Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌՈՒՍԱՍՏԱՆ

 

ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի գվարդիական տանկային դիվիզիայի կազմով անցկացվել է զորավարժություն Չելյաբինսկի և Սվերդլովսկի մարզերում

Զորավարժությանը մասնակցել են ՌԴ ուրալյան տանկային դիվիզիայի ավելի քան 3 հազար զինծառայողներ, ավելի քան 600 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «Տ-72» տանկերի արդիականացված տեսակներ, «ԲՄՊ-2Մ» հետևակի մարտական մեքենաներ, «Մեդվեդ» հրետանային քարշակներ, քարշակով տեղափոխվող «Մստա-Բ» հաուբիցներ և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

 

Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Սև ծովում և Ղրիմում

Ապրիլի 17-ին Սև ծովի ավազան են մտել ՌԴ ՌԾՈՒ 2 մեծ դեսանտային նավեր և Կասպիական նավատորմիղի ռազմանավերի ջոկատը։

Զորավարժությանը մասնակցել են նաև ՌԴ ՌՕՈՒ-ի ավելի քան 50 կործանիչ, ռմբակոծիչ ու գրոհիչ ինքնաթիռներ, որոնք Ստավրոպոլի երկրամասից տեղափոխվել են Ղրիմի թերակղզու օդանավակայաններ, իսկ Ղրիմում բազավորված «Սու-25ՍՄ3»-ների էսկադրիլիան՝ Աստրախանի մարզի Աշուլուկ զորավարժարան։

Հյուսիսային Կովկասից Ղրիմ են տեղափոխվել նաև ՌԴ Հարավային ռազմական օկրուգի 58-րդ համազորային բանակի զորամիավորումները։

 

Ռուսաստանում ստեղծել են «երկնքի ականապատման» տեխնոլոգիա անօդաչուների դեմ պայքարելու համար

«Կալաշնիկով» ընկերությունների խմբի ճարտարագետները ստեղծել են «Լանցետ» օդաարգելափակող զինատեսակը, որը կարող է օդում անշարժանալ մի քանի ժամ շարունակ՝ սպասելով հակառակորդի անօդաչուներին։ Երբ դրանք հայտնվում են, «Լանցետը», որի 300 կմ/ժ արագությունը համարյա կրկնակի մեծ է հակառակորդի անօդաչուների արագությունից, կատարում է խոյահարող թռիչք ու ոչնչացնում հակառակորդի ԱԹՍ-ն։

Առայժմ «Լանցետը» փորձարկվում է օդապարիկների վրա։

 

Ռուսաստանում արագացված քայլերով կառուցվում է «Ինոխոդեց» հարվածային ԱԹՍ-ների առաջին գործարանը

Այն պետք է շահագործման հանձնվի սույն թվականի նոյեմբերին։ Գործարանը կառուցվում է արդյունաբերական ու գիտական կենտրոն Դուբնա քաղաքում։

Գործարանը կառուցող «Կրոնշտադտ» ընկերությունը մշակում է նաև «Գրոմ» ծանր հարվածային ԱԹՍ-ն և խմբերով կիրառման համար նախատեսված «Մոլնիա» անօդաչուների համալիր։

 

Ռուսաստանում ստեղծել են ռադիոլռության ռեժիմում թռչող անօդաչուների հայտնաբերող համալիր

Դա հեռուստատեսային համալիր է, որը նախատեսված է «Քամելեոն» անօդաչուների դեմ գիշեր-ցերեկ պայքարի համար։ Համալիրն ավտոմատ ուղեկցում է թիրախները ալիքների սպեկտրի մի քանի տիրույթներում և հարվածային միջոցներն ուղղորդում թիրախի վրա։ Համալիրի գործողության հեռավորությունը 3,5-9 կմ է, զանգվածը՝ 45 կգ։

 

Ռուսական բանակում կստեղծվի հարվածային ռոբոտներով հագեցած առաջին ստորաբաժանումը

Դրա կազմում կներառվեն «Ուրան-9» 5 ռոբոտատեխնիկական համալիրներ՝ ընդամենը 20 մարտական մեքենա։

Մարտական ռոբոտներ սպառազինությունը բաղկացած է 30 մմ-անոց ավտոմատ թնդանոթից, «Ատակա» հակատանկային կառավարելի հրթիռներից և «Շմել» հրանետից։

 

ԹՈՒՐՔԻԱ

 

Թուրքիան հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության «օդ-օդ» դասի «Բոզդողան» հրթիռը

Ապրիլի 14-ին «Թվիթեր» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

 

Թուրքիայի հետ ավիահաղորդակցության՝ Ռուսաստանի սահմանած ժամանակավոր արգելքը Թուրքիայի զբոսաշրջության ոլորտին կհասցնի շուրջ 32 մլրդ ռուբլու վնաս

Հենց այդքան գումար էին մտադիր ծախսել ռուսաստանցի զբոսաշրջիկները Թուրքիայում։

Ապրիլի 15-ից հունիսի 1-ը դեպի Թուրքիա ավիաթռիչքների արգելքի պատճառը այդ երկրում կորոնավիրուսային համաճարակի հերթական ալիքն է։

Թեև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ արգելքը չունի քաղաքական ենթատեքստ, փորձագետները նկատում են, որ այն անմիջապես հաջորդեց Ուկրաինայի նախագահ Զելենսկիի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպմանը, որի ժամանակ Էրդողանը իր աջակցությունն էր հայտնել Ուկրաինային Դոնբասի հարցում։

 

ԱԴՐԲԵՋԱՆ

 

Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանության նախարարները Բաքվում քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները

Ապրիլի 15-ին Բելառուսի պաշտպանության նախարար Դմիտրի Պանտուսի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Բաքու։ Նախօրեին Բաքվում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

 

Հունգարական և ուկրաինական ընկերությունները պատրաստ են մասնակցելու Ղարաբաղի վերականգնմանը

Հունգարական ընկերությունները կմասնակցեն մայիսին Բաքվում կայանալիք՝ Լեռնային Ղարաբաղի վերականգնման գծով Թյուրքական խորհրդի բիզնես-ֆորումին։

Հունգարիան միակ դիտորդ երկիրն է Թյուրքական խորհրդում, որի անդամներն են Թուրքիան, Ուզբեկստանը, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղըզստանը։

Ուկրաինական ընկերությունների՝ Ղարաբաղի վերականգնմանը մասնակցելու շահագրգռվածության մասին ապրիլի 13-ին հայտարարել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլին՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ հանդիպման ժամանակ։

 

Շուշին և թուրքական Կայսերին կդառնան քույր քաղաքներ

Ապրիլի 13-ին հայտարարել է Կայսերի քաղաքի ղեկավարությունը։ Նման որոշում է ընդունվել երկու քաղաքների միջև մշակութային, սոցիալական, տնտեսական ու կոմերցիոն ոլորտներում համագործակցությունը զարգացնելու նպատակով։

 

ԻՐԱՆ

 

Ի պատասխան բոլոր տեսակի սպառնալիքների՝ Իրանը կմեծացնի իր հրթիռների հեռահարությունը

Ապրիլի 16-ին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ռազմական խորհրդատու գեներալ Հոսեյն Դեհգանը։

Սպառնալիքների մասին խոսելիս նա հիշատակել է ապրիլի 11-ին Նաթանզում գտնվող իրանական միջուկային օբյեկտում կատարված դիվերսիան, որի հետևանքով շարքից դուրս էին եկել ուրան հարստացնող մի քանի ցենտրիֆուգներ, իրանական նավերի վրա Իսրայելի հարձակումները, սիրիական խնդիրը, Սաուդյան Արաբիայի հետ Իրանի հարաբերությունները, Եմենում ստեղծված ճգնաժամը։

 

ՎՐԱՍՏԱՆ

 

Վրաստանն Աֆղանստանից դուրս կբերի իր զորախումբը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ապրիլի 14-ին տեղեկացրել է, որ 860 մարդուց բաղկացած վրացական զորախմբի դուրսբերումը կկատարվի ըստ ՆԱՏՕ-ի հրամանատարության հետ համաձայնեցված գրաֆիկի։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն սեպտեմբերի 11-ից իր ուժերը դուրս կբերի Աֆղանստանից։

 

Վրաստանի պաշտպանության նախարարությունը վերականգնել ու արդիականացրել է «Սու-25» երկու գրոհիչ ինքնաթիռ

Ապրիլի 13-ին հաջողությամբ փորձարկվել է երկրորդ ինքնաթիռը, առաջինը փորձարկվել էր մարտի 6-ին։

Թբիլիսիի ավիագործարանի թռիչքուղին 2008 թ. վրաց-օսական պատերազմի ժամանակ շարքից հանվել էր ռուսական ավիացիայի ռմբահարումներից։ Այժմ գործարանը կարող է նորոգել ու արդիականացնել «ՄիԳ-21» և «Սու-25» ինքնաթիռներ։

 

Թուրքիան ֆինանսավորում է Մառնեուլի ռազմական օդանավակայանի արդիականացումը

Ապրիլի 12-ին Վրաստանը օդանավակայանի արդիականացման համար՝ որպես օգնություն, ստացավ երկու միկրոավտոբուս և հատուկ տեխնիկա։

Ավելի վաղ, 2020 թ. վերջին, Թուրքիան Վրաստանի պաշտպանության նախարարությանը հատկացրել էր 17,5 մլն դոլարի դրամաշնորհ։ Այդ գումարով Վրաստանը պետք է գնի ռազմական նախանշանակման ապրանքներ և ծառայություններ, ցանկալի է՝ թուրքական ընկերություններից։

2020 թ. նոյեմբերին այս դրամաշնորհով Վրաստանը Թուրքիայից ստացել է 35 ավտոբուս և 12 միավոր զրահապատ էքսկավատոր, իսկ 2021 թ. սկզբին՝ լազերային հեռաչափեր և ինժեներական սարքավորում։

 

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #15 (1386) 21.04.2021 - 27.04.2021, Ռազմաքաղաքական


22/04/2021