Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՆԹԵՆ



ՄՈՆԹԵՆՔիչ չեն այն հերոսները, որոնք կերտեցին մեր նորագույն պատմության հիրավի պայծառ ու ոսկե էջերը։ Նրանց տեղը իրենց ծնած ժողովրդի սրտի ու հոգու մեջ է։ Սակայն քչերը կարողացան արժանանալ համաժողովրդական այն անկեղծ ու մաքուր սիրուն, ինչին արժանացավ Մոնթե Մելքոնյանը: Հերոս, որի կյանքը, վարքն ու բարքը, կենցաղը դեռ կենդանության օրոք դարձան առասպել: Հերոս, որի ամեն բառն ու միտքը՝ ասված թե՛ կռվի պահին, թե՛ հազվադեպ հանգստի, դարձան թեւավոր խոսք ու ահա մոտ երկու տասնամյակ շուրթից շուրթ են անցնում՝ որպես ճշմարիտ, անկեղծ հայրենասիրության վկայություն ու պատգամ։ Եվ չկա համաժողովրդական սիրո ավելի մեծ ու ավելի վառ արտահայտություն։ Ժողովուրդն այսպես սիրում, այսպես մեծարում է միայն իսկական, ամենաիսկական հերոսին…

 

Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ նոյեմբերի 25-ին կդառնար 63 տարեկան:

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ծնվել է 1957 թվականին Կալիֆորնիայում:

Նորագույն հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար, հրապարակախոս, հնագետ:

Մորական պապերը եղել են Կալիֆորնիայի առաջին հայերը, որոնք գաղթել են Մարզվանից: Հորական կողմը գաղթել Է Խարբերդի Խարաձոր գյուղից 1913-ին: Մանկությունն ու պատանեկությունն անցել են օտար միջավայրում, սովորել է Վայսիլիայի միջնակարգ եւ երկրորդական վարժարաններում:

1969-70 թթ. ընտանիքի հետ ճանապարհորդել է Եվրոպայի եւ Միջին Արեւելքի երկրներում, այցելել է իր պապերի ծննդավայրը:

1973 թ. որպես առաջնակարգ աշակերտ ուղարկել են ճապոնիա` Օսակա քաղաքում սովորելու: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Բերկլիի համալսարանի հինասիական ժողովուրդների պատմության եւ հնագիտության բաժինը: Բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսուցման չորսամյա ծրագիրն ավարտել է երկուսուկես տարում: Սովորելու տարիներին մի քանի ընկերների հետ ստեղծել է Բերկլիի «Հայ ուսանողական միությունը»:

1978 թ. ավարտել Է համալսարանը` պաշտպանելով «Ուրարտուի ժայռափոր դամբարանները» ավարտաճառը: Այնուհետեւ դիմել է Օքսֆորդի համալսարան: Նույն տարվա մարտին մեկնել է Լիբանան` մայրենի լեզուն սովորելու:

1978 թ. աշնանը մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասի ինքնապաշտպանական կռիվներին, այդ պատճառով էլ հրաժարվել է ուսումը շարունակել Օքսֆորդի համալսարանում, ուր արդեն ընդունվել էր:

1980 թ. Մոնթե Մելքոնյանը միանում է Հայաստանի Ազատագրական հայ գաղտնի բանակին եւ շուտով դառնում նրա գլխավոր գործիչներից մեկը: Շուրջ երեք տարի գաղտնի ապրում է Արեւմտյան Բեյրութում, հոդվածներ գրում «Հայաստան» պաշտոնաթերթի համար: Ինքնակրթությամբ ձեռք բերած իր ռազմական գիտելիքները կատարելագործում է Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի զորակայանում: Հետագայում նա դառնում է ՀԱՀԳԲ-ի զինվորական գլխավոր մարզիչներից մեկը:

1981 թ. Փարիզում ձերբակալվում է կեղծ անձնագիր կրելու եւ Հռոմում թուրք դեսպանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով: Մեկ ամիս հետո ազատ է արձակվում եւ շարունակում է ապրել ընդհատակում:

1985 թ. նոյեմբերին երկրորդ անգամ ձերբակալվում է Փարիզում` կեղծ անձնագիր կրելու, պայթուցիկ նյութեր ունենալու եւ «չարագործների հետ համագործակցելու» մեղադրանքով ու դատապարտվում 6 տարվա բանտարկության: Մինչեւ 1989 թ. հունվարը մնում է ազատազրկման մեջ Ֆրենի եւ Փուասիի բանտերում: Բանտարկության տարիներին հայ ժողովրդի նորագույն ազատագրական պայքարի մասին հոդվածներ է գրում Լոնդոնի «Կայծեր», Փարիզի «Հայ պայքար» թերթերի եւ Սան Ֆրանցիսկոյի «Սարդարապատ» ամսագրի համար: Այդ հոդվածների մի մասը եւ բանտից գրված կազմակերպչական բնույթի նամակները հրատարակվել են առանձին գրքով: Ազատազրկման տարիներին Մոնթե Մելքոնյանն իր ընկերների հետ աշխատել է ՀԱՀԳԲ-ի եւ նորագույն հայ ազատագրական պայքարի մասին գրքերի վրա, որոնք լույս են տեսել Լոնդոնում` անգլերենով:

ՄՈՆԹԵՆ1989 թ. Մոնթե Մելքոնյանը եւ իր ապագա կինը` Սեդա Գապրանյանը, որի հետ ծանոթացել էր դեռեւս 1978 թ. Լիբանանում, անցնում են Արեւելյան Եվրոպա, որտեղ մնում են երկու տարի: Այդ ընթացքում նրանք հայերեն են թարգմանում Մոնթեի անգլերեն 3 աշխատությունները, որոնք 1994 թ. վերահրատարակում են մեկ գրքով` «Իրականություն» ընդհանուր խորագրով:

1990 թվականին Մոնթե Մելքոնյանը գալիս է Հայաստան և մինչեւ 1991 թ. սեպտեմբերը զուգահեռաբար կատարում Է գիտական եւ զինվորական աշխատանքներ: Հայաստանի գիտությունների ակադեմիայի մասնագետների հետ շուրջ 8 ամիս աշխատում Է «Հայաստանը եւ իր հարեւանները» ծավալուն գիրքը կազմելու վրա, որը չի հասցնում ավարտել:

1991 թ. սկզբին մի խումբ ընկերներով հիմնում են «Հայրենասիրական ջոկատը» եւ մեկնում Հայաստանի սահմանամերձ շրջաններ:

1991 թ. օգոստոսին ամուսնանում է Սեդա Գապրանյանի հետ, իսկ մեկ ամիս անց առաջին անգամ մեկնում է Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջան` ֆրանսահայ մի թղթակցի հետ որպես թարգմանիչ: Այստեղ մասնակցում է Էրքեջ, Մանաշիդ եւ Բուզլուխ գյուղերի ազատագրման կռիվներին` աչքի ընկնելով իր ռազմական իմացությամբ: Վերադառնալով Երեւան, հավաքում է «Հայրենասիրական ջոկատի» մարտիկներին եւ միանալով «Կոռնիձոր» ջոկատին, կրկին մեկնում է Շահումյան` Ղարաչինար գյուղ:

1992 թ. փետրվարին տեղափոխվում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջան, որն այդ ժամանակ մարզի ամենատկար կետերից էր, նշանակվում զորամասի, իսկ մեկ ամիս հետո` շրջանի հրամանատար: Նրա հրամանատարության օրոք ազատագրվում է շրջանի բռնագրավված տարածքի 80 տոկոսը:

1993 թ. մարտին Քելբաջարի ազատագրման գործողությանը մասնակցելու համար Մոնթեն մեկնում է Մարտակերտ: Մայիսին վերադառնում է Մարտունի, իսկ հունիսին ղեկավարում է Աղդամի մատույցների կրակակետերի ոչնչացման գործողությունը:

Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993 թ. հունիսի 12-ին Մարզիլի գյուղում, թշնամու դարան մտած ԲՄՊ-2 զրահամեքենայի արձակած հրթիռի բեկորից:

1993 թ. հունիսի 19-ին Մոնթե Մելքոնյանի մարմինն ամփոփվել է Եռաբլուրում:

♦♦♦

Մոնթեն սիրասուն ընկեր էր, խիզախ ֆիդայի։ Երբ մեկը մի բան էր նվիրում, անպայման ուզում էր՝ ընկերներն էլ ունենային։ Այսօր էլ, որպես սուրբ մասունք, պահում եմ նրա նվիրած զրահաբաճկոնը, հեռադիտակը, դանակը։ Իր անձնական օրինակով` իր բարությամբ, ազնվությամբ, վեհությամբ նա դաստիարակում էր բոլորին։ Տանել չէր կարողանում սուտն ու կեղծիքը, դաժանությունն ու վախկոտությունը։ Քելբաջարում վերցրեց բարձրախոսն ու իր փայլուն թուրքերենով հորդորեց թշնամու զինվորներին վայր դնել զենքն ու ետ քաշվել մարտադաշտից… Զայրույթով էր խոսում Ադրբեջանի ղեկավարների մասին, որ իրենց զինվորներին առանց վարժեցնելու կռիվ են ուղարկում` դատապարտելով ստույգ մահվան։ Պատահական չէ, որ նա կտրականապես արգելում էր գերիներին մահապատժի ենթարկել…

Զինակից ընկեր

♦♦♦

Գոնե ինձ համար, ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենաազնիվն էր աշխարհում։ Նրա անվան կողքին շատ բնորոշիչներ կարելի է շարել` անձնուրաց հերոս, ֆանատիկոս…, բայց Մոնթեի անձը բնորոշող ամենաուժեղ, ցայտուն երանգն ազնվությունն էր։ Պատերազմի մեջ, թե պատերազմից դեսը, ինձ հայտնի հրամանատարներն իշխում են ու իշխել են կամքով, ուժով, բռնությամբ, սիստեմի ատամնանիվներով եւ այլն։ Մոնթեն ենթարկեցրեց, իշխեց իր բնածին ազնվությամբ։ Պատկերացրեք 35-40 տարեկան ֆիդայի, զինվոր, մեծ ինտելեկտի տեր զորավար` Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» ազնվությամբ ու պարզությամբ… Այս կերպարի դեմ խաղ չկա, սա իր հետեւից բանակներ կարող է տանել։ Մոնթե Մելքոնյան Ավոյի մասին ամենամեծ հուշարձանն ու պատիվը, հիշատակի հավերժացումը կլինի իր կիսատ թողած գործը ավարտին հասցնելը։

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ԽՈՍՈՒՄ Է ՄՈՆԹԵՆ

Հայկական հարցի լուծման համար, այսինքն՝ հայկական պատմական հայրենիքի ամբողջ տարածքում հայ ժողովրդի ինքնորոշման համար աշխատելը ես համարում եմ իմ առաջին և ամենակարևոր պարտականությունը: Եթե մարդիկ հավատարիմ մնան իրենց սկզբունքներին և որոշեն, որ ամեն բանից առաջ հայ են և որպես հայ պետք է իրենց մասնակցությունը բերեն մեր ժողովրդի ինքնորոշման հարցի լուծմանը, ապա, կարծում եմ, որ ցանկացած պարկեշտ անձ պիտի աներ այն, ինչ ես եմ անում:

♦♦♦

70 տարի սփյուռքում խոսած ենք հողային հարցի մասին, մեր հայրենիքի, այսինչ, այնինչի մասին: Բայց հիմա հստակ է, որ հարցը պիտի լուծվի հիմա, այս օրերին, այս շաբաթներին, այս տարի:

♦♦♦

Ադրբեջանի կառավարությունը հստակորեն որոշել է Արցախը դատարկել հայերից, և հետևաբար դիմադրելուց բացի այլընտրանք չկա: Ուրեմն՝ այս պարագայում պարտվելու իրավունք չունենք: Այս անգամ պետք է հաղթենք: Պետք է հաղթենք: Շատ հայեր չեն հասկանում, որ կարող ենք հաղթել: Բայց ռազմական և թվային առումով ավելի տկար ուժը կարող է հաղթել իրենից շատ ավելի հզոր ուժին, եթե լինի վճռական և կազմակերպված:

♦♦♦

Ես այսօր այստեղ եմ, որովհետև իրավունք չունեմ ուրիշ տեղ լինելու: Արցախը կորոշի հայության ճակատագիրը:

♦♦♦

Մենք վերատիրացանք մեր տներին և կալվածքներին: Քելբաջարը պարզապես ազերիների ռազմական մի կայան էր և զինամթերանոց: Եթե շրջանը չմաքրագործեինք, հայերի համար Ղարաբաղը գոյություն չէր ունենալու: Մեր պայքարը հարձակողական բնույթի չէ, այլ գոյատևման հարց է:

♦♦♦

Մեզ նախահարձակներ որակելը կնշանակի, թե մենք ներխուժում ենք տարածքներ, որոնք մեզ չեն պատկանում: Եթե նայենք Հայաստանի պատմական հողերին, մենք դրանից այն կողմ ոտք չենք դրել:

1992 թ., հոկտեմբեր

♦♦♦

Պատերազմը միայն դժվարություն է: Պատերազմը հաճելի բան չէ: Եթե մարդիկ մտածում են, որ իրենց պարզ կյանքը կարող են շարունակել, ուրեմն՝ շատ ապուշ են: Պիտի հասկանան, որ պիտի զոհվենք, պիտի լավ չուտենք, լավ չհագնվենք, պիտի դպրոց չերթանք: Այս ամենը մոռանալով՝ մեր ամբողջ ուժը պիտի դնենք ռազմական գործին մեջ, հաղթենք: Ու հետո բոլորիս համար լավ կլինի, բոլորիս համար…

Խորագիր՝ #48 (1368) 2.12.2020 - 8.12.2020, Ճակատագրեր


03/12/2020