Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՈԳԻՆ ԱՆՊԱ՛ՐՏ Է



ՄԵՐ ՈԳԻՆ ԱՆՊԱ՛ՐՏ ԷՀրաչյայի հետ ծանոթացել եմ անգլերենի դասընթացներին: Մեր խմբի ուրախությունն էր՝ միշտ եռանդուն, հումորով ու ընդգծված լավատես: Դասընթացի ավարտական քննությանը մեզ անգլերենով ներկայացրեց իր սիրելի նախասիրության՝ լեռնագնացության նրբությունները: Այնպիսի հափշտակությամբ էր պատմում, որ բոլորիս վարակեց իր համար կենսակերպ դարձած մասնագիտության հանդեպ սիրով: Մի օր էլ իմացա, որ զինվորական երկու հորեղբայրների օրինակն աչքի առջև՝ ֆիզիկապես և հոգեբանորեն կոփված երիտասարդը պատերազմի սկսվելու հաջորդ օրն իսկ, տնեցիներին չզգուշացնելով, դիմել էր զինկոմիսարիատ. «Լեռնագնաց եմ, դիպուկ կրակում եմ,- ասել էր,- ինձ այնպիսի տե՛ղ ուղարկեք, որ հնարավորինս օգտակար լինեմ»: Ասել էին՝ «Գնա տո՛ւն, կզանգենք»: Երկու օր սպասելուց հետո անհամբեր երիտասարդը կամավորագրվել էր ճակատ մեկնելու պատրաստվող ջոկատներից մեկին և ընդգրկվել նախապատրաստական դասընթացին: Հրաչյան տուրիստական խմբերի ուղեկցորդ է. ոչ միայն հմուտ լեռնագնաց է, այլև առաջին բուժօգնության, գոյատևման արվեստի գիտելիքների ու փորձի մեծ պաշար ունի: Կամավորների նախնական պատրաստության ընթացքում հրահանգիչները շատ շուտով հասկացել էին, որ Հրաչն ինքը կարող է գիտելիք փոխանցել մյուսներին, և նրան՝ որպես սանհրահանգիչ, ընդգրկել էին մարզումներում: Դրան զուգահեռ՝ մյուս կամավորներին լեռնագնացության հմտություններ էր փոխանցում:

Հոկտեմբերի 5-ին արդեն Քարվաճառի ճանապարհին էին. լեռնային տեղանքում, գործելու էին որպես լեռնահրաձգային ստորաբաժանման մարտիկներ: Հրաչը նշանակվել էր ջոկի հրամանատար: Անմիջապես տեղում սկսել էին մարզումները՝ լեռնային պայմաններում: Շուտով բարձրացել էին Օմար ու անցել դիրքերի պատրաստմանն ու ամրաշինական աշխատանքներին:

ՄԵՐ ՈԳԻՆ ԱՆՊԱ՛ՐՏ ԷՔարվաճառում եղած ժամանակ նրա ստորաբաժանումը մի քանի անգամ հրաշքով փրկվել էր: Երբ հերթափոխը հանձնել ու իջել էին իրենց դիրքից, իմացել էին, որ հաջորդ օրը դիրքի վրա ականանետային արկերի տարափ է տեղացել: Մի հոգի զոհվել էր, եղել էին վիրավորներ…

Տեղափոխվել էին Քարվաճառի մեկ այլ հատված, որտեղ, ըստ հետախուզության տվյալների, հակառակորդը ուղղաթիռով պատրաստվել է դիվերսիոն խումբ իջեցնել: «Հակադիվերսիոն գործողության էինք նախապատրաստվում. մինչև ատամները զինված՝ սպասում էինք: Տեղեկությունը ճիշտ էր, ուղղաթիռը եկել էր մեր ուղղությամբ, բայց չէր կարողացել անցնել. մերոնք թույլ չէին տվել»:

Հերթափոխը հանձնելուց ու այդ տեղանքից հեռանալուց վեց օր անց նույն այդ ուղղությամբ դիվերսիա էր եղել. թշնամուն հաջողվել էր մի քանի դիրք վերցնել: «Լսեցինք, սակայն, որ մեր հատուկ նշանակության ստորաբաժանման ժամկետայինների ու պայմանագրայինների ուժերով երեք գիշերվա ընթացքում մերոնք կորցրած դիրքերը հետ էին բերել»:

Հաջորդ հանգրվանը, որտեղ արդեն անմիջականորեն թեժ մարտական գործողությունների կենտրոնում էին հայտնվելու, Կամիր Շուկան էր: «Հոկտեմբերի 26-ին հասանք գյուղ, դիրքավորվեցինք առաջնագծում: 27-ից մարտերն սկսվեցին: Մեզ՝ որպես ամենամարտունակ դասակի, տեղակայեցին այնտեղ, որտեղ ըստ հաշվարկների պետք է ամենաթեժ կռիվները լինեին: Հակատանկային, հակադիվերսիոն գործողությունների էինք նախապատրաստվում: Զենք-զինամթերքով շատ լավ ապահովված էինք: Սակայն ադրբեջանցիները պտտվեցին ու անտառի միջով եկան: Մեր դիրքերը շատ հարմար էին. բարձունքի վրա էինք, տարածքը՝ ոնց որ ափերիս մեջ: Մեզ վրա կրակում էին բոլոր զենքերից՝ ականանետներից, Դ-30, տանկ, հարձակվում էին 4-ը 1-ի կամ 5-ը 1-ի հարաբերակցությամբ, գումարած՝ տեխնիկան: Բայց չէին կարողանում անցնել: Փորձում էին հաշվարկել մեր ուժերը: Առաջին օրը մեր ուղղությամբ մի «Sand cat» կոչվող իսրայելական արտադրության զրահապատ մեքենա ուղարկեցին: Մեր հրամանատարներից մեկն ասաց. «Սա իմիտացիա է: Իրական հարձակում չի: Միայն ավտոմատով կկրակեք»: Ավտոմատով սկսեցինք կրակել, թողեցինք, որ անցնի մեր դիրքերի ետևը, ու տեսանք, թե քիչ անց նրա ետևից ինչպես են ևս չորսը գալիս: Բոլորին միասին գցեցինք շրջափակման մեջ ու բոլոր զինատեսակներով «հերներն անիծեցինք»:

Մեր ուղղության ընդհանուր հրամանատարի առումով բախտներս անասելի բերել էր: Պատերազմով անցած հմուտ զինվորական է Արարատ Մելքումյանը: Ավտոմատը գցում էր ուսին, ականանետով կրակում էր: Գնում էր առաջնագիծ՝ գնդացրով էր կրակում, առաջնագծից գնում էր դիվերսիա էր անում, հետ էր գալիս, մի ուրիշ ուղղությամբ հետախուզության գնում: Այն գործողությունները, որ նա էր իրականացնում, հաճախ միայնակ, անհավանական էին թվում: Տեսնելով այդ ամենը՝ ասում էինք՝ «Հրամանատա՛ր, մեզ հրամա՛ն տուր, ետևիցդ մինչև աշխարհի վերջը կգանք»:

Հրամանատարի տեղակալը մի օր երեկոյան կողմ կապ տվեց, թե՝ հրամանատարը «գործի» է գնում. բոլորդ դիրքավորվե՛ք: Դիտարկե՛ք, թիկունքը պահե՛ք: Մի կես ժամից, երբ մութն արդեն վրա էր հասել, մեկ էլ այն տենանք, որ թշնամու դիրքերից «շիլկան» խփում է դաշտի մեջ: Մի կես ժամ հետո մթության մեջ մեքենայի՝ մեր կողմը շարժվող լուսարձակներ տեսանք: Պարզվում է՝ նա միայնակ դիվերսիայի էր գնացել, դիրքերից մեկը հողին հավասարեցրել ու ետ եկել: Միշտ զենքը ձեռքին լիցքավորած էր պահում: Շատ բան չեմ կարող պատմել: Նա շատ լուրջ գործեր արեց այդ ընթացքում: Կենդանի լեգենդ է այդ մարդը:

Մի օր մեր ուղղությամբ շարժվող երեք «Ուրալ» երևացին: Բարձրախոսով «Ալլահ ակբար» էին միացրել, իմիտացիա էին անում, թե՝ շատվորով են գալիս. աղմուկից տպավորություն կարող էր ստեղծվել, թե՝ առնվազն 150-200 մարդ է մոտենում: «Ուրալները» խփեցինք, ձայնները կտրվեց…

Դիրքի ավագ Մակիչ ունեինք: Մեկ էլ ռացիայով կապ էր տալիս հրամանատարին. լսում էինք Մակիչի անհանգիստ ձայնը. «Մի քանի տանկ է գալիս մեր ուղղությամբ, հետևակն էլ ետևից. 100-150 հոգի կլինեն…»: Հրամանատարը պատասխանում էր. «Մակի՛չ, չընկճվես, գործիդ նայի՛ր»: Անցնում էր ժամ, ժամ ու կես, մեկ էլ լսում էինք, թե ինչպես է Մակիչը կապ տալիս. «Լյոխ թըխալըմ»: Մենք բոլորս ծիծաղից ուշաթափվում էինք նրա հանգիստ «թըխալըմ»-ից: Իր դիրքի 10-12 հոգով բոլորին վերացրել էր:

Ձեռքներս ավտոմատ էին տալիս, բայց ամեն զենքից կրակել էինք սովորում: Մի էջմիածինցի տղա ունեինք, որը կամավոր գնացել էր Հադրութ, հետո՝ Ջաբրայիլ, Ֆիզուլի ու վերջում եկել Կարմիր Շուկա, միացել մեր պաշտպանական գծին: Նա գնդացրով էր կրակում, հարկ եղած ժամանակ էլ դիպուկահար էր ու ականանետորդ: Այդ բոլոր զենքերից գերազանց էր կրակում: Միայն այդ տղան երեք իսրայելական «Sand cat» խփեց և մեկ ՀՄՄ:

…Հակառակորդի հետևակի զգալի մասը սիրիացի ջիհադիստներ էին: Ես անձամբ չեմ տեսել, բայց անմիջական հրամանատարս անձամբ նրանց հետ կռվի մեջ է մտել, դիակներ է փոխանակել: Ասում էր՝ «Եղբա՛յր, ախր ոչ մի ազերի մեջները չկար»: Առիթ ենք ունեցել նաև «Յաշմայի» հետ առերեսվելու: Բոլորը «դեղերի» ազդեցության տակ էին: Քեզ տեսնում էր, հարյուր մետրի վրա կրակում էր, բայց թե ոնց էր կրակում, դա ուրիշ խնդիր է: Չէին կարողանում դիպուկ կրակել: Հաշվարկը մարդկանց ու զենք-զինամթերքի քանակի վրա էր:

«Պիկապներով» էին գալիս, որոնց ետևում ականանետներն էին հարմարեցված: Մեքենան մեծ արագությամբ գալիս, դաշտի մեջ կանգնում էր, ու, առանց նշան բռնելու, առանց ուղղորդելու, 4-5 անգամ կրակում էին, հետո քշում, հետ էին գնում. կպավ՝ կպավ, չէ՝ միևնույն է, խնդիրը կատարել էին: Մի օր մեր դիրքի ուղղությամբ մի քանի ժամվա մեջ շուրջ 150 արկ թռավ, բայց դրանցից միայն մեկը խրամատիս մի քիչ մոտ ընկավ, մի տասը մետր վերև կպավ, բեկորներից մեկը մազերս «շոյելով» անցավ: Գնացի, վերցրի այդ բեկորը. տանը պահում եմ՝ որպես հիշատակ:

Մեր դիրքը շատ հարմար էր, գործնականում՝ անխոցելի: Մեր կողմը թռչող արկերը կամ չէին հասնում, կամ թռչում էին մեր գլխավերևով: Նոյեմբերի 8-ն էր. խրամատում չորս հոգով նստած էինք, մեկ էլ՝ իրար ետևից «Ֆագոտի» երկու հրթիռ թռավ գլխավերևներովս: «Ֆագոտի» հրթիռի ետևից ոսկեզօծ լար է միացած, որով այդ հրթիռը կառավարում են: Թռան ու ընկան մեր դիմացի ձորակը: Ես ու դասակիս հրամանատարը գնացինք լարի ուղղությամբ՝ պարզելու, թե որտեղից են արձակվել հրթիռները: Հասանք մի թմբի, որից այն կողմ այլևս շարժվել չէինք կարող. կրակում էին: Կողմնացույցս վերցրի, կապ տվեցինք հրամանատարին, ասացինք՝ այսինչ կոորդինատների վրա «Ֆագոտ» կա: Նա իր հերթին կապ տվեց հրետանավորներին. «Խփե՛ք: Եթե ուղղությունը ճիշտ է՝ համազարկ տվեք»: Շատ դիպուկ էին մեր հրետանավորները. ճշգրիտ խփեցին: Հրամանատարը հաստատեց, ու հետևեց համազարկը: Արտը հնձելիս տեսե՞լ ես, երբ կտրված խոտերի միջից միջատներ են ցատկում: Մեր հրետանու համազարկից դիմացի սարին գտնվող անտառը «հնձվում էր», ու ծառերի արանքից մեկ հրանոթ էր օդ թռնում, մեկ ականանետ, գնդացիր… Զինամթերքով լեփ-լեցուն չորս «Ուրալ» պայթեց:

Այդ օրը մեր տղերքից մեկի ծնունդն էր: Արդեն մթնշաղ էր, պայթող զինտեխնիկային նայելով՝ նրան ասում էինք. «Սա էլ ծննդյանդ օրվա հրավառությո՜ւնը»: Ամսի 8-ի գիշերը այդ թևի վրա ամեն ինչ վերացրինք. հակառակորդի բոլոր «Գրադներն» ու հրանոթները ոչնչացրել էինք, այնպես, որ զենք չէր մնացել այդ ուղղությամբ, միայն՝ փոքրաթիվ հետևակ:

Այդ օրը հրաման ստացանք, որ պատրաստ լինենք առաջ գնալու: Պատրաստ սպասում էինք, որ հրամանատարը կապ տա: Բայց… գիշերվա ժամը մեկին «հրադադար» տվեցին:

Հրաչը, որ իրեն բնորոշ խանդավառությամբ ոգևորված պատմում էր, մտահոգ է երևում. «Հրադադարի օրվանից ես ասում եմ՝ զինվորը չի պարտվել, արել է առավելագույնը: Տեղեկություն կա, որ կռվի առաջին օրը ամբողջ շփման գծով մոտ 150-200.000 զորք ու հազարից ավելի թռչող օբյեկտներ՝ ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ, կործանիչներ և այլ զենքեր են դուրս բերվել…, ու այդքան զենք ու զորքի դեմ մենք կարողացանք կանգնել: Մեր հերոս տղաների արյան գնով 44 օր պահեցինք. դա չտեսնված բան է»:

Հրաչյային հանդիպեցինք ու զրուցեցինք կրակային պատրաստության դասընթացներից մեկի ընդմիջմանը: Նա հիմա էլ վստահ է՝ պետք է անընդմեջ պատրաստվել, մարզվել. «Ինքս ինձ մի բան եմ խոստացել՝ մինչև այս ամենն իր տրամաբանական ճիշտ ավարտին չհասնի, չեմ կարող հանգիստ ապրել: Կռվի դաշտից տնեցիներիս օրը երեք անգամ կարող էի զանգել, բայց զանգահարում էի տասը օրը մեկ, որպեսզի նախ իրենք չանհանգստանան, երկրորդը՝ ես կարողանամ իմ գործի վրա կենտրոնանալ: Նույնիսկ իմ սիրած աղջկանից բաժանվեցի այս պատերազմի ընթացքում. մտածում էի՝ նա ինձ կշեղի նպատակիցս: Չնայած շատ դժվար էր այդպիսի որոշում ընդունելը, բայց դա՛ է ճիշտը: Ինքս ինձ խոսք եմ տվել, ոչ մի անձնական կյանք, քանի դեռ չեմ հասել նպատակիս՝ հիմա և միշտ՝ ազատ, անկախ Արցախ ու Հայաստան…»:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #03 (1374) 27.01.2021 - 02.02.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


29/01/2021