Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄՈՆԹԵԻՍ Ի՛Մ ՏՂԱ ԿՄԵԾԱՑՆԵՍ…»



«ՄՈՆԹԵԻՍ Ի՛Մ ՏՂԱ ԿՄԵԾԱՑՆԵՍ...»Ես այլ պատմություններ էի  որոնում: Ես պիտի գրեի հետախուզական ջոկի հրամանատար Թաթուլ Հակոբյանի քաջագործությունների մասին… Բայց  պիտի ներկայացնեմ ամենագեղեցիկ սիրո մի պատմություն։ Ավելի ճիշտ՝ ոչ թե ես, այլ Թաթուլի կինը՝ Անահիտը: Նա կասի, որ Թաթուլը կնոջն ու մեկուկեսամյա որդուն կյանքից շատ էր սիրում, հետո կպատմի, թե ինչպես այդ սերն ու իր կյանքը գիտակցաբար ու հոժարակամ զոհաբերեց հանուն Հայրենիքի: Նա կասի, որ Թաթուլն ամենաերջանիկ մարդն էր աշխարհում, հետո կպատմի, թե ինչպես այդ երջանկությունը դրեց հայրենիքի փրկության նժարին…

-Թաթուլը մեր զուգահեռ դասարանից էր, բայց եկավ մեր դասարան, որ իմ կողքին լինի: Բոլորը գիտեին, որ նա սիրում է ինձ, դա անհնար էր թաքցնել, որովհետև Թաթուլը ինձ բառացիորեն ողողում էր ուշադրությամբ, ծաղիկներով, նվերներով, անհավանական գեղեցիկ անակնկալներով: Աղջկական սեթևեթանք էր, երևի, իմ համառությունը: Իսկ Թաթուլն էլ ավելի համառ էր ու յոթ տարի պայքարեց իմ սիրո համար:

-Գուցե Թաթուլը նման չէր տղամարդու Ձեր իդեալին: Ասում են՝ նա զուսպ էր, սակավախոս, իսկ աղջիկները ավելի հաճախ սիրում են պերճախոս ու եռանդուն տղամարդկանց:

-Թաթուլին բոլորն էին սիրում: Նա մեծ հմայք ուներ, շփվող էր, անբռնազբոս, բարեհոգի, կիրթ, անմիջապես մտերմանում էր մարդկանց հետ։ Թաթուլը բարձրահասակ էր, լայնաթիկունք: Նա երկար տարիներ ձյուդո էր պարապել, հաղթել էր հեղինակավոր մրցույթներում, մեդալներ էր շահել:  Թաթուլը արտասովոր մեծ, վառվռուն, հույզերով լի աչքեր ուներ, որոնք անմիջապես խոսում էին սրտիդ հետ:

Թաթուլը ամեն ինչ հոգով էր անում, նվիրումով, անմնացորդ տրվելով: Դպրոցում պատմություն, աշխարհագրություն և ռազմագիտություն առարկաները լավ էր սովորում: Շատ լավ: Նա առաջին տեղը գրավեց ռազմագիտության հանրապետական օլիմպիադայում:

Սիրում էր շրջել Հայաստանում, ու պետք է տեսնեիք, թե որքան համակողմանի ու մանրամասն գիտեր մեր երկրի յուրաքանչյուր տեսարժան վայրի պատմությունը։ Երբ հարցնում էի, թե որտեղից է սովորել այդքանը, և ինչպես է մտաբերում, ասում էր՝ հեքիաթների փոխարեն հանրագիտարան ու պատմական գրքեր եմ կարդացել:

«ՄՈՆԹԵԻՍ Ի՛Մ ՏՂԱ ԿՄԵԾԱՑՆԵՍ...»Թաթուլը  քաջ էր ու համարձակ։ Տարիներ առաջ մեր քաղաքում՝ Հրազդանում, մի տղամարդ բարձրացել էր հէկի ամենաբարձր ծխատարի վրա, որ ինքնասպան լինի: Ծխատարը 270 մետր բարձրություն ուներ, ու նույնիսկ փրկարարները չէին համարձակվում խողովակը գրկած մագլցել: Թաթուլը րոպեների ընթացքում  դեպքի վայրում էր: Իսկ ծխատարի գագաթին հասավ  երեք ու կես ժամում: Երկու ժամ էլ պետք եկավ, որ համոզի մարդուն հրաժարվել ինքնասպանություն գործելու մտքից և իջեցնի: Բոլորը գիտեին, որ երբ դիմեն Թաթուլին, ձեռնունայն չեն մնա ու զանգում էին ամենաանպատեհ ժամին: Նա երբեք չէր տրտնջում, իսկ իմ բողոքներին կարճ էր պատասխանում՝ ապրելուս իմաստը ո՞րն է, որ չպիտի օգնեմ մարդկանց:

Թաթուլը ամեն ինչ գեղեցիկ էր անում: Նրա յուրաքանչյուր օրը լցված էր բազում գեղեցիկ իրադարձություններով, որ ինքն էր կազմակերպում ուրիշների համար: Երբ բանակում էր, ես ուշադրության պակաս չզգացի, որովհետև նրա ուղարկած ծաղկեփնջերը, նվերները, գեղեցիկ խոսքերը չպակասեցին: Ինձ ամուսնության առաջարկություն արեց Արագածի գագաթին: Ընկերներով գնացել էինք արշավի: Բացի ինձնից, բոլորը գիտեին, թե արշավի բուն նպատակը որն է: Թաթուլը կարողանում էր ամեն ինչից տոն, գեղեցկություն ու անմոռաց իրադարձություն սարքել: Մտերիմներս ասում էին, որ ամուսնանալուց հետո հեքիաթը կավարտվի, մանավանդ՝ Թաթուլն արդեն ծառայության էր անցել հայկական բանակում ու մշտապես զբաղված էր: Բայց եղավ հակառակը. իսկական հեքիաթը սկսվեց ամուսնությունից հետո: Ես Թաթուլի հետ ապրեցի անհավանական երջանկության երեք տարիներ՝ լցված սիրով, ուշադրությամբ, հոգատարությամբ, ծաղիկներով, անակնկալներով… Նա ինձ այսպես էր դիմում՝ իմ աղջիկ, ու իմ կյանքը դարձնում էր չքնաղ երազ: Երբ ասում էր՝ հագնվի, գալիս եմ, գիտեի, որ ինչ-որ տեղ ենք գնալու, սրճարան, ռեստորան, այգի կամ որևէ քաղաք… Ես Թաթուլին սիրահարվեցի ամուսնությունից հետո… Թաթուլն իմ կյանքի առանցքն էր, իմ ապրելու իմաստը….

-Ես մինչև հիմա առանց ընդհատելու լսում էի Ձեզ ու մտածում, որ հազարավոր, գուցե միլիոնավոր կանայք կերազեին այդպիսի սիրո ու այդպիսի ամուսնության մասին: Բայց ինչպե՞ս էր Թաթուլը հասցնում այդքան ուշադրություն նվիրել Ձեզ, չէ՞ որ զինվորական էր, այն էլ՝ հետախուզական ջոկի հրամանատար:

-Նա գործի էր գնում վաղ առավոտյան, ժամը 6-ին արթնանում էր: Ես, բնականաբար, արթնանում էի, որ տեսնեմ նրան, տեսնեմ՝ ոնց է հագնվում, ոնց է լվացվում, բայց նա բարկանում էր վրաս, ստիպում էր, որ քնեմ, մանավանդ, երբ արդեն Մոնթես ծնվել էր: Ասում էր՝ ամբողջ գիշեր երեխային ես խնամել, գոնե հիմա քնիր:

…Թաթուլի ցանկությամբ՝ մեր տղային Մոնթե կոչեցինք. նա ուզում էր շատ երեխաներ ունենալ, երազում էր, որ ծնվեն Նժդեհը, Արաբոն, Սոսեն, Սյունեն…Սովորական օրերին, երբ առաջադրանք չէր կատարում,  ծառայությունից վերադառնում էր ուշ երեկոյան: Հետո սկսվում էր վայելքը: Մենք ժամերով կարող էինք թափառել գիշերային քաղաքում, ժամանակ անցկացնել որևէ սրճարանում, կամ մնալ տանը ու մինչև ժամը 2-3-ը զրուցել: Ես շատ էի կարոտում Թաթուլին: Երբ նա քնում էր, նստում էի մահճակալի մոտ ու ժամերով նայում նրան:

Մոնթեիս ծնվելուց 10 օր հետո Թաթուլին ուղարկեցին արտերկիր: Անգամ հեռավորությունը չկարողացավ բաժանել մեզ. նա զանգում էր ամեն օր, տեսնում էր որդուն, զրուցում էր ինձ հետ, տեղեկանում էր բոլոր մանրուքներից: Ընկերների միջոցով ինձ զանազան նվերներ ու… ծաղիկներ էր ուղարկում:

Իսկ երբ տանն էր, գետնին չոչ անելով՝ խաղում էր Մոնթեի հետ, երեխայի նման ծիծաղում էր ու զվարճանում:

-Պատմո՞ւմ էր ծառայությունից:

«ՄՈՆԹԵԻՍ Ի՛Մ ՏՂԱ ԿՄԵԾԱՑՆԵՍ...»-Ո՛չ, նույնիսկ ժամկետային ծառայության ժամանակ ոչինչ չի պատմել, ես ուրիշներից եմ իմացել, որ դիվերսիոն գործողություն է հետ մղել, պատվոգրեր է ստացել: Իսկ երբ ամուսնացած էինք, ինքն էլ հետախուզական ջոկի հրամանատար էր, եթե պիտի գիշերը զորամասում լիներ կամ մի քանի շաբաթ տուն չգար, ասում էր՝ առաջադրանք եմ կատարելու: Այդքանը: Առաջադրանք: Բայց ես հասկանում էի, որ այդ առաջադրանքները վտանգավոր են, որովհետև ամեն առաջադրանքից առաջ ամուսնական մատանին ու ոսկե շղթան տալիս էր ինձ, հիշեցնում էր բանկային քարտերի կոդերը: Երբ ես սկսում էի  հուզվել, ասում էր՝ մարդ մեռնելիս պիտի հերոսի նման մեռնի, որ որդին հպարտանա իրենով:

…Պատերազմից օրեր առաջ Թաթուլին առաջին անգամ  արձակուրդ տվեցին, ու նա որոշեց իրականացնել իր երազանքը: Սեպտեմբերի 19-ին ես, Թաթուլն ու Մոնթեն մոտ մեկ շաբաթ շրջեցինք Հայաստանով մեկ, եղանք տարբեր վայրերում, օրը մի հյուրանոցում էինք գիշերում: Մենք այնքա՜ն երջանիկ էինք, այնքա՜ն անսահման էր մեր ուրախությունը, որ ես, անկախ իմ կամքից,մի օր  ասացի՝ էս երջանկությունը այնքան մեծ է, որ մեկնումեկիս կուլ է տալու: Նույնիսկ արտասվեցի …

Սեպտեմբերի 26-ին Թաթուլին  տագնապով կանչեցին զորամաս: Հաջորդ օրը ես համացանցից իմացա, որ պատերազմ է սկսվել: …Հետո ես ապրեցի իմ կյանքի ամենասարսափելի օրերը: 22 օր: Թաթուլը զոհվեց հոկտեմբերի 19-ին:

-Ձեզ պատմե՞լ են, թե ինչպե՞ս է զոհվել Թաթուլը:

-Նախորդ օրը՝ հոկտեմբերի 18-ի երեկոյան, ինձ նամակ գրեց՝ ձեզ կյանքիցս շատ եմ սիրում: Հոկտեմբերի 19-ի  առավոտյան հեռախոսով ասաց՝ եթե ինձ ինչ-որ բան պատահի,  Մոնթեիս ի՛մ տղա կմեծացնես:…Թեև ասել էր, որ չզանգեմ, բայց ես ամբողջ օրը զանգեցի նրան, բայց անհասանելի էր: Այդ օրը ծնողներիս տանը գիշերեցի: Մայրս հեռախոսս պահել էր, որ չմտնեմ ֆեյսբուք, քանի որ արդեն համացանցում տարածվել էին Թաթուլի լուսանկարները: Հաջորդ օրը առավոտյան մերոնք ասացին, որ Թաթուլը ծանր վիրավոր է: Հետո ասացին՝ շատ ծանր է վիճակը: Ես նախկինում մի քանի անգամ ուշաթափվել էի, երբ Թաթուլը ուշ էր զանգել, մերոնք վախենում էին ինձ ասել ճշմարտությունը: Հետո որոշեցի գնալ մեր տուն: Դեռ հեռվից տեսա, որ օրը ցերեկով մուտքի լույսը վառվում է… Իսկ լույսը վառ են թողնում, երբ մուտքում մահացած կա… Ես մեկ ամիս կորցրի խոսելու ունակությունս ու չէի կարողանում շարժել ոտքերս: Ինձ ինչ-որ դեղեր էին ներարկում, որից հետո ես նայում էի իմ ու Թաթուլի լուսանկարները ու ոչինչ չէի զգում: Ո՛չ ցավ, ո՛չ կարոտ…Ես հասկանում էի, որ դա անբնական վիճակ է, ու հրաժարվեցի դեղերից, որ քայլեմ  ցավի միջով ու կարողանամ ապրել…

-Թաթուլը հերոսաբար է զոհվել:

-Ինձ պատմել են, որ հրամանատարը 200 հոգանոց խմբին ներկայացրել է առաջադրանքը, ասելով, որ պետք է օգնել շրջափակման մեջ ընկած տղաներին: Եվ հարցրել է, թե ովքե՞ր են ցանկանում մասնակցել գործողությանը, որտեղից ողջ դուրս գալու հավանականությունը 10 տոկոս է: Առաջինը Թաթուլն է ասել՝ ես կգնամ, հետո նրան հետևել  են ամենամտերիմ ընկերները՝ Համլետը, Վովան, Սերյոգը, Աշոտը, Մանուկը, վարորդ Մելիքը: Պատմում են, որ երբ Թաթուլը նստում է մեքենան, վերջին պահին ձայնում է զինակից ընկերոջը՝ եթե հետ չգամ, տղայիս լավ կնայես…Ընկերը պատասխանում է՝  վաղը էստեղ լինես, սեղանը գցած՝ քեզ ենք սպասելու:

…Մի անգամ Թաթուլն ասաց՝ կուզենամ, որ իմ մասին գրեն դպրոցական դասագրքում, ու տղաս և իր դասընկերը կարդան իմ մասին: Պատկերացնում եմ՝ տղաս ոնց կհպարտանա, որ դասը իր հայրիկի մասին է: Ես ու որդիս նրա համար կյանքից էլ թանկ էինք, բայց Հայրենիքը իր կյանքից ու մեզնից էլ էր թանկ: Ու ինքը ուզում էր հերոսավայել զոհվել: Եվ եղավ…իր ուզելով։

Եվ այժմ ես գիրք եմ գրում Թաթուլի մասին, վավերագրական ֆիլմ ենք նկարում, հուլիսի 9-ին՝ նրա ծննդյան օրը, մեծ միջոցառում ենք կազմակերպելու: …Երբ որդիս  ամեն քայլափոխի զգա հոր պակասությունը, ես այդ բացը կլրացնեմ անսահման հպարտությամբ: Ես կսովորեցնեմ որդուս, որ իր հայրը ամենալավ հայրն էր աշխարհում, ու այն պատիվը, որ թողել է մեզ, ոչինչի հետ չես համեմատի:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #25 (1396) 30.06.2021 - 06.07.2021, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


01/07/2021