Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ



Զորամասի հրամանատար գնդապետ Ա. Մուրադյանը դրվատանքի խոսքեր ասաց գումարտակի հրամանատար մայոր Սամվել Հարությունյանի մասին։ Մարտավարական վերջին զորավարժության գլխավոր դերակատարը լինելով` նրա ղեկավարած գումարտակը հաջողությամբ է կատարել առաջադրված խնդիրները, բարձր արդյունքներ ապահովել հատկապես հրաձգությունից։ Փաստը վկայում է, որ մարտական հերթապահություն կատարող ստորաբաժանումը ճիշտ է օգտագործում ժամանակը եւ լիովին կատարում է ուսումնական ծրագրի պահանջները։

Հրաձգարանում կրակային պատրաստության հերթական գործնական պարապմունքն էին անցկացնում նույն գումարտակի կապիտան Գառնիկ Պողոսյանի վաշտի զինվորները։

Մայոր Վահան Սարգսյանը ասաց, որ մայոր Ս. Հարությունյանն արձակուրդում է, եւ այժմ ինքն է փոխարինում նրան, քիչ անց պարզվեց նաեւ, որ արձակուրդում է նաեւ վաշտի հրամանատարը, որին էլ ավագ լեյտենանտ Կարեն Ղումաշյանն է փոխարինել։

-Զորավարժության արդյունքների ամփոփումից հետո նրանց արձակուրդ է տրվել, կվերադառնան տարեվերջին ամփոփիչ քննությունները սկսելու նախօրեին,- պարզաբանեց մայոր Վ. Սարգսյանը։

Պարապմունքի թեման ինքնաձիգից առաջին ստուգողական վարժության կատարումն էր։ Նշենք, որ սա ամբողջությամբ պաշտպանողական վարժություն է, զինվորներին տրվում է տասներկու փամփուշտ։ Հրաձգությունը միաժամանակ կատարում են խրամատում դիրքավորված երկու զինվորները։ Կրակի ընթացքում նրանց միջեւ կատարվում է դիրքերի փոփոխություն։

Հետեւելով պարապմունքի ընթացքին` զգացինք, որ վաշտի հրամանատարի երիտասարդ պաշտոնակատարը գործընթացը ղեկավարում է հմտորեն։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ

Մինչ հրաձգությունը շարունակվում էր, մոտեցանք ուսումնական կետերում նախապատրաստվող ստորաբաժանումներին։ Նախ՝ պայմանագրային զինծառայող, ուսումնական կետի ղեկավար ավագ սերժանտ Հարություն Գեւորգյանը զեկուցեց, թե ինչով է զբաղված ստորաբաժանումը։ Պարզ դարձավ, որ լեյտենանտ Անդրանիկ Մանուչարյանի դասակի զինվորներն են։ Քանի որ լեյտենանտը օգնում էր հրաձգություն կատարողներին, այստեղ պարապմունքը ղեկավարում էր Հարություն Գեւորգյանը։

-Տղաները շատ լավ տիրապետում են թեմային, բայց կարեւոր է, որ կրակից առաջ թարմացնեն հիշողությունները, կրկնեն գործողությունների հաջորդականությունը։ Այս վարժության կատարման ընթացքում շատ է կարեւորվում անվտանգության կանոնների պահպանումը՝ հատկապես փոխատեղման ընթացքում պետք է շատ ուշադիր լինեն,- ասաց ավագ սերժանտը։

Նա նաեւ ասաց, որ պարտադիր ժամկետային ծառայությունն անցկացրել է առաջնագծի զորամասերից մեկում՝ 2005-07թթ., եւ արդեն երեք տարի պայմանագրային ծառայության մեջ է։

Այստեղ էին շարքայիններ վարդենիսցի Վահան Հակոբյանը, երեւանցիներ Արա Մկրտչյանը, Վահե Սիմոնյանը, Ռոկի Ավետիքյանը, սպիտակցի Աշոտ Այվազյանը, Արարատի մարզից Հովհաննես Սահակյանը, Արմեն Մանուկյանը։ Հովհաննեսն ասաց, որ իր ծառայության ժամկետն ավարտվում է եւ շուտով զորացրվելու է։ Այս տարվա գարնանը զորակոչված Վահանը, Արան, Աշոտը եւ Արմենը բոլորովին վերջերս են առաջին անգամ մարտական հերթապահության մեջ ներգրավվել։

♦♦♦

Հաջորդ ուսումնական կետի ղեկավարը ջոկի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար շարքային Տիգրան Գալստյանն էր։ Նա նույնպես նշեց, որ կրկնում են առաջին ստուգողական վարժության պահանջները, միաժամանակ կատարում են զենքի ոչ լրիվ քանդման-հավաքման գործողությունը։

Շարքայիններ Գագիկ Սարգսյանը, Նարեկ Բաբայանը, Հովհաննես Ալեքսանյանը, Սաշա Գեւորգյանը, Ռաֆիկ Ռամազյանը եւ մյուսները զրույցի ընթացքում ասացին, որ ամենակարեւորը լավ կրակելն է, որովհետեւ հակառակորդն ամեն օր կրակում է մեր դիրքերի ուղղությամբ, եւ մենք պետք է նրանց հասկացնենք, որ իրենցից ավելի լավ ենք տիրապետում զենքին։

ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Առաջին դասակի զինվորների մեծ մասն ավարտել էր վարժության կատարումը։ Բարձր արդյունքներ էին ցույց տվել սերժանտ Սուրեն Շահինյանը, պայմանագրային սերժանտ Արսեն Բադալյանը, շարքայիններ Աբրահամ Ղազարյանը, Նաիրի Ռաշոյանը, Էդգար Վարդանյանը, Խաչիկ Պողոսյանը, Վահե Մամաջանյանը… Բոլորից շատ սպաներին տպավորել էր շարքային Էրիկ Պետրոսյանը։ Մայոր Վահան Սարգսյանի խոսքով, նա գումարտակի ամենալավ կրակողներից է։

-Ես Արարատից եմ, 19 տարեկան,- ասաց Էրիկը,- արդեն մեկուկես տարվա ծառայող եմ, սովորում եմ դեղագործական քոլեջում ու միաժամանակ ֆուտբոլ եմ խաղում մեր «Արաքս» թիմում։ Իմ ծառայությունից շատ գոհ եմ, լավ եմ ծառայում, օգնում եմ սպաներին։ Վաշտի ֆիզպատրաստության պարապմունքները հիմնականում ես եմ անցկացնում։ Այժմ մեր վաշտի բոլոր զինվորները 14-ից ավելի ձգումներ են անում, մշտապես վոլեյբոլի ու ֆուտբոլի մրցումներ ենք կազմակերպում։ Ծառայությունն անցնում է հետաքրքիր ու նպատակային, ինչը շատ ձեռնտու է ինչպես սպաներին, այնպես էլ զինվորներին։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #47 (912) 01.12.2011 – 7.12.2011, Ազգային բանակ


07/12/2011