Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԶՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ



ՀԶՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸԴժվար է անցյալ ժամանակով խոսել մի մարդու մասին, որի նվիրումը Հայրենիքին ու գործին անվերջ էր, որը հայ զինվորականի կատարելատիպ էր՝ մարդկային իր բարձր տեսակով, իր արհեստավարժությամբ, հավատամքով… Փոխգնդապետ Արմեն Օհանյանն այն զինվորականներից էր, որոնց անբացատրելի ուժով է ձգում սահմանը: Արցախյան պատերազմի տարիներին՝ որպես կամավորական, հայրենի եզերքը՝ Տավուշի սահմաններն է պաշտպանել, այնուհետև բանակում 23 տարի շարունակ մեր երկրի հյուսիսարևելյան սահմանագոտու պահպանությունն էր իրականացնում. զորամասի մարտական հերթապահության գծով հրամանատարի տեղակալն էր: Արմեն Օհանյանն իսկական մարտիկ էր, մեկն էր մեր այն հերոս հրամանատարներից, որոնք երկրի համար ամենածանր պահերին միշտ կանգնած են եղել առաջնագծում: Ապրիլյան քառօրյայի մասնակից է. անմասն չէր կարող լինել նաև վերջին 44-օրյա պատերազմից: Գերազանց կատարեց իր առջև դրված խնդիրները… Ցավոք, անժամանակ հեռացավ կյանքից…

Փոխգնդապետ Օհանյանի հետ տարիներ առաջ մեր հարցազրույցից հատկապես նրա մի խոսքն է տպավորվել:  Զորամասից շտապում էր դիրքեր մեկնել, ասաց. «… Հիմա ես այստեղ՝ զորամասում եմ, բայց, ասես, ոտքերիս տակ գետինն այրվի. ուզում եմ գնալ հենակետ… Իմ  երկրորդ ընտանիքն է, տունս է սահմանը: Ընտանիքս հենց սահմանից է սկսվում…»:

Արցախյան պատերազմի սկզբից Արմենը եղբոր՝ Սարմենի ու մի խումբ ընկերների հետ շտապել էր առաջնագիծ: Պատերազմի ավարտից հետո ավելի կարևոր խնդիր, քան Հայրենիքի դարպասներն ամուր պահելն ու ամրացնելն է, չէր պատկերացնում, ուստի 1997 թ. համալրեց հայկական կանոնավոր բանակի շարքերը և շատ շուտով արժանացավ լավագույն դասակի, այնուհետև՝ լավագույն վաշտի հրամանատարի կոչմանը: Չորս տարի անընդմեջ մարտական հերթապահություն իրականացնող լավագույն գումարտակի հրամանատարն էր։ 2019 թ. ՀՀ նախագահի կողմից  Արմեն Օհանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Հիշում է զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Սասուն Ուռուսյանը. «Արմենն այն մարդն էր, որի էությունը հասկանալու, ըմբռնելու համար պետք է ապրեիր նրա հետ: Ես նրա հետ ծառայել եմ 2018 թ. օգոստոսի 9-ից: Արդեն 20 տարվա ծառայողական փորձ ունեի, բայց միայն նրա հետ մոտիկից ծանոթանալուց, շփվելուց հետո խորությամբ ըմբռնեցի, թե ինչպե՛ս է պետք սիրել Հայրենիքը:

Միասին շատ ենք եղել առաջնագծում: Միշտ ինձնից առաջ էր ընկնում: Ասում էի՝ «Պարո՛ն Օհանյան, ո՞ւր: Իմ գործն է, մենակ պետք է գնամ»: «Մենակ չես գնա. պետք է իմանաս, որ թիկունքիդ կանգնած եմ»,- ասում էր նա: Ես սակրավոր եմ: Բայց նա հաճախ մասնագիտական այնպիսի լուծումներ էր առաջադրում, որ երբևէ իմ մտքով չէր էլ անցնի: Ես նրանից շատ բան եմ սովորել թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային առումով: Արմեն Օհանյանի մասին վստահաբար ասում եմ՝ նա՛ է իմ հերոսը»:

Հատկապես իր այն զինվորներով էր հպարտանում, որոնց հետ անցել էր Ապրիլյան քառօրյա պատերազմով: Նրա խոսքերից է. «Այսօրվա զինվորները վաղվա մեր հերոսներն են»: Հենց իր այդ հերոսների հետ էլ այս պատերազմում կռվեց, մարտական փայլուն գործողություններ իրականացրեց ու մինչև կյանքի վերջին ակնթարթը փորձում էր նրանց ապահով նահանջն ապահովել:

Պատմում է դիրքի ավագ, ավագ սերժանտ Ռազմիկ Հայրապետյանը, որը 44-օրյա պատերազմում Արմեն Օհանյանի հետ կողք կողքի է կռվել, իսկ մինչ այդ ծառայության բերումով գրեթե ամեն օր է շփվել փոխգնդապետի հետ. «Միշտ դիրքերում էր, միշտ: Լինում էր՝ գալիս ու մնում էր: Նրա ուժերով է, որ այժմ մեր այդ դիրքերն անառիկ են: Նրա ամենասիրած խոսքը, որ դարձել է իմ կյանքի սկզբունքը, սա էր. «Հայրենիքն սկսվում է սահմանից: Սա է մեր տունը»»:

ՀԶՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸԱյդ օրը զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանի գլխավորությամբ նրանց ստորաբաժանումը հայտնվեց շրջափակման մեջ։ Անընդհատ տղաներին ոգևորելով՝ Արմենը մինչև վերջ վարեց անհավասար մարտը թվով իրենց տասնապատիկ գերազանցող թշնամու դեմ: «Տեսնում էինք, թե հակառակորդը ինչպես է շարժվում մեր ուղղությամբ,- հիշում է Ռազմիկը:- Ասաց. «Չկրակե՛ք: Սպասե՛ք՝ մոտենան»: Երբ արդեն 50 մետր հեռավորության վրա էին, սկսեցինք կռիվը. կռվեցինք մինչև վերջ… Փոխգնդապետ Օհանյանը կռվեց ու արեց անհնարինը: Կյանքի գնով արեց ամեն ինչ, որ իր զինվորների կյանքը փրկի՝ թեկուզ վիրավոր: Ինչպես իր ամբողջ կյանքում, այնպես էլ այդ օրը, նա մինչև վերջ զինվորի կողքին էր, ոգի էր հաղորդում: Երբ կռվի պահին նրա կողմն էի նայում, ուժերս կրկնապատկվում էին»:

Ռազմիկը միակ զինվորականն է, որ այդ օրը, երեք վիրավորում ստացած, մի կերպ կարողացել է դուրս գալ շրջափակումից. «Երբ Օհանյանը տեսավ, որ էլ հնար չկա, ինքն իրեն նռնակով պայթեցրեց, որ գերի չընկնի…»:

Ապաքինվելուց անմիջապես հետո Ռազմիկը կրկին շտապել է դիրքեր: Խոստովանում է. հատկապես հերոս հրամանատարի օրինակն է նրան առաջնագիծ տանում. «Այստեղ եմ ու կմնամ, քանի դեռ իմ կարիքը կա: Ես էլ սահմանի բնակիչ եմ. թուրքն իմ գյուղից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա է: Ինձ համար ցանկացած գործից ավելի պատվաբեր է, որ իմ գյուղը պահեմ: Սիրում եմ զինվորական գործը, սիրում եմ համազգեստը, ուրիշ կերպ ինձ չեմ պատկերացնում: Մեր տղերքի, Արմեն Օհանյանի կռիվը տեսած լինելով՝ ավելի ուժեղ եմ դարձել, պատրաստ եմ անելու այն ամենը, ինչը նրանք արեցին: Օր չկա, որ մարտական ընկերներիս չհիշեմ: Նրանք կան, ինձ համար գոյություն ունեն ու միշտ լինելու են: Ճիշտ է, որ՝ «Հերոս չեն դառնում, հերոս ծնվում են»: Արմեն Օհանյանը հերոս էր ծնվել: Նա հզոր անձնավորություն էր»:

«Նրա արժանապատիվ կեցվածքը, մարդկային որակները…,- հիշում է չորս տարի փոխգնդապետի հետ ծառայած վարորդը՝ Արման Գևորգյանը,- Արմենն ամեն ինչով էր առանձնահատուկ: Սպայի տիպար էր, իսկական դիրքային հրամանատար: Ինքն իր ձեռքով էր ամեն ինչ ճարում, բերում, պատրաստում: Պահանջկոտ էր, անձամբ էր հետևում, որ իր տված առաջադրանքները լավագույնս կատարվեն: Արեւածագին մենք արդեն ճանապարհին էինք. շրջում էինք դիրքերով: Եղել է՝ շաբաթներով դիրքերում ենք մնացել»:

«Այդքան իր գործին նվիրված այլ մարդ չեմ ճանաչում: Բացառիկ սրտացավ զինվորական էր,- ասում է զորամասի հրամանատար, գնդապետ Ղունգեն Վարժապետյանը:-  Եթե ինչ-որ դիրքում մի բան պակաս լիներ, գիշերն անքուն կանցկացներ: Մարտական հերթապահությունը նրա համար ամենակարևոր գործն էր, հերթապահություն իրականացնողը՝ ամենակարևոր մարդը: Մեր համատեղ ծառայության ընթացքում բազմիցս եմ համոզվել. եթե նժարին դներ որևէ անձնական հարց և դիրքային որևէ խնդիր, որոշում էր. «Լա՛վ, դիրքում խնդիրը կլուծեմ, մնացածը՝ հետո…»:

Արմենի որդին՝ Սարմեն Օհանյանը, ծնվել է Ուկրաինայում: Հենց ծառայության տարիքին հասավ, եկավ Հայրենիք՝ իր պարտքը կատարելու: Բանակ ճանապարհելիս հայրն ասել էր. «Իմացի՛ր, որ սովորական զինվոր ես. ոչ մեկից ոչնչով չես տարբերվում: Հույս չունենաս, թե որևէ բանով քեզ օգնելու եմ»:

Մարդկային հարաբերություններում խորագիտությունը, դիմացինին ճանաչելու, գնահատելու ունակությունը Սարմենը հորից է ժառանգել: «Հայրս սահմանից զանգում էր. «Սարմե՛ն, այսինչ բանը պետք է անել»: Եվ պետք է վստահ լիներ, որ գործը արվել է: Իրենից երբևէ գաղտնիք չեմ ունեցել: Ինձ ասում էր. «Ճիշտ է, քո հայրն եմ, բայց նաև եղբայրդ եմ: Ամեն հարցով ինձ հետ կարող ես կիսվել»: Որքան էլ հեռու լիներ տնից, զգում էի, որ միշտ իմ կողքին է»:

44-օրյա պատերազմի սկզբներին որոշ ժամանակ Սարմենից տանը ոչ մի լուր չեն ունեցել. գիտեին, որ ամենաթեժ կետերից մեկում է. «Իմ անունը յուրահատուկ է,- ասում է նա,- Արցախի մի ուրիշ շրջանում Սարմեն անունով ժամկետային էր զոհվել, փորձել էին հորս նախապատրաստել ամենավատին: Ասել էին, թե վիրավոր եմ: Հետո արդեն ես զանգեցի, հանգստացրի: Ինքն ինձ զանգելիս միշտ զգուշացնում էր. «Հատկապես ԱԹՍ-ներից զգույշ կլինեք»: Ամսի 17-ին զանգեց, ուրախ էր, ասաց. «Գալու եմ քեզ տեսնեմ»: Բայց, չստացվեց… Վերջին օրը՝ հոկտեմբերի 19-ին, առավոտյան 9:30 էր, զանգեց, ասաց. «4 հատ տանկ ենք խփել: Քո տարիքի զինվորների հետ այստեղ թուրքի…»: Թեժ մարտերից առաջ սա վերջին զանգն էր…»:

Հայրենիքին ծառայելը Սարմենի արյան մեջ է: Պատերազմի դաժան դեմքը տեսնելուց հետո երիտասարդը վճռել է՝ զինծառայողի մասնագիտությունն է ընտրել: «Հայ ես, ապրում ես քո հողում: Եթե դու չկռվես, կողքինդ էլ չի կռվելու: Քո՛ հողն է, տերը դո՛ւ ես: Պիտի պայքարես, որ պահես»:

Արմեն Օհանյանի կինը՝ տիկին Անժելան, ցավով ու հպարտությամբ է խոսում ամուսնու մասին. «Հրաշալի ընտանիքի հայր ու ամուսին էր, անչափ հոգատար, ազնիվ, բարի, սիրող: Ծառայության մեջ միշտ ձգտում էր լավագույնը լինել: Նրան երբեք չէի զանգում. գիտեի, որ զբաղված է: Ինքն էր օրվա մեջ մի քանի անգամ զանգում, տեղեկանում՝ ինչպես ենք: Որքան ծառայությանն էր նվիրված, այդքան էլ իր տանը, ընտանիքին: Միշտ ասում էր. «Հայրենիքն իմ ընտանիքն է»: Երբեմն գիշերով դիրքերում ինչ-որ կասկածելի բան էին նկատում, կամ աչքներին ինչ-որ բան էր երևում, զանգում էին Արմենին. անմիջապես հագնվում էր, զանգում վարորդին ու գիշերով դիրքեր բարձրանում: Մի օր հարսանիք պետք է գնայինք, պատրաստված նստել, սպասում էի: Արմենը զորավարժության էր: Երեկոյան ժամը 10-ի կողմերը տուն եկավ: Ասացի՝ «Էլ ո՞ւր գնանք»: «Չէ՛, գոնե մի կես ժամով գնանք, շնորհավորենք»: Հենց այդպես՝ զինվորական հագուստով էլ գնացինք:

Երբ 44-օրյա պատերազմն սկսվեց, Արմենը որդու մասին էր մտահոգ. Սարմենն Արցախում՝ առաջնագծում էր: Որոշ ժամանակ անց իրենց զորամասն էլ մեկնեց Արցախ: Հրաժեշտի ժամանակ մի քանի ցուցումներ տվեց, ասես վերջին հրաժեշտը տար… Բայց ես նրան ճանապարհեցի սովորականի պես. մտքովս չէի ուզում անցկացնել…

Զինվորներին սիրում էր իր երեխաների պես: Մի օր զանգեց. շատ էր ոգևորված. «Մի տեսնես՝ զինվորներս ինչ քաջությամբ, երգով-պարով են գնում կռվի»: Շատ խիստ էր, բայց զինվորները նրան շատ էին սիրում: Ասում էին. «Օհանյա՛ն ջան, եթե պատերազմ, ուրեմն՝ քեզ հետ…»:

Փոխգնդապետ Արմեն Օհանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Նրա հարազատների, ծառայակիցների, նրան անձամբ ճանաչած մարդկանց սրտում միշտ վառ կմնա նրա լուսավոր կերպարը: Նա հավերժ կհիշվի՝ որպես ամուր, ազնիվ, հզոր, վճռական զինվորական: Նրա օրինակով սերունդներ կդաստիարակվեն:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ Արմեն Օհանյանի ընտանեկան ալբոմից

Խորագիր՝ #17 (1388) 5.05.2021 - 11.05.2021, Ազգային բանակ, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


06/05/2021