Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌՈՒՍԱՍՏԱՆ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին մեղադրել է Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային անվտանգության համակարգի կազմաքանդման համար

Ստանիսլավ Զասն ապրիլի 27-ին Դուշանբեում ասել է, որ ԱՄՆ-ը վարկաբեկում է ՄԱԿ-ը և փորձում նվազեցնել այդ կազմակերպության դերը՝ հսկողություն սահմանելով նրա գործունեության նկատմամբ։

ՀԱՊԿ-ը ծրագրում է մշակել անդամ երկրների կենսաբանական անվտանգության ապահովման մեխանիզմ

Առիթը կորոնավիրուսային համաճարակն է։ Այս մասին ապրիլի 27-ին Դուշանբեում հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Մայիս-հունիս ամիսներին Սևծովյան տարածաշրջանում, Բալկաններում և Էստոնիայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի «Դիֆենդըր Յուրըփ» լայնածավալ զորավարժությունը ոչ մի կապ չունի Սև ծովում Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների սրման հետ

Այս մասին ապրիլի 27-ին հայտարարել է Եվրոպայում ամերիկյան զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Կրիստոֆեր Մոհանը։ Նրա խոսքով՝ «Եվրոպայի պաշտպան» զորավարժությունը, որին մասնակցելու է 26 երկրների համարյա 28 հազար զինծառայող, կրում է պաշտպանողական բնույթ։

Ապրիլի 28-ին Կալինինգրադի մարզի Գուսևե քաղաքում մարտական դրոշներ հանձնվեցին ՌԴ ԶՈՒ երկու նորաստեղծ գնդերին

2020 թ. դեկտեմբերին ՌԴ Բալթյան նավատորմի հրամանատար, ծովակալ Ալեքսանդր Նոսատովը հայտարարել էր, որ Կալինինգրադում, որտեղ տեղակայված են Բալթյան նավատորմի հիմնական ուժերը, ստեղծվելու է նոր մոտոհրաձգային դիվիզիա՝ ի պատասխան մարզի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի մեծացման։

Չինաստանը և Ռուսաստանը մշակել են զենք, որը կարող է խափանել ամերիկյան արբանյակների աշխատանքը կամ ոչնչացնել դրանք

Մայիսի 1-ին «The Washington Post» թերթին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Տիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ռեյմոնդը։

 

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիան համարում է, որ Հայաստանը սպառնալիք է Ադրբեջանի և տարածաշրջանի համար

Այս մասին ապրիլի 28-ին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենտոպը։

Թուրքական «ԱՏԱԿ-2» հարվածային ուղղաթիռների համար շարժիչներ կմատակարարի Ուկրաինան

Ապրիլի 26-ին տեղեկացրել է «Տուսաս» ավիաշինարարական ընկերության գլխավոր տնօրեն Թենիլ Կոտիլը։

Թուրքական արագընթաց «Սիմսեկ» դրոնը, որը ՀՕՊ ստորաբաժանումները կիրառում էին որպես ուսումնական ինքնաթիռի նմանարկիչ, վերածել են դրոն-կամիկաձեի

«Սիմսեկ» ԱԹՍ-ն ստեղծվել է 2009 թ. և տուրբոռեակտիվ շարժիչի շնորհիվ կարող է զարգացնել 740 կմ/ժ արագություն՝ 4-5 կմ առավելագույն բարձրության վրա։ Այժմ այն կարող է կրել 5 կգ պայթուցիկ և արձակվելով ավելի մեծ ԱԹՍ-ից թռչել 200 կմ։

Թուրքական ընկերությունն արտադրում է տարեկան 100 այդպիսի դրոն։

 

ԱԴՐԲԵՋԱՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը ապրիլի 28-ին բանակցել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ

Նա շեշտել է Լեռնային Ղարաբաղի հարցի քաղաքական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի կարևորությունը և ընդգծել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման անհրաժեշտությունը։

Գրավյալ տարածքների շուտափույթ ականազերծման նպատակով Ադրբեջանը մոբիլիզացրել է իր բոլոր սակրավորային ուժերը

Առանց հանգստյան և տոն օրերի աշխատում են Ադրբեջանի ականազերծման գծով գործակալության, պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության հարյուրավոր մասնագետներ։

Աշխատանքը բարդացնում են ռազմական գործողությունների հետևանքով հողի տարբեր շերտերում հայտնված մետաղի կտորներն ու չպայթած արկերը։

Ադրբեջանը այն երկրների առաջին տասնյակում է, որոնց տարածքներն ամենաշատն են աղտոտված ականներով։

Ադրբեջանի հատուկ նախանշանակման ուժերի զինծառայողները հաջողությամբ ավարտել են Թուրքիայում կազմակերպված 6-շաբաթյա մասնագիտական դասընթացը

Ապրիլի 28-ին հաղորդել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանը և Թուրքիան ծրագրում են համատեղ զարգացնել երկու երկրների պաշտպանական արդյունաբերությունները

Ապրիլի 30-ին Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

Հանդիպմանը մասնակցում են Ադրբեջանում ներկայացուցչություններ ունեցող թուրքական ռազմարդյունաբերական այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ «STM Defense Technologies»-ը, «Roketsan»-ը, «Havelsan»-ը և «Aselsan»-ը։

 

ԻՐԱՆ

Ապրիլի 25-ին Իրանում հանդիսավորությամբ ցուցադրվել են երկրի ցամաքային զորքերի 7 նորագույն ձեռքբերումները

Ռազմական տեխնիկայի այդ բոլոր նմուշներն էլ այս կամ այն կերպ առնչվում են անօդաչու թռչող սարքերին՝ ռադիոտեղորոշիչ կայանքներ, պաշտպանության լազերային սարքեր, ԱԹՍ-ների շարժիչներ, արհեստական բանականությամբ համակարգեր, ալեհավաքներ, ՌԷՊ միջոցներ։

ԱՄՆ ՌԾՈՒ ռազմանավը ապրիլի 28-ին նախազգուշական կրակ է բացել իրեն չափից ավելի մոտեցած Իրանի ռազմական մոտորանավակների ուղղությամբ

Մինչ այդ արված զգուշացումներին իրանական նավերը չեն արձագանքել։ Իրանական կողմը միջադեպը բացատրել է նրանով, որ ամերիկյան նավերը ներխուժել են իրանական ուժերի զորավարժությունների գոտի։

ԱՄՆ-ը հայտարարել է իրանական և հյուսիսկորեական հրթիռների կալիչի մշակման մրցույթ, որին մասնակցելու են 3 ընկերություններ

Հաղթողը կորոշվի 2026 թ.։ Ավելի վաղ՝ ապրիլի 20-ին, ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենկ Մաքքենզին ասել էր, որ Իրանի կողմից փոքր և միջին չափի հետախուզական և հարվածային ԱԹՍ-ների կիրառումը նշանակում է, որ «Կորեական պատերազմից հետո առաջին անգամ մենք գործում ենք առանց օդում լիակատար գերազանցություն ունենալու»։

 

ՎՐԱՍՏԱՆ

Ապրիլի 29-ին Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլիի և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ստյուարտ Ֆիտչի հանդիպման ժամանակ հատուկ կարևորվել է Սև ծովի անվտանգության ապահովումը

Ավելի վաղ՝ ապրիլի 20-ին, Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, գեներալ Վլադիմիր Չաչիբայան առաջարկել էր, որ ՆԱՏՕ-ն և շահագրգիռ այլ երկրներ, մասնավորապես՝ Վրաստանը, համատեղ հրամանատարություն ստեղծեն Սև ծովում։

Հրամանատարությունը պետք է ապահովի սևծովյան ուժերի ամենօրյա կառավարում և վերահսկում, պլանավորի և կատարի ինքնուրույն ռազմական գործողություններ, ներառյալ՝ ուժի ցուցադրում, զորավարժություն, պարեկություն։

Այս տարվա առաջին եռամսյակում Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներն են եղել Թուրքիան, Ռուսաստանը և Չինաստանը

Ըստ Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալների՝ այդ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալները նշված ժամանակահատվածում կազմել են համապատասխանաբար 419 մլն դոլար, 329,8 մլն դոլար և 292,6 մլն դոլար։

Ապրիլի 29-ին վրացական կողմի նախաձեռնությամբ Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունների ղեկավարները

Քննարկվել են անվտանգության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները։

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #17 (1388) 5.05.2021 - 11.05.2021, Ռազմաքաղաքական


06/05/2021