Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖԻԴԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՆԱՀԱՊԵՏԸ



ՖԻԴԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՆԱՀԱՊԵՏԸՏարոնն ու Սասունը, որ դարեր շարունակ պահպանել էին իրենց ազատատենչ ոգին, 1880-ականներից սկսած դառնում են թուրքական կառավարության հայահալած քաղաքականության թիրախը, որի նպատակը մեկն էր՝ քրդական ցեղախմբերի օգնությամբ հայ տարրին զրկել իր պատմական Հայրենիքից: Հային ոչնչացնելու Օսմանյան կայսրության հրեշավոր ծրագրի դեմ սասունցին ու մշեցին պատասխանեցին հայդուկային պայքարով, որի առաջամարտիկներից մեկն էլ դարձավ Բիթլիսի նահանգի Կուռթեր գյուղում ծնված Առաքել Մխիթարյանը՝ Արաբոն:

«Հայը այնքան պետք է ուժեղացնել, որ անոր աստղը պայծառանա և ուժ ունենա մինչև Շամ քշելու այս եկվոր անօրենները». Արաբոյի այս միտքը հնչեց որպես կոչ՝ զինված պայքարի մարտահրավեր: Եթե լեգենդար հայդուկապետն իր ջոկատով սկզբում գործում էր Խութ-Բռնաշենի շրջանում՝ աստիճանաբար իր ազդեցության ոլորտը հասցնելով մինչև Մուշի սահմանները, ապա շուտով նա մարտական խմբեր է կազմակերպում նաև Մշո դաշտում:

Արաբոյի վրեժխնդրական ձեռնարկներն ահ ու սարսափ էին տարածում թուրքական տեղական իշխանությունների ու քրդական ցեղապետերի վրա, որոնք ամեն գնով ցանկանում էին վերացնել արիասիրտ ու քաջ հայդուկապետին: 1892 թ. Արաբոն իր ընկերոջ՝ դեգրեվանքցի Մխոյի հետ մատնությամբ ձերբակալվում է Բերդակ գյուղում: Օսմանյան կառավարությունը նրանց դատապարտում է 15 տարվա տաժանակրության և Մուշի բանտից տեղափոխում Կարին, որտեղից էլ նրանց հաջողվում է փախուստի դիմել և անցնել Անդրկովկաս: 1893 թ. մայիսին, Սասունի ապստամբներին օգնելու նպատակով, Արաբոն Կարսից դեպի Տարոն է առաջնորդում 16 հոգանոց զինատար մի խումբ, որը Գյալիսորի ձորում՝ Մուշի ու Խնուսի միջև, կռվի է բռնվում մեծաթիվ զինյալ քրդերի հետ: Անհավասար կռվում խմբի բոլոր անդամները մեծ հայդուկապետի առաջնորդությամբ հերոսաբար զոհվում են:

Թեև շատ կարճ՝ 30 տարի ապրեց ֆիդայական շարժման նահապետը, բայց նրա գործը շարունակեցին իր բազմաթիվ հետևորդները, որոնց անունները մեր ժողովուրդը սրբությամբ է հիշում:

Խորագիր՝ #1 (1372) 13.01.2021 - 19.01.2021, Պատմության էջերից


15/01/2021