Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՉԻՆՉ ՉԽՆԱՅԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՄԱՐ…



ՈՉԻՆՉ ՉԽՆԱՅԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՄԱՐ...-Ունենալու ենք նոր մարզադահլիճներ, գերժամանակակից պրոթեզարան՝ գերմանական սարքավորումներով հագեցած, վերապատրաստված մասնագետներ,- ասում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը:

Ոչինչ չխնայել հայրենիքի պաշտպաններին լիովին բուժելու ու շարք վերադարձնելու համար. այս սկզբունքով է գործելու վերականգնողական կենտրոնի նոր  պրոթեզարանը: Կենտրոնի գործարկվելուն պես Արցախյան պատերազմում վերջույթներից զրկված յուրաքանչյուր զինվոր այստեղ կապաքինվի ու պրոթեզարանից դուրս կգա ոտքերի վրա կանգնած:

-Հունվարից կսկսվեն պրոթեզավորման աշխատանքները: Մենք թողունակության խնդիր չենք ունենալու: Հայրենիքի պաշտպանի կենտրոն դիմած յուրաքանչյուր զինծառայող բուժվելու է: Կենտրոնում  կիրականացնենք  նաև վերին վերջույթների պրոթեզավորում, ինչն անհամեմատ ավելի բարդ գործ է,- վստահեցնում է տնօրենը:

Առաջին պրոթեզավորվողներից մեկը կլինի սերժանտ Ժորա Սողոյանը: Հադրութում մարտական բնագիծը պաշտպանելիս 19-ամյա զինվորը կորցրել է ձախ ոտքը:

-Երբ վիրավորվեցի, մտածում էի՝ ապաքինվեմ ու շուտ հետ գնամ, անձնակազմիս, ընկերներիս հետ լինեմ: Առաջնագծի տղաների ոգին ոչ մի պահ չի կոտրվել, միակ անդարմանելի ցավը ընկերների կորուստն էր, բայց նույնիսկ դա չի խանգարել, որ միմյանց ուժ տալով կռվենք: Կանգնած էինք առաջնագծում, չէինք վախենում ու սպասում էինք հրամանի, որ գրոհենք: Այդ ուժը մեր մեջ կար, որովհետև մենք մեր հողի համար էինք մարտնչում ու պարտավոր էինք ամեն գնով պահել,- ասում է  Ժորան:

Մկրտիչն էլ տուն է եկել աջ ձեռքի բեկորային վնասվածքով: Սկզբում ձեռքը չէր կաողանում շարժել, բայց  վարժությունների շնորհիվ կամաց-կամաց վերջույթի շարժունակությունը վերականգնվում է: Ռազմաճակատ զորահավաքով է մեկնել, իր աչքով է տեսել, թե մեր զինվորները ինչ եռանդով են ոչնչացնում հակառակորդի մեծաքանակ զինտեխնիկան, առավել տպավորիչը «Տոսի» ոչնչացման գործողությունն է եղել: Իմ հարցին, թե ինչ հանգամանքներում է վիրավորվել, նա ասաց.

-Վիրավորումն ստացել եմ անօդաչու թռչող սարքից, երբ մեքենաներից արկերն էինք դատարկում:

Կապիտան Ավետիս Հարությունյանն էլ պաշտպանական մարտեր է մղել ամենաթեժ բնագծերից մեկում՝ Ջրականում: Ընկերներին օգնության հասնելու համար Ավետիսն իր զինվորների հետ մեծ հրոսակախմբի դեմ է մարտնչել, ու հենց այդ ժամանակ էլ թշնամու գնդակը վնասել է ծնոտը:

Արդեն լավ է, ապաքինվում է.

-Իմ զինվորն է ինձ դուրս բերել, ասացի՝ կալցոն քաշի, գրանատը տուր, որ գոնե գերի չընկնեմ.. Շատ հուզվեց, լաց եղավ…  Օգնեց, դուրս բերեց էդտեղից:

Սպայի խոսքով՝ մեր բանակի բազմաթիվ հաջողությունները հենց զինվորի ու հրամանատարի միասնականության, ընկերոջ համար սեփական  կյանքը չխնայող քաջերի շնորհիվ էր:

Այժմ վերականգնողական կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում ավելի քան 70 զինծառայող: Նոր մասնաշենքի առկայության պայմաններում ստացիոնար բուժում ավելի շատ զինծառայողներ կարող են ստանալ, և այս հայրենական պատերազմում ծանր վնասվածքներ ստացած զինվորները ապաքինված տուն կգնան:

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #49 (1369) 9.12.2020 - 15.12.2020, Բանակ և հասարակություն


10/12/2020