Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ



ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐԱյս իրապատումները շարադրել ենք ռուսական «Մեգապոլիս-Էքսպրես» թերթի թղթակից Անդրեյ Պրալնիկովի ռեպորտաժների հիման վրա: Ա.Պրալնիկովը 1991-1992 թթ. մի քանի անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ:

 

Առաջին գծում աշակերտներն էին…

«Մանասաշեն գյուղի մոտ ճակատի առաջին գիծը պահում էին երեխաները: Համարյա բոլոր խրամատավորները 7-9-րդ դասարանների աշակերտներ էին: Հրամանատարը պատմության ուսուցիչ Վարդան Մալխասյանն էր: Նրան օգնում էր մաթեմատիկայի ուսուցիչ Գեորգի Հակոբյանը: 1991 թ. հոկտեմբերն էր, բայց պարապմունքները չէին սկսվել. դպրոցը քանդված էր ադրբեջանական Շեֆեկ գյուղի կողմից բացված հաուբիցային կրակից…»:

Դեռ հունվարի 14-ին Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահությունը ապօրինի որոշումով Շահումյանի հայկական շրջանը, որի 20 հազար բնակչության 82%-ը հայեր էին, միացրել էր ադրբեջանական Քասում-Իսմայլովի շրջանին ու ստեղծել վարչական նոր միավոր` Գերանբոյի շրջանը: Նպատակն ակնհայտ էր` հայաթափել Շահումյանը:

Ի պատասխան, սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների` Ստեփանակերտում կայացած համատեղ նիստում հռչակվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Շահումյանի շրջանը` նրա կազմում:

«Գյուղը հաճախակի էր ուժգին հրետակոծվում: Երբ բռնկվում էր հերթական տունը, ադրբեջանցիները ջանում էին խփել ծխի ուղղությամբ. գիտեին, որ հարեւանները շտապելու են օգնության, եւ այնժամ մի արկով կարելի էր խոցել շատերին: Կանայք ու մանուկները տարհանվել էին, մնացել էին զենք կրելու ունակ տղամարդիկ, բայց զենքը բոլորին չէր հերիքում:

-Նստել էինք գյուղի եկեղեցու պատի տակ` ձեռքներս դատարկ տղամարդիկ: Այրվում-վերջանում էր տունը, որը փորձում էինք փրկել` ջուր չկար,- պատմում է Անդրեյ Պրալնիկովը:- Այսպես ապրել այլեւս հնարավոր չէ, ասում էին գյուղացիք: Բացահայտ պատերազմի չորրորդ տարին է` ամեն օր սպանվածներ, վիրավորներ, երեխաները վախի մեջ են մեծանում: Կապ չկա, ապրիլից անջատել են էլեկտրականությունը, սկսվել է դեղնախտի համաճարակ, դեղորայք չկա, հացը չի հերիքում: Խորհրդային բանակն էլ ադրբեջանցիների կողմն է. հակառակ դեպքում՝ որտեղի՞ց ադրբեջանցիներին այդքան զինամթերք, զրահափոխադրիչ, տանկ»:

…Դեռ մինչեւ 1992 թ. օգոստոսը Շահումյանը հերոսաբար դիմադրելու էր թշնամու գերակշիռ ուժերին…

 

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐՇուտով կռիվը թեժանալու էր…

«Մանաշիդ գյուղը դատարկ էր: Բնակիչները տեղահանվել էին «անձնագրային ռեժիմի ստուգումից» հետո. այդ ընթացքում զորային հրետանին ու տանկերը կրակ էին բացել տների վրա: Հետո զինվորների թիկունքից դուրս էին եկել ադրբեջանցի օմօնականներն ու սկսել ջարդն ու կողոպուտը: Նրանց հետեւել էին հարեւան ադրբեջանական գյուղերի թալանչիները: Ականատեսները պատմում են, որ հետիոտնի, ձիավորների եւ մեքենա ունեցողների համար սահմանված էին թալանի «արտոնության» տարբեր սակագներ:

Հայերի տները մեջ-մեջ էին արել, եւ ադրբեջանցի «նոր տերերն» իրենց անունները յուղաներկով գրել էին դարպասների վրա: Եկեղեցին պղծել էին, վերածել ոչխարների փարախի: Խաչը ջարդել էին, զանգը` ծակծկել ինքնաձիգից արձակված կրակոցներով, իսկ կտորները թափել այս ու այն կողմ: Գրադարանն այրել, փոստը, կապի հանգույցը` ջարդուփշուր արել, չհրկիզվող պահարանների դռները ջարդել:

Հայկական ինքնապաշտպանական ուժերի մարտիկներն օմօնին այստեղից դուրս շպրտեցին 1991 թ. սեպտեմբերի 14-ին, այդ ժամանակ էլ ազատագրեցին Բուզլուխ եւ Էրքեջ գյուղերը: Բայց ադրբեջանցիները շարունակում էին իրենց դիրքերից կրակել հաուբիցներով ու ռեակտիվ արկերով, ուստի, գյուղ էին վերադարձել միայն տղամարդիկ: Նրանք խրամատներում էին Հայաստանից եկած կամավորականների հետ: Բեռնատարն օրումեջ բերում էր հերթափոխը, իսկ հերթը հանձնածները գնում էին բազա` քունն առնելու:

Այգիների բերքը հավաքված չէր, ոտքի տակ լիքը խնձոր էր, տանձ, սալոր, ընկույզ: Բայց հայերի ցանած կարտոֆիլն ադրբեջանցիները հասցրել էին հանել ու տանել: Դիտմամբ այրել էին մոտ 120 հեկտար ցորեն: Հայտնի չէր, թե ժողովուրդն ինչ է անելու ձմռանը. ճանապարհներն անհույս փակ էին, ուղղաթիռների համար վառելիք համարյա չկար:

Ձմռան մոտենալու հետ կռիվները թեժանալու էին…»:

 

Զարմանալի ոչինչ չկար…

«1991 թ. հունվարին Ժիրիկ Հակոբյանին հանդիպեցի Ղարաչինար գյուղի դիրքերում,- պատմում է Անդրեյը:- Մինչ այդ, նա մեկ տարի նստել էր Շուշիի բանտում, որը հայտնի է իր ոչնչացնող ռեժիմով, ապա` Բաքվում ՊԱԿ-ի մեկուսարանում: Նրան փրկագնել էին կանխիկ դրամով:

Զինծառայության համար աշխատավարձի չափի մասին հարցին ի պատասխան Ժիրիկը ծիծաղեց. «Ոչինչ էլ չեմ ստանում: Իմ հաշվին եմ այստեղ»: Ղարաբաղում կռվելու համար Հայաստանից եկածներից ոմանց միջին աշխատավարձն աշխատավայրում պահպանում էին, բայց դա կախված էր ղեկավարության բարի կամքից:

Մինչդեռ, հայկական կողմի տվյալներով, ադրբեջանցի օմօնականը նախապատրաստական կարճատեւ դասընթացից հետո առաջնային գիծ գործուղվելիս 10 օրվա համար ստանում էր 300 ռուբլի: Վարձկաններն` ավելի շատ. հետախուզական տվյալները հաստատում էին, որ թշնամու զինյալների մեջ կան նաեւ ակնհայտորեն սլավոնական արտաքինով զինվորականներ:

Ամենայն հավանականությամբ, դրանք Աֆղանստանից դուրս բերվելուց հետո այստեղ տեղակայված 4-րդ բանակի զորամասերի ծառայողներն էին: Խորհրդային բանակը բարոյալքված էր. գողանում էին վառելիքը, սննդամթերքը, զինամթերքը: Զարմանալի ոչինչ չկա, որ ստորաբաժանումներն ու տեխնիկան փողի դիմաց մասնակցում էին մարտական գործողությունների»:

Զարմանալի չէր նաեւ, որ հոգեբանական արգելապատնեշը հային թույլ չէր տալիս զենք բարձրացնել ռուս զինվորի վրա:

 

Կամոյի հայրը չէր լալիս

«Նախորդ այցելությունից երկու ամիս հետո մենք դարձյալ Ղարաբաղում էին: Ֆոտոթղթակից Ալեքսանդր Ֆյոդորովը բերել էր նախորդ անգամվա լուսանկարները: Խոտի վրա գցած սեղանի շուրջ ժպտում էին ընկերները` Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի շտաբի պետ Սերգեյն ու միշտ անվրդով փիլիսոփա Համլետը:

Համլետը զոհվել էր: Զոհվել էր նաեւ քսանամյա Ժիրիկը: Նրան, գնդացրի ժապավենները կրծքին խաչաձեւ գցված, ընթերցողը տեսել էր «Մեգապոլիս-Էքսպրեսի» 1991 թ. 43-րդ համարի շապիկին:

Մի քանի օր հետո զոհվեց Կամոն: Նրա հայրը չէր լալիս.

-Սա պատերազմ է,- ասաց նա:- Եվ Կամոն եղբայրներ ունի»:

 

«Ուզում ենք ապրել մեր հողի վրա»

1991 թ. դեկտեմբեր.

«Ցերեկը Ստեփանակերտի վրա ծուխ էր բարձրանում. այրվում էր հայկական հրետանու կրակով ավերված գյուղը, որտեղից ադրբեջանցիները երկար ժամանակ գնդակոծում էին քաղաքը: Գիշերը երեւում էր ադրբեջանական արկերից այրված գազամուղի հրացոլքը: Քսանքանիերորդ անգամ դիվերսիա էր կատարվել ջրաբաշխիչ կայանում, եւ բնակչությունը դարձյալ ջուր չուներ:

Ստեփանակերտցիները քնելու էին իջնում նկուղներ, որոնք դարձել էին ռմբապաստարան: Փոքրիկները գոհ էին. խաղընկերներ կային, եւ կարելի էր ուշ պառկել: Կռիվ-կռիվ էին խաղում: Դրսում պայթում էին արկերը:

Գնդակոծության պատճառով հետաձգվել էին սեպտեմբերին հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն Խորհրդի ընտրությունները: Դրանք, ի վերջո, տեղի ունեցան դեկտեմբերի 28-ին` ադրբեջանական բանակի հրետանային կրակի տակ: Ընտրության օրը զոհվեց 17, վիրավորվեց ավելի քան 100 բնակիչ, ավերվեց 42 շենք, այդ թվում` մարզային եւ մանկական հիվանդանոցները, Պարգեւ եպիսկոպոս Մարտիրոսյանի տունը. նա հրաշքով ողջ մնաց: Ընտրությունների օրը հայկական ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին Կրկժանը:

…Դեկտեմբերի 10-ին տեղի էր ունեցել հանրաքվե: Պետք էր պատասխանել միայն մի հարցի. «Համաձա՞յն եք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, որն ինքնուրույն է որոշում այլ պետությունների ու հանրությունների հետ համագործակցության ձեւը»: Քվեարկածների 99%-ից ավելին հարցին պատասխանել էր` «այո՛»:

Նոր պետության մեջ չկար հաց, վառելիք, դեղորայք: Փոստն այստեղ չէր հասնում, եւ արտաքին աշխարհի հետ կապ չկար:

Խանութներում ոչինչ չկար` բացի օղուց, որը հազարից մեկը կա՛մ գնում էր, կա՛մ` ոչ, եւ դեռ Վոլսկու ժամանակներից (1989 թ. հունվարից նոյեմբեր) ներկրված արտասահմանյան ատամի մածուկից: Հետխորհրդային ամբողջ տարածքում մսի շուկայական գինն ամենացածրն, ըստ երեւույթին, Ղարաբաղում էր` 10-15 ռուբլի: Բայց դա ոչ մեկին չէր ուրախացնում. անասունը մորթում էին, որովհետեւ շրջափակման պայմաններում կերակրել հնարավոր չէր:

Գործարանները կանգնած էին: Ստեփանակերտում աշխատում էր բնակչության 5%-ը: Կանխիկ փող չկար, որ մարդկանց թոշակ տային: Ըստ էության, Ղարաբաղում ոչինչ չկար` բացի կոնյակի, գինու եւ սպիրտի հազար տոննա մեռած բեռից: Այստեղ սովոր էին տնականը խմել, իսկ արտահանել հնարավոր չէր:

ԼՂՀ գործկոմի նախագահ Լեոնարդ Պետրոսյանը, սակայն, վհատված չէր.

-Չորրորդ տարին է` դիմանում ենք: Մենք տոկուն ժողովուրդ ենք, կարող ենք եւ՛ ապրել, եւ՛ կռվել: Բայց պատերազմը մեր նպատակը չէ: Ուրիշի հողին չենք հավակնում: Մենք ուզում ենք միայն մերի վրա ապրել արժանավայել»:

 

Ղարաչինարում դարձյալ ավերածություններ էին…

«1991 թ. դեկտեմբերին Շահումյան գնալն իրադարձություն էր:  Ոչ այնքան հեռավորության եւ ճանապարհին հաճախակի պատահող դարանակալումների, որքան` վառելիքի բացակայության պատճառով: Մայրաքաղաքից այդ 150 կիլոմետրն անցնելու համար հարկ եղավ բաքը վերալցնել, եւ ես ամաչեցի, երբ իմացա, որ լցնում են այն վառելիքը, որը գյուղացիները տնից տուն հավաքել էին գարնանացանի համար:

Ճանապարհին երեքամյա մանչուկն սկսեց լաց լինել, եւ մայրը ոչ մի կերպ չէր կարողանում հանգստացնել: Կես ժամ անց մեզ ուղեկցող մարտիկը չդիմացավ. հանեց պահունակը, ստուգեց փամփշտակալը, եւ ատրճանակը տվեց երեխային: Արցունքներն ակնթարթորեն չորացան: Ճանապարհի վտանգավոր տեղամասում, երբ հրաձիգները հանեցին զենքի պահպանակներն ու իջեցրին մեքենայի ապակիները, նա արդեն քնած էր:

Մութ էր, երբ տեղ հասանք: Շահումյանի ծանոթ հյուրանոցում տեղավորվել էին հայ փախստականները, որոնց ադրբեջանցի օմօնականները բանակի օգնությամբ տեղահանել էին իրենց տներից: Լույս չկար: Շարժական էլեկտրական գեներատորը գործի էր գցվում միայն նորությունների երեկոյան թողարկման ժամանակ: Նավթի լամպի ապակին ոչ թե թանկարժեք իր էր, այլ… սրբություն (գնել ուղղակի հնարավոր չէր): Սենյակներում ավելի ցուրտ էր, քան դրսում: Ամեն ինչ մեր տեսածի պես էր, բացի արկերի գիշերային պայթյուններից: Մեր նախորդ այցելության ժամանակ` աշնանը, Շահումյանը չէր գնդակոծվում. խփում էին հիմնականում հայոց միջնաբերդին` Ղարաչինար գյուղին:

Առավոտյան պարզվեց, որ բնակելի տները, բարեբախտաբար, չեն տուժել: Մի քանի արկ ընկել է արհեստանոցներում, որտեղ տեղի վարպետները հրանոթները տեղադրում էին ինքնաշեն հրասայլերի վրա, զրահով պատում թրթուրավոր քարշակները: Վիրավորներ չկային: Ղարաչինարում դարձյալ մի քանի տուն էր ավերվել…»:

Շարադրեց ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #24 (1395) 23.06.2021 - 29.06.2021, Պատմության էջերից


24/06/2021