Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ԿԱՄ, ԵՍ ՔՈ ՍՐՏՈՒՄ ԵՄ



ԵՍ ԿԱՄ, ԵՍ ՔՈ ՍՐՏՈՒՄ ԵՄՊատերազմը խլեց ազգի սերուցքը, լավագույն տղաներին: Կյանքով լեցուն, կյանքը սիրող տղաները կյանքը նվիրաբերեցին հայրենիքին:

Լեյտենանտ Գեւորգ Կիրակոսյանը մեկն էր քաջաց աստղաբույլից:

Ընտանիքի երկար սպասված արու զավակն էր Գեւորգը, օջախի ծուխը…Տան փոքրն էր, ու երեք քույրերը ի՜նչ քնքշությամբ, ի՜նչ գորովագութ ջերմությամբ էին շրջապատել նրան։ Աշխույժ ու ժիր էր Գեւորգը, իսկական կրակի կտոր: Մանկուց զենքի, համազգեստի հանդեպ թուլություն ուներ, դեռ նոր-նոր էր քայլում, բայց գոտուց մշտապես տարբեր խաղալիք զենքեր էին կախ: Զինվորական գործի հանդեպ սերը պատահական չէր, աչք էր բացել` համազգեստ տեսել. հայրը ոստիկանության փոխգնդապետ էր: Տարիքի հետ էլ Գեւորգի «զինանոցը» ամեն առիթի համալրվում էր՝ սպորտային ատրճանակներ, անվանական դաշույններ, անգամ ԱՄՆ հատուկ ջոկատայինի դանակ… Հարազատներից մեկը՝ Վանոն, որին Գեւորգը շատ-շատ էր սիրում ու ամեն ինչով աշխատում նմանվել, Թբիլիսիում զենքի խանութ ուներ, ու հենց նա էլ Գևորգի «զինանոցի» հիմնական «մատակարարն» էր:

Դպրոցին զուգահեռ, տարբեր պարապմունքների էր հաճախում Գեւորգը, բայց բոլորն էլ կիսատ թողնում՝ ամեն անգամ նոր հետաքրքրություն գտնելով: «Էս րեխեն եսիմ ի՞նչ տի դառնա, մի զադացու էլա չի». կատակով մեկ-մեկ բողոքում էր հայրը, թեեւ հոգու խորքում հավատում էր, վստահ էր զավակի հաջողություններին։

Ալավերդու արհեստագործական ուսումնարանը գերազանցությամբ ավարտելուց հետո պատանին որոշեց ընդունվել Ռոստովի Հարավային դաշնային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ծնողները դեմ էին օտար հողում ուսանելուն. ինքը մեն-մենակ անհրաժեշտ ամբողջ թղթաբանությունը կատարեց, ջանասիրաբար պարապեց ու չորս քննությունն էլ գերազանց հանձնելով՝ նպատակն իրագործեց: Ո՜նց էր ուրախացել, առաջինը զանգեց հայրիկին. «Հը, ընկե՛ր Կիրակոսյան, տղեդ միզադացու ա՞»:

ԵՍ ԿԱՄ, ԵՍ ՔՈ ՍՐՏՈՒՄ ԵՄՀարազատ բնօրրանից կտրված ուսանողը կարոտում էր հայրենիքը, հայաշունչ, հայաբույր ամեն ինչ, անգամ հեռախոսազանգը «Քոչարու» պարեղանակն էր:

Գեւորգի համար ընտանիքը պաշտամունք էր՝ իր օդն ու ջուրը, իր շունչը. առիթը բաց չէր թողնում՝ տնեցիների կողքին լինելու, իսկ յուրաքանչյուր վերադարձ ինքնատիպ էր, արտասովոր, անակնկալներով լիուլի։

«Մի օր մայրս շատ անհանգիստ էր՝ Գեւը հեռախոսազանգերին չէր պատասխանում,- թախծախառն ժպիտով հիշում է քույրը՝ Էլզան:- Երեկոյան վերջապես տեսազանգով կապ հաստատվեց: Մայրս տագնապած հետաքրքրվեց՝ «Ա՛յ բալա ջան, ինչի՞ չէիր զանգում, ախր, շատ վատ էի»:

-Մա՛մ ջան, հարմար չէր, կներե՛ս։ Հիմա լա՞վ ես:

Մայրս շրջվեց ու… աչքերին չէր հավատում. որդին դռան շեմին էր։ Նայում էր համակարգչի մոնիտորին, որտեղ Գեւորգն էր, ապա կրկին դռան շեմին կանգնած որդուն ու աշխարհով մեկ եղած՝ փարվում իր ԼՈՒՅՍԻՆ…»:

Գևորգը լույս ու ջերմություն էր սփռում շուրջբոլորը, քայլող ուրախություն էր, հախուռն, նվիրվող, բարեսիրտ: Ինչ միջավայրում էլ լիներ, մշտապես հայտնվում էր ուշադրության կենտրոնում, իր անմիջականությամբ ու անկեղծությամբ գրավում բոլորի սրտերը: Երբ արձակուրդներին գալիս էր ծննդավայր՝ Ալավերդի, անխտիր այցելում էր բոլոր ծանոթներին՝ մանկապարտեզի դաստիարակչուհուն, դպրոցի, ուսումնարանի ուսուցիչներին, հարեւան-դրկիցներին: Սիրում էր ընտանիքին մի հարկի տակ հավաքել, քույրերին խնդրում էր իր սիրած երգերը նվագել՝ «Գետաշեն», «Կարմիր կակաչները», ասում էր՝ Ռուսաստանում շատ եմ կարոտում մեր անուշ հայկական երգերը: Եվ իրար ձայնակցելով՝ երգում էին, պարում, ուրախանում, ու տան ամեն անկյունից երջանկություն էր հորդում…

Ինքը լցնում էր իր ապրած ամեն րոպեն ու վայրկյանը, ասես՝ շտապում էր ապրել, վայելել կյանքը…

♦♦♦

Ռոստովյան բուհը գերազանց առաջադիմությամբ ավարտեց, դիպլոմների հանձնման արարողությանը ներկա էին նաեւ ծնողները, վերջիններիս հպարտությունն անչափելի էր՝ իրենց որդին լավագույն տասնյակում էր։

Գևորգը ՌԴ քաղաքացի էր եւ բուհն ավարտելուց հետո ծառայությունը պետք է Ղրիմում անցկացներ, փաստաթղթերն արդեն պատրաստ էին, բայց ինքն այլ որոշում էր կայացրել. «Ես ծառայելու եմ հայրենիքիս. բացառվում է օտարի համար ծառայելը»։

Առանց վարանելու պատռեց բոլոր փաստաթղթերը, այնտեղից զանգեց Հայաստան՝ զինկոմիսարիատ, եւ տեղեկացավ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ հայրենի եզերքում ծառայելու համար:

Վերադարձավ ծննդավայր, ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան՝ սպաների համար նախատեսված մեկամյա ծրագրով, եւ մեկ տարի անց լեյտենանտի կոչում ստացավ։ Հուզմունք, ուրախություն միախառնվել էին. «Այս երկու աստղերը իմ զույգ թևերն են, պատվով ծառայելու եմ»:

2019 թ.՝ որպես կրակային աջակցման դասակի (ԿԱԴ) հրամանատար, ծառայության նշանակվեց։ Զինվորներն իրենց «Կոմանդորին»՝ այդպես էին կոչում Գեւորգին, շատ էին հարգում. երիտասարդ լեյտենանտը կարգ ու կանոն էր սիրում, բայց խստությունը շաղախված էր սրտացավությամբ, հոգատար եւ ուշադիր էր յուրաքանչյուր զինվորի հանդեպ: Հայաստանում եղած ժամանակ էլ ուշք ու միտքը պոստերն էին, տղերքը: Ասում էր՝ «Դուք դա չեք հասկանա…»:

♦♦♦

Պատերազմից մի քանի օր առաջ արձակուրդ էր եկել, թղթերը հանձնեց Ոստիկանական ակադեմիա՝ մագիստրատուրայում սովորելու, որոշել էր հոր ճանապարհով գնալ, նպատակադրվել էր ոստիկանության գեներալ դառնալ։ Փոխգնդապետ հայրիկի ուսադիրները խնամքով պահել էր, որ ինքն այդ կոչմանն արժանանալուց հենց դրանք կրի: Ակադեմիա թղթերը հանձնեց, սակայն չհասցրեց քննություններին մասնակցել:

-Պատերազմի սկսվելուց մի օր առաջ էր, եղբայրս խնդրել էր, որ իր համար խմորեղեն թխեմ, ինքը շատ քաղցրասեր էր,- պատմում է Էլզան,- զանգեցի, որ գա, թխվածքն անուշ անի, ասաց՝ լուրերին չե՞ս հետևում, պատերազմ է, գնում եմ Արցախ…Փորձեցինք հետ պահել՝ դեռ արձակուրդդ չի ավարտվել, ո՞ւր ես շտապում, եթե քեզ դեռ չեն կանչել: Կարճեց. «Գնամ, էրեխեքիս տեր դառնամ, զինվորներս զանգել են, ասել՝ Կոմանդո՛ր, հասի՛ր, առանց քեզ լավ չի»։ Թե ոնց Մատաղիս հասավ, ինչ դժվարություններով, միայն Աստված գիտի: Իրեն զգուշացրել էին, տեղեկացրել, որ գոնե այլ ուղղությամբ գնա պատերազմական գործողություններին մասնակցելու, որ Մատաղիսում վիճակն օրհասական է, քչերին է հաջողվել փրկվել, բայց ինքը վճռական էր տրամադրված՝ զինվորներիս խոսք եմ տվել, պիտի գնամ:

Մատաղիս հասնելուն պես երիտասարդ սպան ղեկավարել է կամավորականների ջոկատները, բայց հետո գտել է իր զինվորներին:

Զինընկերները պատմում են, որ անտեսելով ամեն վտանգ, մտել է ծխացող զորամաս՝ մտածելով, որ շտապելուց կարեւոր քարտեզներ, փաստաթղթեր գուցե թողած լինեն:

Պոստեր բարձրանալու ճանապարհին էլ մի հետաքրքիր դրվագի ականատեսն են լինում՝ մի օձի գլուխը մեկ այլ օձի բերանում… Գևորգն այդ տեսարանը նկատելով՝ ասում է. «Սա նենց տեղ ա, որտեղ նմանը նմանին ուտում ա. ուժեղ լինենք՝ մենք կուլ կտանք, թույլ լինենք՝ մեզ կուլ կտան…»:

Կռվի ընթացքում հերոս քաջորդին միաժամանակ ութ դիրքի հրամանատար էր, կրակի տարափի տակ, ստույգ մահն ամեն պահ աչքի առաջ, բոլորին սնունդ, ջուր էր հասցնում, հետեւում, որ իր 18 տարեկան զինվորները հանկարծ առանց կասկայի կամ զրահաբաճկոնի չլինեն, իր կասկան տալիս էր զինվորին…

Տղերքը հերոսաբար էին մաքառում, բայց ուժերն անհավասար էին, հայկական բանակը մեն-մենակ կռվում էր մի քանի երկրից աջակցություն ստացող հակառակորդի դեմ, թշնամին ինչ տրամաչափի զենքից ասես չէր կրակում: Գևորգը հուսադրում էր բոլորին, երգ ու պարով աշխատում բարձրացնել կռվողների մարտական ոգին, բոլորին ստիպել էր զենքով քոչարի պարել…

♦♦♦

Նահանջի հրաման էին ստացել, քանի որ հակառակորդի անօդաչու թռչող սարքը տեղորոշել էր իրենց գտնվելու վայրը։ Ճշգրիտ, գրագետ կազմակերպելով նահանջը՝ Գևորգը զինվորներին հանում է վտանգավոր գոտուց՝ տեղափոխելով համեմատաբար ապահով վայր, այնուհետեւ անցնում է մարտական հերթական առաջադրանքը կատարելուն: Խրամատից վիրավոր զինվորներին դուրս բերելիս արկը պայթում է, եւ նա իր մարմնով վահան է դառնում՝ փրկելով վիրավոր զինվորին…

Դեռ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորելու ժամանակ մորաքրոջը մի առիթով ասել էր. «Եթե ես Արցախ գնամ, ու կյանքս ընկերներիս տալու առիթ ստեղծվի, ես հաստատ դա կանեմ …»:

Գեւորգը կանխազգացել էր իր մահը. հուլիսյան մարտերի ժամանակ բջջայինում հրաժեշտի նամակ-ուղերձ էր գրել. «Հիմա 3. 33 է: Էս նամակը գրում եմ, որովհետեւ հասկանում եմ՝ վիճակը լուրջ է, կարող է այնպես ստացվի, որ էլ ժամանակ չունենամ ձեզ ինչ-որ բան ասելու: Սա իմ ընտրությունն է, ոչ մեկը չէր կարող ինձ արգելել, որ բանակ գամ, սպա դառնամ ու պոստ պահեմ: Ես չեմ հասկանում, ինչ է կատարվում ինձ հետ, բայց Ռոստովում օրերն էի հաշվում, երբ եմ հասնելու պոստ, չգիտեմ՝ ինչի էի իմ տունը պոստում տեսնում… Բոլորիդ ահավոր շատ եմ սիրում ու շատ գոհ եմ, շնորհակալ, որ ձեր ընտանիքում եմ ծնվել…»:

Հրաժեշտ-նամակում Գեւորգը բոլորին պատգամ-պատվիրաններ էր հղել՝ հարազատներին, քույրերին, մայրիկին.

«Մա՛մ, Մարիա, Մանանա, իմ սուրբ, իմ աշխարհ, իմ գանձ, շնորհակալ եմ ամեն ինչի համար, ու թե ոնց եմ սիրում քեզ, բառեր չկան… Ամբողջ աշխարհն էլ ասի՝ Գեւորգը չկա, իմացի՛ր, ես կամ ու քո սրտում եմ…»:

Որքա՜ն երազանքներ անկատար մնացին…Գեւորգն ընկերուհի ուներ, հունիսի 5-ին Սուրգուտ քաղաքում նշանադրությունը պետք է լիներ, հետո հարսանիքը… Հարսանիքի համար ամեն ինչ պատրաստ էր, քույրերն իրենց սիրասուն եղբոր համար ամեն իր այնքան բծախնդրորեն, այնքան սիրով էին ընտրել. ուզում էին ամեն ինչ կատարյալ լինի, ինչպես որ կատարյալ էր իրենց եղբայրը…

Գեւորգն ասում էր՝ հինգ զավակ եմ ունենալու, հետո լուսավոր ժպիտով ավելացնում՝ առնվազն հինգ…

Ընկերներից շատերն են որոշել իրենց որդիներին անվանակոչել խիզախ մարտընկերոջ անունով…

Զինընկերներն էլ ասում են՝ Գեւորգի գործը կիսատ չենք թողնի, ինքը մեզ ոգի է տվել…

Գեւորգին, հայրենիքին կյանքը նվիրաբերած մեր բոլոր հերոս տղաներին փնտրեք ներկաների մեջ, նրանք մեր սրտի մեջ են. մեր սրտի ամեն բաբախը, ամեն զարկը նրանց շնորհիվ է…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #20 (1391) 26.05.2021 - 1.06.2021, Ճակատագրեր


27/05/2021