Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊԱՐԱՆՑԻ ՌՈՒՍԼԱՆԸ



ԱՊԱՐԱՆՑԻ ՌՈՒՍԼԱՆԸ12-ամյա Ռուսլանը 1999 թ. ծնողների և ավագ երկու քույրերի հետ ծննդավայր Ապարանից բնակություն էր  հաստատել Արցախի Քաշաթաղի շրջանի Գետափ գյուղում։ Այստեղ էլ հասակ առավ Ռուսլան Սերգեյի Իսրայելյանը։ 2005 թ. ավարտեց միջնակարգն ու  նույն թվականին էլ զորակոչվեց բանակ։ Բարեխիղճ ու կարգապահ զինվոր էր, և ծնողները հաճախ էին պաշտպանության նախարարությունից շնորհակալագրեր ստանում։ Ռուսլանը բանակից զորացրվեց ավագի կոչումով։ Արցախյան պատերազմում վիրավորված և հաշմանդամության կարգ ստացած հայրը, որը ՀՀ ԵԿՄ և Արցախի ազատամարտիկների միության անդամ է, հպարտ էր որդով։

2010 թ. Ռուսլանն ամուսնացավ գորիսեցի Սեդայի հետ: Ունեցան 2 դուստր՝ Էլենը և Միլենան։ Շենացնում էին հայրենի Քաշաթաղի շրջանը, կառուցում ու շենացնում իրենց տունը… Հայրենասեր, ընտանիքին ու հարազատներին նվիրված անձնավորություն էր Ռուսլանը, աչքի էր ընկնում իր կենսասիրությամբ, լավատեսությամբ։ Աշխատանքում ու ծառայությունում թերանալ չուներ։ Մանկության, ծառայակից ու մարտական ընկերները նրան շատ էին սիրում ու հարգում։

…Զինվորական ծառայությունը Ռուսլանը շարունակել է նաև զորացրվելուց հետո։ 2010-2012 թթ. պայմանագրով ծառայել է Քաշաթաղի շրջանում գործող սահմանապահ ջոկատում։ 2016 թ. ապրիլին Ռուսլանը Քաշաթաղի շրջանի կամավորականների հետ մեկնել է առաջնագիծ։ Ծառայել է Ջրականում։ Դրսևորած խիզախության համար նա Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել  է «Արիության համար» մեդալով:

2016 թ. ապրիլ-հունիս ամիսներին հարյուրավոր քաշաթաղցիներ ժամկետային զինծառայողների հետ պաշտպանեցին հայրենի հողը և տուն վերադարձան։

Այլ էր Արցախյան վերջին պատերազմը, որ նորից առաջնագիծ տարավ հազարավոր հայորդիների, նաև քաշաթաղցիներին… Առաջին բանակային միավորման նորաբաց զորամասերից մեկում Ռուսլանը ծառայության մեկ տարին  նոր էր բոլորել, երբ պայթեց պատերազմը: Ռուսլանենց զորամասն ամբողջությամբ ընդգրկվեց Արցախի հարավային սահմանի պաշտպանների շարքերում։

Ռուսլանը կռվում էր Ջրականի տարածքում։ Մի քանի անգամ ընկել էին շրջափակման մեջ, ենթարկվել ռմբակոծման, հրաշքով փրկվել,-պատմում է կինը՝ Սեդան:- Տուն եկավ մի քանի օրով, հետո կրկին առաջնագիծ պիտի մեկներ, սակայն, քանի որ շտապ օգնության մեքենայի վարորդի կարիք կար, սկսեց վիրավորներ տեղափոխել։

Նոյեմբերի 7-ին վերջին ուղերթը կատարեց քաջորդին ու անմահացավ… Իր մեքենայով ընկնել էր թշնամու ծուղակը։ Մինչ այդ հարյուրավոր վիրավորների էր ռմբակոծության ու կրակոցների տակ ռազմադաշտից տեղափոխել Գորիս ու Կապան:

-Նրա հետ աշխատող բժիշկը՝ Արթուրը, ասում էր՝ Ռուսլանն իմ փրկիչն է, քանի անգամ է մահից փրկել իր համարձակության ու արհեստավարժության շնորհիվ։ Վերջին անգամ չի հասել ռազմադաշտ…

72 օր հետո հաջողվել է գտնել հերոսի դին։ 2021 թ. փետրվարի 10-ին նրա աճյունը հանձնել են  հողին հայրենի Ապարանի քաղաքային գերեզմանատանը։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #22 (1393) 9.06.2021 - 15.06.2021, Ճակատագրեր


10/06/2021