Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍԿ ՍՏԱԼԻՆԸ ԲԵՂԻ ՏԱԿ ԲԱԶՄԱՆՇԱՆԱԿ ԺՊՏՈՒՄ ԷՐ…



ԻՍԿ ՍՏԱԼԻՆԸ ԲԵՂԻ ՏԱԿ ԲԱԶՄԱՆՇԱՆԱԿ ԺՊՏՈՒՄ ԷՐ...Կամ ինչպես երկու հայ կապավորներ Յալթայի կոնֆերանսի ժամանակ ապահովեցին ինչպես կոնֆերանսի մասնակիցների, այնպես էլ քաղաքի բնակիչների անվտանգությունը

 

Այն, որ 1945 թ. փետրվարի 4-ից 11-ը Ղրիմի Յալթա ամառանոցային քաղաքում կայացած երեք մեծ տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի առաջին դեմքերի հանդիպումն ու կոնֆերանսն էլ սահուն ու անվտանգ անցկացնելու գործում փոքր չէ հայերի ներդրումը, ես իմացա՝  ծանոթանալով գործարար Վահագն Սահակյանի հետ։ Մինչ այդ, մենք զրուցում էինք, արդեն երջանկահիշատակ, Թեհրանի կոնֆերանսում իրենց անունը փառքով պսակած հայորդիներ՝ ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանի, Թեհրանում ԽՍՀՄ ռեզիդենտուրայի ղեկավար, գեներալ-մայոր Իվան Աղայանցի մասին, որոշում զանգահարել Գևորգ Վարդանյանի այրուն՝ աննկուն հետախույզ Գոհար Վարդանյանին, որի հետ ես ժամանակին հարցազրույց էի արել, ու մեր զորակցությունը հայտնել արիասիրտ այդ հայրենասեր կնոջը, երբ Վահագնը, առանց ավելորդ պարծենկոտության ասաց, որ իր քեռին ու նրա ընկերն էլ լուրջ ներդրում ունեն Յալթայի երկինքը խաղաղ պահելու, կոնֆերանսի մասնակիցների կյանքը փրկելու հարցում։ Իմ առաջարկին՝ հանդիպել նորերս գաղտնազերծված քեռու հետ, Վահագնը չմերժեց, ու րոպեներ անց մենք Սարիբեկ Հովհաննիսյանի օջախում էինք։

Ճակատագրի դառը խաղով, երբ Հովհաննիսյանն առողջ էր, ասող-խոսող, իրավունք չուներ իր անցյալի մասին որևէ բան ասել, հրամայված էր լռել, իսկ երբ, արդեն երկու տարի առաջ, իննսունի շեմին ծերունուն հայտնի կազմակերպությունից եկան ու ասացին, որ ինքը գաղտնազերծված է ու կարող է ազատ խոսել, արդեն խոսելու ունակությունն էր կորցրել՝ նորից շարունակելով լռել, արդեն Աստծո կամոք… Ընտանիքի անդամներն էլ տեղյակ են նրա կյանքի մինչպատերազմյան և հետպատերազմյան հատվածից միայն, նրանց խնդրանքներին՝ պատմել պատերազմի տարիների իր գործունեության մասին, Սարիբեկը լռել ու բազմանշանակ ժպտացել է միայն։ Պահպանված փաստաթղթերի, լուսանկարների մասին խոսք լինել չի կարող։ Նրա ողջ ծառայությունը կրում էր «Խիստ գաղտնի» պայմանանիշը (չՐՌՒ), և ոչ մի փաստաթուղթ, լուսանկար չի ստեղծվել ու պահվել:  Եվ ես, ապավինելով  ՌԴ և ՀՀ անվտանգության ծառայությունների գաղտնազերծված արխիվներին, հարցուփորձերով, Հովհաննիսյանի՝ դժվարությամբ արտաբերած «հա» ու «չէ»-երով, հիշած դեպքերը նրա կողմից դողդոջուն ձեռքով մի կերպ գրելով, աշխատում եմ վերարտադրել զարմանահրաշ այս մարդու կյանքի հետաքրքիր և ուսանելի պատմությունը։

Ծնվել է 1923 թվականի հունիսի 22-ին, Սևանի շրջանի Դդմաշեն գյուղում, սովորել դպրոցում, գերվել նկարչությամբ։ Այսօր էլ նրա համեստ բնակարանի միակ «կահկարասին» իր նկարներն են։ Դպրոցն ավարտելուց հետո եկել է Երևան՝ նկարչական ուսումնարան ընդունվելու, սակայն պատերազմը խառնել է բոլոր ծրագրերը։ Վերադարձել է գյուղ, մտել զագսի վարիչի մոտ, խնդրել է մեկ տարով իր ծննդյան վկայականը «մեծացնել», որպեսզի առանց խոչընդոտի բանակ մեկնի։ Չեն մերժել. դիմում է գրել ու կամավոր ռազմաճակատ մեկնել։ Կռվել է Կուբանում,Ղրիմում։ Քանի որ կատարելապես տիրապետում էր Մորզեի այբուբենին, անգլիական արտադրության շարժական ռադիոկայան են տվել, նշանակել ռադիստ ու խստորեն զգուշացրել՝ կա՛մ կյանքդ, կա՛մ ռադիոկայանը։ Մի անգամ Կուբանում ռմբակոծության ժամանակ մարմնով պաշտպանել է ռադիոկայանը, կոնտուզիա ստացել ու… հայտնվել համակենտրոնացման ճամբարում։ Այստեղ հանդիպել է Նորայր Թոռլաքյան անուն-ազգանունով Սոչիի հայի, որը նույնպես ռադիստ էր։ Ինչևէ, գերեվարվելով, երկու ընկեր պայմանավորվում են ռադիստ լինելու մասին լռել, քանի որ ֆաշիստները ռադիստներին  ևս հրեաների ու կոմունիստների նման առաջնահերթ էին գնդակահարում։ Սակայն, շատ չանցած, Թոռլաքյանին հարցաքննության ժամանակ ինչ-որ սպա համոզում է խոստովանել ռադիստ լինելը և կյանքը փրկելու համար համագործակցել գերմանացիների հետ։ Սարիբեկն ու Նորայրը սարսափով սպասում են իրենց վերջին։ Դա, կարծեք, չի ուշանում։ Գերմանացի սպայի հագուստով միջահասակ սևահեր մի տղամարդ մտնում է ճամբար ու երկու ընկերների ազգանուններն ընթերցելով, դուրս է հրավիրում Հովհաննիսյանին ու Թոռլաքյանին։ Նրանք հրաժեշտ են տալիս ընկերներին, մտովի «մնաք բարով» ասում հարազատներին  ու գնում դեպի անհայտություն։ Հանկարծ սպան բացում է բակում սպասող շքեղ մեքենայի դուռն ու հրավիրում տղաներին նստել, ինքն էլ նստում է վարորդի կողքին։ Հետո նա սկսում է հայերեն խոսել, հարցնում է՝ ով որտեղից է, ու երբ իմանում է Սարիբեկի՝ դդմաշենցի լինելը, չի թաքցնում ուրախությունն ու հարցնում է. «Իսկ դուք ճանաչու՞մ եք դդմաշենցի Սերոբին»։ Սարիբեկը, ոչ այն է հպարտությամբ, ոչ այն է հնարավոր զարգացումներից վախեցած, ասում է, որ Սերոբն իր հորաքրոջ ամուսինն է։ Սա լսելով, անծանոթ սպան տեղից վեր է թռչում, շուռ է գալիս, փաթաթվում Սարիբեկին ու ասում. «Սերոբն իմ Աստվածն է, նա շուրջ երկու հարյուր հոգանոց իմ ջոկատը մեկ ամսից ավելի հյուրընկալել է իր և իր հարազատների տանը, կերակրել, պահել, ուրեմն՝ դուք իմ հարազատներն եք, ձեր անվտանգության համար, ինչպես նաև մեր ժողովրդի ապագայի համար կանեք այն, ինչ կասեմ»։ Այնուհետև, սպան տղաներին համոզում է իրենց մասնագիտությամբ ծառայել Գերմանիային, իր կարծիքով՝ նաև Հայաստանին։ Մի պահ տղաներն ընդդիմանում են, հետո Թոռլաքյանն աչք-ունքով հասկացնում է, որ համաձայնեն։ Հաջորդ օրն ստանում են համազգեստ, նոր, առավել կատարյալ ռադիոկայան ու անցնում գործի։

ԻՍԿ ՍՏԱԼԻՆԸ ԲԵՂԻ ՏԱԿ ԲԱԶՄԱՆՇԱՆԱԿ ԺՊՏՈՒՄ ԷՐ...…Անցյալ դարի քառասունական թվականների ինքնաթիռների թռիչքի կարևոր նախապայմանը եղանակի տեսությունն էր. դեռևս չկար «կույր թռիչք» հասկացությունը։ Առանց եղանակի ճշգրիտ տեսության ոչ մի ինքնաթիռ օդ չէր բարձրանում։ Յալթայի կոնֆերանսն սկսվելուց առաջ գերմանացիները ակտիվորեն նախապատրաստում էին իրագործել Թեհրանում չհաջողված գործողությունը՝ մի հարվածով վերացնել Ստալինին, Չերչիլին ու Ռուզվելտին։ Պատահական չէ, որ գերմանացիների կողմից գրավված Խորհրդային մերձսևծովյան տարածքներում տեղակայվել էին մինչև ատամները զինված միավորումներ, հետախույզներ, ռազմական տեխնիկա, հարյուրավոր ռմբակոծիչներ։ Վերջիններիս թռիչքն ապահովելու համար, ինչպես ասվեց, պետք էր եղանակի ճշգրիտ տեսություն, որի հայթայթումն ու ռմբակոծիչների օդաչուներին հայտնելը Հովհաննիսյանի ու Թոռլաքյանի վրա էր։ Եվ ահա, ողջ 1944 թ. ընթացքում, 1945 թ. առաջին օրերից սկսած՝ գերմանական հատուկենտ ինքնաթիռներ հայտնվեցին Ղրիմի երկնքում, իսկ փետրվարի 4-ից 11-ը, երբ Յալթայում աշխատում էր երեք պետությունների համաժողովը, երկինքը լիովին խաղաղ էր, քանզի «եղանակը թռիչքային չէր»։ Իսկ Իոսիֆ Ստալինը, որին արդեն զեկուցել էին մեր հետախույզների կազմակերպած գործողությունների մասին, քթի տակ բազմանշանակ ժպտում էր, թափանցիկ ակնարկներով հասկացնում Ֆրանկլին Ռուզվելտին ու Ուինստոն Չերչիլին, որ արևոտ այդ եղանակին գերմանական ինքնաթիռների չթռչելը մերձսևծովյան օդանավակայաններից խորհրդային անվտանգության աչալուրջ ծառայությունների ձեռքի գործն է։ Մինչև գերմանացիները գլխի կընկնեին, թե ինչ էր պատահել, խորհրդային զորքերն ազատագրեցին Ղրիմն, ու «գերմանացի» ռադիստները հայտնվեցին հայրենի հողի վրա։

Հայտնի է, թե Խորհրդային Միությունում ինչպես էին վարվում գերի ընկած զինվորների, մանավանդ հատուկ ծառայությունների գործակալների  հետ։ Նրանք, լավագույն դեպքում, մնացած կյանքն անցկացնում էին սիբիրյան ճամբարներում։ Եզակի դեպքերում, մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում էին միայն մարդիկ արդարացվում։ Այդ դեպքերից էր նաև մեր երկու հերոսների արդարացումը։ Մեջբերենք, արդեն հրապարակման ենթակա, հայատյաց  Լ.Բերիայի 1945 թ. հունվարի 26-ի խիստ գաղտնի նամակը Ստալինին, որն էլ դարձավ երկու հայորդիներին ներում շնորհելու կարևորագույն հիմնավորում-փաստաթուղթը՝ իմ ազատ թարգմանությամբ.

«Սիմֆերոպոլ քաղաքի ազատագրումից հետո՝ 1944 թ. ապրիլի 13-ին, 4-րդ Ուկրաինական ռազմաճակատի «Սմերշ» վարչություն մեղայականով ներկայացան գերմանական հետախուզության երկու գործակալ-ռադիստներ.

  1. Հովհաննիսյան Սարիբեկ Կարապետի, 1922 թ., Երևան քաղաքի բնակիչ, հայ, ՀամԼԿԵՄ նախկին անդամ, 89-րդ դիվիզիայի հրետանային գնդի նախկին կապավոր։ 1943 թվականին Կուբանում գերեվարվել է գերմանացիների կողմից, պահվել Սիմֆերոպոլի ռազմագերիների ճամբարում։ 1943 թվականին հավաքագրվել է գերմանական հետախուզության կողմից, ռադիստ-գործակալի հատուկ դասընթացներ անցել հետախուզության դպրոցում։
  2. Թոռլաքյան Նորայր Գարեգինի, 1917 թ., Սոչիի քաղաքացի, հայ, ՀամԼԿԵՄ նախկին անդամ, 442-րդ հրաձգային գնդի նախկին կարմիրբանակային։ 1941 թվականի հոկտեմբերին գերի է ընկել, պահվել Ջանկոյ քաղաքի ռազմագերիների ճամբարում, հավաքագրվել է գերմանական հետախուզության կողմից, ռադիստ-գործակալի հատուկ դասընթացներ անցել հետախուզության դպրոցում։

Հովհաննիսյանն ու Թոռլաքյանը պատմեցին, որ Սիմֆերոպոլը լքելուց հետո գերմանացիները նրանց թողել են այստեղ՝ Կարմիր բանակի թիկունքում աշխատելու համար։ Նրանց վկայությամբ՝ իրենց հետ թողնվել են նաև 4 հայեր… Հանձնարարությունները կատարելու համար խումբը համալրվել է դյուրատար կարճալիք 4 ռադիոկայաններով, 240000 խորհրդային ռուբլով, սննդամթերքով, անձնական զենքով և կեղծ փաստաթղթերով։ Թշնամուն ապատեղեկատվություն տալու, հետախուզության ռադիոալիքները որսալու և մերոնց տրամադրելու  նպատակով մեր հետախույզները «աշխատել են» Հովհաննիսյանի ու Թոռլաքյանի հետ և սկսել «ռադիոխաղեր» կազմակերպել թշնամու հետ։ Սկզբում ռադիոխաղի մեջ ներգրավվել է Հովհաննիսյանի, իսկ 1944-ի հուլիսից՝ Թոռլաքյանի ռադիոկայանը։ Կապավորներ Հովհաննիսյանն ու   Թոռլաքյանը ազատության մեջ են 4-րդ Ուկրաինական ռազմաճակատի «Սմերշ» օպերատիվ աշխատողների և Մերձսևծովյան առանձին բանակի հատուկ նշանակության աշխատակիցների շուրջօրյա հսկողության տակ, ռադիոսարքերից չեն օգտվում, և կապի բոլոր սեանսներն ընթանում են մեր ռադիոմասնագետների հսկողության տակ, որով բացառվում է նշված անձանց եթեր դուրս գալը։ Այս ընթացքում թշնամուն երկու ռադիոկայանները հաղորդել են 40 ապատեղեկատվական ռադիոգրամմա։ Ռադիոգրամմայի տեքստերը հաստատվել են  Կարմիր բանակի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-գնդապետ ընկ. Կուզնեցովի կողմից։ Միաժամանակ, գերմանական հետախուզության առջև դրվեց Թոռլաքյանի մտացածին կապը իբրև սարերում թաքնվող ութ հոգանոց բանդայի հետ՝ որոնց վնասազերծելու համար պահանջվեցին լրացուցիչ ուժեր։ Նոր գործակալներ ուղարկելուն գերմանացիները համաձայնեցին, բայց, նկատի ունենալով հեռավորությունը, 1944 թ. հոկտեմբերի 15-ին առաջարկեցին խմբին տեղափոխվել Ուկրաինա, ինչի համար խմբից համապատասխան փաստաթղթերով ու պայմանանշանով կապավորի պահանջեցին տեղափոխումն իրականացնելու համար։ 1944 թ. դեկտեմբերի 23-ին պայմանավորված վայրում հակառակորդը պարաշյուտով իջեցրեց գերմանական հետախուզության գործակալ  Խակիմ Գալիևիչ Շաքիրզյանովին՝ 1908 թ. ծնված թաթար, հանձնարարելով նրան կապվել խմբի հետ և հանձնել 527180 ռուբլի, զանազան կեղծ փաստաթղթեր, զինվորական մասերի կնիքներ ու շտամպներ, համազգեստ, ռադիոկայանների կուտակիչներ։ Ձերբակալված Շակիրզյանովը պատմեց, որ գերմանական հետախուզության կողմից հրամայված է ռադիստների հետ վերախմբավորվել Պրիպյատ գետի շրջանում։ 1945 թ. հունվարի 21-ին հերթական սեանսի ժամանակ թշնամին հաղորդեց հետևյալ ռադիոգրամմաները.

  1. «Պատասխանեք, կարո՞ղ է ձեզանից որևէ մեկը ճեղքել Ուկրաինական 2-րդ կամ 3-րդ ռազմաճակատների գիծն ու հասնել մեզ։ Ի՞նչ նորություն կա Ղրիմում»։
  2. «Ամեն օր մեզ հաղորդեք եղանակի տեսությունը՝ ջերմաստիճանը, քամու արագությունն ու ուղղությունը, ամպամածությունը՝ քառորդ, կես, երեք քառորդ, լրիվ ձևաչափերով, արևը, ձյունը, ամպամածությունը և այլն։ Ողջույն։»

Նկատի ունենալով, որ հակառակորդը խմբին հանձնարարել է տեղափոխվել Պրիպյատ գետի շրջան, Ղրիմի եղանակի մասին հարցումն ուշադրության արժանի է։ Անհրաժեշտ է նշել, որ եղանակի մասին այսպիսի տվյալներ հակառակորդը պահանջում է նաև ռադիոխաղի մեջ ներգրավված այլ ռադիոկայաններից։ Այնուամենայնիվ, ստուգման համար, թե արդյոք հակառակորդը այս պահին հատուկ ուշադրություն չի դարձնում Ղրիմին, անհրաժեշտ եմ համարում, որ «Սմերշ» գլխավոր վարչությունը կապի հերթական սեանսում գերմանացիներին ուղարկի հետևյալ ռադիոգրամման.

«Ձեզ մոտ գալիս է Աստադուրյանը՝ մեր թաթարի հետ։ Ասացեք, ինչպե՞ս ճիշտ հասնել ձեզ։ Բացի այդ, շտապ հաղորդեք՝ ինչպես ձեզ հասնեն մյուսները»։

Եթե հակառակորդը, իրոք, հատուկ ուշադրություն է դարձնում Ղրիմին, ապա խմբին կհանձնարարի մնալու տեղում ու կոնկրետ հանձնարարություն կտա, ինչը հնարավորություն կընձեռի պարզելու գերմանացիների նպատակներն ու գործողությունների ծրագիրը։

Հետագա իրադարձությունների մասին կզեկուցվի Ձեզ։

ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմ Լ.Բերիա (ստորագրություն, կնիք):

Ընդարձակ այս մեջբերումը ինքնանպատակ չէ. ուրիշ այլ հավաստի փաստաթուղթ այս պատմության մասին, հասկանալի պատճառներով, չի պահպանվել։ Բացի այդ, քանի մեծանում է հեռավորությունը պատերազմից, ի հայտ են գալիս բազմաթիվ «Լեյտենանտ Շմիդտի զավակներ»՝ իրենց «հզոր» ուսերին տանելով ողջ պատերազմը։ Իրական հերոսները միշտ էլ ստվերում են մնում՝ մանավանդ հատուկ ծառայությունների գործակալները, որոնք քիչ են խոսում՝ ի տարբերություն ոչինչ չարած շատախոսների։ Հասկանալի է, որ մեր հերոսին էլ խորհրդային հատուկ ծառայությունները  չէին հավատա, եթե   բազմակողմանի ստուգման չենթարկեին, հազար անգամ չգցեին-բռնեին, լիովին ու անվերապահորեն  չհամոզվեին, որ նա ու իր ընկերն ընդմիշտ, թե՛ այստեղ և թե՛ գերության մեջ, անմնացորդ ծառայել են իրենց մեծ հայրենիքին։ Իսկ թե ով էր գերմանական համակենտրոնացման ճամբարից իրենց փրկողը, Հովհաննիսյանն իմացել է տարիներ անց՝ «գերմանացի» սպային հար և նման մի նկարի տակ կարդալով Դրաստամատ Կանայանի (Դրո) անունը: Հետո տարեց համագյուղացիները պատմել են, որ, իրոք, 1921 թվականի փետրվարին Դրոն դաշնակցականների իր ջոկատով շուրջ մեկ ամիս հյուրընկալվել է Դդմաշենում։

 

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ռազմական վերլուծաբան

Խորագիր՝ #14 (1385) 14.04.2021 - 20.04.2021, Պատմության էջերից


15/04/2021