Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
Ժայռի մեջ քողարկված բունկեր Շվեյցարիայում
ՔՈՂԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԹԱՔՍՏՈՑՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Ժայռի մեջ քողարկված բունկեր Շվեյցարիայում

Ժայռի մեջ քողարկված բունկեր Շվեյցարիայում

Համակարգված ու զանգվածային օդային հարվածներից լիարժեք պաշտպանություն առ այսօր գոյություն չունի: Սակայն հնարավոր է որոշակի միջոցառումներով նվազեցնել այդ հարվածների հնարավոր վնասները: Առաջնահերթ են նշանակետի և դրա առանձին տարրերի ապակենտրոնացումը և քողարկիչ միջոցների լիարժեք ձեռնարկումը: Մասնավորապես` օդանավակայաններում, մեծ զորակայաններում և ռազմավարական նշանակության այլ օբյեկտներում հարկավոր է խոցման ենթակա հիմնական առարկաները ապակենտրոնացնել` հեռացնել միմյանցից, անվտանգության կանոնների համաձայն՝ ստեղծել հողային, ջրային և այլ պատնեշներ ու վնասները նվազեցնող այլ սարքավորանք: Հույժ կարևոր է ճիշտ կազմակերպել քողարկումը, առաջին հերթին` ստեղծել կաղապարվածքներ, այսինքն` օբյեկտների, այդ թվում ռազմական տեխնիկայի շինծու նմանակներ, ընդ որում՝ ոչ միայն տեսանելի, այլ նաև ռադիոտիրույթներում հաստատվող:

Ներկայումս գրեթե անհնար է լիովին թաքցնել գործողություններն ու միջոցները, այդ պատճառով էլ հարկավոր է քողարկել իրական միջոցները՝ թաքցնելով կեղծերի ստվար շարքերով:

Լեռնանտառային շրջանների ֆիզիկաաշխարհագրական պայմանները հնարավորություն են տալիս հակառակորդից թաքցնելու պաշտպանության կազմակերպվածքը, առաջին հերթին՝ զորամիավորումների, զորամասերի ու ստորաբաժանումների մարտակարգը և կրակի համակարգը, նպաստում են այնպիսի կայուն ու ակտիվ պաշտպանության կազմակերպմանը, որն ունակ կլինի դիմակայելու հակառակորդի` բոլոր տեսակի զենքերով հասցված հարվածներին, արդյունավետ հետ մղելու գերազանցող ուժերի հարձակումը:

Անտառային մեծ զանգվածներով ծածկված լեռնային ռելիեֆի կտրտված բնույթը, զգալի թվով անտեսանելիության տարածությունների, «մեռյալ» գոտիների, բնական քողարկամիջոցների առկայությունը կնպաստեն հակառակորդի մարտարշավային և առաջավոր ջոկատների, ինչպես նաև դիվերսիոն-հետախուզական խմբերի հանկարծակի ու արագընթաց գործողությունների դեմ, հատկապես կիրճերում և լեռնանցքներում, դարանների կազմակերպմանը:

Դիտարկման, հետախուզության և խոցման նոր ձևերի ու միջոցների (օդատիեզերական և այլ) կիրառման հետ մեկտեղ է՛լ ավելի է կարևորվում ռազմավարական և ռազմական օբյեկտների քողարկումը: Բուսածածկի առանձնահատկությունները, դրա գունային սեզոնային փոփոխությունները, գերակշիռ տարածում գտած ապարների և գրունտների գունավորումը, ռելիեֆի անհարթությունները, ձյան ծածկույթը, մառախուղը քողարկման տեսանկյունից ձեռք են բերում միանգամայն նոր որակական նշանակություն:

Ժայռի տեսքով քողարկած կրակակետ Շվեյցարիայում

Ժայռի տեսքով քողարկած կրակակետ Շվեյցարիայում

«Թաքստոց» հասկացությունը հաճախ դրվում է «քողարկման» հետ մեկ շարքում: Սակայն սրանց միջև կարելի է անցկացնել սահմանազատում` թաքստոցների մեջ ներգրավելով այն բնական պայմանները, որոնք ֆիզիկապես կարող են պաշտպանել հակառակորդի կողմից ոչնչացման վտանգի տակ գտնվող օբյեկտները, նույնիսկ դրանց ապաքողարկումից հետո: Բնական թաքստոցներից ամենահուսալիները համարվում են քարանձավները, որոնք պաշտպանում են խոցման ենթակա օբյեկտները, ինչպես ցամաքային, այնպես էլ օդային հարձակումներից: Բնական թաքստոցների երկրորդ տիպը համարվում են ռելիեֆի անհարթությունները:

Ժամանակակից պատերազմներում էապես մեծացել է թաքստոցների դերը: Խոցման միջոցների հզորացման ու հեռահարության մեծացման հետ մեկտեղ ավիացիայի դերն այստեղ դառնում է վճռական՝ ստիպելով թաքստոցներ և պաշտպանված վայրեր որոնել նույնիսկ խորը թիկունքային օբյեկտների համար:

Անտառային զանգվածները հարձակողական գործողություններ վարելու ժամանակ նպաստում են հակառակորդի դիրքերը շրջանցող ջոկատներով և առանձին ստորաբաժանումներով աննկատ պաշտպանվող զորքերի թիկունք դուրս գալուն: Գործողությունների ընթացքում մեծ է անտառային հրդեհների բռնկման հավանականությունը, որոնց դեպքում այրման ջերմաստիճանը կարող է հասնել 200-8000C-ի: Այդ պայմաններում կարող են առաջանալ ջերմային խոցումներ և համատարած ծխոտում` դժվարացնելով շնչառությունը և հրդեհի շրջանից հեռացումը: Կախված տեղանքից և եղանակային պայմաններից՝ ծխային քողարկումը նույնպես կարող է լինել ԱԹՍ-ներից պաշտպանվելու արդյունավետ միջոց:

Զինծառայողների՝ տեղանքի լանդշաֆտին ներդաշնակ քողարկում Իսրայելի բանակում

Զինծառայողների՝ տեղանքի լանդշաֆտին ներդաշնակ քողարկում Իսրայելի բանակում

Լերկ լեռնային հովիտների առկայությունն անհրաժեշտ է դարձնում պաշտպանության շրջանը զբաղեցնելու դեպքում մանրամասնորեն նախապատրաստել և իրականացնել ծածուկության ապահովման և հակառակորդի մոլորեցման միջոցառումներ: Այս դեպքում խիստ կարևորվում է ստորգետնյա կոմունիկացիաների կառուցումը` ինչպես առաջնագծի մարտակարգերի, այնպես էլ խորը թիկունքում տեղակայված սպասարկման օբյեկտների համար, ուստի տեղանքի երկրաբանական կառուցվածքի վերաբերյալ պետք է ունենալ հավաստի տեղեկատվություն:

Քողարկող ցանցերի արտադրության համար կարելի է օգտագործել տեղային հումք, օրինակ՝ պլաստիկի վերամշակումից ստացվող տարբեր գույնի թելեր, իսկ ցանցերի կամ վրանների ամրանների համար՝ տեղական արտադրության բազալտային մանրաթելերից պատրաստվող ամրաններ: Ցանցերի գունային անհամապատասխանությունը տեղանքի լանդշաֆտին կարելի է վերացնել ցանցի վրա տեղի բուսականությամբ ծածկույթի ստեղծմամբ: Ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկայի գունային անհամապատասխանությունն էլ միապաղաղ տեղանքին կարելի է առավելագույնս վերացնել` տեղի հողագրունտից ջրիկ խառնուրդի պատրաստումով և դրանով տրանսպորտային միջոցները պատելով: Չորանալուց հետո մեքենաների գույները ներդաշնակվում են տեղանքի գույներին:

Թուրքիայի տարածքում քրդական ջոկատների մարտիկները ջերմատեսիլ սարքերից քողարկվելու նպատակով թրջում էին հագուստը, ինչը որոշակի ժամանակ ապահովում էր մարմնի ջերմային ֆոնի քողարկումը: Նույն նպատակով ԱԹՍ-ների ջերմատեսիլներից պաշտպանվելու համար օգտագործել են նաև երկշերտ հովանոցներ, որոնց մեկ շերտը՝ անդրադարձիչ հատկությամբ:

Քողարկիչ ցանցերի հետ մեկտեղ հարվածային ԱԹՍներից պաշտպանվելու համար մեքենաների կամ դիրքերի վրա մետաղական խիտ գործած ցանցեր են տեղակայվում. հաճախ դրանք լինում են երկտակ:

ՀԱՄԻԿ ՍԱՅԱԴՅԱՆ

Ռազմական կցորդ, աշխարհագրական

գիտությունների թեկնածու, գնդապետ