Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«…ՄԵՐ ԿԵՆՍՈՒՐԱԽ ՈՒ ՀԶՈՐ ԺՈՐԸ»



«...ՄԵՐ ԿԵՆՍՈՒՐԱԽ ՈՒ ՀԶՈՐ ԺՈՐԸ»Բերձորցի Ժորա Սարգսյանը ծնվել է 2000 թ. հուլիսի 9-ին Երևանում։ Նույն տարի նրանց ընտանիքը տեղափոխվել է Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաք։ 12 տարի Ժորան սովորեց Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, 2019-ին ավարտեց ու նույն տարի ամռանը զորակոչվեց Հայոց բանակ… Դպրոցական տարիներից էի ճանաչում Ժորային՝ միշտ աչքի էր ընկնում իր համեստությամբ, բարի բնավորությամբ։ Սիրած զբաղմունքը ֆուտբոլն էր, խաղում էր Բերձորի թիմում։ Ցանկացած հանդիպման ժամանակ լավագույն խաղացողներից էր Ժորան։ Շրջանի հարավային թևի Իշխանաձոր գյուղում վերջին տարիներին կառուցվեց մարզադաշտ, որը կրում էր 2016 թ. ապրիլյան քառօրյայի հերոսներից Անդրանիկ Զոհրաբյանի անունը։ Այս մարզադաշտում հաճախ էին ընթանում Քաշաթաղի շրջանային մրցաշարեր, ու Ժորան մշտապես Բերձորի թիմի լավագույն խաղացողներից էր։ Իր ապագան կապում էր ֆուտբոլի հետ։ Բոլորն էին սիրում Ժորային, ուսուցիչները, դասընկերները, թիմակիցները, նրան ճանաչողները…

…Պատերազմն ընթանում էր, ու հավատում էինք՝ հաղթելու ենք, հավատում էինք՝ մեր զինվորները թույլ չեն տա թշնամին մտնի Հայոց երկիր։ Հավատում էինք բերձորցի մեր զինվորներին՝ բոլորն էին վստահ մեկնել, ու կռվեցին տղաներն անձնուրաց, այդ թվում նաև՝ Հադրութում ծառայող Ժորան։ Մինչ պատերազմը անցել էր ուսումնական դասընթացներ, ստացել սերժանտի կոչում, պատերազմն սկսվելուց օր առաջ արդեն ավագ սերժանտ էր։ Մարտական ընկերների ասելով՝ օրինակելի, պարտաճանաչ զինվոր էր։ Մնացել էր 9 ամիս, որ զորացրվեր ու մտածեր հետագա անելիքների մասին, սակայն սկսվեց պատերազմը։ Առաջին օրվանից արդեն մարտադաշտում էր։ Շատ անվախ էր, պատմում են՝ բոլորին ոգևորում էր, հումորներ էր անում զինվորներին ուրախացնելու համար ու ոչ մի կերպ չէր ընկճվում։ Պատերազմի սկզբում այրվածք էր ստացել դեմքի հատվածում, բայց չէր համաձայնել լքել դիրքը և մինչև վերջ պայքարել էր՝ անառիկ պահելով այն։ Հոկտեմբերի 23-ին դաժան մարտեր են ընթացել նաև Ժորայի ջոկի պաշտպանական տարածքում։ Կռվել են տղաները, Ժորան ոգևորել է ընկերներին, մարտնչել հերոսաբար։ Դա նրա վերջին կռիվն էր…:

Այժմ «Եռաբլուրի» անմահների շարքում է նաև Ժորա Սարգսի Սարգսյանը. լուսավոր ու կյանքով լեցուն մի երիտասարդ, որն ապրեց ընդամենը 20 տարի։

Բերձորի թիվ 1 միջնակարգը, որտեղ 12 տարի սովորեց քաջորդին, փակվեց պատերազմի պատճառով, այս տարվա ամռան ընթացքում էր հիմնանորոգվել, ցավոք, այժմ ավերակ է։ Դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանն իր սանի մասին գրել է. «Հասուն, ընկերասեր տղա էր։ Դասարանում բոլորը հարգում ու հաշվի էին նստում նրա կարծիքի հետ։ Հարգանքով էր ուսուցիչների նկատմամբ, լուսավոր տղա էր մեր Ժորան, փա՛ռք հերոսին…»։ Ժորայի դասընկերուհին՝ Սյուզի Սահակյանը, այսպես է ներկայացնում դասընկերոջը. «Ժորին բոլորս շատ սիրում և հարգում ենք, դժվար է մեր ընկերոջ մասին անցյալով խոսելը, թվում է՝ դեռ բանակում է ու շատ շուտով տուն է գալու: Մեր դպրոցական կյանքի վառ հիշողություններում բազում դրվագներ կան՝ կապված մեր սիրելի հերոս ընկերոջ հետ: Մեր դպրոցական ուրախ ու անհոգ օրերը անցել են միասին, ու դասարանով դարձել էինք մի մեծ ընտանիք: Ժորը հաճախ էր դասից բացակայում, շատ էինք ուրախանում, երբ գալիս էր, ու օրն ավելի լավ էր անցնում: Շատ խելացի ու ընդունակ էր, թեպետ ուսման հետ այդքան էլ սեր չուներ: Ցավոք, մեր Ժորն էլ համալրեց հայրենիքի իրական հերոսների շարքերը։ Միշտ գնում ենք մեր ընկերոջ մոտ՝ «Եռաբլուր», ինքը մեզ հետ է միշտ հոգով ու սրտով։ Հպարտ ենք՝ հերոս ընկեր ենք ունեցել: Նա կմնա մեր սրտերում՝ մեր կենսուրախ ու հզոր Ժորը, ու շնորհակալ ենք, որ իր կյանքը տվեց հանուն մեզ ու հայրենիքի»։

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #1 (1372) 13.01.2021 - 19.01.2021, Ճակատագրեր


15/01/2021