Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԹԱՆԿ ԼԻՆԻ ՎԱՂՎԱ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ



Նրանք Հայաստանի վաղվա քաղաքացիներն են՝ մտավորականն ու ուսուցիչը, շինականն ու բժիշկը, նախագահն ու պատգամավորը: Նրանք են կերտելու վաղվա Հայաստանը, նրա՜նք են շարունակելու հայ ժողովրդի դարավոր երթը, նրա՜նք են իրականացնելու մեր համազգային երազանքները: Եվ որքան էլ մենք շրջապատված լինենք թշնամիներով, որքան էլ մեր պատմական Հայրենիքը լինի մասնատ, որքան էլ մեր վտանգված Տունը զենքով պաշտպանելու ու մեր փառահեղ մշակույթը բարբարոսներից փրկելու պարտավորություն ունենանք, մենք հայոց բարձրացող սերնդին չենք դաստիարակելու ատելության, վրեժի, թշնամության ու դաժանության ոգով, մենք նրանց սիրո՜վ ենք զինելու: Մենք նրանց զինելու ենք հպարտությամբ դեպի մեր չքնաղ, բազմաչարչար ու պատվելի Հայրենիքը: Մենք նրանց հոգում ներարկելու ենք հանդուրժողականություն ու մեծահոգություն: Մենք նրանց սովորեցնելու ենք պարտությունը վերածել հաղթանակի, մենք նրանց սովորեցնելու ենք հաղթել արժանապատվորեն: Ու նրանք հաղթելու են…

Մենք մեր արարումներով ենք հպարտանում, ոչ թե ավարով, մենք մեր սիրով ենք հզոր, ոչ թե ատելությամբ, մենք մեր մշակույթով ենք ներկայանում աշխարհին, ոչ թե ասպատակումներով… Ու մեր դարավոր պատմության քառուղիներում եթե անգամ չենք կարողացել փրկել Հայրենիքը թշնամուց, եթե չենք կարողացել ազատ ու պաշտպանված Երկիր նվիրել բարձրացող սերնդին, մենք մեր կյանքի գնով նրանց փառքի ու խիզախության ասքեր ենք կտակել: Մենք Հայրենիքի պատվի զոհասեղանին դրել ենք մեր կյանքը, որ Հայրենիքը թանկ լինի վաղվա Հայի համար, մենք մեր արյունն ենք թափել մեր հողին, որ հողը սրբանա գալիք սերունդների աչքում… Մենք դրել ենք վաղվա հաղթանակի հիմնաքարը, որ մեր խաղաղությունը արժանապատիվ լինի, որ մեր բարեկեցությունը արժանապատիվ լինի… Որ արժանապատիվ լինեն մեր գալիք բոլոր հաղթանակները:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Խորագիր՝ #20 (1391) 26.05.2021 - 1.06.2021, Բանակ և հասարակություն


27/05/2021