժվար է Լ. Սարգսյանի համար, բայց պետք է շարունակել կյանքը, մեծացնել զավակներին։ Միաժամանակ աշխատում է՝ աջակցելով հայրենի տնից հարկադրաբար հեռացած հայրենակիցներին, որոնց շարքերում իր նման շատերը կան։

…Հադրութցի Մելիք և Իդա Սարգսյանների կրտսեր զավակն էր Սերգեյը. ծնվել է 1982 թ., միջնակարգ կրթություն ստացել է Հադրութի Միքայել Մանվելյանի անվան դպրոցում։ 2007-2012 թթ. ընդունվել և ավարտել է ՀՀ պետական ագրարային համալսարանը։ Ավարտելով բուհը՝ ծառայել է Հայոց բանակում՝ Հադրութի զորամասում՝ որպես ՀՕՊ կառավարման կետի պետ։ 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ գերազանց է կատարել բազում առաջադրանքներ՝ թշնամում հասցնելով զգալի կորուստներ։ Նույն ոգով էլ կռվել է նաև Արցախյան վերջին պատերազմի օրերին. 2020 թ. հոկտեմբերի 21-ին հերոսաբար զոհվել է Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի պաշտպանական մարտերում… Այժմ հանգչում է «Եռաբլուրում»: 2020 թ. դեկտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով։ Սիրով ու կարոտով են խոսում հերոսի մասին մարտական ընկերները, հարազատները, համաքաղաքացիները: Բարի ու համեստ, խելացի ու համարձակ թե՛ խաղաղ օրերին, թե՛ կռվի։ Բացի զինվորական ծառայությունից, զբաղվում էր նաև գյուղատնտեսությամբ. շարունակում էր հոր կիսատ թողած աշխատանքը։

Այսօր հերոսի մայրը, կինն ու զավակները՝ 14-ամյա Մարտինը, 11-ամյա Ալենը և 3-ամյա Կետրինը, բնակվում են Երևանում՝ հայրենի Հադրութից հեռու՝ մեծ հավատով, որ մի օր տուն են վերադառնալու…

Խորագիր՝ #29 (1400) 28.07.2021 - 3.08.2021, Ճակատագրեր


29/07/2021