Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՌԱՍՈՒՆ ՕՐ



Ամուսնու զոհվելուց հետո բոլորը զարմացել էին Լալայի հանդարտ պահվածքից։ Ամբողջ օրը լուռ էր, սակայն պատահում էր, որ մեկ էլ ժպիտ էր նկատվում դեմքին, ժպտում ու ընդառաջ էր գնում անտեսանելի մեկին։ Շաբաթը մեկ լվացք էր անում, ձեռքերով ամուր տրորում, քամում էր ամուսնու շորերը, մաքրաջրում, փռում պարանին։ Հետո արդուկում էր տաբատը, վերնաշապիկը, մաքրում կոշիկները, դնում դռան կողքը։ Ամուսինը սիրում էր առավոտյան մի բաժակ թեյ խմել։ 40 առավոտ սեղանին դրված սառը թեյի բաժակը փոխարինում էր նորով։ Հարազատներն սկսել էին կասկածել՝ գուցե Լալան խելագարվել է։
-Ես զգում էի հարազատներիս աղերսագին, խղճահարույց հայացքները։ Միգուցե ձեզ զարմանալի ու տարօրինակ թվա,- հետագայում վերհիշում է նա,- սակայն ես ամեն օր տեսնում էի նրան, մտովի զրուցում։ Եվ այսպես 40 օր… Ես ինձ անչափ երջանիկ էի զգում՝ չէ՞ որ մենք միասին էինք։ Քառասունքից հետո նոր սկսվեց իմ վիշտը, տխրությունը, որովհետեւ այդ օրից նա էլ չհայտնվեց եւ հեռացավ ապրելու իր հավերժության տարածքում։ Իսկ ես հավատում եմ, որ կա այդպիսի կյանք՝ երջանիկ, անհոգ, թեթեւ, որտեղ ես ապրեցի 40 օր…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #41 (856) 20.10.2010 – 27.10.2010, Հոգևոր-մշակութային


24/12/2010