Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵՆՔ ՀԶՈՐ ԵՆՔ ՄԵՐ ԲԱՆԱԿՈՎ
ՄԵՆՔ ՀԶՈՐ ԵՆՔ ՄԵՐ ԲԱՆԱԿՈՎ

ՄԵՆՔ ՀԶՈՐ ԵՆՔ ՄԵՐ ԲԱՆԱԿՈՎ«Ինձ բացակա չդնեք». այս խորագիրն էր կրում ՀՀ Արագածոտնի մարզի Հնաբերդի Ե.Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում անցկացված մայրենիի դասը` նվիրված դպրոցի նախկին սան Աբրահամ Կարապետյանին, որ հերոսաբար զոհվեց Ջաբրայիլում ընթացող թեժ մարտում:

Մինչ դասի մեկնարկը մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում ընկած զինվորների հիշատակը: Հնչեց օրհներգը: «Հունվարի 28-ը հայոց բանակի կազմավորման օրն է: Այս օրը հավասարապես բոլորինն է. սահմանում կանգնած զինվորինը, ծնողինը, արվեստագետինը, աշակերտինը»,- այս խոսքերով ուսուցչուհին սկսեց դասը և շնորհավորեց բոլորին Բանակի օրվա առթիվ: Այնուհետև հարցն ուղղեց աշակերտներին՝ «Ի՞նչ է բանակը: Ի՞նչ պատկերացում ունեն բանակի մասին»: Աշակերտներից յուրաքանչյուրը հանդես եկավ յուրովի.

-«Բանակը պետության զինված ուժերի ամբողջությունն է: Առավել նեղ իմաստով նշանակում է զորային միավորում» (Գևորգ):

-«Միայն հզոր բանակի առկայության դեպքում կարող է լինել անվտանգ ու ապահով հայրենիք» (Նարեկ):

-«Դա մի քանի հազար մետր բարձրության վրա գտնվող, ամիսներով թիկունքից կտրված ձյունածածկ լեռնային մարտական դիրքեր են, մյուս կողմից` հարթավայրային մարտական դիրքեր, որտեղ օդի ջերմաստիճանը հասնում է +40 աստիճանի» (Արտաշես):

Աշակերտներն այնուհետև անդրադարձան հայ ժողովրդի պատմության ամենախոշոր ռազմական և քաղաքական գործչին` Գարեգին Նժդեհին, որն ունի ասույթներ բանակի, զինվորի, հայրենիքի մասին.

«Աշխատիր առյուծի հետք թողնել ցեղիդ պատմության մեջ…»:

«Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնում ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես»:

Փորձությունների և սխրանքների միջով անցած մեր բանակը ամեն ինչից վեր արժանի է հարգանքի: Չէ որ նա հերոսական էջեր է գրանցել մեր դարավոր մաքառումների մատյանում: Եվ դա դյուրին չի եղել: Սակայն պայթեց արցախյան երկրորդ պատերազմը: 44-օրյա պատերազմը ամենաարյունալին էր վերջին հարյուրամյակում: Պատերազմը խլեց բազմաթիվ կյանքեր, խեղաթյուրեց մարդկային հոգիներ:

Արագածի փեշերին ծվարած Հնաբերդ գյուղն էլ անմասն չմնաց: Ունեցանք զոհեր, վիրավորներ և անհետ կորած` Մովսես Կարապետյանը:

Իմ զինվոր եղբայր,

Դու խոստացել ես՝ հաստատ պիտի գաս:

…Ուզում եմ, որ գաս, քո գիրկը վազեմ,

Քո գալու լուրը աշխարհին հայտնեմ: (Սառա)

Սառայի աչքերում սպասում, արցունք և կարոտ կա:

Իսկ Արտյոմ Պողոսյանի կատարմամբ «Մարտիկի երգը» խռովեց ներկաների հոգիները:

…Ա՜խ, իմ մայր թանկագին,

Տուն կգամ ես կրկին,

Կսփոփեմ քո հոգին,

Համբույրով սրտագին

Կսեղմեմ քեզ իմ կրծքին…

Հուսանք՝ կիրականանա մարտիկի երազանքը:

ՄԵՆՔ ՀԶՈՐ ԵՆՔ ՄԵՐ ԲԱՆԱԿՈՎՄարտի դաշտում գնդացրով ժամեր շարունակ օդն էր պաշտպանում Աբրահամ Կարապետյանը: Արցունքն աչքերին` վաշտի հրամանատարը պատմում էր, թե ինչպես իր կյանքի գնով մի ամբողջ վաշտ փրկեց Աբրահամը: Թուրքը հասկանալով, որ անզոր է հզոր բազկի դեմ, դիպուկահարների ջոկատ է կանչում և խոցում Աբրահամին, որ հերոսաբար զոհվեց Ջաբրայիլում՝ կյանքը նվիրելով հայրենիքին, հոգին` Աստծուն, հարազատներին թողնելով միայն արցունքներ:

Մոմավառությամբ հարգեցին հերոսի հիշատակը:

«Օրհնյալ են նրանք և երանելի, ովքեր պայքարի միջով ընթացան դեպի անմահություն»:

Ռաիսայի կատարած «Կարմրում է սև այգին» հուզիչ երգի ելևէջների տակ աշակերտներն իրենց խոնարհումը բերեցին հերոսին:

«Նահատակ զինվորներին փորձում ենք փնտրել մեր օրերի մարդկանց մեջ, փորձում ենք տեսնել նրանց հայացքը, աչքերը: Ախր, նրանք ապրել, ապրում և ապրելու են: Նրանք անմահության ու հավերժության ճամփան են ընտրել»: (Լուսինե)

Ձեր լռությունը զնգում,

Զրնգում է ձորով մեկ,

Ձեր լռության համերգում

Ինձ բացակա չդնեք… (Մերի)

Դասի ավարտին ուսուցիչը, կարևորելով նմանատիպ դասերի անցկացումը, նշեց, որ հայոց բանակաշինության պատմությունը ոչ միայն պատմական գիտելիք է, այլեւ հայրենասիրության գրավական:

Փա՛ռք հայոց բանակին, նրա զինվորին,

Զինվոր ծնած մայրերին և հայ ժողովրդին:

 

ԿԱՐՄԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի